6. ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵԶ ՍԻՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ – Գրադարան – Mashtoz.org

6. ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵԶ ՍԻՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ

Աստծո Որդին աշխարհ եկավ մեզ փրկելու համար։ Պարտավոր չէր գալու, ոչ մի բան Իրեն չէր ստիպում, ոչ էլ որևէ շահ ուներ դրանից։ Աստված այնքա՜ն երջանիկ է ու փառքով հարուստ, որ ո՛չ միայն մարդկանց, այլև որևէ արարածի կարիքը չունի։

Միայն Իր գթած սիրտն էր, որ տեսնելով մեր խեղճությունը՝ ողորմեց և եկավ աշխարհ։ Կամենում էր մեզ ցույց տալ Իր սերը՝ մեր ողորմելի վիճակին դարման անելու համար։ Այս պատճառով է, որ Հավատամքի մեջ ասում ենք. « ... մեր և մեր փրկության համար երկնքից իջավ ... »։ Որքա՜ն բարություն, որքա՜ն սեր։

Մարդու խեղճությանը գթալով՝ հարկ եղավ, որ Ինքն անձամբ աշխարհ գար։ Չկամեցավ մեզ փրկելու համար հրեշտակ ուղարկել։ Ո՛չ, – ասաց, – կամենում եմ Ես անձամբ գնալ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որքա՜ն եմ սիրում իրենց։ Քրիստոսի անձամբ գալու պատճառն այն էր, որ կամենում էր Իր սերը ցույց տալ, որովհետև մարդու սերը շարժելու համար՝ իրեն սիրելուց ավելի զորավոր միջոց չկա։

 

Մեզ սիրելուդ պատճառով աշխարհ գալուցդ հետո, ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, քանի՞ հոգի է իսկապես Քեզ սիրում։ Վա՜յ ինձ, որ ես էլ այդ խեղճերի մեջ եմ։ Քանի՜ պատճառներ ունեմ ամաչելու։

Գիտես, Հիսո՜ւս, թե մինչև այսօր որքա՜ն քիչ եմ Քեզ սիրել, գիտես, որ իմ հանդեպ ցույց տված սերդ բանի տեղ չդրեցի։ Երանի՜ թե մահանայի ցավիցս, սիրելի Փրկիչս Հիսուս։ Զղջում եմ, որ այս կերպ Քեզ արհամարհեցի և փափագում եմ զղջումովս դրան հատուցել։

Որքա՜ն եմ ցավում, որ Քեզ ուշ ճանաչեցի։ Մեղքերս ու մոլություններս աչքիս դիմաց թանձր ամպ են կազմել, որպեսզի չտեսնեմ արդարությանդ ու ճշմարտությանդ պայծառ լույսը։ Թաղված էի խավարի մեջ և, չճանաչելով լույսիդ գեղեցկությունը, խավարին էի ախորժում։ Կույր էի, և սիրում էի կուրությունս՝ մոլություններիս ազատորեն հետևելու համար։

 

Ո՞վ ինձ կուրությունից ազատեց, ո՞վ աչքերիս առջևի ամպերը վերացրեց, ո՞վ ինձ հանեց ախտերիս տիղմից, որի մեջ թաղված էի։ Չէի ճանաչել ինձ Փրկողին, որ ինքնակամ եկավ. Իրեն չէի աղաչել, Նա ինքնահոժար եկավ ինձ փրկելու։ Ո՞վ է այս բարեգութ և ողորմած ազատարարս։

 

Հիսո՜ւս, Դու ես իմ Փրկիչը, Դու ես, որ իջար երկնքից՝ ինձ իմ անկարգություններից ազատելու համար։ Արածդ բարիքի փոխարեն ի՞նչ կարող եմ Քեզ տալ։ Քո պատվիրանների ճանապարհից շեղվել էի և Քեզնից հեռու էի փախչում, իսկ Դու, ինձ գթալով, եկար իմ հետևից և ինձ ուղիղ ճանապարհի վրա դրեցիր։ Տե՜ր Հիսուս, ես ի՞նչ կարող եմ Քեզ տալ այսքա՜ն բարության փոխարեն։

