8. ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԱՆԱԼԸ – Գրադարան – Mashtoz.org

8. ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԱՆԱԼԸ

Երբ հասավ ժամանակը, Աստված մարդկությանը ցույց տվեց Իր սիրո մեծությունը։ Հասել էր ժամանակը, որ Փրկիչը, Ում այդքան սպասում էին, աշխարհ գար։ Երբ ամեն բան պատրաստ էր, Աստծո կողմից Գաբրիել Հրեշտակապետը եկավ Հրեաստանի Նազարեթ կոչված գյուղը, մեծ հարգանքով մոտեցավ աղքատ և խոնարհ, միաժամանակ պարկեշտ և մաքուր մի կույսի, ողջունեց, ավետեց, որ նրանից Աստծո Որդին պիտի ծնվի՝ աշխարհը փրկելու համար։

Խոնարհ կույսը շփոթվեց, սկսեց տարակուսել, բայց հրեշտակից լսելով, թե մայր լինելով՝ չպիտի կորցնի իր կուսության անգին գանձը, ասաց. «Թող որ խոսքիդ համաձայն լինի» (Ղկս 1, 38)։ Այդ պահին Սուրբ Հոգու հրաշքով կույսը Հիսուսին հղացավ։

Մի հրաշք, որ զարմացրեց Երկինքն ու բոլոր արարածներին. Աստված, որ մարդ էր լինում։ Ի՞նչ պիտի մտածեիր, եթե լսեիր, որ մի թագավոր տգեղ որդի կերպարանք առներ՝ մյուս որդերին մահվանից ազատելու համար։ Պիտի չկարողանայիր զարմանքդ զսպել։ Նա, Ով երկնքի և երկրի Տերն էր, մեր Արարիչը և Տերը՝ Աստծո Որդին, նույն բանն արեց մեր համար։ Մանավանդ թե, դեռ ավելի՛ն էլ արեց, որովհետև որդի և թագավորի միջև, որքան էլ իրար նման չլինեն, մի ընդհանուր գիծ, այնուամենայնիվ, կա, բայց Աստծո և մարդու միջև չկա համեմատություն, քանի որ Աստված անչափ է ու անսահման, Աստված ստեղծող է, իսկ մարդը ստեղծված է։ Մարդը չի կարող ըմբռնել, թե ի՛նչ է նշանակում Աստծո մարդանալու իրականությունը. Աստված մարդ է դառնում, մարդ է և միշտ մնալու է մարդ։

Ա՜հ, եթե կարողանայինք ըմբռնել, թե ի՛նչ է նշանակում Աստված, եթե ըմբռնեինք Նրա մեծությունը, երբ ասեինք, որ Նա մարդ է եղել, Հիսուսի անունը հազիվ տրվեր, պիտի ցանկանայինք գետնին ընկնել, ոչնչանալ Իր առջև՝ Իրեն մեր հարգանքը տալու, Իրեն արժանավոր կերպով երկրպագելու համար։

«Աստծո Որդին մարդ եղավ»։ Ի՜նչ զարմանալի սեր, ի՜նչ գութ է, որ ցույց ես տալիս, Տե՜ր Հիսուս։ Չէիր կարող մահանալ, կամեցար մարդ լինել, որպեսզի կյանքդ տաս մեր համար։ Աստծո Որդի լինելով՝ եղար նաև Մարդու Որդի, որպեսզի մեր նման խեղճ մարդկանց դարձնես Աստծո զավակ։ Մեր թշվառությանը մասնակից եղար, որպեսզի մեզ մասնակից անես Քո երջանկությանը։ Շնորհակալ եմ Քեզ, բարեգո՜ւթ Հիսուս, թող օրհնյա՜լ լինի մեր հանդեպ ցուցաբերածդ անսահման սերը։

