44. ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐ ՍՏԱՆԱԼ – Գրադարան – Mashtoz.org

44. ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐ ՍՏԱՆԱԼ

Մինչև այստեղ ասվածների շուրջ մտածելով և աղոթելով՝ այլևս կարիք չունես տարակուսելու, որ Հիսուսն իսկապես սիրում է քեզ։ Քեզ այնպես է սիրում, որ կարծես առանց քեզ դժբախտ պիտի լինի, հակառակ այն բանի, որ բազում անգամ մեղքով հեռացել ես Իրենից։

Հիսուսը քեզ սիրում է և կամենում է, որ դու էլ Իրեն սիրես։ Հիսուսը շարունակ կրկնում է. «Որդյակ, ինձ տուր սիրտդ»։ Հորդորելն էլ բավական չհամարելով՝ նույնն ասում է նաև հրամայական շեշտով. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ»։ Ի՞նչ ես դու, որ Հիսուսն անպայման կամենում է, որ Իրեն սիրես, և եթե չսիրես, խիստ վշտանում է։ Հիսուսին չսիրելուց ավելի մեծ տանջանք գոյություն ունի՞։

Երանի՜ և հազար երանի՜ նրան, ով համարձակ կարող է ասել. «Ես Հիսուսին սիրում եմ, ես Հիսուսինն եմ, և Հիսուսն էլ իմն է» (հմմտ. Երգ 2, 16)։ Երանի՜ նրան, ով ունի Հիսուսի գանձը, որի կողքին ամեն գանձ և հազար աշխարհներ ոչինչ են։

Ուստի, ով որ Հիսուսի հանդեպ սեր չունի, պիտի ամեն ջանք գործի դնի՝ այն ստանալու համար, իսկ ով որ ունի, ամեն ջանք գործի դնի՝ այն պահպանելու և աճեցնելու համար։ Բայց թե ինչպե՛ս կարող ես սրան հասնել, ահա՛ քեզ մի քանի գործնական հուշում.

 

1) Սիրտդ հեռացրո՛ւ երկրավոր ցանկություններից ու փափագներից, որովհետև աշխարհը սիրող հոգու մեջ չի կարող Հիսուսի սերն աճել։ Եթե ցանկանում ես, որ սիրտդ Հիսուսի սիրով լցվի, այն դատարկի՛ր աշխարհի սիրուց։ Որքան շատ սիրես աշխարհն ու դրա հետ կապված ամեն բան, այնքան Հիսուսին սիրելու կարողությունը կնվազի քո մեջ։

Պողոս Առաքյալն ասում է. «Ամեն բանից զրկվեցի և աղբ եմ համարվում, բայց փոխարենը Քրիստոսին շահեցի» (Փլպ 3, 8)։ Աղոթքով խնդրի՛ր Սուրբ Հոգուց, որ սիրտդ ջերմացնի, և դու էլ կարողություն ստանաս ամեն բան արհամարհելու, տեսնես աշխարհի և հարստության ունայն լինելը, ինչի հետևից այնքա՜ն մարդիկ են վազում։

Երբ սրտիդ մեջ կունենաս Հիսուսին սիրելու անգին գանձը, այնուհետև կանտեսես այն ամենը, ինչը որ աշխարհը մեծ է կարծում։ Քո համար Հիսուսի սերը թող ամեն ինչի տեղը բռնի։ Ունե՞ս Հիսուսին, ուրեմն ամեն բան ունես։

 

Փրկի՜չ իմ Հիսուս, սրտիս մեջ դի՜ր Քո հանդեպ անչափ սեր, որպեսզի միայն Քեզ սիրեմ։ Ինձ սովորեցրու, որ Քեզ սիրելու համար ես ինձ ստեղծել և որ ամենաչնչին մասն էլ անգամ արարածներին չպետք է տամ։ Զգացրո՛ւ ինձ Քո սերն ու քաղցրությունը, որպեսզի ամեն բանից առավել՝ ամբողջ սրտով սիրեմ Քեզ, նույնիսկ իմ անձից ավելի։ Սիրեմ միայն Քեզ, և ուրիշ ամեն բան՝ Քո համար։

 

