2. Խոնարհությունը – Գրադարան – Mashtoz.org

2. Խոնարհությունը

Հարկավոր է խոնարհության վերաբերյալ Անապատի Հայրերի ուսուցումներն ընդգծել հատկապես այսօր, երբ տարածվում են խարիզմատիկ շարժումները և, Եկեղեցուն պարգևած բազմաթիվ անժխտելի բարիքների հետ միասին, սակայն, ստեղծում են հոգևոր որոշակի վտանգավորության իրավիճակներ:
Պենտեկոստեից՝ Հոգեգալստից հետո, Սուրբ Հոգին միշտ բնակվել է Եկեղեցում և տևապես եղել է նրա սրբության ու կենսունակության աղբյուրը: Բազմաթիվ ու բազմապիսի պարգևաշնորհները, որոնք Նա անդադար արթնացրել է Եկեղեցու ներսում, Սուրբ Հոգու գործունեության յուրահատուկ դիմագիծն են: Ժամանակների ու վայրերի համաձայն, պարգևաշնորհներն արտահայտվել են առավել կամ նվազ ուժգնությամբ. եղել են ժամանակներ, երբ պարգևաշնորհները շա՜տ ավելի առատ էին, ինչպես նորածին Եկեղեցու և մարտիրոսների օրերում, կամ նաև քրիստոնեական առաջին վանականության սկզբնավորությանը, Չորրորդ և Հինգերորդ դարերում, հատկապես Եգիպտոսում: Անապատի Հայրերը հաճախ ստանում էին հոգևոր աննման պարգևաշնորհներ: Ապոֆտեգմաներից մեկն ասում է, թե «վանականի խուցը նման է երեք պատանիների հնոցին, ուր նրանք տեսան Աստծո Որդուն, և ամպեղեն սյունին, որտեղից Աստված խոսում էր իսրայելացիներին»[1]:
Փաստը կարող է զարմացնել մեզ, բայց Անապատի Հայրերից ոչ մեկն իր աշակերտներից ոչ մեկին երբեք չի քաջալերել Աստծուց խնդրել Սուրբ Հոգու տեսանելի հայտնությունները: Ընդհակառակն, եթե տեղեկանում էին, թե եղբայրներից մեկը նմանօրինակ զգացումներ է սնում, իսկույն ետ էին կանգնեցնում այդ ճանապարհից:
Եղբայրներից մեկը յոթ տարի շարունակ աղոթել էր Աստծուն և խնդրել էր բժշկություններ կատարելու պարգևաշնորհը։ Ստանալով, գնում է այցելելու ծերերից մեկին և հայտնում է նրան կատարվածը: Ուրախանալու փոխարեն, «ծերը մեծապես տխրում է ու ասում. “Եթե կամենում ես ապրել Քրիստոսի համար, գնա՛ և յոթ տարի շարունակ աղոթիր Աստծուն, որպեսզի ետ վերցնի քեզնից այդ պարգևաշնորհը և այլևս չլսի նման աղոթքներդ”: Եղբայրը վերադառնում է տխուր, որովհետև անօգուտ գործով էր զբաղվել և այդքա՜ն ժամանակ կորցրել: Հետևում է ծերունու խորհրդին, աղոթում է` մինչև որ պարգևաշնորհը ետ է վերցվում իրենից: Այնժամ ճանաչում է խոնարհության և հռչակավոր չլինելու շնորհը, և փառավորում է Աստծուն»[2]:
Մի ուրիշ եղբայր անապատ է քաշվում իր մարմնական հոր հետ միասին և քիչ ժամանակ անց սկսում է ինքն իրեն վատ վանական համարել, որովհետև իր հայրը հալածում էր դևերին, մինչդեռ ինքը չէր կարողանում: Երբ իր տրտմությունը հայտնում է Աբբաներից մեկին, վերջինս պատասխանում է. «Դևերին հալածելն ու հիվանդներին բժշկելը հոգևոր կյանքում առաջադիմելու նշաններից չեն: Հիրավի, մարդը չէ, որ կատարում է այդ գործերը, այլ՝ Աստծո զորությունը և հիվանդի հավատքը. ինչպես նաև հիշիր, որ շա՜տ շատերը խաբեության մատնվեցին և այդպիսի պարգևաշնորհների պատճառով հպարտության մեջ ընկնելով` կորան: Բայց քեզ ասում եմ, որդյակ իմ, եթե մարդը հասնում է խոնարհությանը և եթե քաղցրաբարոյության հետ միասին տիրապետում է մեծ խոնարհության, ահա սա՛ է ամենաբարձր առաջադիմությունը, որ հեռու է պահում անկումներից: Նա, որ խոնարհվում է մինչև գետին, ինչպե՞ս կարող է ընկնել, կամ ո՞վ և ի՞նչը կարող է նրան վար նետել: Արդ, կատարյալ խոնարհության նշանը ստացած նախատինքներով ուրախանալն է»[3]:
