Ընկերություն – Գրադարան – Mashtoz.org

Ընկերություն

Մինչ այժմ ասվածները իրենց ամբողջական իմաստն ու նշանակությունը գտնում են այս սիրո լույսի ներքո, որն աղբյուրն է հոր և որդու միջև գոյություն ունեցող հաղորդակցության:
Վանական հին գրականությունը, գիտենք, կամավոր կերպով լռում է եղբայրների միջև չափազանց արտահայտված մտերմության առջև: Այնուամենայնիվ, Բարսանուֆը մի հստակ բացառություն է կատարում, երբ խոսում է այն ընկերային հարաբերության մասին, որ հոգևոր հայրը պետք է ունենա իր որդու նկատմամբ. «Ա՛յլ բան է հայրերի սերը իրենց որդիների նկատմամբ և ա՛յլ բան է եղբայրների սերը եղբայրների նկատմամբ: Իրենց որդիների նկատմամբ հոգևոր հայրերի սիրո կշիռը չունի մարմնական կամ վնասակար ոչինչ, քանի որ նրանք ապահով են` շնորհիվ իրենց հոգևոր զգացողության. խոսքերով ու գործերով անդադար աշխատում են ամեն ինչում երիտասարդներին օգնելու համար: Նրանց սիրելով հանդերձ, նրանցից չեն թաքցնում նրանց թերությունները [...] : Քանի որ սիրուց մղված է, որ հայրդ չի լռում հանցանքներիդ առաջ, ակնհայտ է, որ քո հանդեպ իր սերը հոգևոր է»[1]:
Իր նամակներում Անտոնը, որ վերին աստիճանի գորովալի էր, արդեն իսկ կատարել էր նմանատիպ մի զանազանություն. «Որդյակներս, ձեր հանդեպ ունեցածս սերը չի գալիս մարմնից, այլ՝ Հոգուց, Աստծո ներգործությամբ»[2]: Եվ նաև իր աղոթքի առարկան է դառնում խնդրանքը, որ իր հոգևոր որդիներն ընդունակ լինեն ըմբռնելու իրենց հանդեպ իր ունեցած սիրո որպիսությունը. «Իսկապես, որդյակներ իմ ի Տեր, ամեն օր և ամեն գիշեր աղաչում եմ իմ Արարչին, որից ստացել եմ Հոգին, բացել ձեր սրտի աչքերը, որպեսզի ճանաչեք այն սերը, որ ունեմ ձեր հանդեպ»[3]:
Քանի որ հայրն իր որդիներին ճանաչում և սիրում է այնպես, ինչպես որ են Աստծո առաջ, կարիքը չունի ճանաչելու նրանց անունները: Այսպիսին էր Աբբա Հովսեփը, որ և ո՛չ իսկ մտածել էր հարցնել իր աշակերտի անունը, որի հետ ապրում էր արդեն երկու տարի[4]: Անտոնը նույնպես, իր Նամակներում, հաճախ է տեղեկացնում, որ իր աշակերտներին չի ողջունում` կանչելով նրանց իրենց «մահկանացու անունով, որն անցողիկ է և ունայն», այլ՝ իրենց իրական հոգևոր անունով, որն անշուշտ միայն ինքն է ճանաչում, Իսրայելի որդիների նրանց անունն ըստ Հոգու:
Հայրական այս սիրո ջերմության ներսում, կամաց կամաց, տարիների ընթացքում, խորը մտերմություն է հյուսվում հոր և որդու միջև: Այսպիսի ընկերության հուզիչ օրինակներից մեկը գտնում ենք Անտոնի մահվան պահին, – Անտոնը, որին «բոլորը փափաքում էին որպես հայր ունենալ»[5], – նկարագրության մեջ, որն ավանդել է մեզ Աթանասը. «Այս խոսքերից հետո, եղբայրները գրկախառնվեցին նրա հետ: Անտոնը պառկեց, հայացքը դեպի վեր բարձրացրեց, դեպի նրանք, որ եկել էին իրեն այցելելու, նայեց նրանց այնպես, կարծես իր ընկերները լինեին և ուրախացավ նրանց գալու համար: Պառկած էր զվարթ դեմքով [...] »[6]: Վերջում, Անտոնն այլևս գաղտնիքներ չուներ ամենամոտիկ որդիներից: Խնդրեցին նրան պատմել իր ունեցած հափշտակությունների ու տեսիլքների մասին: Չմերժեց: «Ստիպված էր խոսել», գրում է կենսագիրը, «ինչպես մի հայր, որը ոչինչ չի կարող թաքցնել իր որդիներից»[7]:
