ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Աղոթքը

Հիսուսի հետ մտերմության հասնելու համար երկու ճանապարհ կա։ Առաջինը հոգևոր Հաղորդությունն է, որի մասին հաջորդիվ պիտի խոսենք, իսկ երկրորդ ճանապարհը օրվա ընթացքում հաճախ հոգին համառոտ աղոթքներով առ Աստված բարձրացնելն է։ Այս երկու ճանապարհներից դուրս, Հիսուսի հետ մտերմանալու և միտքն ամփոփ պահելու համար ավելի համառոտ ձև գոյություն չունի։

Սովորություն արա՛ Հիսուսին միշտ քո կողքին ունենալու և բարեկամի պես խոսիր Նրա հետ, բա՛ց արա սիրտդ Իր առաջ, Նրան պատմի՛ր վշտերդ, ուրախություններդ, վախերդ։ Այս հրահանգն անելու համար կարիք չկա ո՛չ սենյակդ քաշվելու և ո՛չ եկեղեցի գնալու. գործիդ ժամանակ, ճանպարհով քայլելիս, նստածդ տեղն էլ է Հիսուսը քո կողքին, նույնիսկ քնածդ ժամանակ Հիսուսը քո կողքին է մնում, Նա լսում է քեզ։

Յուրաքանչյուր առիթ օգտագործի՛ր և խոսի՛ր Իր հետ համառոտ աղոթքներով։ Երբ դաշտում ես և հոգիդ հրճվում է, ասա՛ Նրան. «Հիսո՜ւս, որքա՜ն գեղեցիկ է բնությունը, որ ստեղծել ես. ո՞վ գիտի, թե Դո՛ւ որքա՜ն գեղեցիկ ես»։ Երբ որևէ գեղեցիկ պալատ կամ շինություն ես տեսնում, ասա՛. «Հիսո՜ւս, սա ոչնչություն է Երկնքի համեմատությամբ. ինձ արժանի արա՛ Քո հավիտենական Արքայության օթևաններին»։ Երբ մի մեղավոր հոգի ես տեսնում, ասա՛. «Ես իրենից ավելի էի մեղանչելու, եթե Քո Սուրբ Աջն իմ վրայից հեռանար. շնորհակա՜լ եմ շնորհիդ համար»։ Նմանապես, երբ որևէ դժբախտություն ես ունենում, ասա՛ Հիսուսին. «Տե՜ր, օրհնյա՜լ լինի Քո սուրբ կամքը. օգնի՜ր ինձ, որ սիրով ու համբերությամբ դիմանամ»։

Ահա՛ այսպես՝ ամեն առիթի կարող ես մի փոքրիկ աղոթք հյուսել, եթե սրտումդ Հիսուսի սերն ունես։ Հատկապես, երբ թերության մեջ ես ընկնում, միտքդ առ Հիսուս բարձրացրու, որպեսզի չշփոթվես. փարվի՜ր Հիսուսի ոտքերին, ընդունի՜ր թերի լինելդ և ասա՛. «Ահա՛ սա է իմ կարողությունը, ո՜վ Հիսուս։ Հանցավոր եմ, ների՜ր այս թերությանս։ Զղջում եմ արածիս համար. Դու ինձ օգնիր, որ հաջորդ անգամ նման բան չպատահի»։

Այս համառոտ աղոթքներն անելուց հետո սիրտդ հանդարտ պահիր։ Եթե օրվա մեջ հարյուր անգամ ընկնես և նույն խնդրի մեջ թերանաս, հարյուր անգամ էլ նույն աղոթքն արա՛ և խոնարհությամբ Հիսուսին ասա՛. «Ինչքան էլ ընկնեմ, Տե՜ր Հիսուս, չեմ դադարելու Քեզ սիրելուց և Քո ողորմությանն ապավինելուց»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։