33. ՀԻՍՈՒՍԸ ԼՔՎՈՒՄ Է ԻՐ ՀՈՐԻՑ – Գրադարան – Mashtoz.org

33. ՀԻՍՈՒՍԸ ԼՔՎՈՒՄ Է ԻՐ ՀՈՐԻՑ

Մի թանձր խավար է պատում ողջ աշխարհը. արարածները սարսափում են՝ իրենց Արարչի մահանալը տեսնելով։ Իսկ Հիսուսը երեք ժամ խաչի վրա գամված է մնում, լուռ և առանց բողոքի։ Բայց ահա՛ հանկարծ բարձր ձայնով աղաղակում է առ Հայրն ու ասում. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր» (Մտթ 27, 46)։ Հիսուսը հոգեկան ի՜նչ ահավոր ցավերի մեջ է մտնում, որ այդ խոսքերն արտասանում է, Նա, որ այնքա՜ն հեզ էր ու համբերող, Հոր կամքին համակամ։

Հիսուսը չի գանգատվում, այլ՝ կամենում է մեզ մի խրատ տալ՝ հասկացնելու համար, թե որքա՜ն թանկ վճարեց մեր համար, որպեսզի գրավի մեր սրտերը, և մենք ստանալով Իր շնորհները՝ արժանի լինենք Արքայություն մտնելու։

Ծանր և շա՜տ ծանր էին Հիսուսի կրածները խաչի վրա։ Չէր կարող ամենափոքր շարժումն անգամ անել՝ առանց ցավերը սաստկացնելու, և սակայն այդ ամենը ոչինչ էին՝ հոգու ներսում կրածների համեմատությամբ։ Երբեք չմոռանանք, որ տառապողը պարզ մարդ չէր, այլ՝ Աստծո Որդին, Ինքն էլ հավիտենական ու անճառելի կերպով երանելի Աստված, և Իր ցավերը մարդու կրած ցավեր չէին, այլ՝ Աստծո, ուստի՝ անասելի կերպով վիթխարի։

Իր սիրելի աշակերտները լքել փախել էին. Իր ստեղծած արարածները, ովքեր Իրենից միայն բարիք էին տեսել, Իրեն նախատում էին և Իր հետ չարաչար էին վարվում։ Մտածում էր, որ մի օր իրենք իրենց քրիստոնյա կոչողները ոտքի տակ պիտի առնեին Իր չարչարանքներով շահած արդյունքները։ Մեզնից յուրաքանչյուրն այդ պահին անցնում էր Նրա աչքի առջևով և Նա հառաչանք էր արձակում բոլորիս համար՝ մեր ապերախտությունների, Իր շնորհները ոտնակոխ անելու, Իր սերն արհամարհելու պատճառով, և այն սիրտը, որ Իր համար էր միայն ստեղծել, այդ սիրտն արարածներին ստրկացնելու, Իրենից հեռացնելու, Իրեն մոռանալու համար։ Այս ամենի մասին մտածելով, մանավանդ՝ շա՜տ ու շա՜տ հոգիների դատապարտությունը տեսնելով, որոնց համար այդքա՜ն չարչարվել էր, Հիսուսն արդյոք ի՞նչ խորը ցավերի էր մատնվել։

 

Հիսո՜ւս, պաշտելի՜ Հիսուսս, երանի՜ թե կարողանայի ջնջել այն բոլոր ապերախտությունները, որ կյանքիս ընթացքում Քո դեմ կատարել եմ։ Սա անկարելի լինելով՝ ընդունում եմ, որ Քո հանդեպ ապերախտ եմ գտնվել և իմ մեղքերով սաստկացրել եմ չարչարանքներդ՝ արժանի լինելով դժոխքին։ Բայց, ո՜վ Հիսուս, վստահում եմ Քո անսահման ողորմությանը, քանի որ Դու ես իմ միակ ապավենը. հույս ունեմ, որ կներես մեղքերս, որոնք ատում եմ ամբողջ սրտովս. հույս ունեմ, որ Քո այդքա՜ն չարչարանքներդ զուր չպիտի անցնեն իմ համար։