Բայց հայրը չի հայտնում միայն շնորհները, որ ստացել է. հաճախ իր որդիներին նաև պատմում է իր ունեցած փորձություններն ու մեղքերը, երիտասարդներին քաջալերելու նպատակով. «Ես, եղբայր, քանի որ այսքան տկար եմ, վարվում էին այսպես: Քո համար, հետևաբար, որ շա՜տ ավելի արթուն ես անձիդ պահպանման գործում, Աստված կկատարի նույնքան»[8]:
Մտերմություն, որ երբեմն տևում է նաև մահից այն կողմ, ինչպես այն հոր դեպքում, որն իր հոգևոր որդուն թաղելուց հետո՝ հարցրեց նրան. «Լա՞վ ես թաղված, որդյակս, թե՞ ինչ որ մի բան պակասում է քեզ»: Ննջեցյալը պատասխանում է. «Լավ եմ, հա՜յր: Կատարեցիր խոստումդ»[9]:
Հայրերի այս սիրույն պատասխանում է որդիների սերը: «Մխիթարիր հորդ», պատվիրում է Արսենը, «որպեսզի նա, երբ հասնի Տիրոջ առաջ, աղոթի քո համար և նպաստի քեզ»[10]: Որոշ դեպքերում, այս սերն է հանդիսանում վանական կանոնապահության լավագույն գրավականը, ինչպես տեղի էր ունենում Ամմա Թալիդեի վանքում, ուր վաթսուն երիտասարդ միանձնուհիներ «սիրում էին նրան այն աստիճան, որ վանքի արտաքին դռան վրա չէին դրել ո՛չ մի փականք, ինչպես սովորություն էր ուրիշ վանքերում. կառավարվում էին այն սիրուց, որ տածում էին Թալիդեի հանդեպ»[11]:
Հոր հանդեպ որդու սերը պահանջում է, այնուամենայնիվ, որոշ չափավորություն: Շարունակ հոր կողքին լինելը կարող է թաքցնել որոշ ծածուկ հավակնոտություն. «Վանահոր հետ ընտանություն մի՛ ունեցիր, ո՛չ էլ հաճախ այցելիր նրան, որովհետև կարող ես աներես դառնալ և հրամայելու ցանկությունն ունենալ»[12]: Հետևաբար, այս սերը միշտ պետք է համաքայլ ընթանա երկյուղի հետ, որովհետև միմիայն դյուրին ու մակերեսային քնքշանքը չէ, որ որդին իրավունք ունի ակնկալելու հոգևոր հորից, այլ՝ երբեմն նաև խիստ միջամտությունները, երբ իրավիճակները պահանջում են դա: Իզիդորոսը ուսուցանում է. «Հարկավոր է, որ աշակերտներն իրենց վարժապետներին սիրեն որպես հայրեր և նրանցից երկնչեն որպես միապետներ. սերը չպետք է թուլացնի երկյուղը, ո՛չ էլ վերջինս պետք է խամրեցնի սերը»[13]:
[1] Բարսանուֆ 342.
[2] Նամակներ 5, 2.
[3] Նամակներ 4, 12.
[4] Հովսեփ 9.
[5] Vita Ant., 81.
[6] Vita Ant., 92.
[7] Vita Ant., 66.
[8] Բարսանուֆ 512.
[9] Nau 8.
[10] Արսեն 35.
[11] Hist. Laus., 59, 1.
[12] Nau 326.
[13] Իզիդորոս 5.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։