21. ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՈՒՐԱՆԱԼՆ ՈՒ ԶՂՋԱԼԸ – Գրադարան – Mashtoz.org

21. ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՈՒՐԱՆԱԼՆ ՈՒ ԶՂՋԱԼԸ

Պետրոսը՝ Առաքյալների գլխավորը, ում հանդեպ Հիսուսը հատուկ մտերմություն էր ցույց տվել և լսել էր Պետրոսի խոսքերը. «Տե՜ր, եթե պետք լինի մահանալ, հանձն կառնեմ, քան թե Քեզնից բաժանվել» (հմմտ. Մտթ 26, 35; Մրկ 14, 29; Ղկս 22, 33; Հվհ 13, 37), ահա՛ առիթը ներկայանալիս վախկոտ կերպով ուրանում է իր Վարդապետին։ Ո՜վ գիտի, թե Հիսուսը որքա՜ն վշտացավ այդ պահին։

Հիսուսը անարգական մահվամբ մահանալու է դատապարտվում. ժողովուրդը երեսին բղավում է, թե՝ «Մահապարտ է», զինվորները թքում են երեսին, քահանայապետի ծառան ապտակում ու նախատում է Նրան, չարչարանքի ամեն տեսակ հանձն է առնում, աշակերտներն անգամ լքում են Իրեն ու փախչում են ... ։ Իսկ Հիսուսն ինչո՞ւ է թույլ տալիս, որ Պետրոսն էլ Իրեն ուրանա՝ Իր վշտերի վրա մի նոր վիշտ ավելացնելով։ Հիսուսը կամենում է մեզ ուսուցանել՝ չվստահել մեր անձին, այլ՝ իմանալով մեր տկարությունը՝ ապավինել Իրեն։ Կամենում է, որ սովորենք վախենալ մեր տկարությունից, ու ամբողջ տարիներ Իրեն ծառայելուց հետո չկարծել, թե ստացել ենք հոգևոր կյանքի ապահովությունը։

Աստվածաշունչն ասում է. «Երբ մարդն ինքն իր անձին է վստահում, մոտ է նրա կործանումը» (հմմտ. 1Կր 10, 12)։ Սրա օրինակը ցույց է տալիս Պետրոս Առաքյալը։ Հիսուսը չարչարանքները սկսելուց առաջ ասում է աշակերտներին. «Դուք ամենքդ այս գիշեր լքելու եք ինձ ու փախնեք»։ Պետրոսը պատասխանում է. «Եթե բոլորն էլ Քեզ լքելու լինեն, ես չեմ լքի» (Մտթ 26, 33)։ Պետրոսը սիրում էր իր Վարդապետին և կարող էր ասել այդ խոսքերը, բայց որովհետև հանդգնություն էր արածը, որովհետև վստահում էր իր անձնական ուժին, գետնին ընկավ։

Աստված չի սիրում հպարտին, առանց օգնության է թողնում, որպեսզի ընկնի։ Պետրոսի անկումը մեզ պիտի սարսափեցնի։ Նմանության գիրքն ասում է. «Եթե երկնքի աստղերն ընկան, ես ի՞նչ վստահություն կարող եմ ունենալ՝ չընկնելու. նրանք, որ իրենց գործերով բոլորին զարմացնում էին, կործանվեցին, հրեշտակների հացը ճաշակողների համար քաղցր դարձավ խոզերի կերակուրը, իսկ ես, որ հող եմ ու մոխիր, ինչպե՞ս կարող եմ վստահություն ունենալ։ Արդ, Տեր իմ, եթե Սուրբ Աջդ հեռացնես ինձնից, վրաս սրբություն չի մնա և անօգուտ կլինի իմաստությունս։ Եթե դու ինձ չպահպանես, արիություն չեմ ունենա. եթե ինձ չպահես, ողջախոհություն չի մնա. եթե աչքդ ինձնից հեռացնես, իմ զգուշությունները ոչնչի կվերածվեն. եթե ինձ լքես, կընկղմվեմ ծովի հատակը. ոտքի կկանգնեմ այն ժամանակ միայն, երբ Դու ինձ այցելես։ Տե՜ր, անհաստատ եմ, Դու ես իմ հաստատությունը. գաղջ եմ, եթե Դու ինձ եռանդ չտաս»։

 

Ո՜վ Հիսուս, խոնարհվում եմ Քո դիմաց և ինքս ինձ ոչինչ եմ համարում, նույնիսկ եթե ինքս իմ մեջ փոքր բարություններ եմ տեսնում, որոնք Քեզնից են։ Բոլոր ունեցածներս ոչինչ են, և ես ինձ ունայն եմ զգում։ Այսքան ծանրության տակ ճնշվում եմ և անսահման ծովի մեջ ես ինձ տկար եմ զգում։ Ո՞ւր մնաց ինքնահավանությունս, ո՞ւր են իմ կարծած առաքինություններս, որոնց վրա վստահ էի։ Քո դատաստանի դիմաց ամեն բան ունայնանում է։ Հիսո՜ւս, սրտումս զգում եմ, որ սիրում եմ մեղքը, որի փոխարեն ապավինությունս միայն Դու ես, քանի որ ա՛յլ դարման չունեմ։ Փրկի՜չ իմ Հիսուս, Քեզնից խնդրում եմ, որ ինձ ողորմես և չթողնես, որ ախտերի մեջ ընկնեմ։

