ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խղճի քննություն – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խղճի քննություն

Քրիստոսը քո համար կրեց սաստիկ ծարավը, ուստի արդարացի է, որ դու էլ ունենաս նույն ծարավն Իր հանդեպ։ Հոգևոր կյանքում առաջադիմելու լավագույն միջոցներից մեկը հաճախ խիղճդ քննելն է։ Հոգիդ նմանվում է մի դաշտի, որը եթե չխնամես, մոլախոտերով կլցվի և ամբողջովին անպիտան կդառնա։

Մարդու բնությունն ապականված է մեղքով, դարձել է մի վատ դաշտ, և ինքն իրենով չի կարող լավ պտուղ տալ։ Պետք է, որ ձեռքումդ միշտ մանգաղ ունենաս՝ կտրելու ու արմատախիլ անելու համար այն, ինչը որ վատն է պարտեզումդ։ Այս գործի մեջ հաջողության կհասնես, երբ սովորություն ունենաս խիղճդ քննելու, ինչը որ կարելի է երկու ձևով անել։

Հատուկ աշխատանք թափիր և ամեն օր քննիր հատկապես այն թերությունը կամ մեղքը, որի մեջ հաճախ ընկնելու դժբախտությունն ունես. տե՛ս, թե ամեն օր այդ չար ծառից մի ճյուղ կարողանո՞ւմ ես կտրել և դրա հակառակ առաքինությունը ձեռքբերել։ Եթե հպարտության ու ինքնահավանության չար ախտն ունես կամ դժվարություն ես զգում որևէ հանդիմանություն, զգուշացում լսելու, որևէ արհամարհանք կրելու, առավոտյան աղոթքիդ պահին դի՛ր հաստատ առաջադրություն՝ չանելու կամ չխոսելու այնպիսի բաներ, որոնք քեզ հաստատում են այդ ախտերի մեջ, ապա Աստծո շնորհը խնդրիր, որպեսզի կարողանաս հաջողվել հոգևոր աշխատությանդ մեջ։ Երեկոյան քնելուց առաջ էլ քննիր խիղճդ և տե՛ս, թե արդյոք թերացա՞ր առաջադրությանդ մեջ. խոնարհության ու զղջման զգացումներով Հիսուսից ներում խնդրիր։

Այս աշխատանքդ պիտի հարատև լինի, այն է՝ ամեն օր, ամեն շաբաթ և ամեն ամիս, որպեսզի հոգևոր առաջադիմությունդ ապահովես։ Մի՛ կարծիր, որ այս աշխատանքդ կատարած ժամանակ հետ ես մնալու մյուս առաքինությունները ստանալուց։ Առաքինությունները նմանվում են միմյանց օղակցված շղթայի. մեկը ստանալով՝ մյուսները հետևում են դրան։

Եթե հոգևոր այս աշխատանքը սկսես գործադրել, քիչ ժամանակ անց դրա արդյունքները կտեսնես։

Սրանից բացի, կա նաև ընդհանուր խղճի քննությունը։ Երեկոյան քննիր խիղճդ, թե օրդ ինչպե՛ս անցկացրեցիր, ի՛նչ թերություն գործեցիր, որպեսզի զղջաս դրանց համար, թողություն խնդրես Հիսուսից, մի նոր առաջադրություն դնես և հաշտ կերպով քնես։

Բայց որպեսզի խղճիդ քննությունը կարողանաս լավ կերպով անել, ինքդ քեզ դի՛ր Աստծո առաջ, ասա՛ «Հայր մեր»ը, ապա ինքդ քեզ ասա՛. «Այսօրվա գլխավոր աշխատանքս ո՞րը եղավ, փնտրեցի՞ Աստծո փառքը, թե՞ իմ կամքի հետևից գնացի, աղոթքներս եռանդո՞վ, թե՞ ձանձրանալով կատարեցի, շուրջս գտնվող անձերի հետ սիրո հոգի ցուցաբերեցի՞»։

 

Ահա՛ այսպես, Տե՜ր Հիսուս, տեսնում եմ, որ ես ավելի իմ անձին, աշխարհին և ունայնությանն եմ հետևում ու ծառայում, քան Քեզ. միշտ առաջադրում եմ, որ կյանքս պիտի փոխեմ, և մինչդեռ հետևում եմ հին ճանապարհիս. խոստանում եմ, բայց գործադրությունը՝ հետաձգում։ Հիսո՜ւս, ների՜ր տկարությանս և մի՛ հիշիր թերություններս, որովհետև բոլոր արածներիս համար զղջում եմ և առաջադրում եմ կյանքս փոխել, միայն թե Դու օգնիր ինձ։

 

Երեկոյան անկողին մտնելիս դու ինքդ քեզ հարցրո՛ւ. «Առավոտյան առաջադրություններ արեցի, բայց օրվա մեջ դրանք մտաբերեցի՞ և հետամուտ եղա՞ դրանց գործադրությանը. նյութական գործերս կատարեցի, բայց դրանք ուղղեցի՞ Աստծո փառքին և կամ Իր կամքին ենթարկվելով կատարեցի՞ դրանք։ Քանի՜ քանի՜ աղքատներ հազիվ ուտելու մի կտոր հաց են գտնում և Աստծուն հազար փառք են տալիս, իսկ իմ սեղանից ոչինչ չի պակասում. շնորհակալ եղա՞ Աստծուն, թե՞ որկրամոլության հետևից ընկա»։

 

Հիսո՜ւս, զգում եմ տկարությունս, գիտեմ, որ որկորիս հագուրդ տալու համար շատ բաներ կերա, ինչը կարող էի զանց անել։ Ներողություն խնդրելով առաջադրում եմ, որ վաղը պիտի կոկորդս մահացնեմ՝ ինքս ինձ զրկելով սիրածս բաներից։ Եթե օրվա ընթացքում որևէ սուտ վկայություն տվեցի կամ ուրիշի հասցեին բամբասեցի կամ ուրիշի վրա ծիծաղեցի, հպարտացա, ինքս ինձ գովեցի, շրջապատի մարդկանց սուր խոսքերով կամ բարկանալով վիրավորեցի, թերացա համբերության մեջ, ... այս և նման թերություններիս համար զղջացած սրտով թողություն եմ խնդրում Քեզնից և առաջադրում եմ ուղղել ինձ Քո սուրբ Շնորհի օգնությամբ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։