Խոնարհությունը – Գրադարան – Mashtoz.org

Խոնարհությունը

Մենք մեծագույն դժվարությամբ ենք ըմբռնում խոնարհությունը, ինչպես որ միևնույն դժվարությունը զգում էին Անապատի Հայրերը: Խոնարհությունը տկարություն չէ, ո՛չ էլ սեփական անձի ցածության հոգեբանական բարդույթ:
«Ծերերից մեկն ասաց. “Խոնարհ է ո՛չ թե նա, ով արհամարհում է ինքն իրեն, այլ՝ նա, ով ուրախությամբ է ընդունում մերձավորներից ստացած վիրավորանքներն ու վշտերը”»[1]:
Խոնարհությունը սերն է, որ ինքն իրեն փոքրացնում է Աստծո և մարդու ազատության առաջ: Այսպիսին եղավ Աստված մեր նկատմամբ, հանձինս Հիսուս Քրիստոսի. «Ես հեզ եմ և սրտով խոնարհ» (Մտթ 11, 29): Անապատի մեծագույն Հայրերը խոնարհության մեջ էին տեսնում առ Աստված առաջնորդող ճանապարհը, միա՛կը, որ ենթակա չէ սատանայի խաբեություններին:
«Ծերերից մեկն ասաց. “Հաճախ է պատահել, որ խոնարհությունը բազում անձանց փրկել է նաև առանց ճգնությունների: Սա փաստում են մաքսավորն ու անառակ որդին, որոնք մի քանի բառ միայն արտասանեցին և փրկվեցին”»[2]:
Հետևելով Հայրերի ավանդությանը, բոլոր դարերի վանականները Լեռան Քարոզի առաջին երանությունը – «Երանի՜ հոգով աղքատներին» (Մտթ 5, 3) – համարել ու համարում են խոնարհների երանությունը[3]: Ինչպե՞ս է մեկն, ուրեմն, Աստծո շնորհով դառնում խոնարհ: Ոչ ոքի չքննադատելով և ճանաչելով այն բարիքը, որ Աստված գործում է յուրաքանչյուրի անձում:
«Ծերերից մեկն ասաց. “Սիրտդ կամաց կամաց վարժեցրու յուրաքանչյուր եղբոր մասին ասելու. 'Իսկապես, ինձնից գերազանց է Աստծո առաջ': Դարձյալ. 'Իսկապես, ինձնից ավելի եռանդուն է': Այսպիսով, վերջիվերջո կհասնես քեզ բոլորից ցածր նկատելու և Աստծո Հոգին կբնակվի քո մեջ: Մինչդեռ, եթե արհամարհես թեկուզև մեկ մարդու, Աստծո շնորհը կհեռանա քեզնից և կթողնի քեզ մարմնի ցանկությունների ձեռքում, սիրտդ կկարծրանա և այլևս չի գտնվի քեզնում զղջումը”»[4]:
Ոչ ոք չի կարողացել Մարկոս Ճգնավորից ավելի լավ արտահայտել խոնարհության ազատարար էությունը. «Խոնարհությունը խղճի կողմից ստացած դատապարտությունը չէ, այլ՝ Աստծո շնորհի և Նրա կարեկցանքի ճանաչումն ու ընդունումը»[5]: Աստծո առջև սեփական պարտքերը վճարելու անկարող հոգու իմ ճշմարտության ճանաչմամբ է միայն, որ կարող եմ ստանձնել մեղանչական արարքներիս պատասխանատվությունը և թողնել, որ ինձ նույնպես փրկի հարություն առած Փրկիչը: Միայն այս դեպքում է ծնվում բոլոր մարդկանց հետ համերաշխությունն ու հաղորդակցությունը նրա, ով բոլորից անջատված է և բոլորին միացած[6]: Խոնարհության այս հոգեվիճակի համար առավել հուզիչ ի՞նչ վկայություն կարելի էր գտնել, քան այն որմնագրությունը, որը մի քանի տարի առաջ հայտնաբերվեց Էզուայի խցերից մեկում. «Ես եմ, փոքրիկ Հովհաննեսը. թող որ համայն աշխարհը ների ինձ»[7]:
[1] Nau 505.
[2] Nau 552.
[3] Nau 558.
[4] Nau 575.
[5] La Filocalia, vol. I, Torino 1982, p. 198.
[6] Եվագրիոս, Trattato sulla preghiera 124; 125.
[7] S. Sauneron, Les ermitages chréthiens du désert d'Esua, n. 75; t. IV, p. 78, n. 2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։