Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

Եզրակացություն

Եզրակացնելով, կամենում եմ մեկ անգամ ևս շեշտել սրբության կոչման ընդհանրականության գաղափարը: Իրականում, Անապատի Հայրերն ամենայն զգուշությամբ խուսափում էին իրենց կյանքը չափազանց լրջությամբ որակավորելուց և քրիստոնեական կատարելության տիպար օրինակները, սեփականատերերը համարվելուց: Ընդհակառակն, համոզված էին, – և չէին հոգնում կրկնելուց, – որ աշխարհում ապրող բազմաթիվ քրիստոնյաներ իրենցից շա՜տ ավելի կատարյալ էին և իրենցից շա՜տ ավելի ճգնողական ոգի ունեին: «Վանականների Պատմություն» կոչվող իր պատմագրքում Ռուֆինոսը պատմում է, թե ինչպե՛ս է երկրի վրա հրեշտակային կյանք ապրող Պափնոտիոսը երեք անգամ Աստծուց խնդրում ցույց տալ, թե զոհողությունների իր կյանքն իրեն Սրբերից ո՞ր մեկին էր նման դարձրել: Ամեն անգամ Աստված պատասխանել էր` ցույց տալով ո՛չ թե մի վանականի, այլ՝ քաղաքում ապրող մի աշխարհականի: Առաջին անգամ, խոսքը վերաբերվում էր մոտակա գյուղում ապրող սրնգահարին, որը մի քանի ամիս առաջ դարձի էր եկել ավազակային կյանքից, բայց որն իր կյանքի ընթացքում կատարել էր վեհանձն սիրո երկու գործ: Երկրորդ անգամ, խոսքը վերաբերվում էր մոտակա քաղաքի ամենանշանավոր մարդուն. ամուսնացած էր, բայց երեք որդի ունենալուց հետո` արդեն երեսուն տարուց ի վեր կնոջ հետ ապրում էր կատարյալ ժուժկալությամբ, մեծ վեհանձնությամբ գործադրում էր հյուրընկալության առաքինությունը, իր սիրով մխիթարություն էր պարգևում աղքատներին, դատում էր արդարությամբ, կատարյալ անկողմնակալությամբ, և աշխատում էր միմյանց հետ հաշտեցնել բոլոր նրանց, ովքեր գժտված էին: Երրորդ անգամ, Աստված նրան ցույց էր տվել մի հարուստ առևտրականի, որն իր շահած հարստությունները գործածում էր առատ ողորմություններ բաշխելու համար: Մահվան անկողնում Պափնոտիոսը հասնում է եզրակացնելու, «որ այս կյանքում չկա մի դասակարգ, ուր հնարավոր չլինի հանդիպել Աստծուն հավատարիմ հոգիների, որոնք ծածուկ կերպով կատարում են Նրան հաճելի գործեր: Ինչը որ ցույց է տալիս, թե ստանձնած գործն ու արտաքին կերպարանքը չէ (professionem vitae, aut speciem habitus), որ հաճելի են Աստծուն, այլ ավելի` անկեղծությունը և հոգու եռանդը, միացած` գործերի պարկեշտությանը»[1]:
Դիտրիխ Բոնհոֆֆերն ասում էր[2], թե շատ էր տպավորվել Հայտնության գրքի հետևյալ հատվածից. «Հիշիր, թե որտեղի՛ց ես ընկել, ուղղվի՛ր և առաջվա՛ գործերդ գործիր» (Հյտ 2, 5): Վանական կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր դարձ, յուրաքանչյուր վերանորոգում, իրեն որպես մեկնակետ միշտ պետք է ունենա վերադարձը առաջվա գործերին, Անապատի Հայրերին, որոնք ջանում ու ճգնում էին ավելի լինել, քան թե անել, որոնք հավատում էին, որ Աստծո մարդիկ դառնալու խոնարհ, բայց հարատև ճիգը ամենաթանկարժեք ծառայությունն էր, որ կարող էին ընծայել մարդկությանը. մարդկություն, որ այնքա՜ն է թաղվել տեսանելիի մեջ, որ մոռացել է անտեսանելին, այնքա՜ն է կառչել այս աշխարհին, որ այլևս չի մտածում այն նոր աշխարհի մասին, որ սպասում է մեզ: Անտոնի, Մակարի, Պիմենի և Սիզոեի նման մարդիկ այսօր անհրաժեշտ են, ինչպես որ անհրաժեշտ էին տասնհինգ դար առաջ և հետագա բոլոր դարերում, հատկապես` մեծ փոփոխությունների ժամանակ:
[1] PL 21, 435C-439B.
[2] Textes choisis, Genève-Paris 1970, pp. 167-168.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։