20. ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԾԱՌԱՆ ԱՊՏԱԿՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

20. ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԾԱՌԱՆ ԱՊՏԱԿՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ

Հիսուսին ձերբակալում են և տանում Կայիափա քահանայապետի առջև, ով հարցնում է Իրեն, թե ո՞րն է Իր վարդապետությունը։ Հիսուսը պատասխանում է. «Ես բոլորի ներկայությամբ խոսեցի, միշտ Տաճարում էի, ժողովրդի ներկայությամբ ուսուցանեցի վարդապետությունս, ոչ մի բան թաքուն կերպով չարեցի. արդ, փոխանակ Ինձ հարցնելու, լսողներին հարցրու, նրանք գիտեն իմ ասածները»։

Միայն Քրիստոսը կարող էր նման պատասխան տալ, որովհետև աստվածային իմաստությունն ուներ։ Բայց քահանայապետի ծառաներից մեկն անզգամ կերպով Հիսուսին ապտակում է՝ ասելով. «Այսպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։ Ա՜հ, Երկնքի բոլոր հրեշտակներն ինչպե՞ս կարողացան համբերել այս տեսարանին, ինչպե՞ս ներքև չսուրացին՝ Աստծո վրեժն առնելու համար։

Այս ծառան ծանր պատժի էր արժանի, սակայն քահանայապետը լռելով հավանություն տվեց նրա արարքին։ Պիտի գետինը բացվեր, և այդ անզգամ ծառային հատակը ծածկեր ու անհետացներ. այնտեղ պիտի Հիսուսն Իր Արարիչ լինելը ցույց տար և չորացներ նրա ձեռքը։ Բայց Հիսուսը մեզ սիրելն ու մեր փրկությունն ամեն բանից վեր համարելով՝ կամեցավ մեր համար օրինակ լինել՝ համբերելով այդ մեծ անարգանքին, և պատասխան տվեց այն չափով, որքան որ կարևոր էր։

Կայիափան դարձյալ հարցնում է Հիսուսին, թե արդյոք իսկապես Աստծո Որդին է։ Հիսուսը պատասխանում է. «Այո՛, Աստծո Որդին եմ»։ Այդժամ Կայիափան իր հագի զգեստը պատռելով՝ բղավում է. «Աստծո դեմ ասված անարգանք է սա. այլևս ի՞նչ վկա է հարկավոր. սրբապիղծը պետք է մահվան դատապարտվի» (Մտթ 26, 65)։

Այս վճիռը տալով՝ Հիսուսին հանձնում է ծառաների ու զինվորների ձեռքը, որոնք քահանայապետին հաճելի ծառայություն անելու համար սկսում են ծաղրել, ծեծել, երեսին թքել, նույնիսկ աչքերը կապած՝ գլխին բռունցքի հարվածներ են տալիս՝ ասելով. «Կարո՞ղ ես մարգարեանալ, թե ո՞վ է գլխիդ հարվածողը»։

Ամբողջ գիշերն անցկացնում են այս կերպ՝ ծաղրելով Նրան, Ում շարունակ երկրպագում են Երկնքի հրեշտակները։ Եվ այս ամենի մեջ Հիսուսը բերանն անգամ չի բացում, մի խոսք անգամ դուրս չի գալիս Իրենից։ Բայց թե ի՛նչ էր զգում հոգու մեջ, ո՛չ թե կրած մարմնական ցավերից, որոնք չարչարում էին Իր մարմինը, այլ մանավանդ՝ այդ նախատինքներն ու ծանակությունները, որ արվում էին Իր անձի դեմ։ Այդ գիշեր Հիսուսի կրած այդքա՜ն նախատիքների ծանրությունը միայն Վերջին Դատաստանի օրն է, որ պիտի իմանանք։

 

Տե՜ր Աստված իմ, մտածելով կրածդ նախատինքների մասին, որոնք իմ համար կրեցիր, ամոթով եմ մնում իմ անհամբերության ու փոքրոգության համար, որ թեթև նախատինք անգամ չեմ ցանկանում կրել, և կամ սիրույդ համար մի փոքրիկ անարգանք անգամ ծանր է թվում ինձ։ Գեղեցիկ առաջադրություններ եմ դնում իմ առաջ՝ ուղղելու թերություններս, իսկ երբ ծուռ կամ անարգական խոսք եմ լսում, խռովվում եմ և զգում, որ դեռ տկար եմ։

Բարեգո՜ւթ Հիսուս, դիմում եմ Քեզ, ինձ շնո՜րհ տուր, որպեսզի սիրույդ համար կարողանամ անիրավության համբերել, արհամարհանքին կամ կծու խոսքին, որ ասվում է իմ դեմ։ Սովորեցրո՜ւ ինձ, որ ինքս ինձ ծանր խոսքերով չպաշտպանեմ, այլ՝ լռությամբ տանեմ ամեն բան, իսկ եթե հարկ լինի խոսել, այնպես արա՛, որ հեզությամբ ու քաղցրությամբ խոսելովս դիմացինիս օգտակար լինեմ։ Շնորհի՜ր ինձ համբերության ու խոնարհության առաքինությունները, բայց դրանցից ավելի՝ Քո սերը։ Եթե ունենամ Քեզ սիրելու շնորհը, ամեն առաքինություն ստացած կլինեմ։ Մի՛ զրկիր ինձ Քո շնորհից, որպեսզի կարողանամ ասել, որ իսկապես սիրում եմ Քեզ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։