17. ԹԵ ՀԻՍՈՒՍՆ ԻՆՉՊԻՍԻ՛ ՍԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԵԶ՝ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

17. ԹԵ ՀԻՍՈՒՍՆ ԻՆՉՊԻՍԻ՛ ՍԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԵԶ՝ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ճշմարիտ սերը մահվան ժամանակ ավելանում է, որովհետև պիտի բաժանվի իր սիրելիներից. այդ պահին մահամերձը հազար միջոցներով ցույց է տալիս, թե ինչքա՜ն է սիրում իր սիրելիներին և թե ի՛նչ հիշատակ է ցանկանում թողնել նրանցից յուրաքանչյուրին։

Հիսուսն ամբողջ կյանքի ընթացքում չէր դադարել Իր գութը մեր հանդեպ ցույց տալուց և այդ առումով շատ ապացույցներ էր տվել։ Բայց երբ հասավ մեզնից բաժանվելու ժամանակը՝ Հոր մոտ վերադառնալու համար, բավական չնկատելով մինչ այդ ժամանակ արածները, կամեցավ մի մեծագույն ապացույց ևս տալ՝ Իր անհուն սերը մեզ ցույց տալու համար։

Մեծագույն ապացույցը, ասեցի, բայց Իր կյանքը մեզ տալուց ավելի մեծ ապացույց կարո՞ղ էր լինել։ Մարդկանց համար անհնարինը Հիսուսի համար հնարավոր էր։

Հրեաների Զատկի հինգշաբթի օրը Հիսուսն Իր աշակերտների հետ զատկական գառը ուտելուց հետո տեղից վեր կացավ և լվաց նրանց ոտքերը՝ խոնարհության մի այնպիսի դաս տալով, որ նրանց ապշահար թողեց։

Ապա տեղը վերադառնալով՝ աշակերտները Հիսուսի դեմքին մի նոր կերպարանք տեսան։ Հիսուսը ձեռքը մի հաց վերցրեց, աչքերը երկինք բարձրացրեց, գոհություն հայտնեց Երկնավոր Հորը, օրհնեց, մի պատառ կերավ դրանից, մնացածն աշակերտներին տվեց՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, սա իմ Մարմինն է» (Մտթ 26, 26)։

Այս խոսքի զորությամբ՝ հացը փոխակերպվեց Հիսուսին՝ Իր հետ մեկ լինելով։ Այնուհետև այդ հացը նույնն էր Հիսուսի հետ, Ով մեր Աստվածն է, Արքայության մեջ մեր Հույսը, սատանաների Սարսափը, աշխարհի Փրկիչը, ողջերի և մահացածների Դատավորը։

 

Ո՜վ Հիսուս, ինչո՞ւ այսպես ծածկվեցիր խեղճ հացի կերպարանքի մեջ՝ այնտեղ ծածկելով թե՛ Աստվածությունդ և թե՛ Մարդկությունդ։ Բավական խոնարհության դաս չէ՞ր մեր համար, երբ երկնքից իջար երկիր, մարդ եղար, մեր բոլոր խեղճությունները Քո վրա առար, մեղքից բացի։ Ի՞նչ հարկ զգացիր այս աստիճան Ինքդ Քեզ ունայնացնելու։

Բայց ահա՛ լսում եմ ձայնդ, որ ասում է ինձ. «Որդյակս, ուրիշ բանի համար չէր, եթե ո՛չ՝ ձեզ սիրելու համար, որպեսզի ձեզ որբ չթողնեմ։ Ձեր համար օգտակարն այն էր, որ որ ես երկինք վերադառնայի՝ ձեր համար տեղ պատրաստելու համար, ուստի բանեցրեցի իմ ամենակարողության հնարը, որպեսզի Երկնքում Հորս մոտ եղած ժամանակ միաժամանակ ձեր հետ գտնվեմ, մինչև աշխարհի վերջ՝ դառնալով սնունդ ձեր հոգիներին։ Քանի դեռ աշխարհի վրա կան Ադամի որդիներ, պիտի ասեմ բոլորին. Եկե՛ք, կերե՛ք այս Հացից, խմե՛ք այս Գինուց, որ ձեր համար պատրաստեցի։ Ով որ արքայության քաղց և ծարավ զգա, ով որ ինձ ցանկանա սիրել, թող այստեղ գա, որ կերակրեմ իրեն։ Առե՛ք, կերե՛ք, սա իմ Մարմինն է»Հիսուս, Հ։

