28. ՀԻՍՈՒՍԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀԻՆ – Գրադարան – Mashtoz.org

28. ՀԻՍՈՒՍԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀԻՆ

Քանի որ սրբությանդ ու հոգևոր կյանքիդ համար օգտակար է Հիսուսի չարչարանքների մասին մտածելը, այստեղ համառոտ կերպով տեսնենք դրանց էական մասերը՝ խնդրելով լույս չարչարված Հիսուսից, որպեսզի կարողանանք ըմբռնել դրանց իրական իմաստները։

Հիսուսին տանում են Կայիափայի դիմաց, և անթիվ ամբաստություններ են անում Իր մասին։ Ավետարանը Հիսուսի մասին ասում է, թե՝ «Լուռ էր մնում»։ Ապա տանում են Հերովդեսի դիմաց, այնտեղ էլ են ամբաստանում Նրան. այդ ամենին ևս Հիսուսը համբերում է։ Անգութ կերպով ձաղկում են, մարմինը բզիկ բզիկ են անում։ Մեր աննման Հիսուսը բերանը չի բացում, չի հարցնում, թե ինչո՛ւ են պատժում Իրեն, հակառակ որ դատավորն էլ Իր անմեղության մասին վկայել էր։

Հռոմեական օրենքը սահմանել էր խարազանի հարվածների թիվը, սակայն դահիճները չեն մնում օրենքի սահմաններում և ավելի են հարվածում, որոնց դիմաց Հիսուսը ոչ մի բողոք չի անում։ Հերովդեսը հրահանգ չէր տվել փշով պսակելու Նրան, զինվորներն այդ բարբարոսությունն էլ են անում Հիսուսին, Ով դարձյալ բնավ չի գանգատվում։

Այդքան չարչարված, ահա՛ ծանրածանր խաչափայտը դնում են ուսին. դրան էլ է հնազանդվում, առանց տրտնջալու։ Իր տկարությունը, վիրավոր լինելը, խաչի ծանրությունը, ճանապարհի երկարությունը պատճառ չի բերում՝ չարչարանքից ազատվելու համար։ Ծանր խաչն առած՝ ուղղվում է Գողգոթա, և հակառակ որ ճանապարհի ընթացքում խաչի ծանրության տակ մի քանի անգամ գետնին է ընկնում, հարվածների տակ կրկին ոտքի է կանգնում, լուռումունջ շարունակում է ճանապարհը։

Ինչպիսի՜ հանդիմանություն մեզ, որ մի թեթև հիվանդության համար անգամ գանգատվում ենք, երբ մի փոքրիկ անարգանք անգամ կրում ենք, իսկույն սկսում ենք վիրավորված ձայնով խոսել և ինքներս մեզ պաշտպանել։ Որքա՜ն տարբեր է մեր և Հիսուսի քայլած ճանապարհը։

 

Ո՜վ Հիսուս, Երկնային Գառնուկ, տո՜ւր ինձ շնորհ, որպեսզի հեզությանդ նմանվեմ, և Քեզ սիրելուս պատճառով ձայն չհանեմ, որքան էլ որ անարգվեմ ու անիրավություն կրեմ։ Ինձ շնո՜րհ տուր, որպեսզի համբերությամբ կրեմ Քո համար։

 

Համբերության առաքինությունը գործադրելով է, որ պիտի փրկության հասնես։ Կյանքիդ ընթացքում հազար տեսակ առիթներ են ներկայանում, և համբերությունդ վերջանում է։ Եվ սակայն դու էլ պարտականությունն ունես նմանվելու Հիսուսի օրինակին՝ գործադրելով համբերության առաքինությունը, առանց որի չես կարող սրբանալ։

Եթե քո հանդեպ եղած անարդարություններին համբերես, քեզ ոչ մի իրական չարիք չի հետևի. չարիքը հետևում է, երբ չես համբերում։ Հիշի՛ր Հիսուսի խոսքերը՝ ուղղված Իր աշակերտներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք պիտի լաք և ողբաք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի» (Հվհ 16, 20)։ Հիսուսն Իրեն սիրելի հոգիներին է վերապահել վիշտն ու նեղությունը, որպեսզի փոխարենը նաև վարձատրությունը տա։

 

Հիսո՜ւս, որքան էլ որ պատրաստ լինեմ կրելու՝ հանուն Քո սիրո, որքան էլ որ առաջադրեմ, առիթը ներկայանալիս դժվարանում եմ համբերել։

 

Որդյակ, երբ պատրաստ ես համբերությամբ ընդունելու ի՛նչ վիշտ որ քեզ պատահում է, դժվարություն զգալդ հանցանք չէ։ Բնությանդ տկարությունն է, որ դրսևորվում է, ինչի համար պիտի խոնարհվես՝ առանց խռովվելու։ Համբերի՛ր, ջանա՛ հաղթել անկյալ բնությանդ, և արդեն իսկ սերդ իմ հանդեպ ցույց տված կլինես։ Մի՛ բարոյալքվիր դժվարություններից. հիշի՛ր, որ ես քո հետ եմ։ Հարատևելով է, որ պիտի փրկության հասնես։

 

Տե՜ր իմ, Դու իմ համար այդքա՜ն չարչարանք ու նախատինք կրեցիր համբերությամբ, շա՞տ է, որ ես էլ իմ հավիտենական երջանկության համար փոքր առիթների համբերեմ։ Դու իմ համար զոհվեցիր խաչի վրա, ո՜վ անմեղ Գառն Աստծո, համբերելով նախատինքին ու անիրավությանը, առանց մի խոսք ասելու։ Չմնաց չարչարանքի տեսակ ու ցավ, որ իմ համար չկրեցիր։ Հիսո՜ւս, Քո սուրբ շնորհով առաջադրում եմ սիրով համբերել դիմացս եղած խաչերին։ Ինչպե՞ս համարձակվեմ տրտնջալ, երբ գիտեմ, որ մինչև հիմա արածս մեղքերի համար պիտի դժոխքի խորքում լինեի, եթե ինձ օգնության չհասներ Քո Սուրբ Արյունը։

Սուրբ Աստվածածին, քո կրած ցավերի փոխարեն Աստծուց իմ համար շնո՜րհ ընդունիր, որպեսզի գոնե այս օրից սկսած համբերող լինեմ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։