 

Որդյակ, քանի որ որոշել էի չարչարանքների բաժակս ամբողջությամբ խմել, հանձն առա այնպիսի մի վիշտ կրել, որ բոլոր կրածներիցս մեծագույնը եղավ, այն է՝ երբ Երկնավոր Հայրս ինձ լքեց։ Ամենից ծանր տանջանքն էլ է թեթևանում, երբ Աստված ներքին մխիթարությունն է տալիս, իսկ առանց դրա տանջվելն այնպիսի՜ մարտիրոսություն է, որի նմանը չկա։ Այդ վիճակին էի մատնվել, երբ աղաղակեցի. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»։

Կարող է պատահել, որդյակ, ոք քո օգուտի համար երբեմն քեզ էլ մասնակից դարձնեմ իմ կրածներին։ Այդ ժամանակ կարող է ինձ ծառայելը քո համար ծանր թվալ՝ կարծելով, թե ամեն բան կորցրել ես կամ Աստված քեզնից երես է թեքել։ Այդ պահերին պետք է ինձ նմանվես և առանց շփոթվելու Աստծուն դիմես ու ասես. «Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»։

Ասա՛ այս խոսքերը և հանձնվիր Աստծո կամքին, որպեսզի հետդ վարվի այնպես, ինչպես որ Իրեն է հաճելի, այսինքն՝ ինչպես որ ավելի նպաստավոր է քո իրական բարիքին, Իր անգերազանցելի իմաստության համաձայն։ Նման պարագաների, երբ կարծես, թե ամեն բան կորցրել ես, կիմանաս, որ կատարելության ճանապարհին շատ ավելի ես զարգանում, և այդ պահերին Աստված դե՛ռ ավելի մոտ է լինում քեզ, քան մխիթարությանդ մեջ գտնված ժամանակ։

Հոգեկան հուսալքման մեջ, երբ հանձնվում ես Աստծուն, մեծագույն չափի հաճելի ընծա ես մատուցում Իրեն, որովհետև ծառայում ես Իրեն ո՛չ թե շահի կամ մխիթարության համար, այլ՝ Իրեն սրտանց ծառայելու, Իր կամքը անշահախնդիր կերպով կատարելու համար։

Աստծուն թո՛ղ, որ Իր ուզած ժամանակ տա քեզ Իր մխիթարությունը կամ խաչը։ Դժվարին պահերիդ հիշի՛ր Հիսուսի վիշտը, որ ունեցավ, երբ Իր Հորից էլ զրկվեց։ Հիսուսը կրեց այդ պահը քո՛ համար, դու էլ Իր հետ կրկնիր. «Թող որ իմ կամքը չլինի, այլ՝ Քոնը»։

 

Հիսո՜ւս, որդիաբար հայտնում եմ Քեզ իմ սրտի վիշտը։ Հիսո՜ւս, ինձ խորապես վշտացած եմ զգում, երբ տարակուսանքների մեջ եմ ընկնում, թե արդյոք ունե՞մ Քո շնորհը իմ մեջ, թե արդյոք ստացե՞լ եմ մեղքերիս թողություն, թե արդյոք հաճելի՞ եմ Քեզ։ Վախենում եմ, Տե՜ր Հիսուս, որ մի օր դատապարտվեմ և հավիտյան զրկվեմ Քեզ տեսնելուց։ Այս մտածությունն ինձ սոսկումի է մատնում։ Ների՜ր ինձ, եթե դարձյալ Քեզ խնդրում եմ, որ ազատես ինձ այս նեղությունից։ Իմ հոգու համար չկա ավելի մեծ մխիթարություն, քան իմանալը, որ սիրում եմ Քեզ և Քո համար սիրելի եմ։

 