Հիսո՜ւս, սերդ ցույց տալու համար բավակա՞ն չէր մեզ ոչնչից ստեղծելդ, Արյունդ մեր համար թափելդ՝ մեզ փրկելու համար։ Կարիքը կա՞ր, որ Քեզ տայիր մեզ իբրև կերակուր, որպեսզի մեր հոգիների սնունդը դառնայիր։ Միտքս չի ըմբռնում, ո՜վ Հիսուս, և չեմ կարող ընկալել, թե ինչպե՛ս Քո նման Աստվածը, Աստծո Որդին, դառնում է մեր կերակուրը։ Հրեշտակները Քո առջև դողում են և չեն համարձակվում Դեմքիդ նայել՝ Քո ահավոր մեծության պատճառով, և դու իջնում ես սրտիս մեջ՝ իմ հետ մեկ լինելու համար։ Զարմանալի է, Տե՜ր, որ իմ նման արարածը ճաշակում է իր Արարչին։

Ո՜վ Հիսուս, Քո սերն ամեն չափ անցավ։ Ո՞վ է մարդը, որ Դու իրեն հիշես կամ այցելես, չէ՞ որ մարդը մի ոչնչություն է երկրի վրա։ Եվ սակայն, չես խորշում ինձնից, այլ՝ մանավանդ թե, ինձ սեղանիդ ես հրավիրում՝ Քո Մարմինն ինձ իբրև կերակուր տալու։ Չես խորշում, Տե՜ր, իմ սիրո համար խելագար նկատվելուց։

Ահա՛ պատասխանում ես ինձ՝ ասելով. «Որդյակս, սերը սահման չունի և չի դադարում բարիք անելուց։ Ես իմ փառքը մի կողմ դնելով՝ կամեցա ամփոփվել մի կտոր հացի մեջ, որպեսզի քո համար կերակուր լինեմ։ Ի՞նչ կդառնար քո այդ խեղճ հոգին, որ բացի տկար լինելուց, դեպի չարն է ուղղվում, եթե քեզ սիրած և տված չլինեի Ամենասուրբ Հաղորդությունն իբրև սնունդ»։

Ամոթահար եմ Քո առջև, Տե՜ր Հիսուս, մտածելով Քո անչափ սիրո և իմ ա՛յս աստիճան ապերախտության մասին։ Վառի՜ր սիրտս սիրույդ բոցով, որպեսզի մոռանամ թե՛ աշխարհը և թե՛ ինձ, մտածելու համար միայն Քո մասին, սիրելու համար միայն Քեզ։ Քեզ եմ նվիրում մարմինս, հոգիս և կամքս, նաև ազատությունս և ամբողջ անձս։ Մինչև այսօր ցանկացածս արեցի՝ հակառակ կամքիդ. զղջում եմ դրա համար, և առաջադրում եմ հետայսու միայն Քո կամքը կատարել։ Աստված իմ և իմ ամեն ինչ, այսուհետև Դու ես իմ միակ փափագը, և Քեզնից բացի ուրիշ բան չեմ փափագում։ Այնպես արա՛, որ մինչև կյանքիս վերջին շունչը Քեզ սիրեմ։

 

«Ով որ իմ Մարմինն ուտի և Արյունը խմի, պիտի իմ մեջ բնակվի, և ես՝ նրա մեջ» (Հվհ 6, 57)։ Նման Հյուր մեր սրտում ունենալուց հետո ավելի ի՞նչ երջանկություն կարող ենք փափագել։ Իրեն կարող ենք պարզել մեր ունեցած կարիքները, վախերը, վերքերը, հույսը՝ Իրենից խնդրելով դրանց դարմանը։

