1. Պակոմի դարձ-կոչումը – Գրադարան – Mashtoz.org

1. Պակոմի դարձ-կոչումը

Անտոնի դարձն ու կոչումը, պատմված՝ Աթանաս Ալեքսանդրացու կողմից, բնորոշվել էին հրաժարումով (apotaxis), որի նպատակն էր մենության մեջ հասնել խաղաղությանը (hesychia), և հետևաբար՝ արդյունքն ուրիշ բան չէր կարող լինել, եթե ո՛չ՝ առանձնացյալ մենակեցական կյանքը[1]: Պակոմի դարձն ու կոչումը, մինչդեռ, ներկայանում են ամբողջովին տարբեր կողմնորոշումով: Զինվորագրվելով և Մաքսիմինոս կայսեր կողմից 312 թվականին հրամայված զինվորական համընդհանուր ծառայությանը կանչվելով Թեբեում, Պակոմն առարկան է դառնում այդ քաղաքի քրիստոնյաների մարդասիրական օգնությունների, որոնք հաց ու կերակուր են հասցնում իրեն և իր զինակիցներին: Վարդապետական ուսուցումների, Աստվածաշնչի ուղղակի ունկնդրմամբ չէ, ուրեմն, որ Պակոմը հանդիպում է քրիստոնեական հավատքին, այլ` սիրո պատվիրանի գործադրմամբ: Այս առիթով է, որ նա, ստացած սիրո ձրիությանն ի տես ապշած, առ Աստված բարձրացնում է այս աղոթքը. «Փրկի՜ր ինձ այս նեղությունից և ես իմ հերթին կծառայեմ մարդկանց՝ ողջ կյանքիս ընթացքում»[2]:
Ստացած սիրույն Պակոմը պատասխանում է բոլոր մարդկանց հանդեպ սիրո և ծառայության խոստմամբ: Քիչ օրեր անց հասնում է զինվորական ծառայության դադարման հրամանը, քանի որ հաղթական էր դուրս եկել Կոստանդիանոսը, և Պակոմը բնակություն է հաստատում Շենեզիթում, Նեղոսի ափին գտնվող գյուղերից մեկում, ուր աշխատում է` հայթայթելով իր ապրուստը, օգնության հասնելով աղքատներին և պանդուխտ օտարականներին, այդպիսով գործադրելով Աստծուն տված իր խոստումը: Հաջորդ տարվա Զատկի տոնին մկրտվելով և քրիստոնյա համայնքին անդամագրվելով, միշտ ավելի ու ավելի է գիտակցում իր առաքելությունը որպես եղբայրների ծառայություն, ծավալելով եռանդուն մարդասիրական գործունեություն, հատկապես գյուղին հարվածած համաճարակներից մեկի առիթով: Այդ ժամանակամիջոցում, Պակոմը հաղորդակցության մեջ է մտնում մոտակա շրջաններում ապրող միայնակյացների հետ և ավետարանական արմատականության փափագից մղված` դառնում է Պալամոն ծերունու աշակերտը, որին հաճախում է չորս տարի: Մի օր այցելության է գնում այս մեծարգո ծերունուն, խնդրելով օգնել իրեն` իմանալու Աստծո կամքը: Պատասխանը չի հեռանում մենակեցական ավանդության շավիղներից. «Աստվածաշունչը մեզ պատվիրում է աղոթել և ծոմապահել, եթե ուզում ենք փրկվել [...] : Այն, ինչ ուսուցանել են մեզ մեր նախորդները, հետևյալն է. գիշերվա կեսն անցկացնել Աստծո խոսքն ընթերցելով ու վերընթերցելով, նյութական աշխատանքներ կատարել` մեր ապրուստը ապահովելու համար, իսկ այն, ինչը որ ավելանում է, տալ աղքատներին»[3]: Կատարելության տիրող գաղափարականը, այսինքն` մենակեցությունը, Պակոմին գտնում է տրամադիր, բայց եղբայրներին ծառայելու իր խորը փափաքը ուղղում է նրան` քայլելու մի ա՛յլ ճանապարհով: Մի նոր կանչ է լսվում նրա հոգում. «Մի երեկո, հասարակաց աղոթքից հետո, Պակոմը հեռանում է դառնությամբ լի սրտով, որովհետև տենդագին փափագում էր ճանաչել Աստծո կամքը, երբ հանկարծ նրան հայտնվեց լուսեղեն մի մարդ և նրանից հարցրեց տրտմության պատճառը: Պակոմը պատասխանեց. “Որովհետև փնտրում եմ Աստծո կամքը”: Այնժամ մարդը պատասխանեց. “Աստծո կամքն այն է, որ դու ծառայես մարդկանց, Աստծո հետ նրանց հաշտեցնելու համար”»[4]:
