37. ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ – Գրադարան – Mashtoz.org

37. ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ

Հիսուսն Իր Արյունն ամբողջությամբ հեղել էր և ահավոր չարչարանքներից սաստիկ տկարացել. խաչից կախված լինելով՝ գամերը պատառոտում էին ձեռքերն ու ոտքերը, մի վայրկյան անգամ չուներ, որ կարողանար հանգստանալ։ Մարդը մահվան պահին իր գիտակցությունը կամաց կամաց կորցնելով է, որ մահանում է և չի զգում մահվան ցավը, իսկ Հիսուսը մինչև Իր վերջին շունչը զգում էր ցավերը, որովհետև արթուն էր թե՛ մտքով և թե՛ զգայարաններով։

Հիսուսն Իր հոգին ավանդելուց առաջ վեր է բարձրացնում Իր չարչարված գլուխը, «Հա՜յր, Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Ղկս 23, 46) խոսքերն է ասում, և ապա ավանդում է հոգին։

Մոտեցի՛ր խաչին, նայի՛ր Հիսուսին, որ քո սիրո համար կախված է խաչից, ամփոփվի՛ր և արցունքով մտածի՛ր։

 

Ո՜վ իմ Փրկիչ, սիրելի Հիսո՜ւս, ահա՛ տեսնում եմ Քեզ խաչի վրա մահացած՝ հանուն իմ հանդեպ սիրո։ Դու իմ համար ստացար ամեն շնորհ, որպեսզի փրկության հասնեմ։ Շնորհակալ եմ Քեզ, որ ինձ ազատեցիր սատանայի սպառնալիքներից, որ ցանկանում է ինձ գրավել։ Հիսո՜ւս, այս միտքն ու այս հույսը ինձ մխիթարում են, որ ես մի օր միանալու եմ Քեզ՝ Քեզնից հավիտյան չբաժանվելու համար։ Ի՜նչ զարհուրելի վիճակ պիտի լիներ իմը, եթե ողորմությանդ նկատմամբ հույս չունենայի և ամեն վայրկյան դիմացս դժոխքը տեսնեի, որ ուզում է ինձ իրենով անել, քանի որ մեղավոր եմ։

Հիսո՜ւս, մեղավոր եմ, այո՛, բայց Քեզ իմ սիրո համար խաչի վրա գամված տեսնելով՝ Քո մեջ այդ խիստ դատավորին չեմ տեսնում այլևս, այլ՝ ամենագթառատ Փրկչիս, Ով ինձ սիրում է։ Ամբողջ սրտով ողորմությանդ եմ վստահում, որովհետև Դու ես, որ հետամուտ ես իմ հավիտենական փրկությանը, Դու ես, որ ինձ Արքայության մեջ Քո կողքին ես կամենում տեսնել։ Հիսո՜ւս, հեռացրո՜ւ ինձնից վախի զգացումը, որպեսզի չվախենամ Քեզնից իբրև իմ դատավոր, այլ՝ Քեզ սիրեմ որպես իմ միակ Սիրելի։

 

Կարող է պատահել, որ կյանքիդ ընթացքում այնպիսի պահեր ունենաս, երբ տկարություններդ ու մեղքերիդ շուրջ մտածությունը քեզ ընկճեն, և դու սկսես տարակուսել, թե արդյոք հոգուդ մեջ Աստծո շնորհն ունե՞ս, թե փրկության պիտի հասնե՞ս կամ թե հոգիդ պիտի դատապարտվի՞։ Ի՞նչ ես անելու նման պահերին։

Վե՛ր բարձրացրու աչքերդ, դիտի՛ր խաչված Հիսուսին, դու քեզ Իրեն հանձնիր՝ քո մեջ արթնացնելով Իր հանդեպ որդիական վստահություն։ Եթե Հիսուսը կամենար քեզ դատապարտել, խաչի վրա կմահանա՞ր։ Դարձյալ դիտի՛ր խաչը և տե՛ս, թե Հիսուսը որքա՜ն է սիրում քեզ։ Եթե երբեմն խավարը հոգիդ պատում է, դա քո բարիքի համար է, որ Հիսուսը թույլ է տալիս. բայց մի՛ վախեցիր, որովհետև Հիսուսը քեզ սիրում է՝ Իր աչքի բիբի նման և ավելի։

Եթե իմանայիր, թե Հիսուսը որքա՜ն է սիրում Իրեն հավատարիմ հոգիներին, ովքեր իրենց տկարություններով ու թերություններով հանդերձ աղոթում են և Իրեն ասում. «Հիսուսն է իմ ամբողջ Հույսը»։ Եթե իմանայիր, թե Հիսուսը նման հոգիներին որքա՜ն է սիրում, ամեն ջանք կգործադրեիր՝ նույն այս վստահությունը Հիսուսի հանդեպ ունենալու համար։