Այս երջանկությունը, որ հաճախ առիթ եմ ունենում ձեռքբերելու, արդյոք գիտե՞մ դրա հարգը։ Ի՞նչ հավատքով կամ սիրով կամ խոնարհությամբ եմ այն ընդունում, հոգեկան ի՞նչ պատրաստություն եմ տեսնում՝ Ամենասուրբ Հաղորդությունը ստանալուց առաջ, ի՞նչ պտուղ եմ քաղում Հաղորդությունից։

Եթե մեղավոր մեկն արժանավոր կերպով միայն մի անգամ ընդունի այս Սուրբ Հացը, կարող է սուրբ դառնալ։ Եվ հաղորդվելուց հետո գոնե ավելի լա՞վ կլինեմ։ Մինչև այսօր ի՞նչ պակասություն ուղղեցի մեջս, ո՞ր առաքինությունը ստացա։ Իսկապես վախենալու բան է, որ շաբաթվա ընթացքում մեկ կամ ավելի անգամներ հաղորդվեմ և միշտ մնամ նույն թերության մեջ։ Ամենասուրբ Հաղորդության մեջ Աստծո Որդուն տեսնում եմ, Ով իմ սիրո համար է ունայնացրել Իրեն, և սակայն ես մնում եմ հպարտ, ունայնասեր, միշտ եսամոլ ... ։

 

Տե՜ր Հիսուս, խնդրում եմ Քեզնից, որ ինձ չպատժես, հակառակ որ արժանի եմ ամեն տեսակ պատժի։ Եթե կամենաս նկատի առնել ապերախտություններս ու մեղքերս, ինչպե՞ս կարող եմ Քո դիմաց արդարանալ։ Եթե ցանկանամ ինքս ինձ արդարացնել՝ գաղջությամբ ընդունած Հաղորդություններիս համար, ապա խոսքը բերանումս կկարկամի։

Հիսո՜ւս, խոստովանում եմ հանցանքս, ցավում եմ դրա համար և չեմ կարող ինքս ինձ արդարացնել։ Այսքա՜ն անգամներ հաղորդվել եմ, սակայն դեռ մնում եմ գաղջ ու անտարբեր Քո անսահման սիրո հանդեպ։ Քեզ սրտիս մեջ եմ ընդունել, ո՜վ անհուն մաքրություն ու սրբություն, բայց ես միշտ մեղքերովս ու թերություններովս եմ մնացել։ Ամեն անգամ հաղորդվելիս պետք է որ առյուծ դառնայի՝ շնչելով Քո աստվածային բոցը, և սակայն մնում եմ նույն պաղ, նույն անհամբեր ու անտարբեր հոգիով։

Ո՜վ Հիսուս, ի՞նչ պիտի պատասխանեմ դատաստանիս օրը, երբ առջևս դնես այն շնորհները, որ Ամենասուրբ Հաղորդությամբ կարող էի ստանալ, և մյուս կողմից էլ՝ թերություններս, որոնք չուղղեցի։ Գիտեմ, որ այդ պահին ստիպված պիտի գութդ մի կողմ դնես և պիտի դատավորս լինես՝ ինձ արդարացի կերպով հանդիմանելով։

Արդ, ի՞նչ անեմ, ո՜վ Հիսուս, արդյոք դադարեցնե՞մ Քեզ սրտիս մեջ ընդունել։ Ո՛չ, Տե՜ր, այսուհետև ցանկանում եմ Քեզ սրտումս առնել լա՛վ պատրաստությամբ, խոնարհության զգացումներով, ամփոփ մտքով, սերս բազմապատկելով, փափագելով ամբողջովին Քոնը լինել, հանձնվելով Քո անչափ ողորմությանը։

Տե՜ր Հիսուս, Քո ողորմությանն եմ ապավինում՝ ինքս ինձ սրտիդ մեջ թաքցնելով։ Կյանքիս ընթացքում շա՜տ անգամներ բարկացրեցի Քեզ՝ նմանվելով անառակ որդուն, ապերախտ գտնվելով ինձ արած բարիքներիդ հանդեպ։ Իսկ Դու ինձնից Երեսդ չես թեքում և պատրաստ ես կրկին անգամ ինձ ընդունելու։ Գուցե Քեզնից առածս շնորհը Քո դեմ եմ գործածել։ Զղջում եմ, Տե՜ր Հիսուս, թողությո՜ւն տուր իմ մեղքերին։ Դու, որ այդքա՜ն սիրով թույլ ես տալիս, որ Քեզ ընդունեմ սրտումս, այնպես արա՛, որ սրանից հետո Քեզ ջերմեռանդությամբ ու զղջմամբ ընդունեմ։ Երանի՜ թե կարողանայի ինչ որ բան անել այնքա՜ն անգամ գաղջությամբ հաղորդվելուս փոխարեն։ Ընդունի՜ր գոնե իմ փափագը. սիրում եմ Քեզ, որովհետև Դու ես միակ բարին, Դու ես միակ սիրո արժանին։

