Արդյունավետ խոսքեր – Գրադարան – Mashtoz.org

Արդյունավետ խոսքեր

«Աբբա, մի ''rhema'' ասա ինձ». այս եզրը – որ համապատասխանում է եբրայեցերեն ''dabar''ին – մատնանշում է ո՛չ թե արտասանված մի պարզ խոսք, այլ՝ մի խոսք, որ դառնում է դեպք, փաստ, թանձրացյալ իրականություն: Այն եզրն է, որ Ղուկաս Ավետարանիչը գործածում է մատնանշելու համար Մարիամի դիրքորոշումը Մարդեղության մեծ ու խորին խորհուրդի դիմաց, խորհուրդի դիմաց այն Խոսքի, որ դարձել է մարմին, դեպք, իրադարձություն. «Մարիամը պահում էր այս բոլոր ''rhemata'' (խոսքերն) իր սրտում» (Ղկս 2, 19.51): Մի եզր է, հետևաբար, որ սերտորեն կապված է կյանքին և գործունեությանը. ո՛չ թե դատարկ խոսքեր, ո՛չ թե քամու պես նետված նախադասություններ, այլ` արդյունավետ խոսքեր, որ իրագործում են այն, ինչ ավետում են, որովհետև գալիս են Աստծուց, կամ Աստծո ծառաներից, և կրկին առաջնորդում են դեպի Աստված:
Իմաստի ճիշտ այս լիությունն է մղել օգտագործելու այս եզրը` մատնանշելու համար Անապատի Աբբաների «խոսքերը». նա, որ արտասանում է մի ''rhema'', դա անում է միմիայն այն դեպքում, երբ իրեն ներշնչված և առաջնորդված է զգում Հոգու կողմից, և միմիայն այնպիսի անձի առաջ, որը տրամադրված է գործադրելու այն, ինչ լսում է:
Ուրեմն, չպետք է զարմանանք, եթե Անապատի Հայրերի խրատներից շատերը ոչ մի խոսք չեն պարունակում. հաճախ ծերերը սահմանափակվում են մի ուրիշ եղբոր կողմից կատարված արարքներ, նրան պատահած դեպքեր հիշեցնելով: Մեզ հասած մի քանի հարյուր ապոֆտեգմաները միայն արտաքին տեսանելի հատվածն են այն հսկա զանգվածի, որ բաղկացած է Ավետարանի հանդեպ լռակյաց ու ամենօրյա հավատարմության ամբողջական կյանքերից: Մի հավատարմություն՝ խոնարհ ու ծածուկ, որն այնուամենայնիվ աննշմար կամ անգիտացված չի մնացել, որովհետև ամենակղզիացած միայնակյացն անգամ միշտ նկատել է իր կյանքը որպես մասնիկը մի առավել ընդարձակ հաղորդակցության:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։