2. Քոյնոնիայի հաստատումը – Գրադարան – Mashtoz.org

2. Քոյնոնիայի հաստատումը

Այնուամենայնիվ, առաջին անհաջողությունից հետո, որը մղեց Պակոմին վանքից հեռացնելու եղբայրներից մի քանիսին, հասավ որոշ կանոններ սահմանելու ժամը, որոնք սկզբում թերևս բանավոր էին և կայանում էին նվազագույն չափի հասարակաց կյանք ապահովելու մեջ, բայց միշտ ձգտում էին – հասարակաց կարգուկանոն հաստատելուց բացի – ստեղծելու ողորմածության, փոխադարձ ներման, եղբայրական սիրո ու ծառայության մթնոլորտ: Այս առաջին կանոնադրության արձագանքները մնացել են գրավոր կանոններում, այնտեղ, ուր նախաբանի նման ասվում է. «Օրենքի լիությունը սերն է (Հռմ 13, 10), նրանց համար, ովքեր գիտեն կշռադատել ժամանակը [...] : Մեզնից հեռու թոթափենք խավարի գործերը (հմմտ. Հռմ 13, 11-12), որոնք են վեճերը, չարախոսությունները, ատելությունը և հպարտ սրտի գոռոզությունը (հմմտ. 2Կր 12, 20; Գղտ 5, 20) »[1]:
Անշուշտ, երբ ընթերցում ենք կանոնները, գրեթե չենք ընկալում պակոմյան փորձառության մեջ հասարակաց կյանքի այս կենտրոնականությունը, բայց չպետք է մոռանանք, որ կանոնները, որոնք մեծամասնությամբ գրվել են հետագայում և բոլորը չէ, որ պատկանում եմ անձամբ Պակոմի գրչին, իրենցից ներկայացնում են պարզապես վարվելակերպի մի ցանկ, հասարակաց սովորույթների մի հավաքածու: Հիշարժան է նաև, որ Պակոմն ինքը խստությամբ հանդիմանում էր որոշ եղբայրների, որոնք կանոններին հնազանդ լինելու համար զանց էին առնում եղբայրների հանդեպ սերը[2], և երբեք – լինի Կենսագրության մեջ, թե իր անձնական գրություններում – Պակոմը չի ներկայանում մտահոգ` օրենքի ծանրության ներքո վանականների կյանքի միաձևությամբ, այլ՝ ավելի ուշադրություն է դարձնում իր աշակերտների հոգևոր և մարդկային կազմավորմանը, յուրաքանչյուրին ի վերուստ տրված պարգևաշնորհների և ավետարանական ու բանական ազատության ճանաչմանը:
Պակոմը Խոսքի ծառա մարդ է, որի համար մշտապես վճռորոշ է մնում Աստվածաշնչի հեղինակությունը, և կարծես Խոսքով, հատկապես Ավետարանով արբած, աշխատում է ո՛չ միայն մեջբերումներ կատարել նրանից, այլ՝ նախևառաջ ինքն ապրել Աստվածաշունչը մինչև վերջին տառը, միշտ գիտակից, որ առաջնությունը պատկանում է փոխադարձ սիրույն և ծառայությանը:
Պակոմի մեզ հասած սակավաթիվ գրություններում որպես հրատապ պահանջ է ներկայանում հաղորդության կյանքը և «Իր մերձավորի հանդեպ ոխ պահող եղբոր մասին ուսուցումներ»ի ամբողջ բովանդակությունը հստակ կերպով մատնանշում է պակոմյան քոյնոնիայի մեջ եղբայրական սիրո գաղափարականը. «Եթե Տերը պատվիրել է մեզ սիրել մեր թշնամիներին, օրհնել մեզ անիծողներին և բարությամբ պատասխանել մեզ հալածողներին, ուրեմն ինչպիսի՜ մեծ վտանգի ենք մատնում ինքներս