16. ՀԻՍՈՒՍԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԿՐԵԼՈՒ – Գրադարան – Mashtoz.org

16. ՀԻՍՈՒՍԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԿՐԵԼՈՒ

Հիսուսն Իր կյանքի վերջում ասում է. «Անձկագին փափագում եմ, որ ձեր հետ այս Զատիկն ուտեմ, չարչարվելուցս առաջ» (Ղկս 22, 15)։ Այս խոսքերը բացատրում են Հիսուսի անչափ փափագը՝ մեր համար չարչարվելու և զոհ լինելու։ Սրանից առաջ ասել էր. «Երկրի վրա կրակ գցելու եկա, և ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լիներ» (Ղկս 12, 49)։ Հիսուսինն են այս խոսքերը և ասել են կամենում. Աշխարհ եմ եկել՝ սիրույս կրակը հոգիների մեջ բռնկեցնելու, և սրտանց փափագում եմ, որ այն բոլորի սրտում վայրկյան առաջ բորբոքվի։

 

Տե՜ր Հիսուս, Քեզ ի՞նչ օգուտ է լինում, երբ ես Քեզ սիրում եմ, ի՞նչ օգուտ կլիներ, նույնիսկ եթե ողջ աշխարհը Քեզ սիրեր, մի՞թե դրանով Դու պիտի ավելի փառավորվես կամ շահ ունենաս, ավելի կարող կամ ավելի երջանի՞կ պիտի լինես։

 

Հիսուսն Ինքն է, որ քեզ պատասխանում է՝ ասելով. «Ո՛չ ավելի մեծ, ո՛չ ավելի կարող և ո՛չ էլ ավելի երջանիկ պիտի լինեմ. իմ երջանկությունը, կարողությունն ու մեծությունը չի կայանում արարածներիդ կողմից սիրվելուս մեջ։ Ես իմ համար չէ, որ անձս ունայնացրեցի և մարդ եղա, իմ համար չէ, որ ախոռում ծնվեցի, իմ համար չէ, որ երեսուն տարի աղքատ խանութի մեջ աշխատեցի. մի խոսքով, իմ համար չէ, որ այս աստիճանի փափագում եմ չարչարվել և խաչի վրա մահանալ։ Ձե՛ր համար է, ձե՛ր սիրո համար, որպեսզի ձե՛զ երջանիկ դարձնեմ՝ սերս ձեր սրտերում բորբոքելով։ Որդյակս, մի՛ հեռացիր ինձնից, սիրիր ինձ, որովհետև միայն ես եմ, որ քեզ կարող եմ երջանկացնել, և քո բոլոր բարիքներն ինձնից կախում ունեն, որ քեզ այս աստիճանի սիրում եմ»։

 

Տե՜ր Հիսուս, իմ հանդեպ ցույց տված սիրույդ ուզում եմ սեր հատուցել. օգնի՜ր տկարությանս։ Երանի՜ Քո համար էլ այնքան անեի, որքան արեցի աշխարհի համար. երանի՜ Արքայությունը շահելու համար այնքան աշխատեի, որքան աշխատեցի աշխարհը շահելու համար։ Երանի՜ աշխատեի դառնալու այնքան առաքինի, որքան աշխատեցի ցանկություններս գոհացնելու համար։ Տե՜ր, ընդունի՜ր աղոթքս, փոխարենը տո՜ւր ինձ սերդ։

 

«Անձկագին փափագեցի այս Զատիկն ուտել ձեր հետ»։ Չարչարանքներից առաջ Հիսուսն Իր աշակերտների հետ Վերջին Ընթրիքը կատարած պահին ասաց նրանց. «Զոհվելու ժամանակս մոտեցավ. թշնամիներս իմ դեմ խորհուրդ են անում և իմ համար պատրաստում են խաչը, սակայն մահանալուցս առաջ, այս գիշեր, ձեր և ողջ մարդկության հանդեպ ունեցածս սիրո մի նոր ապացույց պիտի տամ՝ ձեր համար չարչարանք, նախատինք կրելով և խաչի վրա գամվելով։ Չեք կարող երևակայել, թե ինչքա՜ն էի փափագում այս պահի համար. չեք իմանում, թե քանի՜ հառաչանքներ արեցի՝ այս ժամին հասնելու համար. եթե կարողանայիք թափանցել զգացումներիս մեջ, պիտի ըմբռնեիք իմ անհուն սերը՝ ձեր սիրտը շահելու, որպեսզի ձեզ երջանիկ դարձնեմ»։

 

Գիտեմ, Հիսո՜ւս, որ ամեն գնով կամենում ես սիրտս շահել, ինչի՞ համար ուշանամ այն Քեզ տալու. իմ համար պատիվ չէ՞ Քեզ սիրտս տալ։ Սիրով կտամ, միայն թե ընդունի՜ր այն, Քոնն արա ամբողջովին, որպեսզի Քեզ սիրեմ և միայն Քեզ։ Ո՜վ իմ Տեր, իմ հույս, իմ ամեն ինչ, ե՞րբ պիտի կարողանամ ասել, որ Քեզ սիրում եմ ամբողջ սրտովս և ամբողջ կարողությամբս, ե՞րբ պիտի բորբոքվեմ Քո սիրո բոցով։ Ողորմի՜ր ինձ, գթա՜ ինձ, ինձ տո՜ւր Քո սերը։ Ո՛չ հարստությունն եմ խնդրում, ո՛չ պատիվ և ո՛չ փառք, ո՛չ էլ աշխարհի վայելքը, այդ բոլորն առանց Քեզ ունայնություն են և սիրտս չեն լցնում։ Քեզնից միայն Քեզ սիրելու շնորհն եմ խնդրում. այնպես արա՛, որ Քեզ սիրեմ, և մինչև մահս այս շնորհն է, որ պիտի խնդրեմ Քեզնից։

Սուրբ Աստուածածին, Սիրո Մայր, ընունի՜ր իմ համար Միածին Որդուդ այս շնորհը, որ սիրեմ Իրեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։