3. ՔՐԻՍՏՈՍՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՐՅՈՒՆԸ ՀԵՂԵԼՈՎ՝ ՄԵԶ ԱՐԺԱՆԻ ԴԱՐՁՐԵՑ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆԸ – Գրադարան – Mashtoz.org

3. ՔՐԻՍՏՈՍՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՐՅՈՒՆԸ ՀԵՂԵԼՈՎ՝ ՄԵԶ ԱՐԺԱՆԻ ԴԱՐՁՐԵՑ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆԸ

Հին Օրենքի բոլոր զոհերն ի՞նչ արժեին, որ Աստծո շնորհը կարողանային տալ՝ մեր մեղքերի փոխարեն. դրանք այդքան արժեք չունեին, թերի ու տկար ծեսեր էին և չէին կարող վերացնել այն արգելքը, որ մեղքը դրել էր մեր և Աստծո միջև։

Ո՞վ կարող է մեզ կրկին անգամ տալ Աստծո շնորհը։

Մա՞րդը. չէ՞ որ մենք բոլորս էլ բարկության զավակներ էինք։ Մեկը, ով Աստծուն թշնամի է ծնվել, չի կարող իր որևէ գործով Աստծուն հաճելի դառնալ, որովհետև Աստված Իր թշնամիների պարգևների նկատմամբ բարեհաճ չի կարող լինել։

Հրեշտա՞կը. բայց հրեշտակը պարզ արարած է, նրա արդյունքը՝ չափավոր, իսկ մարդու մեղքով Աստծո դեմ եղած նախատինքը՝ անսահման։

Ուրեմն, միայն Աստված կարող էր մեր մեղքերին քավություն շնորհել և հավիտենական կյանք պարգևել։ Միայն Քրիստոսը՝ Աստծո Որդին, մեր բնությունը ստանալով՝ կարող կլիներ. ուրիշ որևէ անձ անկարող կմնար։ Ինչպես որ Աստված Իրեն անարժան հանգամանք չէր նկատել՝ մեզ ստեղծել Իր իսկ ձեռքերով, այնպես էլ Իրեն անարժան հանգամանք չնկատեց՝ մեզ փրկել Իր իսկ ձեռքով։

Մեր հանդեպ ունեցած սերը թույլ չտվեց Իրեն, որ ուրիշի ձեռքով անի մեզ այս բարիքը։ Եթե մեզ ստեղծելն ու այս կյանքը մեզ տալը բավական համարեր և որևէ մի հրեշտակի հանձներ մեզ հավիտենական կյանք շնորհելը, հրեշտակից ավելի մեծ շնորհ ստացած կլինեինք, քան այն, ինչը որ Աստծուց էինք ընդունել։ Աստված Եսայի Մարգարեի բերանով ասում է. «Իմ փառքն ուրիշին չեմ տա» (Ես 42, 8)։

Իր փառքն ու մարդասիրությունը թույլ չտվեցին, որ մեր փրկության գործը հանձներ մի արարածի, ուստի, ո՛չ միայն մեզ երկրավոր կյանքը տվեց՝ մեզ ստեղծելով, այլ կամեցավ, որ մյուս կյանքն էլ Ինքը տա մեզ՝ մեզ փրկելով, որպեսզի մեր սերը միայն Իրեն ուղղվի և մեկ ուրիշն Իրեն մասնակից չլինի։ Սուրբ Օգոստինոսն ասում է. «Ինչպես Աստված Ինքն է մեզ Ստեղծողը, կամեցավ լինել նաև մեր Փրկիչը, որպեսզի մեր սերը չբաժանվի Ստեղծողի ու Փրկողի միջև»։

Որդյա՜կ, ճանաչի՛ր հոգուդ արժանապատվությունն ու ազնվականությունը։ Այն հոգին, որը դու տիղմի մեջ ես գցում, այն հոգին, որ մարմնիդ համար ես զոհում, գիտե՞ս, թե Աստված ինչի՛ արժանացրեց, գիտե՞ս, որ աշխարհից ավելի արժի հոգիդ։ Եթե չգիտես, սովորի՛ր Աստծուց, Ով Իր կյանքը տվեց դրա համար և հոգիդ չի փոխի ամբողջ աշխարհի կամ հազար աշխարհների հետ։ Հասկանո՞ւմ ես, թե որքա՜ն ծանր կլինի հանցանքդ, երբ մեղքով աղտոտես հոգիդ։

Եթե որևէ մի հրեշտակ կարողանար հատուցում անել Աստծո արդարությանը և մեզ փրկեր, Աստված նրան չէր հանձնարարի մեզ երկնքին արժանի դարձնելը և մեզ դժոխքից ազատելը։ Աստված կամեցել է Ի՛նքը ցույց տա մեր հանդեպ ունեցած Իր սերը։

