4. ՔՐԻՍՏՈՍՆ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

4. ՔՐԻՍՏՈՍՆ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Աստված հավիտենությունից սկսած սիրել է մեզ. Երեմիա Մարգարեի բերանով ասում է մեզ. «Քեզ հավիտենական սիրով սիրեցի» (Երմ 31, 3)։

Բայց, մինչև Հիսուսի գալը աշխարհ, այդ սերը ծածուկ էր մնացել և բացահայտվեց Հիսուսի մարդեղությամբ։ Աստված Իր կարողությունը ցույց էր տվել՝ աշխարհը ստեղծելով, իսկ երբ Իր Որդին հանձն առավ մարդ լինել, այն ժամանակ բացահայտվեց Իր սերը մարդկանց հանդեպ։

Երբ տեսնում ենք Հիսուսի վշտալի կյանքը, խաչի վրա ահավոր ցավերի մեջ մահանալը և տարակուսում ենք Իր սիրո վերաբերյալ, Աստծո նկատմամբ մեծագույն անիրավությունն ենք գործում։ Այն, որ Աստված մեզ սիրում է, տարակույս չկա։ Մեզ սիրելու պատճառով Նա կամենում է, որ փոխարենը մենք էլ Իրեն սիրենք։

Հնարավո՞ր է ապերախտ ու անզգա լինել Աստծո կողմից մեր նկատմամբ ցուցաբերված սիրո հանդեպ։ Լա՛վ մտածիր, թե ինչպիսի՛ խեղճության ու տկարության մեջ էր մարդու հոգին՝ մեր սիրո համար Քրիստոսի մարդանալուց առաջ։ Մարդը մեղքի գերին էր՝ սահմանված դժոխքի և դատապարտության։ Եթե Աստված Իր արդարությամբ մեզ էլ այդ վիճակի մեջ գցած լիներ, անգամ այդ դեպքում չպիտի կարողանայինք Իր դեմ տրտնջալ, քանի որ բնավ արժանի չէինք Իր բարությանն ու ողորմությանը։

Մեղքը մեզ ատելի էր դարձրել Իր աչքին։ Եվ սակայն, Նա գթաց մեզ, երկնքից երկիր իջավ, մահացավ խաչի վրա՝ մե՛ր համար, որպեսզի մեզ հայտնի մեր նկատմամբ ունեցած Իր սերը։ Աղքատ էինք, եկավ մեզ հարստացնելու. խավարի մեջ նստած էինք, եկավ մեզ Իր աստվածային վարդապետությամբ լուսավորելու. դժոխքի հավիտենական պատիժներին էինք դատապարտված, եկավ Արքայության դուռը մեր դիմաց բացելու, հավիտենական երջանկության արժանի դարձնելու համար։

Աստված մեզ այսքա՜ն սեր ցույց տվեց, երբ Իրեն թշնամի էինք. նախ Ինքն է, որ մեզ սիրեց, ինչի հետևանքն է, որ մենք էլ ամբողջ սրտով սիրենք Իրեն։ Կա՞ արդյոք սրանից ավելի արդար և իրավացի բան։

Պողոս Առաքյալն ասում է. «Քրիստոսն ամենքի համար մահացավ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ողջ են, իրենք իրենց համար չապրեն, այլ՝ Նրա, Ով իրենց համար մահացավ» (2Կր 5, 15)։ Կարող էինք այս մխիթարական խոսքերը մեզ վերագրել, եթե մինչև այսօր Հիսուսի համար ապրած լինեինք։

Կարո՞ղ ես ասել, թե բոլոր գործերդ Հիսուսի համար ես արել։ Ափսո՜ս, թերևս նույնիսկ մի օր, անգամ մի ժամ չես ապրել Իր համար։ Աստված ամեն բան արել է քո համար, իսկ դու Իր համար՝ ոչինչ։

Արդ, այս օրվանից իսկ սկսիր սիրել Նրան և ապրել միայն Հիսուսի համար։ Հիսուսի համար ապրել՝ նշանակում է ամեն բանի մեջ Իր սուրբ կամքը կատարել՝ պայքարելով անձիդ խավար կողմերի դեմ, անձիդ ծուռ քմահաճույքներից հրաժարվելով, սիրով և հնազանդությամբ տանելով Իր խաչը։

Հիսուսի համար ապրել՝ նշանակում է աղոթքին հավատարիմ լինել, կատարելով վիճակի պարտականություններդ, սանձել անձդ, խոնարհ և պարկեշտ լինել, մերձավորիդ հետ հեզությամբ ապրել՝ նրան սիրելով։

Հիսուսի համար ապրել՝ նշանակում է զղջալ անցյալում գործած մեղքերիդ համար՝ սիրտդ անջատելով երկրավոր բաներից, միայն երկնավոր արժեքներ փափագել։

Այս բոլոր թելադրանքներից ո՞րն ես արդյոք ամբողջությամբ կատարել։ Գրեթե ոչ մեկը։ Արդ, խոնարհվիր Հիսուսի առջև և ամաչիր, ինքդ քեզ հանձնարարիր՝ սրանից հետո հետամուտ լինել առաքինական կյանքին։

 

Ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, ե՞րբ պիտի ճանաչեմ իմ հանդեպ ցույց տված Քո սերը։ Մինչև այսօր Քեզ սիրելու փոխարեն ապերախտ եմ եղել Քո հանդեպ՝ արհամարհելով շնորհներդ։ Բայց, վստահելով անհուն գթությանդ, չեմ դադարում Քեզ վստահելուց։ Դու խոստացար ներել բոլոր նրանց, ովքեր զղջում են։ Ողորմի՜ր ինձ, իմ նկատմամբ էլ կատարիր խոստումդ։ Քեզ անարգեցի՝ հանգիստս փնտրելով, կրքերիս հետևելով։ Բայց սրտանց զղջում եմ արածիս համար և ամեն բանից առավել ցավում եմ, որ Քեզ վշտացրել եմ, ո՜վ իմ գերագույն բարիս։

Ների՜ր ինձ և անքակտելի կերպով Քեզ ինձ միացրու, որպեսզի երբևէ չբաժանվեմ Քեզնից և այսուհետ ապրեմ միայն Քո կամքը կատարելու և Քեզ սիրելու համար։ Սա՛ է փափագս. ապրել միայն Քո համար։ Անցյալում արարածներին անսանձ սիրելով՝ հեռացա Քեզնից. այսօր թողնում են ամեն բան և ինքս ինձ Քեզ եմ հանձնում։

Ցանկանում եմ սիրել Քեզ, ո՜վ իմ սրտի Աստված։ Սուրբ Աստվածածին, Հիսուսի և իմ Մայր, իմ համար շնորհ ընդունիր, որպեսզի մինչև մահս Հիսուսին հավատարիմ մնամ։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։