Հիսուսը մեր նկատմամբ ունեցած Իր սերը հետևյալ կերպ ցույց տվեց. մեզ, որ մեղքի մեջ էինք, չանտեսեց, չլքեց, մարդ եղավ, որպեսզի մահանա մեր համար։ Թշնամի էինք Իրեն, իսկ Ինքը մեզ այնպիսի պատիվ շնորհեց, որ չէինք կարող փափագել, անգամ եթե Իրեն բարեկամ լինեինք։ Արժանի էինք Իր գերիները լինելու, իսկ Ինքը երկնքից իջավ, մեր այս աքսորի ու արցունքի տեղը, որպեսզի մեզ Երկինք տանի, որտեղ հավիտենական երջանկություն կա։

Ո՞վ կարող է անտարբեր մնալ, ո՞ւմ սիրտը չի շարժվի՝ այսքա՜ն սեր և գութ տեսնելով, ուրիշ ի՞նչ բան կարող է մեր սիրտը շարժել և սերը բորբոքել, երբ չի շարժվում՝ տեսնելով Աստծո կողմից մեր հանդեպ ցույց տված սերը, երբ Իրեն թշնամի էինք։ Եթե այս աստիճան բարեգութ է Իր թշնամու հանդեպ, ի՞նչ պիտի լինի Իրեն սիրողների և սրտանց Իրեն ծառայողների համար։

 

Ո՜վ իմ Փրկիչ, Հիսո՜ւս, Դու, որ Քո անբավ գթությամբ Քեզ անմնացորդ ինձ տվեցիր, այնպես արա՛, որ ես էլ ամբողջապես Քոնը լինեմ։ Այնպես արա՛, որ սիրույդ համն առնեմ, ճաշակեմ և տեսնեմ, թե որքա՜ն քաղցր է Քեզ սիրելը և սիրույդ համար հալչելը։ Երանի՜ հափշտակվեմ՝ տեսնելով սերդ և ինքս ինձնից դուրս գամ, շունչս սպառվի՝ Քեզ օրհնելով, Քեզ սիրելով՝ ուրախությունից սիրտս մաշվի։

Ո՜վ Հիսուս, այս ցավալի աշխարհի մեջ ամբողջ սրտով սիրում եմ Քեզ, ես ցանկանում եմ մի օր երկնքում ավելի կատարյալ և հավիտյան սիրել Քեզ, երբ Քո շնորհով այդտեղ հասնեմ։ Սիրել Քեզ. ա՛յս է սրտիս ողջ փափագը։

 

Քրիստոսի մարդանալը միայն սիրո ապացույց չէ, այլ նաև՝ խոնարհության։ Նա, Ում Երկնքի անթիվ հրեշտակները պաշտում են՝ ասելով. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, զորությունների Տե՜ր» (Ես 6, 3), Ում ողջ բնությունը, երկնքի աստղերն ու արևը, երկիրը, ծովն ու ցամաքը երկրպագում են և բոլոր արարածները հնազանդվում են և Ինքն այս ամենը կառավարում է, եկավ, փակվեց Սուրբ Կույսի ծոցում։

Որքա՜ն խոնարհություն, ի՜նչ հիանալի տեսարան։ Աստվածային բնությունն անհուն կերպով հեռու է և գերազանց մարդկային բնությունից և, սակայն, խոնարհվեց և մարդ եղավ։ Ո՞վ կարող է ըմբռնել կամ բացատրել սիրո այս խորհուրդը։

Այսուհետ, մեր նման հող և մոխիր, մեղավոր և անարժեք մարդիկ թող համարձակվեն հպարտանալ, թող ցանկանան իրենք իրենց ցուցադրել, փառք ու պատիվ փնտրել կամ տրտնջան, որ ազնվական չեն ծնվել, ավելի իշխանություն կամ ավելի տաղանդ չունեն, թող վատ տանեն, երբ ուրիշներն իրենց չպատվեն կամ տգետ և ախտավոր համարվեն ... , երբ Հիսուսն աշխարհի վրա մեր սիրո համար հանձն առավ աղքատ և տկար լինել՝ իբրև ոչինչ ներկայանալով։