 

Հիսո՜ւս, Դու, որ կարդում ես սրտերը, Դու գիտես, թե որքա՜ն եմ ցանկանում Քեզ սիրել. Դու գիտես, թե որքա՜ն եմ փափագում Երկնքում Քեզ տեսնել. արդ, ինչո՞ւ եմ մահվանից վախենում, ինչո՞ւ եմ սոսկում Քո դատաստանից։

 

Որդյակ, դատաստանս իսկապես խիստ է մեղավորների հանդեպ, բայց ո՛չ նրանց հանդեպ, ովքեր ինձ սիրում են։ Երբ հիշես դատաստանիս մասին, իմ ողորմությանը հանձնվիր. քո վստահության հոգին հաճելի է ինձ, և քո համար՝ օգտակար։ Անհնարին է, որ մեկն ինձ վստահի և իր հոգին վնասվի։ Իսկ մահվանից վախենալդ բնական է. նույնը նաև ես զգացի, որովհետև մարդ էի, ես քո համար էի կամենում շնորհ ստանալ, որպեսզի Հորս կամքին համակամ լինես։ Այդ վախը կարող է արդյունք լինել աշխարհի հետ կապված լինելուդ. ուստի ջանա՛ սիրտդ ոչ մի բանի չկապել՝ ո՛չ հարստությանը կամ վայելքին, ո՛չ ընտանիքիդ կամ սիրելիներիդ։ Երբ ամեն ինչ ի՛մ համար սիրես և ամենքին ի՛նձ հանձնես, այնժամ կարող ես ասել. «Տե՜ր, սիրով կմահանամ, երբ կամենաս ինձ կանչել»։

 

Տե՜ր Հիսուս, ահա՛ կանգնած եմ խաչելությանդ առաջ, անուշ հայացքո՜վ նայիր ինձ, գթա՜ ինձ և օրհնի՜ր ինձ։ Քեզ եմ նվիրում կյանքս, պատրաստ եմ մահանալու, ե՛րբ որ հաճո կլինի Քեզ։ Եթե կամենում ես, որ դեռ ապրեմ, օրհնյա՜լ լինես, միայն թե շնո՜րհ տուր, որպեսզի Քեզ սիրելով ապրեմ՝ Քեզ հաճո լինելու համար։ Իսկ եթե կամենում ես, որ շուտով մահանամ, դարձյալ շնորհակալ եմ, սիրով ուզում եմ մահանալ, քանի որ դա է Քո սուրբ կամքը։ Հիսո՜ւս, այնպես արա՛, որ մահանալուցս առաջ մեղքերս քավեմ և այդպես Արքայություն մտնեմ՝ ամբողջ իմ կարողությամբ Քեզ սիրելու համար։

Ո՜վ քաղցր Հիսուս, հանուն Քո սուրբ վերքերի, հանուն մահվանդ ժամանակ կրածդ ցավերի, շնո՜րհ տուր ինձ, որպեսզի երբ մահանամ, շնորհի վիճակի մեջ գտնվեմ։ Քո Սուրբ Արյամբ ինձ գնեցիր, թույլ մի՛ տուր, որ բաժանվեմ Քեզնից։ Երբ հոգիս մարմնիցս բաժանվի, ընդունի՜ր այն և ասա՛. «Մեղքերդ ներված են, ե՛կ Երկինք, որ այնտեղ տեսնես, թե որքա՜ն եմ սիրում քեզ, որպեսզի հավիտյան ինձ սիրես»։

Դու ես, Տե՜ր Հիսուս, իմ Փրկիչը, որ իմ համար մահացար, և մեղքերիս չնայեցիր և ինձ Քո շնորհից չզրկեցիր։ Փարվում եմ խաչելությանդ, ինձ ցույց տվածդ սիրո համար շնորհակալ եմ։ Առաջադրում եմ սրանից հետո չանել ոչինչ, որ պատճառ կարող է դառնալ իմ բաժանվելուն Քեզնից։ Թող սրանից հետո բոլոր մտքերս ու գործերս ուղղված լինեն Քո սիրույն, Քո փառքին։ Հիսո՜ւս, շնո՜րհ տուր, որ գործածս մեղքերի համար, Քեզ վշտացրած լինելուս համար զղջման զգացում ունենամ։

Սուրբ Աստվածածին, իմ համար բարեխո՜ս եղիր, որպեսզի շնորհի վիճակի մեջ մահանամ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։