Որդյակ, խնդրածդ շնորհը դժվարին է և անօգուտ. դժվարին, որովհետև չպետք է դու քեզ այդպիսի հայտնության արժանի համարես, և երկրորդ՝ անօգուտ է, որովհետև երբ ապահովություն ստանաս, այնուհետև կարող է մեջդ անհոգություն մտնել։ Քանի դեռ ապրում ես այս աշխարհում, լա՛վ է, որ մեղքերդ հիշես և դրանց համար զղջաս։ Պողոս Առաքյալը հափշտակվեց մինչև երրորդ երկինք և այնպիսի բաներ տեսավ, որոնք մարդկային խոսքով անհնարին է պատմել, և սակայն ասում էր. «Մարմինս ճնշում եմ և հնազանդ եմ դարձնում, որպեսզի ուրիշին քարոզած ժամանակ ես անհոգ չգտնվեմ» (1Կր 9, 27)։

Եթե Պողոս Առաքյալը դողում էր իր փրկության վրա, դու ցանկանում ես անհոգ լինե՞լ։ Երբ մարդն ապահով է լինում, այնուհետև անհոգ էլ է դառնում։ Աստվածաշունչն ասում է. «Երանի՜ այն մարդուն, որ երկյուղով է ապրում» (հմմտ. Սղմ 127, 2), ինչպես նաև. «Աստծո երկյուղով ծառայեցեք ու ակնածանքով ուրախացեք» (հմմտ. Սղմ 2, 11)։

Ուստի, երբ երկրավոր կյանքումդ կա երկյուղը, դա քո օգուտի համար է։ Ով որ երկնչում է, անհոգ չի դառնում Աստծո ծառայության մեջ, մեղքի առիթներից փախչելու ճիգ է գործադրում, ջանում է ավելի՛ սիրել իր Աստծուն։

 

Հիսո՜ւս, շնորհակալ եմ, որ կյանքիս մեջ նաև նեղությունների ու վշտերի ներկայությունն ես թույլատրել, որոնք ինձ օգնում են նմանվել Քեզ։ Տե՜ր Հիսուս, փափագում եմ Քո կյանքի նման կյանք անցկացնել, ցանկանում եմ Քո համար նեղվել, քանի որ Դու էլ իմ համար կրեցիր անսահման կերպով։ Արժանի չեմ, որ ինձ այցելես կամ մխիթարես. հազա՛ր առիթներ եմ Քեզ տվել, որ ինձ Քո ներկայությունից զրկես, հազա՛ր անգամներ պատժի և նույնիսկ դժոխքի եմ արժանի եղել։ Հիսո՜ւս, ինձ Քեզ եմ հանձնում. պատժիր ինձ ինչպե՛ս որ կամենաս, միայն թե ինձ Արքայությունիցդ մի՛ զրկիր։ Դու լավ գիտես, թե ի՛նչն է իմ հոգու համար օգտակար և թե ո՛ր վիշտն է մաքրում իմ հոգին։ Պատժիր ինձ ա՛յս աշխարհում, միայն թե մի օր կարողանամ Դեմքիդ գեղեցկությունը տեսնել։ Այսուհետև չեմ ցանկանում հանգիստս փնտրել, ընդունում եմ ամեն տեսակ վիշտ, որովհետև ես իմ մեղքերով արժանի եմ եղել դժոխքի կրակին։ Հիսո՜ւս, թող որ մարդիկ երեսիս չնայեն, բայց Դու ինձ Քեզնից մի՛ զրկիր։ Սիրո՜ւմ եմ Քեզ, Հիսո՜ւս, որ ինձ սիրելու համար լքվեցիր նաև Հորիցդ. սիրո՜ւմ եմ Քեզ, որովհետև Դու ես իմ միակ հույսը, միակ բարիքը, միակ սերը։ Սիրում եմ Քեզ այնքան, որքան մի խեղճ արարած կարող է սիրել։ Ընդունի՜ր սրտիս փափագը, Տե՜ր Հիսուս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։