Հետևաբար, թեև Անապատի Հայրերից շատերն էին արտակարգ պարգևաշնորհներ ստանում, ինչպիսիք էին օրինակի համար մարգարեությունները, բժշկությունները, սրտերի գաղտնիքներից ներս թափանցումը, այնուամենայնիվ՝ անձամբ իրենք չէին փափաքում ունենալ այդ հատկությունները. համարում էին իրենց անարժան, կամ ավելի՝ վախենում էին սատանայի ձեռքերում խաղալիք դառնալուց, առավել թանկարժեք բարիք համարելով առաքինությունը: Հնարավորինս խուսափում էին նաև Աստծո կողմից իրենց պարգևված շնորհների մասին խոսելուց, հանուն խոնարհության ու համեստության, հանուն Աստծո գաղտնիքների դիմաց հարգանքի, և համոզված, որ մարդկային ոչ մի խոսք չէր կարող արտահայտել հոգևոր անարտահայտելի փորձառությունը:
Մեր ժամանակներում կազմակերպվող աղոթքի խմբակների դիմաց՝ Անապատի Հայրերի ուսմունքը թելադրում է անմիջական մի խորհրդածություն. Սուրբ Հոգու ներկայության և ներգործության դատանիշը խոնարհ դարձի ծնունդն ու խորացումն է, Աստծո, Եկեղեցու և մեղքի վերագտնված զգացումը, վերադարձը աղոթքի կյանքի և ինքնապարգևումը սիրո մեջ: Եվ հաճախ այսպիսիք են պտուղները աղոթքի ներկա խմբակների. հաղորդակցության խորը կապեր քրիստոնյաների միջև, բերկրանք, խաղաղություն և եղբայրական փոխադարձ օգնություն: Բայց դժբախտաբար, երբեմն էլ խմբակները վերածվում են աղանդների, հպարտությամբ Եկեղեցուց կղզիանալով և միմիայն իրենք իրենց ճշմարիտ քրիստոնյաներ կամ աստվածապաշտներ համարելով. սկսում են ժխտել խորհուրդները և իրենցից առաջ ապրած քրիստոնյա բոլոր սերունդների փորձառությունը, այսինքն` Եկեղեցու Ավանդությունը. ստանում են բողոքական համայնքների նկարագիր և սկսում են անվանվել «հոգեգալստականներ», իբրև թե տեսանելի կերպով ստացել են Սուրբ Հոգին և սկսել են խոսել լեզուներով, որոնք ո՛չ իրենք են հասկանում, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկն այս աշխարհի երեսին: Այսպիսով բաժանում, հերձում են Քրիստոսի Եկեղեցին, գործիքներ ու խաղալիքներ դառնալով սատանայի ձեռքում: Անապատի Հայրերն ուսուցանում են, որ քրիստոնյաների որևէ մի խումբ, որքան ավելի է փնտրում թաքուն մի կյանք, խոնարհ ու ձրիապարգև նվիրում, առանց վարձատրության, առանց համբավի, առանց աղմուկի, այնքան ավելի հնարավոր է դառնում, որ լինի Հոգու այցելության վայրերից մեկը: Բայց այդուամենայնիվ, երբեք չի դառնա միակ վայրը. ուրիշ շա՜տ ու շա՜տ անձինք, նաև առանց անդամագրվելու աղոթքի այդ խմբակներին, կարող են լույս և դարձ ստանալ, միայնակ կատարված աղոթքի ընթացքում, աղոթքի ամենահարմար պահերին. գիշերվա լռության մեջ, առավոտվա առաջին ժամերին կամ Հաղորդությունից անմիջապես հետո. այս վերջին պահը հարկավոր է հատուկ կերպով ընդգծել` որպես քրիստոնեական կյանքի գերազանց աստիճանի խարիզմատիկ պահը[4]: Եթե այս երեք պահերն այսքա՜ն արգասավոր են, պատճառն այն է, որ անգիտակցության փաստը, հաղորդված շնորհի գաղտնիքը, այդ վայրկյաններին շա՜տ ավելի լավ է պահպանվում:
[1] Pater. Arm., VII, 22b: II, 156. Հմմտ. Դնլ 3, 49; Ել 20, 21; 24, 16; ...
[2] Pater. Arm., XV, 65B: III, 267.
[3] Pater. Arm., XV, 20B: III, 270-271.
[4] L. Leloir, “Les moments privilégiés de la prière”, Esprit et Vie, 24-31 (mai 1979), pp. 314-318; “Prions après l'Eucharistie”, Aspekte, 38 (mai 1986), pp. 10-16.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։