Եթե այս հատվածի հետ համեմատելով ընթերցենք Արսենի կոչման անկասկած ավելի շուտ ուսուցողական, քան թե պատմական նկարագրությունը, իսկույն կնկատենք երկու կոչումների միջև գոյություն ունեցող տարբերությունը. անապատի Աբբայինը և քոյնոնիայի Աբբայինը: «Երբ տակավին արքունիքում էր, հայր Արսենն աղոթեց Աստծուն, ասելով. “Տե՜ր, առաջնորդի՜ր ինձ փրկության ճանապարհով”: Նրան մի ձայն հասավ, որն ասում էր. “Արսեն, հեռացի՛ր մարդկանցից և կփրկվես”: Նվիրվելով մենակեցական կյանքին, կրկին աղոթեց նույն խոսքերով, և լսեց մի ձայն, որն իրեն ասում էր. “Արսեն, հեռացի՛ր, լռի՛ր, ապրիր մենությա՛ն մեջ”: Ահա՛ այս արմատից է, որ ծնվում է չմեղանչելու հնարավորությունը»[5]:
Եթե Արսենին պատվիրվում է հեռանալ մարդկանցից, Պակոմին հրամայվում է մնալ մարդկանց մեջ և նրանց հաշտեցնել Աստծո հետ: Մի կողմ թողնելով տեսիլքների գրական ժանրը, այս պատմությունները մեզ հայտնում են, թե ինչպե՛ս է Պակոմը հոգևոր ներքին տառապալի ապրումներով հասել ճանաչելու իր կոչումը, որպես ո՛չ այլևս մենակեցական կյանք, այլ` կյանք սիրո և ծառայության: Այս վերջինը կարող էր արտահայտվել միմիայն հասարակաց կյանքում. քոյնոնիան: Պակոմի կողմից այս գաղափարականի ամբողջական գիտակցումը տեղի է ունեցել զանազան հանգրվաններով, դանդաղորեն, թեև նրա ամենահին կենսագրությունը վկայում է, թե սկզբից ի վեր Պակոմը որպես գաղափարական ունեցել է Երուսաղեմի առաջին քրիստոնյա համայնքի կյանքը, նկարագրված` Գործք Առաքելոցի առաջին գլուխներում: Ճիշտ է, որ Պակոմի շուրջը հավաքված աշակերտների առաջին խումբն իրենից ներկայացնում էր մենակեցական բնույթի հասարակություն, որի առաջնորդն ու հոգևոր հայրն էր Պակոմը, բայց «եղբայրների ծառան դառնալու»[6] իր անխախտ փափագը վերջիվերջո հասցնում է վանական կենսաձևի հաստատմանը: Սկզբնական այս շրջանի վերաբերյալ ունենք Պակոմի կենսագիրների հետագայում տրված վկայությունները. Պակոմը, եղբայրական սիրո տենդով բռնված, «տեսնում էր, որ աշակերտները դեռևս տրամադիր չէին կատարյալ քոյնոնիայի մեջ փոխադարձաբար միմյանց կապվելու, այնպես` ինչպես հավատացյալների վերաբերյալ նկարագրված է Գործք Առաքելոցում, այսինքն` որ մեկ սիրտ էին և մեկ հոգի, և իրենց բոլոր ունեցվածքները հասարակաց էին»[7]: Տեսնելով աշակերտների անհոգությունը, Պակոմն ինքն էր «աշխատում` բավարարելու համար վանքի կարիքները. մշակում էր բանջարանոցը, եփում էր կերակուրները, եթե մեկը բախում էր դուռը, նա ինքն էր գնում բացելու, իսկ եթե մեկը հիվանդանում էր, խնամում էր նրան մինչև առողջանալը: Իր ընկերների մասին սրտի խորքում ասում էր. դեռևս սկսնակներ են, տակավին չեն հասել փոխադարձ ծառայության մակարդակին»[8]:
Քոյնոնիայի գործադրումը, հետևաբար, հանդես էր գալիս որպես դժվարին, հիմնականում երկու պատճառով. Պակոմի առաջին աշակերտների հոգեկանության մեջ գերակշռում էր մենակեցական գաղափարականը և ավետարանական արմատականությունն ապրելու Պակոմի կողմից առաջարկված կենսաձևը տվյալ ժամանակաշրջանում տիրող գաղափարախոսության համեմատ դժվար ընդունելի նորություն էր:
[1] Vita Ant., 2.
[2] L.Th. Lefort, Les vies coptes de Saint Pachôme, Louvain 1953; Bo 7,82,23-26; E. Amélineau, Histoire de Saint Pachôme et de ses communautés, Paris 1889.
[3] G1 Lefort, 6, 30-31.
[4] S3 Lefort, 60, 27-31; 61, 1-15.
[5] Արսեն 1-2.
[6] S1 Lefort, 4, 6-7.
[7] S1 Lefort, 3, 27-32.
[8] Bo 23 Lefort, 94, 20-27.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։