Տե՜ր, իմ ողջ սրտով սիրում եմ Քեզ ամեն բանից առավել, նաև անձիցս առավել, միայն թե օգնի՜ր տկարությանս։

 

Եթե Հիսուսը քեզ այսքա՜ն սիրեց և աշխարհ եկավ քեզ փրկելու, քեզ տիղմից դուրս հանելու համար, ինչպե՞ս կարող ես անտարբեր գտնվել և ողջ անձդ չնվիրել Իրեն։ Ինչո՞ւ սիրտդ մոմի պես չի հալվում՝ այսքա՜ն սեր տեսնելով, ինչպե՞ս չես փափագում մահանալ Իր համար, որ քո համար չարչարվեց ու մահացավ, ինչպե՞ս կարող ես մոռանալ քո հանդեպ ցույց տրված այսքա՜ն սերն ու գութը։

Ո՛չ, ո՛չ, սիրիր Փրկչիդ, որ Իր մահվամբ քեզ կյանք շնորհեց և, խավարից ազատելով, քեզ լույսի մեջ դրեց, աքսորիցդ վերադարձրեց և քեզ դեպի Հայրենիք ուղղորդեց, լացդ ուրախության փոխեց և մշտնջենավոր խեղճությունիցդ քեզ հավիտենական փառքի հույսը տվեց։

 

Հիսո՜ւս, Դու, որ իմ սիրո համար չխնայեցիր Քեզ, խնդրում եմ, որ սիրտս Քո սիրով այնպե՜ս բոցավառես, որ Քեզնից դուրս ոչինչ չկարողանամ սիրել։ Այնպես արա՛, որ իմ ողջ մխիթարությունը դառնա Քո համար պայքարելը և միակ երջանկությունս լինի գիշեր-ցերեկ Քո մասին մտածելը։

Հիսո՜ւս, իմ սիրելի Փրկիչ, այսօրվանից սկսված՝ ցանկանում եմ Քեզ սիրել և ցավում եմ, որ այսքա՜ն վշտացրել եմ Քեզ։ Ների՜ր ինձ և ինձ շնորհ տուր, որ Քեզ սրտանց սիրեմ։ Թույլ մի՛ տուր, որ այլևս ապերախտ լինեմ իմ հանդեպ ցուցաբերած սիրույդ նկատմամբ։ Այլևս չեմ տարակուսում, որ Քեզ եմ սիրում, բայց ունեցածս սերը զգում եմ, որ տկար է։ Դու արժանի ես անհուն սիրո. այնպես արա՛, որ կարողացածիս չափով, ողջ իմ կարողությամբ Քեզ սիրեմ։

Ո՜վ իմ Փրկիչ, ուրախությունս, կյանքս և ամեն բանս, եթե Քեզ չսիրեմ, որ անհուն բարին ես, ո՞ւմ պիտի սիրեմ։ Կամքս Քեզ եմ հանձնում և իմ համար կրածդ չարչարանքների համար պատրաստ եմ կրել ցանկացած չարչարանք, որ կթույլատրես, որ ինձ պատահի։

Հեռացրո՜ւ ինձնից այն առիթները, որոնցով կարող եմ Քեզ վշտացնել, մի՛ թող, որ փորձության խորքերը մտնեմ, այլ՝ փրկի՜ր ինձ չարից։ Հեռու պահիր ինձ միայն մեղքից, և պատրաստ եմ ամեն նեղություն կրել, նույնիսկ՝ ոչնչանալ, քան առանց Քեզ սիրելու ապրել։ Երանի՜ թե կարողանայի պակասեցնել կյանքիս այն թշվառ օրերը, որ ապրեցի Քեզ վշտացնելով։ Այնպես արա՛, Տե՜ր, որ ճշմարիտ զղջում ունենամ՝ գործածս մեղքերը քավելու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։