Իմաստասիրական ընթերցում – Գրադարան – Mashtoz.org

Իմաստասիրական ընթերցում

Աստծո խոսքի այս անդիմադրելի և կերպարանափոխիչ արդյունավետության արմատը Անտոնի համաձայն միմիայն ինքնին Խոսքը չէ, այլ նաև՝ նրա այսպես ասած ծամումը, օրվա ընթացքում շարունակական մտաբերումն ու խորհրդածումը. «Ուշադիր լսում էր ընթերցումները և դրանց պտուղը պահպանում էր իր սրտում»[1]: Ինքնաբերաբար հիշում ենք Ղուկասի Ավետարանի տողերը. «Մարիամն, իր հերթին, այս բոլոր բաները պահում էր՝ սրանց շուրջ խորհրդածելով իր սրտում» (Ղկս 2, 19): Անտոնի վճռական որոշումների գործադիր տարրը` իրեն հասած աստվածաշնչյան խոսքերը յուրացնելու ճիգն է:
Բենեդիկտոսը վանահայրերին պատվիրում է հսկել միմիայն երկու իրողությունների վրա. թերություններն ընդդեմ աղքատության և ծուլությունն աստվածային ընթերցանության մեջ: Աղքատության վերաբերյալ ասում է, որ վանահայրը պետք է հաճախ ստուգի անկողինները, որպեսզի չպատահի, որ եղբայրներն անձնական առարկաներ թաքցնեն այնտեղ[2]: Բենեդիկտոսը կամենում է, որ անհատների աղքատությունն իրական և ամբողջական լինի. վանականների համար «օրինավոր չէ իրենց տրամադրության ներքո ունենալ ո՛չ իրենց մարմինները, ո՛չ իրենց կամքերը»[3]: Միևնույն խիստ հսկողությունը պահպանվում է աստվածային ընթերցանության վերաբերյալ. «Նախևառաջ թող մեկ կամ երկու տարեց վանականներ նշանակվեն, որոնք ընթերցանությանը հատկացված ժամերին վանքով մեկ շրջեն և տեսնեն, թե արդյոք կա՞ հեղգ մի եղբայր, որ ժամանակ է մեռցնում պարապության մեջ կամ երևակայությունների ետևից ընկած, որ չի հետևում աստվածային ընթերցանությանը, և ավելին` ո՛չ միայն անօգուտ է ինքն իր համար, այլ՝ ցրվածություն է պատճառում նաև ուրիշների: Եթե – թող երբեք չպատահի դա – գտնվի այդպիսի մեկը, թող հանդիմանվի մեկ և երկու անգամ. եթե չուղղվի, թող ենթարկվի կանոնական պատժին, այնպես` որ մյուս բոլորը երկյուղով լցվեն»[4]:
Միմյանցից այսքա՜ն տարբեր երկու իրականությունների վերաբերյալ միևնույն խստությամբ հսկելու հանձնարարությունը համապատասխանում է Բենեդիկտոսի երկու հիմնական մտահոգություններին: Մի կողմից՝ իսկապես աղքատ, այսինքն` սրտներն ամբողջովին ազատ վանականներ ունենալու փափաքը, վանականներ, որ լիովին գործադրում են Դավթի խոսքը. «Ուղիղ մտքով և սրտանց նվիրեցի այս բոլոր բաները» (1Մն 29, 17), որ չեն ճանաչում Տիրոջ համար անչափորեն ատելի «հափշտակությունը զոհաբերությունների մեջ» (Ես 61, 8), որ կարող են իրենց անձին վերագրել Պողոս Առաքյալի խոսքերը. «Սովորեցի ինքնաբավ լինել ամեն տեսակ իրավիճակներում: Սովորեցի աղքատ լինել և հարուստ: Վարժեցրի անձս ամեն ինչի, ամեն ձևով. քաղցի ու հագեցածության, առատության ու չքավորության: Ամեն բան կարող եմ Նրանով, Ով զորացնում է ինձ» (Փլպ 4, 11-13): Պողոս Առաքյալի այս վերջին միտքն է, որ ուղղում է մեզ դեպի մյուս ասպարեզը, ուր պահանջվում է վանահոր հսկողությունը. բավական չէ հին մարդը թոթափելը, հարկավոր է նաև նոր մարդով զգեստավորվելը: Այս գործն իրականացնելու համար՝ լավագույն միջոցը, գեթ Բենեդիկտոսի համաձայն, Աստվածաշնչով սնված աղոթքն է, կամ` Աստվածաշնչի աղոթքի վերածված ընթերցումը: Այստեղից է առաջանում աղոթքի և աստվածային ընթերցանության այրեր կազմավորելու պահանջը: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այս աղոթական ընթերցանությունը: Երբ Բենեդիկտոսը հորդորում է «հոժարությամբ ունկնդրել սուրբ ընթերցումները»[5], խոսքը նախևառաջ վերաբերվում է Աստվածաշնչին. այն «սուրբ» է ըստ իր բովանդակության, բայց նաև` ըստ աղոթքի ու լռության այն մթնոլորտի, որի մեջ է միայն համտեսվում ու ճաշակվում: Աստվածային ընթերցումը, հիրավի, հոգևոր որևիցէ ընթերցում չէ, այլ՝ մի ընթերցում է, որի վրա կանգ ենք առնում մինչև նրա ամբողջական յուրացումը: Աբբա Պամբոն տասնչորս տարի շարունակ խորհրդածել էր միմիայն երեսունիններորդ Սաղմոսի առաջին տողի վրա. «Ասացի. ''Կպահպանեմ ճանապարհներս, որպեսզի չմեղանչեմ լեզվովս''», և վերջում խոստովանում էր, թե դեռ նոր է սկսել գործադրել այն[6]: Ֆիլոսսենոս Մաբբուգացին մի անանուն վանահոր գրում է. «Անպատեհ ոչինչ չկա, եթե եղբայրներից մեկն իր հոգին յոթ օր և յոթ գիշեր անընդհատ պահում է Սաղմոսներից քաղված միայն մեկ տողի վրա»[7]: Աստվածային ընթերցումը, հետևաբար, պետք է հանգեցնի աղոթքի և աստվածային խոսքի ճաշակման, Աստծո Հոգու ձայնի ունկնդրման, համոզված, որ միմիայն Նա կարող է լուսաբանել Սուրբ Գրքի էջերը: Աստվածային ընթերցանությունը որևէ մի գրության որևէ մի հատվածի ընթերցումը չէ, այլ ավելի` փնտրտուքն է ճշմարտության և մի Անձի` ինքնին Աստծո Անձի հետ շփման:
[1] Vita Ant., 1.
[2] RB 55, 16.
[3] RB 33, 3-4.
[4] RB 48, 17-20.
[5] RB 4, 55.
[6] Pater. Arm., XIX, 23Aa: IV, 163.
[7] “La lettre de Philoxène de Mabboug à un supérieur de monastère sur la vie monastique”, L'Orient Syrien 6 (1961), p. 465.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։