Մեկը, որ իսկապես սիրում է Աստծուն, ամեն ջանք գործադրում է՝ ուրիշ ոչ մի բան չսիրելու համար, սրտում ուրիշ սիրո տեղ չի թողնում, որովհետև գիտի, որ Աստված իր ամբողջ սիրտն է կամենում։ Աստված անհուն սիրո է արժանի, կամենում է, որ Իրեն միայն սիրես, և դրա համար է, որ քեզ սիրտ է տվել՝ միասին տալով Իր ամբողջ սիրո ապացույցները։

 

Հիսո՜ւս, երբ ինձնից սիրտս ես պահանջում, շատ բան չէ ուզածդ։ Քեզ եմ նվիրում սիրտս՝ առանց ինձ ինչ որ մի բան վերապահելու, առանց ժամկետ որոշելու՝ այն Քեզ նվիրելու համար։ Քեզ տվածս այնքա՜ն խեղճ ու անզգա սիրտ է, որ կզարմանամ, եթե այն ընդունելու լինես։ Տե՜ր Հիսուս, փոխի՜ր սիրտս և ինձ Քեզ արժանի դարձրո՜ւ, որովհետև ցանկանում եմ Քեզ պատկանել։ Ե՜կ և իմ մեջ բնակվիր, այս խեղճ սրտի մեջ, որ Քեզ է սպասում, Քեզ է փափագում, Քեզ է ցանկանում սիրել՝ առանց ուրիշ բան սիրելու։ Հիսո՜ւս, Դու ես իմ Աստվածը, միայն Դու կարող ես ինձ հագեցնել։

 

Երանի՜ է քեզ, եթե համոզված ես, որ սիրտդ միայն Աստված կարող է լցնել, և Աստծուց դուրս քեզ ոչինչ չի հանգստացնում։ Եթե ցանկանում ես այդ կատարելությանը հասնել, պետք է դու էլ սիրտդ ամեն բանից անջատես։ Սիրածդ որքան էլ որ օրինավոր լինի, – ինչպես ընտանիքիդ անդամները կամ որևէ մի բարեկամ ու ընկեր, – զգույշ պիտի լինես, որ նրանց պատճառով Հիսուսի հանդեպ սերդ չնվազի։

Արդ, երբ զգաս, որ որևէ արարածի հանդեպ սերդ աճում է, դիմի՛ր Հիսուսին և ասա՛. «Տե՜ր, Դու ինձ բավական ես, Քեզնից դուրս ոչ ոքի չեմ ցանկանում սիրել։ Միայն Դու տիրիր իմ սրտին»։

Երանի՜ այն սրտին, որ ոչ մի բանի չի կապվում։ Խնդրի՛ր Հիսուսին, որ քեզ Իր սուրբ սերը տա, որպեսզի սրտիդ մեջ այրի ու մաշի այն ամենը, որ մաքուր սեր չէ, և դեպի Հիսուսը դառնաս։ Աղոթքով խնդրիր, որ սրտիցդ հեռացնի ամեն տեսակ անկարգ ու անմաքուր հարում, որպեսզի ամբողջապես Իրեն պատկանես։ Քանի՜ քանի՜ բարի ու առաքինի հոգիներ կարևորություն չեն տալիս մանր բաների և սրտներից չեն հեռացնում փոքր կարծված կապանքներն ու սերերը, և հետևաբար՝ կատարելության չեն հասնում։

Դու էլ արիացիր և սրտիցդ հեռացրու փոքրիկ կապվածությունները, որոնք սիրտդ աշխարհին են կապում։ Այս աշխատանքն անելով՝ անհուն գանձ պիտի շահես, որովհետև Հիսուսն ամբողջապես քոնը պիտի լինի։

 

Ափսո՜ս, որ ես էլ նրանցից մեկն եմ. երանի՜ թե սիրտս աշխարհի հարումներից անջատվեր և Հիսուսին միանայի։ Օգնի՜ր ինձ, ո՜վ Հիսուս, որ աշխարհին չկապվեմ։ Դու բավական ես ինձ, և աչքիս փոշի են թվում առողջությունը, հարստությունը, փառքը, պատիվը, գիտությունն ու զվարճանքները։ Դու մենակդ լիացնում ես սիրտս ու հոգիս, Քեզնից դուրս ոչ մի բանի ակնկալիք չունեմ։ Ի՛նչ էլ որ տալու լինես ինձ, ինձ բավական չէ, եթե Ինքդ Քեզ չտաս։ Հիսո՜ւս, Դու ես իմ սրտի Տերը, իմ բաժինն ու ժառանգությունը Դու ես. միայն Քեզ եմ փնտրում և Քեզնից դուրս ոչինչ չեմ ցանկանում։ Լուսավորի՜ր ինձ, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ պետք է սրտիցս արմատախիլ անեմ։ Տիրի՜ր սրտիս, որովհետև ուզում եմ ամբողջովին Քեզ պատկանել։