 

Երկյուղածությամբ եմ հոգուս ուղղված խոսքերդ լսում. «Որդյակ, քո համար լավ է, որ տկարություններիցդ վախենաս, որպեսզի ինքդ քեզ չվստահես, բայց չեմ ցանկանում, որ այդ վախիդ պատճառով խռովվես և հոգեպես քեզ լքված զգաս։ Չես իմանո՞ւմ, որ ես օրհնում եմ արդարներին և նրանցից գոհ լինելս իրենց համար քաջալերություն է։ Քո հանգիստն իմ սրտում գտիր և ցանկացիր ըմբռնել, թե որքա՜ն մեծ է սերս քո հանդեպ։ Այս մտածությամբ քաջալերվիր և ինձ ապավինիր»։

 

Հիսո՜ւս, Քո այս խոսքերը սպեղանի են վիրավոր սրտիս համար և անպատմելի մխիթարությամբ են լցնում հոգիս։ Գիտեմ, որ Քեզ ապավինողների վրա հսկում ես, որ նրանց ոչինչ չպակասի։ Առաջադրում եմ ոչ մի բանի համար չմտահոգվել և Քեզ հանձնել իմ բոլոր հոգսերը։ Կյանքիս ընթացքում կարող է վնասվել պատիվս, կամ որևէ մի հիվանդություն ինձ պատահի կամ ուժս կորցնեմ, որպեսզի չկարողանամ ծառայել Քեզ. կարող եմ նույնիսկ մեղքով հեռանալ Քեզնից, Քո սուրբ Շնորհից զրկվելով։ Բայց հույսս Քեզնից չեմ կտրում մինչև մահս, դժոխքի բոլոր դևերը զուր տեղն են աշխատում՝ ջանալով հուգուցս հանել Քո վրա դրած հույսս։

Թող ուրիշները հույս դնեն իրենց հարստության կամ հանճարի վրա, իրենց կատարած ճգնությունների կամ անմեղության, բարեգթության կամ ջերմեռանդության վրա, իսկ ես ողջ հույսս դնում եմ միայն Քո վրա և գիտեմ, որ երբեք հուսախաբ չեմ լինի։ Այլևս կարող եմ ասել, որ ապահով է հավիտենական փրկությունս, որովհետև հույս ունեմ, որ Քեզնով պիտի այն ստանամ։

Ո՜վ Հիսուս, լա՛վ գիտեմ, թե ինչքա՜ն տկար եմ ու փոփոխամիտ, և որ կարող են փորձություններ շուրջս պատահել՝ դրդելով առաքինությանը հակառակ գործել։ Այս բոլորով հանդերձ, դարձյալ չեմ վախենում, որովհետև հույսս Քո վրա եմ դրել և ամեն վտանգից ինձ ապահով եմ զգում։ Երկնքի ու երկրի դիմաց անվախ կերպով բարձրաձայն աղաղակում եմ՝ ասելով. «Հույսս Քո վրա դրեցի և հավիտյան ամոթով պիտի չմնամ» (Սղմ 30, 2)։

 

Հիսուսը մի բարեգութ ակնարկ տալով Պետրոսին՝ շարժում է նրա սիրտը, և Պետրոսը զգաստանում է. սրտի խորքում այնպիսի զղջում է զգում, որ մի կողմ է թողնում շրջապատի մարդկանց, որոնց առաջ ուրացել էր Տիրոջը, դուրս է գալիս և սրտի ցավից դառնորեն լալիս է։ Այդ լացն այդտեղ չի ավարտվում, այլ՝ իր ողջ կյանքի ընթացքում հոգեպես լալիս է. ամեն առավոտ աքաղաղը կանչելիս՝ հիշում է իր անցյալը, և ցավը նորոգվում է։

Քանի որ դու էլ Պետրոսի նման ընկած ես և Տիրոջդ մերժել ես, հետևի՛ր իր օրինակին։ Երանի՜ դու էլ Պետրոսի նման մեղքերդ լայիր, մինչև մեղքերիդ ներում ընդունեիր։ Համեմատի՛ր լացդ ու զղջումդ Պետրոսի ունեցածի հետ։ Նա մի անգամ անկում ապրեց և քիչ անց ոտքի կանգնեց, իսկ դու քանի՜ անգամներ ես ընկել ու մեղքի մեջ մնացել։ Ինքը, երբ իր սխալը գիտակցեց, թողեց և հեռացավ այդ վայրից, իսկ դու փախչո՞ւմ ես նույն մեղքի առիթներից։ Աղոթի՛ր և շնո՛րհ խնդրիր Աստծուց՝ մեղքերդ ապաշխարելու համար։

 

Ողորմի՜ր ինձ, Տեր, ողորմի՜ր, քանի որ բազմիցս ուրացա Քեզ։ Բարեգութ ակնարկ նետիր նաև իմ վրա, որպեսզի ես էլ արցունքով մաքրեմ մեղքերս՝ սրտանց զղջալով Քո դեմ գործածս մեղքերի համար։ Հիսո՜ւս, բժշկի՜ր հոգուս վերքերը՝ դրանց վրա դնելով սիրույդ սպեղանին։ Ուրիշ բան չեմ խնդրում Քեզնից, եթե ո՛չ միայն՝ սերդ, որպեսզի սիրեմ Քեզ անսահման կերպով, սիրեմ մինչև մահս և մինչև հավիտյան. ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։