«Աշակերտ դարձրեք բոլոր ազգերին» – Գրադարան – Mashtoz.org

«Աշակերտ դարձրեք բոլոր ազգերին»

«Ճրագը չեն վառում` սեղանի տակ թաքցնելու համար». եթե բոլոր միայնակյացներն իրենց ամբողջ կյանքն անցկացնեին իրենց քարայրներում փակված, առանց երբեմն հանդիպելու և փոխադարձաբար միմյանց փորձառությունների շուրջ խորհրդածելու, խորհուրդ տալու և առնելու, այսօր մեր ձեռքերում չէինք ունենա նրանց խոսքերի մեծագանձ ժառանգությունը: Եվ հատկապես ծերունու և աշակերտի միջև հոգևոր հայրության պտղառատ հարաբերության շնորհիվ է, որ ապոֆտեգմաները հասել են մեզ: Առաջացած լինելով որոշակի պարագաներում, Աստծո կամքին ընդհանուր հպատակության մթնոլորտում, ունկնդիրների ու վկաների առաջին խմբի կողմից ընդունվեցին որպես արդյունավետ խոսքեր, որպես խոսք-իրադարձություններ, որ վավերական են նաև ամբողջովին ա՛յլ ժամանակներում, վայրերում ու պարագաներում: Ահա այսպե՛ս է սկսվել այդ խոսքերի գրավոր շարադրումն ու ավանդումը սերնդե սերունդ. ո՛չ միայն «անապատը քաղաք դարձավ», բնակված` անթիվ միայնակյացներով, այլ նաև՝ վերածվեց «լեռան վրա կառուցված քաղաքի», որն ի վիճակի է շողարձակելու Աստծո հանդեպ սերը և մարդկանց հանդեպ սերը մինչև աշխարհի ծայրերը:
Քրիստոնեական հոգեկանության պատմությունը ցույց է տալիս, որ Եկեղեցու ներսում հոգևոր յուրաքանչյուր վերանորոգման շրջանում Անապատի Հայրերը վերստին հեղինակություն են ստանում, լինի որպես հետևանք, թե որպես պատճառ: Կարելի է ասել, որ Անապատի Հայրերը վերադառնում են – ժամանակակից և կենսունակ – այն ամեն անգամ, երբ զգացվում է իրենց կարիքը. այսինքն՝ ամեն անգամ, երբ առաջին գծի վրա է հայտնվում այն արմատականությունը, որ պատվիրված է յուրաքանչյուր քրիստոնյայի՝ բավարարելու համար Ավետարանի պահանջներին:
Հետևաբար, չպետք է զարմանանք, այլ ավելի՝ ուրախանանք այն փաստի առաջ, որ Անապատի Հայրերի հանդեպ հետաքրքրությունը վարակում է այսօր քրիստոնյաների միշտ ավելի ընդարձակ խմբեր և չի մնում վանական պարիսպներից ներս փակված: Մի հասարակության մեջ, ուր անհատները զբաղված են միմիայն իրենց շահն ու իրենց հաճույքը փնտրելով, մի հասարակության մեջ, ուր նաև քրիստոնյաները Աստծո շնորհներից ու միջամտություններից ավելի հավատում են իրենց գործունեությանն ու մտահոգություններին, մի հասարակության մեջ, ուր հայտնվել են արդի կուռքեր և հաստատվել է հետ-քրիստոնեական նոր հեթանոսությունը, Անապատի Հայրերի արմատական վկայությունը հիշեցնում է բոլորին և յուրաքանչյուրին` «մեղավոր լինելու» մարդկության համընդհանուր որակը և Աստծո ողորմության ազատարար ճշմարտությունը. «Աբբա, մի խոսք ասա ինձ», «Ես նույնպես չեմ դատապարտում քեզ. գնա՛ և այլևս մի՛ մեղանչիր»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։