 

2) Աստծո սերն ունենալու երկրորդ ճանապարհն Իր սուրբ կամքին համակամ լինելն է։ Եթե կատարյալ կերպով ես սիրում Հիսուսին, չես կարող Իր կամեցածից տարբեր բան անել։ Շատերն Աստծո կամքին միայն խոսքով են համակամվում, իսկ երբ որևէ դժբախտություն կամ հիվանդություն են ունենում, խռովվում են ու գանգատվում։

Եթե իսկապես Աստծո կամքն ես փնտրում, այդպես չես գործի, այլ՝ «Սա է իմ համար Աստծո կամքը» կասես ու չես խռովվի, որովհետև համոզված ես, որ առանց Աստծո կամքի կամ արտոնության քեզ ոչինչ չի պատահի, և ամեն տեսակ ծանր հարվածի դիմաց գլուխդ կխոնարհես և բերանդ չես բացի։ Դու էլ Սրբերից մեկի ասածի նման կրկնիր. «Բավական է, որ Աստծո աչքից չընկնեմ, եթե նույնիսկ ինձ դժոխք ուղարկելու լինի, կասեմ, որ իմ համար այստեղ լավ է»։

Կատարելության ես հասել միայն այն ժամանակ, երբ Աստծո կամքին համակամ ես։ Դու էլ Դավիթ Մարգարեի հետ կրկնիր. «Ինձ Քո կամքն ուսուցանիր, որովհետև Դու ես իմ Տեր Աստվածը» (Սղմ 142, 10)։ Լավագույն սիրո աղոթքն այդ խոսքերն են. սա ավելի վեր է, քան ծոմ պահելը կամ ճգնություններ անելը։ Բոլոր գործերիդ նպատակը, բոլոր փափագներդ դրան պիտի ուղղվեն։

Արդ, խնդրի՛ր Սուրբ Աստվածածնից, պաշտպան Սրբերից և Պահապան Հրեշտակիցդ, որ Հիսուսի սուրբ կամքը կատարելու շնորհն ընդունեն քո համար։ Երբ կամքիդ կամ անձնասիրությանդ դեմ որևէ բան է պատահում, հատուցում ստանալու առիթը մի՛ փախցրու, և Հիսուսի նման դու էլ կրկնիր. «Ո՛չ թե իմ, այլ՝ Քո կամքը թող կատարվի» (Մտթ 26, 39)։ Արդար Հոբն էլ է նույնն ասել. «Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ. թող որ օրհնյա՜լ լինի Իր Սուրբ Անունը» (հմմտ. Հոբ 1, 20)։ Ձախորդության ու դժվարության մեջ այս տեսակ աղոթք անելն ավելին արժե, քան մխիթարությունների մեջ Աստծուն փառք տալը։

 

3) Աստծո հանդեպ սեր ստանալու երրորդ ճանապարհը մտածական աղոթքն է։ Հոգևոր իրականությունները մարմնի աչքով չեն տեսնվում, այլ՝ դրանց մասին մտածելով և դրանց իմաստներին անդրադառնալով։

Եթե Հիսուսի մասին չմտածես, Իրենից ստացածդ շնորհներին մտովի չանդրադառնաս, չզգաս, որ ստացածդ շնորհների փոխարեն պարտական ես երախտապարտ սրտով Իրեն սիրել և Իրեն ծառայել, դժվար է, որ սիրտդ չկապվի արարածներին և շարունակես Հիսուսին սիրել։

Աղոթքի ժամանակ է, որ Աստված լուսավորում է քեզ և ցույց է տալիս աշխարհի ունայնությունը և երկնավոր բաների քաղցրությունը. աղոթքի ժամանակ է, որ սիրտդ բոցավառվում է և չես դիմադրում Իր շնորհներին, մանավանդ՝ եթե նոր շնորհներ ես ստանում։ Մի՛ գանգատվիր, թե աղոթքի ժամանակ Հիսուսի հանդեպ սեր չես զգում. դա կարող է նշան լինել, որ սիրտդ ավելի աշխարհին է կապված, քան Հիսուսին։ Սիրտդ հեռացրո՛ւ աշխարհային բաներից և պիտի տեսնես, որ Հիսուսին փնտրած ժամանակ Նրան պիտի գտնես։