 

Հիսուսը խոստացավ՝ ասելով, որ մինչև աշխարհի վերջը պիտի մեր հետ մնա։ Իր այս խոստումը քսան դարեր ի վեր պահում է և բնավ Իր ժողովրդից երես չի թեքել։ Քահանայի խոսքերին հնազանդվելով՝ իջնում է Երկնքից երկիր, մղված Իր հավատացյալների հանդեպ ունեցած սիրուց, և Ինքն Իրեն ամփոփում է Հաղորդության Խորհրդի մեջ։ Շատ անգամներ անարգվում է անհավատներից, կամ նույնիսկ Իր հավատացյալ քրիստոնյաներից, ովքեր Իրեն արհամարհում են։

Երբ Քրիստոսը երկրի վրա էր, բնակվում էր միայն Հրեաստանում, իսկ այսօր՝ այնտե՛ղ, ուր որ մի եկեղեցի կամ, ուր որ մի մատուռ կա, Ինքն այնտեղ է, որքան էլ խեղճ ու աղքատիկ լինի եկեղեցին կամ տապանակը։ Հիսուսն այնտեղ բանտարկված սպասում է, նույնիսկ երբ մարդ Նրա մասին չի մտածում, այցելության չի գնում։ Այնտեղ սպասում է՝ մեզ շնորհ տալու համար։ Երանի՜ նրան, որ հաճախ Նրան այցելում է՝ պատմելով իր հոգեկան խեղճությունները։ Որքա՜ն քաղցր են այն արցունքները, որ թափվում են Հիսուսի ոտքերի առջև՝ անցյալ մեղքերը քավելու համար։ Երանի՜ և հազա՛ր երանի՜ նրան, ով, երբ կարելիություն ունի, զանց չի առնում Ամենասուրբ Հաղորդությանը այցելել. մի քանի վայրկյան Հիսուսին աղոթելով՝ շատ ավելի շնորհ է ընդունում, քան մեծ մեծ ճգնություններ անելով։

 

Տե՜ր իմ, Հիսուս Քրիստոս, որքան մտածեմ գթությանդ մասին, որ Հաղորդության մեջ մնալով՝ մեզ ցույց ես տալիս այս տխուր աշխարհի մեջ մեզ մխիթարելու համար, այնքան ավելի սիրտս ուրախությամբ է լցվում, և միաժամանակ ամոթ եմ զգում՝ Քեզ այսքա՜ն քիչ սիրելուս համար։ Ո՛ւր էլ որ գնամ, միշտ մի տապանակ եմ գտնում, ուր սպասում ես ինձ ընդունելու, իմ աղոթքը լսելու։ Մեր համար բնակությունդ մեր մեջ ես հաստատել՝ մեզ հավասար լինելու աստիճան։ Սիրով բնակվում ես թե՛ մի խեղճ գյուղի մեջ և թե՛ քաղաքի մի ճոխ եկեղեցու մեջ։ Հիվանդներն էլ, որ չեն կարող գալ Քո մոտ, Դո՛ւ ես, որ գնում ես իրենց մոտ՝ նրանց մխիթարելու համար, մահվանից առաջ իրենց քաջալերելու, մահվան սարսափը փարատելու համար։

Հիսո՜ւս, մեր հանդեպ ունեցած սերդ մտքից վեր է։ Ե՞րբ պիտի գա այն օրը, որ ճանաչեմ սերդ և ես էլ սիրեմ Քեզ։ Բոլորիս տո՜ւր այս շնորհը, մանավանդ ինձ, որ ավելի կարոտ եմ դրան։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։