մեզ, երբ ոխ ենք պահում մեկս մյուսի հանդեպ, մենք` եղբայրներս, որ մեկս մյուսի անդամներն ենք, որդիներն Աստծո, ոստերը միևնույն որթի, ոչխարները հոգևոր հոտի, որին ի մի է հավաքել ճշմարիտ Հովիվը [...] : Մեզ տրվել են սերն ու խաղաղությունը [...] : Մեզ շնորհվել են եղբայրների ծառայության մեջ վեհանձնությունն ու տրամադրելիությունը [...] : Սիրե՛նք մարդկանց, և կլինենք բարեկամները Հիսուսի, Ով մարդկանց բարեկամն է [...] : Եթե քեզ պատահում է վիճել քեզ վիշտ պատճառած եղբոր հետ, եթե սիրտդ վիրավորում է եղբայրներից մեկին, [...] եթե մտքումդ աճում է հակակրանքը և միմյանց նկատմամբ լցվում եք քենով, [...] մենության մեջ արտասվիր Քրիստոսի հետ և Հիսուսի Հոգին կխոսի մտքիդ և կհասկացնի քեզ նոր պատվիրանի լիությունը»[3]:
Նմանապես, իր կյանքի վերջավորությանը գրած նամակներից մեկում, Պակոմը եղբայրներից խնդրում է. «Ճանաչելով գալիք բարիքները, սիրենք միմյանց հոգևոր սիրով, որպեսզի կարողանանք արդարանալ Աստծո մոտահաս դատաստանի օրը [...] : Ճգնենք, մեկս մյուսի բեռները կրենք, ինչպես Քրիստոսն Իր մարմնի մեջ կրեց մեր տկարությունները, առանց ետ նահանջելու»[4]:
Պակոմի հայացքը չէր սահմանափակվում միայն վանական քոյնոնիայով, այլ՝ տարածվում էր նաև Եկեղեցու և մարդկության վրա. տարաձայնություններով հերձված և կոստանդինյան անկյալ վիճակի քրիստոնեության մեջ Աստծո ժողովրդի կյանքը նկատելով, Պակոմը ստիպված էր պախարակել Եկեղեցիների վիճակը. «Լի են կռվազան ու զայրացկոտ մարդկանցով. [...] ուր չկա մեկը, որ ապրի մերձավորի ծառայության համար, այլ ընդհակառակն` ճնշում են իրենց եղբայրներին. [...] չկա մեկը, որ ընդունակ լինի մյուսներին համոզելու, որովհետև ամենուր տիրում է կարծրասրտությունը և ամեն ոք տերն է իր անձի»[5]:
Հիշարժան է, որ Վերին Եգիպտոսում տիրած երաշտի օրերին Պակոմը, տեսնելով, թե ինչպես է ժողովուրդը մահանում սովից, բազմապատկում է իր ծոմապահության օրերը, եղբայրներին սրտով մոտիկ լինելու համար. «Երաշտի ողջ ընթացքում տրտում էր և իրեն ենթարկում էր ծոմապահության ու աղոթքների, քաջ հասկանալով Առաքյալի խոսքերը. “Եթե անդամներից մեկը տառապում է, բոլոր անդամները տառապում են նրա հետ” (1Կր 12, 26) »[6]:
Դարձի գալուց հետո, Պակոմի ամբողջ կյանքի շարժիչը եղավ սերը, քրիստոնեական օրենքի լիությունն ապրելու կամքը, և իր այս կոչումը գործադրեց վանական հասարակության ներսում, բոլոր մարդկանց հետ հոգևոր հաղորդակցությամբ ու համերաշխությամբ:
[1] Iud., Prologo.
[2] Bo 48 Lefort, 114, 26-32; 115, 1-23.
[3] Pac. Cat., 1, 37. 44.
[4] Pac. Lett., 5, 10-11.
[5] Pac. Cat., 1, 60.
[6] Bo 100 Lefort, 169, 3-6; Am 486s.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։