Արդ, Հիսուսին գտնելու համար միտքդ ամփոփի՛ր, հեռացրո՛ւ քեզնից աշխարհն ու այն ամենը, ինչը որ աշխարհի հետ է կապված, և պիտի զգաս, որ սրտումդ Հիսուսն է խոսում, և դու Նրան լսում ես։

Ֆիզիկական արտաքին առանձնությունն էլ թեև օգտակար է, բայց բավական չէ։ Էականը սրտի առանձնությունն է, այսինքն՝ աշխարհային բաների նկատմամբ հարում չունենալը, կրքերից ու ցանկություններից ազատվելը։ Եթե սրանց գերի ես, անկարելի է, որ դրանց աղաղակի մեջ կարողանաս Հիսուսի ձայնը լսել։

Ճիշտ է, որ Սրբերի կյանքում էլ պատահում է, որ հակառակ աշխարհից հրաժարված լինելուն՝ աղոթքի ժամանակ ցամաքություն են զգում։ Բայց այս դեպքում Աստված Ինքն է, որ նրանց այդ վիճակին է մատնում՝ նրանց հավատարմությունը փորձելու համար։ Եթե դու էլ ես աշխատում աշխարհից հեռու մնալ և դեռ դժվարությամբ ես աղոթում, ասա՛ Հիսուսին. «Տե՜ր, ողորմի՜ր ինձ, մխիթարությանդ արժանի չեմ, որովհետև կյանքիս ընթացքում շատ անգամներ Քեզ վշտացնելով՝ արժանի եմ եղել հավիտենական հրին և Քեզնից մերժվելուն։ Միակ խնդրածս այն է, որ ինձնից Քո սերը չհեռացնես. հոգ չէ, որ զգայարաններովս չեմ զգում, որ Քեզ սիրում եմ»։

Աղոթելն Աստծո պարգևներից մեկն է, որն Իր ձեռքում միշտ պատրաստ ունի։ Ով որ անձնասիրությունը մի կողմ թողնելով՝ խոնարհվում է, արժանի է լինում ընդունելու այդ շնորհը։ Ունեցի՛ր համբերություն և մի՛ աճապարիր վազել։ Հիսուսն անույշ յուղով է լցնում ամանդ, երբ տեսնում է, որ այն կրքերից դատարկել ես։

Կարող է պատահել, որ աղոթքի գնաս և քեզ արձանի նման զգաս, որը ո՛չ կարողանում է աղոթել և ո՛չ էլ մտածել։ Ի՞նչ ես անելու այդ ժամանակ։ Արդյոք դադարեցնելո՞ւ ես աղոթքդ, և կամ կարծելո՞ւ ես, թե Աստծուն անհաճո ես։

Եթե Հիսուսը կամենա, արձանին էլ կարող է լեզու տալ։ Տկարությունդ ու խեղճությունդ Հիսուսի դիմաց դի՛ր և սպասի՛ր։ Մուրացկանի ամենամեծ զենքն իր խեղճությունը և վերքերը ցույց տալն է։ Դու էլ անխոս կանգնիր Աստծո դիմաց՝ նպատակ ունենալով անզորությունդ ու տկարությունդ Իրեն ցույց տալ։

Երբ աղոթելու դժվարություն ես զգում, համբերությո՛ւն ունեցիր և Հիսուսի դիմաց կանգնելդ միայն՝ քո համար մեծ պատիվ համարիր։ Փոքրիկ մանուկն իր մոր գրկում իրեն ապահով է զգում, նույնիսկ երբ մայրիկը քնած է լինում և չի խոսում։

Արդ, ամենևին մի՛ լքիր աղոթքը։ Ամեն բանի կարոտ ես, և միայն աղոթքով է, որ կարող ես դրանք իրագործել։ Հիսուսն ասաց. «Խնդրեցե՛ք և պիտի տրվի ձեզ» (Ղկս 11, 7)։ Այս խոսքից ավելի ազդու ի՞նչ կարող է Հիսուսը քեզ ասել. «Ինչի կարիք որ ունես, խնդրի՛ր, և պիտի տամ քեզ»։ Բարեկամդ որքան էլ սիրելի լինի, չի կարող քո բոլոր ուզածներն իրագործել, իսկ Հիսուսն ամենակարող է և խոստացածը տալիս է։ Ուստի, եթե շնորհի կարիք զգաս և չունենաս, սովորաբար՝ հանցավորը դու ես, որ Հիսուսից չես խնդրել։