Ուրեմն, սովորենք աննկատ մնալ, անտեսվել, մեզ մյուսներից ավելի լավը չկարծել. Աստված, որ մարդու ներաշխարհը ճանաչում է, այնպես չլինի, որ մեզ ամենից վատը տեսնի։ Եթե մեր շրջապատից վար դասվենք, ոչինչ չենք կորցնի, սակայն վեր դասելով՝ կարող ենք մեր հոգիները վնասել։ Խոնարհ հոգին իր խաղաղությունը բնավ չի կորցնում, նախանձն ու բարկությունը հպարտի սիրտն են խռովում։ Աստված պաշտպանում է, սիրում է և խնամում է խոնարհին, նրան բարձրացնում է՝ Իր շնորհները տալով։ Չհուսանք, որ Աստծո սերը մեր մեջ կաճի, եթե մենք մեզ ամենից ցածր տեղը չդասենք։

 

Աղաչում եմ Քեզ, իմ Փրկիչ, ինձնից հեռացրո՜ւ հպարտության հոգին, որ բռնավորի պես տիրացել է հոգուս և դրա փոխարեն դի՜ր մեջս խոնարհության սուրբ և գեղեցիկ առաքինությունը, որի օրինակը գեղեցիկ կերպով տվեցիր ինձ Քո մարդեղությամբ։ Ցավալի է վիճակս, քանի որ շատ պատճառներ ունեմ խոնարհվելու, մինչդեռ հպարտանում եմ, իսկ Դու, Աստված լինելով, այսքա՜ն խոնարհվել և մարդ լինել՝ սա այնպիսի դաս է, որին չի կարող մարդկային իմաստությունը հասնել։ Այնպես արա՛, որ իմ հանդեպ ցուցաբերածդ ողորմությունն ունայն չդառնա և Քեզնից խոնարհություն սովորեմ։

Ինձ Քո շնորհով խոնարհ դարձրու, քանի որ ես ինքս անկարող եմ։ Ինձ խոնարհություն տուր, որպեսզի սուրբ սիրույդ մեջ առաջանամ։ Այսքա՜ն շնորհ ու այսքա՜ն սեր Քեզնից ընդունելուց հետո, ինչո՞ւ չեմ ցավում ու վշտանում ապերախտությանս համար։ Երկնքից իջար իմ նման մոլորված ոչխարին փնտրելու համար, իսկ ես Քեզնից հեռու փախա՝ անկարգությանս հետևելով։ Բայց, որովհետև կամենում ես ինձ գրավել, ահա՛ ես ինձ Քեզ եմ հանձնում՝ փափագելով Քոնը լինել, քանի որ Քեզնից բացի ոչ ոք չունեմ։ Դու մտածիր իմ մասին, և ես Քեզնից ա՛յլ բան չեմ փափագում։

Այնպես արա՛, որ միշտ Քեզ սիրեմ և բնավ սիրուցդ չբաժանվեմ. հոգ չէ, որ ուրիշ մխիթարություն չունենամ, պատրաստ եմ ամեն վիշտ կրելու, բավական է, որ Քեզ սիրեմ։ Աշխարհն ամբողջ կեղծիք է, խաբեբա, ծուխ և ունայնություն է, իսկ Դու միակ ճշմարիտ բարին։ Դու միայն բավական ես սրտիս։ Միայն Քեզ եմ ցանկանում և ուրիշ ոչինչ։ Արի՛, Տե՜ր, աղքատիկ սրտիս մեջ. եթե Դու հետս լինես, ես ոչնչից չեմ վախենա, Քեզնով ես հարուստ եմ և զորավոր։ Արի՛, ուրեմն, Տե՜ր Հիսուս, արի՛։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։