1. Հավատքի կյանքը – Գրադարան – Mashtoz.org

1. Հավատքի կյանքը

1978 թվականի Հուլիսի 28-ին, մի երիտասարդ անգլուհի՝ Քույր Մերի-Աննան, մահանում էր Աննիսի հիվանդանոցում, ինքնաշարժի վթարից հետո: Դարձի էր եկել և մկրտվել էր ընդամենը երեք տարի առաջ՝ 1975 թվականին, բավական երկար տևած փնտրտուքից հետո, իսկ վանական զգեստը ստացել էր 1978ի Ապրիլի 27-ին, մահից երեք ամիս առաջ: Այս աշխարհից Հոր մոտ անցնելուց մի քանի օր առաջ գրել էր հետևյալ զմայլելի տողերը. «Վանականը մեկն է, որ կամենում է աշխարհին մի այնքա՜ն մեծ խոսք ասել, որ ստիպված է լռել: Ապա, այդ խոսքը երգելու համար, գործածում է իր ողջ կյանքը որպես արտահայտվելու միջոց: Բայց այսքանը բավական չէ. այդ խոսքը վանականն աղաղակում է իր մահով: Բայց սա էլ բավական չէ. հարություն է առնում ու ապրում հավետ»:
Քրիստոնեական և վանական կյանքում նորադարձ, բայց իր տառապած կյանքի բազմապիսի փորձառություններով կրթված և հոգևոր բնազդային զգացումով օժտված լինելով, Քույր Մերի-Աննան, 31 տարեկան հասակում, շա՜տ ու շա՜տ լավ էր հասկացել խոնարհությամբ ու սիրով լցված լռության արտակարգ պերճախոսությունը, հոգեզվարթությամբ ու վեհանձնությամբ հանձն առած մենության խորին և ազդու արժեքը, բոլոր մարդկանց, նրանց ուրախությունների և նրանց վշտերի հետ հաղորդակցությամբ, օգտակարությունը` անօգտակարության կերպարանքի ներքո թաքնված, կարծեցյալ անարդյունավորության արդյունավորությունը, ամուլ որակավորված արգասավորությունը, տպավորիչ աղաղակը և անհամեմատելի արժեքը մի կյանքի, որն ամբողջովին հյուսված է շարունակ միմյանց հաջորդող հրաժարումներով, հարության և հավիտենական կյանքի խոստումը, որն իր էությունն է:
Փրկության պատմության մեջ ամենագրավիչ առեղծվածներից մեկն այն է, որ Աստված երբեմն արտասովոր պտղառատություն է պարգևում ամլությանը, մահվանը, գիշերին, և հետևաբար՝ այն ամեն ինչին, որ թվում է կյանքի ակնհայտ ժխտումը. այս հրաշքն Աստված կատարում է Իր ժողովրդի կյանքի ամենավճռական պահերին: Մինչև այդ օրը ամուլ և տարիքի պատճառով ծնելու այլևս անկարող Սառայից է ծնվում Իսահակը՝ խոստման որդին: Եվ այդպիսով, փրկության ամբողջ պատմությունը լի է ամուլ կանանց կերպարներով, որոնք ծնում են Տիրոջից առաքված այրեր` վերստին կյանք տալու Իր ժողովրդի նկատմամբ սիրո աստվածային ծրագրերին. Ռեբեկկայից ծնվում են Հակոբն ու Եսավը, Ռաքելից ծնվում է Հովսեփը, ամուլ մորից է ծնվում Սամսոնը, Աննայից է ծնվում Սամուել մարգարեն, Հուդիթից` սերունդ չունեցող այրի կնոջից է իսրայելացիների համար վերստին կյանք առնում փրկության խոստումը, Եղիսաբեթից է ծնվում Հովհաննես Մկրտիչը՝ նախակարապետը, Կույս Մարիամից է ծնվում – ո՜վ հրաշք – Հիսուսը՝ Տերը: Նա, որ լինելու էր աշխարհի լույսը, Մարիամից ծնվում է գիշերով, և մահից ու գերեզմանից է, որ վերածնվելու էր Հարության հաղթանակով: Առեղծվածը շարունակվում է, որովհետև, ինչպես ասում է Տերտուղիանոսը. «Մարտիրոսների արյունը քրիստոնյաների սերմն է». այստեղ նույնպես, կյանքը ծնվում է մահից: Ահա՛ այս իմաստով է հարկավոր հասկանալ Աբբա Լոնգինոսի հռչակավոր ապոֆտեգման. «Տո՛ւր արյունդ և վերցրու Հոգին»[1], տո՛ւր արյունդ կաթիլ առ կաթիլ, կյանքիդ ողջ տևողության ընթացքում, չերևալու, չծափահարվելու փափագովդ, ինքնամոռացմամբդ և ինքնամերժմամբդ. այնժամ կստանաս Հոգին՝ կիսելու համար ուրիշների հետ, հարստացնելու համար Եկեղեցու գանձարանը:
Ճշմարիտ վանականը քիչ է խոսում և միմիայն այն դեպքում, երբ համոզված է, որ ասելիքը նախընտրելի է, քան լռությունը: Եվ սովորաբար շատ քիչ է խոսվում իր մասին: Թեև շարունակ ընծայում է իր կյանքը և աղոթում է աշխարհի համար, այնուամենայնիվ չի սիրում խառնվել աշխարհային գործերին: Բայց խոնարհ ու եռանդուն սիրուց թելադրված իր համեստ գործունեության արդյունքները շա՜տ ու շա՜տ երկար են տևելու ժամանակի մեջ: Վանականը հավատում է ցորենի հատիկի առակին. հատիկ, որ աճում է մենակ, առանց որ սերմանացանը մտահոգվի դաշտով (հմմտ. Մրկ 4, 26-29): Վանականը նախընտրում է Աստծո Հոգու կողմից իրեն թելադրված հազվադեպ միջամտությունները, ավելի, քան մարդկանց մեջ տևական ներկայությունն ու գործունեությունը, որովհետև համոզված է, որ վերջինիս համար բավական շնորհ չունի:
«Երբ կբարձրանամ երկրից», ասում է Հիսուսը, «դեպի ինձ կձգեմ բոլոր մարդկանց» (Հվհ 12, 32): Ճիշտ է, որ Քրիստոսը մեզ փրկեց նաև Իր ուսուցումների միջոցով, որոնց կարիքն ունեինք` ճշգրիտ կերպով ճանաչելու համար Իր պատգամը և կարողանալու համար խորհրդածել Իր կյանքի և Իր մահվան իմաստի մասին: Բայց մեզ փրկեց նաև լեռան վրա կատարած գիշերային աղոթքների միջոցով, և հատկապես՝ խաչի վրա կրած Իր մահով: Երբ խաչելությամբ ու համբարձմամբ վեր բարձրացավ երկրից, դեպի Ինքը ձգեց բոլոր մարդկանց:
Ամբողջովին ճշմարիտ է, որ աշխարհն այսօր կարիքն ունի քարոզիչների, բայց դե՛ռ ավելի մեծ կարիքն ունի վկաների: Կարևորը քրիստոնեական թթխմորի որակն է, ո՛չ թե քրիստոնյաների քանակը: Այս վերջինը գոյություն ունի միմիայն որակից կախումնավոր վիճակում, այնքանով` որքանով քրիստոնյաներն ավելի մտահոգվում են իրենց վերածննդով, իրենց անդադար դարձով, քան թե մարդկության մեջ գոյապահպանումով: Ահա՛ թե ինչպիսի կարևորություն ունեն սիրո, գովաբանական աղոթքի և զոհողության վայրերը: Առ Աստված ուղղված փառատրության ձրիության և թաքնվելու փնտրտուքի շնորհիվ է, որ քրիստոնյան և վանականը կարող են լավագույն կերպով հակազդել մարդկանց մեջ այսօր և միշտ տիրած փողասիրությանն ու փառամոլությանը:
Առաքելության մեկնած մի մայրապետ գրում էր ինձ որոշ ժամանակ անցած. «Այստեղ կյանքը մեծագույն դժվարություններ չի ներկայացնում: Միշտ միևնույն դժվարությունն է մի քրիստոնեության, որ տակավին խառնված է տեղական սնապաշտությունների հետ և տակավին չի ներթափանցել մինչև խորքերը: Երբեմն, մի ծաղիկ: Բայց բոլորն էլ սիրված են Աստծուց, իրենց աղքատության մեջ` հասկացված են Աստծուց: Մեր համար մի շնորհ է ապարդյուն աշխատելը, առանց հրավիրված լինելու, մի երկրում, որ մի քանի տարի առաջ է միայն ստացել իր անկախությունը և հուսով է, թե այլևս երբեք օտարներից կախում չի ունենալու: Մեր դերը շատ նրբանկատություն է պահանջում և ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք հրապարակից դուրս գալու»: Մարդասիրական առաքելությանը նվիրված այս մայրապետի խոսքերը ցույց են տալիս, թե որքա՜ն է հավատում ծածուկ կյանքի արժեքին: Փաստում են Անապատի Հայրերի այն համոզումը, որ նաև անապատից դուրս, առանց վանական զգեստի ու որականիշի, կան շա՜տ ու շա՜տ քրիստոնյաներ, – նաև մեղավորներ[2], – որոնք Ավետարանն ապրում են վանականներից շա՜տ ավելի լավ և հոգեպես շա՜տ ավելի միացած են Աստծուն: Սա՛ էր նաև Հովհան Ոսկեբերանի երազանքը. որ յուրաքանչյուր քրիստոնյա իրեն պարտավոր զգար ապրելու վանական կյանքը, կուսակրոնության բացառությամբ, հաշվի առնելով վանական կյանքի խորապես ավետարանական նկարագիրը. «Միակ ազատությունը, որ քրիստոնյան աշխարհում ունի վանականից ավելի», գրում է նա, «այն է, որ կարող է ապրել իր կնոջ հետ: Սրանից բացի, պարտավոր է ամեն ինչում վարվել վանականների նման»[3]. այսինքն` արմատականորեն ապրել Ավետարանը:
[1] Լոնգինոս 5.
[2] Deserto, pp. 47-51.
[3] Hom., VII, 4 in Ep. ad Hebr.; PG 63, 67.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։