Այս պատճառով, մտածական աղոթքը կարևոր է, որովհետև աշխարհի հոգսերի մեջ ընկղմված լինելով՝ չես կարող հոգուդ կարիքները զգալ, առանց մտածելու չես կարող կարիքներդ տեսնել։ Սրբերն աղոթքով էին անցկացնում իրենց կյանքը, աղոթքի շնորհիվ սրբության հասան։ Դու էլ, եթե ցանկանում ես փրկության հասնել և սրբություն ստանալ, պետք է որ բախես Հիսուսի դուռը, Նրանից քո համար կարևոր շնորհները խնդրես։

Եթե զգաս, որ խոնարհության առաքինության կարիքն ունես և կամ համբերության, վիճակիդ նեղություններին դիմանալու համար՝ Հիսուսից ա՛յդ շնորհները խնդրիր։ Եթե փափագում ես Հիսուսի հանդեպ սեր ունենալ, խնդրի՛ր Իրենից. «Խնդրեցե՛ք և պիտի ստանաք» ասող Հիսուսը պիտի կատարի, եթե խնդրես։

Հիսուսը քեզ վստահեցնում է, որ եթե Իր Անվամբ և հանուն Իր արժանիքների որևէ մի շնորհ խնդրես, Երկնավոր Հայրը պիտի տա. «Ի՛նչ որ Հորից խնդրեք Իմ Անվամբ, պիտի տրվի ձեզ» (Հվհ 16, 23)։ Ավելի ի՞նչ ես ուզում։ Միշտ խնդրի՛ր, միշտ բախի՛ր դուռը և սովորություն արա՛, որ օրվա զբաղմունքերիդ մեջ անգամ մի սրտանց, համառոտ աղոթք անես՝ խնդրելով մեղքերի թողություն, հարատևելու շնորհ, Իրեն սիրելու պարգև։ Օրվա մեջ, նույնիսկ գիշերը մի պահ աչքդ բացած ժամանակ, մի համառոտ աղոթք ասա՛, օրինակ. «Հիսո՜ւս, Դու ամեն բան ես իմ համար», «Ես Քեզ եմ պատկանում, թույլ մի՛ տուր, որ ինչ որ բան իմ համար պահեմ», «Հիսո՜ւս, սիրում եմ Քեզ, որ իմ համար մեռար», «Հիսո՜ւս, ինձ Քեզնից մի՛ անջատիր», «Հիսո՜ւս, կամենում եմ սիրել Քեզ, Քեզնից զատ ի՞նչ կա սիրելի»։ Սրանց նման խոսքերը թող սրտումդ անպակաս լինեն։

 

4) Աստծո սերը հոգուդ մեջ աճեցնելու չորրորդ միջոցը Հիսուսի Չարչարանքների շուրջ մտածելն է։ Քչերն են Հիսուսին սիրում, որովհետև մարդիկ այնքա՜ն ապերախտ են, որ գոնե երբեմն չեն մտածում, թե Հիսուսն ի՛նչ է կրել իրենց համար և ի՛նչ սիրով է կրել։ Անհավատալի է թվում, որ Աստված Իր կյանքը մեր համար տված լինի, թեև Հավատամքում ասում ենք, որ մեր մեղքերի համար Իր Արյունը հեղեց։

 

Հիսո՜ւս, Դու ինձ այնքա՜ն սիրեցիր, որ իմ համար սեփական Անձիցդ հրաժարվեցիր, ո՛չ միայն խաչի վրա չարչարանքներով մեռար, այլ նաև՝ Ամենասուրբ Հաղորդության մեջ ինձ որպես կերակուր տրվեցիր։ Սա էլ բավական չնկատեցիր, կամեցար ամեն օր անդադար հետս լինել մինչև աշխարհի վերջը՝ մնալով Ամենասուրբ Հաղորդության մեջ, որպեսզի մեզ ընկերանաս և մեզ մխիթարես։ Իմ համար է, որ այսքա՜ն խոնարհվեցիր, Տե՜ր Հիսուս, և սիրո մուրացկանի պես սպասում ես, որ Քեզ սիրեմ։ Այս ինչքա՜ն մեծ է սերդ, Հիսո՜ւս, որ ցուցաբերում ես իմ նման խեղճ մեղավորի հանդեպ։