Ո՞վ կարող է պատմել, թե Աստված քո պես արարածներին ինչքա՛ն է սիրում։ Երկնքի և երկրի Արարիչը լինելով՝ մեր համար իջավ Իր գահից, մեր նման մարդ եղավ, մեր սիրո համար ախոռի մեջ ծնվեց, կամեցավ, որ Իր փխրուն մարմինը հանգչի հարդի վրա՝ իբրև անկողին, երեսուն տարի անցկացրեց աղքատ հյուսնի խանութում աշխատելով՝ մի կտոր հաց վաստակելու, ճակատի քրտինքով ապրելու համար։ Կամեցավ Իր արյան վերջին կաթիլն էլ հեղել մեր համար՝ սոսկալի չարչարանքներով մահանալով խաչի վրա։ Հոբ նահապետի նման սքանչացած ասենք. «Տե՜ր, ո՞վ է մարդը, որ կամեցար այսքա՜ն մեծարել» (Հոբ 7, 17)։

Ամբողջ աշխարհի Տերը, Որին ոչինչ չի պակասում և ինքնաբավ է, փնտրում է մեր սերը, և Իր կյանքը մեր համար տալով՝ մեզ հարկադրում է սիրել Իրեն։

Ինչպե՞ս կարող ենք երախտագետ լինել Իր չափազանց գթության համար, որ մեր հանդեպ ունի։

Սիրե՛նք Իրեն։ Սիրո փոխարեն ա՛յլ բան հնարավոր չէ հատուցել, եթե ո՛չ՝ սեր։ Տանք մեր սիրտը Իրեն, Իրեն նվիրելով մեր սրտի բոլոր փափագները, շարժումները, մեզ ոչինչ չպահելով։ Եթե մեզ ստեղծելու համար պարտավոր ենք Իրեն տալ մեր սիրտը, դե՛ռ ավելին ենք պարտավոր՝ մեզ փրկելու համար։ Մեզ ստեղծեց խոսքով, իսկ փրկելու համար ինչե՜ր քաշեց։

 

Հիսո՜ւս, Փրկի՜չս, ոտքերիդ եմ փարվում, ընդունի՜ր խեղճ սիրտս, որ Քեզ եմ նվիրում։ Ցավում եմ, որ միայն մեկ սիրտ ունեմ Քեզ սիրելու. եթե ողջ մարդկության սիրտն ունենայի, դարձյալ քիչ պիտի լիներ Քեզ սիրելու համար։ Արդ, ինչ մեծ ապերախտություն արած կլինեմ, եթե ունեցածս միակ սիրտը Քեզ չտամ և արարածներին դրանից մաս հանեմ։ Ո՛չ, ո՛չ, չլինի՜, թե այս բանն իրականանա։ Դու իմ ամբողջ սիրտն ես ցանկանում, և իրավունք էլ ունես այդպես ցանկանալու։

Արդ, ահա՛ սիրտս նվիրում եմ Քեզ, առանց ուրիշին որևէ բան պահելու։ Եթե չկարողանամ այն ամբողջապես Քեզ տալ, Դու վերցրու և այնպես արա՛, որ կարողանամ ասել. «Իմ սրտի Աստվածը»։

Ո՜վ Հիսուս, այն անարգ և վշտալից կյանքի համար, որ անցկացրեցիր աշխարհի վրա, տուր ինձ ճշմարիտ խոնարհություն, որպեսզի սիրեմ սովորական ու անփառունակ կյանքը։ Այնպես արա՛, որ սիրով ընդունեմ հիվանդություն, նախատինք, հալածանք, ներքին վիշտ և ինչ խաչ որ ինձ կուղարկես։ Միայն թե թույլ տուր, որ Քեզ սիրեմ և ինչ որ կամենաս, արա՛ իմ հետ։

Ո՜վ Հիսուսի Սիրտ, որ իմ սիրով վառվեցիր, վառի՜ր իմ սիրտն էլ Քո բորբոքուն սիրով, մահանալուցս առաջ ինձ ամբողջովին Քոնը դարձրու։

Սիրում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, որովհետև արժանի ես ամեն սիրո և միայն փափագում ես, որ Քեզ սիրեմ։ Ամբողջ սրտովս սիրում եմ Քեզ, աճեցրո՜ւ սերս Քո հանդեպ։ Այնպես արա՛, որ Քեզ հաճելի դառնալու համար մեջս մեռցնեմ անկարգ կրքերս, ախորժակներս, հաճույք, այնպես արա՛, որ հրաժարվեմ հանգստից, դյուրությունից և մանավանդ՝ կամքս փնտրելուց։

Բարեգո՜ւթ Հիսուս, արտասվելով խնդրում եմ՝ տո՛ւր ինձ ամեն շնորհ, որովհետև ամեն շնորհի կարիքն ունեմ. աղքատ եմ, սակայն եթե ողորմությամբ ինձ նայես, կհարստանամ։ Ո՜վ Հիսուս, բարեգո՜ւթ Հիսուս, ողորմի՜ր ինձ։ Սուրբ Աստվածածին, գորովագութ Մայրս, բարեխո՜ս եղիր իմ համար։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։