 

Մտածի՛ր, ուրեմն, մտածի՛ր Հիսուսի չարչարանքների շուրջ, եթե ցանկանում ես, որ սիրտդ Իր սիրով բոցավառվի։ Ի՛նչ միջոցների ասես, որ չես դիմում, երբ տեսնում ես, թե շրջապատիցդ մեկը քո հանդեպ սեր է ցույց տալիս, իսկ Հիսուսին, Ով որևէ միջոց չի խնայել երջանկությանդ համար, ինչպե՞ս կարող ես Նրան չսիրել։

Աչքերդ հաճախ ուղղիր դեպի Խաչելությունը, նայի՛ր Հիսուսին, որ այնտեղ գամված է քո համար, և բազուկները բացած սպասում է քեզ. կարո՞ղ ես դեռ Իրեն չսիրել։

 

Ողորմի՜ր ինձ, ո՜վ Հիսուս, Դու, որ իմ համար ես խաչվել։ Փափկացրո՜ւ կարծրացած սիրտս, աչքերս արցունքների աղբյուրներ դարձրո՜ւ, որպեսզի լացեմ՝ Չարչարանքներիդ մասին մտածելով։

 

Սրբերի համաձայն՝ Հիսուսի Չարչարանքների շուրջ մտածելուց ավելի զորավոր և ազդու միջոց չկա սրբության հասնելու համար։ Եթե ցանկանում ես, որ սիրտդ խանդավառվի Հիսուսի սիրով, ամեն օր հավատարիմ կերպով մտածիր Իր Չարչարանքների մասին։ Սուրբ Օգոստինոսն ասում է. «Հիսուսի Չարչարանքների մասին մտածելով մի կաթիլ արցունք թափելն Աստծո համար ավելի ընդունելի է, քան ամեն օր պահք ու ծոմ պահելը կամ ճգնություններ անելը»։

Սա՛ է պատճառը, որ Սրբերը միշտ մտածում էին Հիսուսի Չարչարանքների մասին, ինչի շնորհիվ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացին սերովբեանման դարձավ։ Երբ մի օր նրան հարցրեցին, թե ինչո՞ւ է լալիս, նա պատասխանեց. «Հիսուսի կրած չարչարանքների ու կրածների համար եմ լալիս, և մանավանդ՝ այն բանի համար, որ մարդիկ այսքա՜ն սիրո փոխարեն Հիսուսի հանդեպ միայն անտարբերություն են դրսևորում»։

Նույն Սուրբը, երբ լսում էր որևէ գառնուկի մայելը, կամ որևէ բան իրեն Հիսուսի Չարչարանքներն էր հիշեցնում, աչքերն արցունքով էին լցվում։ Ավետարանում նախընտրած էջերը Հիսուսի Չարչարանքների նկարագրությունն էր։ Քո գիրքն էլ, սիրելի ընթերցող, թող նույնը լինի, որպեսզի սովորես Հիսուսին սիրել։ Մտածի՛ր Հիսուսի գերու նման կապվելու, նախատվելու, հարվածներ ընդունելու, փշով պսակվելու, խաչվելու, փրկությանդ համար մահանալու մասին ... և պիտի սկսես սիրել Նրան։

 

Այո՛, ո՜վ Հիսուս, սիրում եմ Քեզ և ցանկանում եմ միշտ սիրել։ Ինձ միշտ հիշեցրու այն ամենի մասին, որ կրել ես իմ համար, որպեսզի չմոռանամ Քեզ սիրել։ Ո՜վ սուրբ գործիքներ, որ իմ Տիրոջը կապեցիք, ո՜վ փշեր, որ Հիսուսի աստվածային Գլուխը պսակեցիք, վիրավորեցե՜ք իմ սիրտն Իր սիրով։ Սուրբ գամեր, որ Իր ձեռքերն ու ոտքերը ծակեցիք, գամեցե՜ք սիրտս խաչին, որպեսզի այնտեղ ապրեմ և այնտեղ մահանամ։ Արյո՜ւն պատվական և մա՜հ իմ Հիսուսի, սրտիս մեջ մահացրե՜ք ամեն երկրավոր փափագ, որպեսզի Իրենից բացի ուրիշ ոչ մի բան չփափագեմ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։