2. Հոգևոր հայրությունը անապատում – Գրադարան – Mashtoz.org

2. Հոգևոր հայրությունը անապատում

Անապատի Հայրեր
 
Եթե կամենում ենք ամբողջովին ըմբռնել «Անապատի Հայրեր» տիտղոսի նշանակությունը, պետք է խուսափենք այն վերագրել 4րդ և 5րդ դարի բոլոր եգիպտացի միայնակյացներին: Նրանց մեջ բոլոր չէին «Հայրեր»: Պալլադիոսի «Լաուսոսյան Պատմություն» («Historia Lausiaca») կոչվող պատմագիրքը հստակ զանազանություն է դնում Հայրերի և եղբայրների միջև: Այսպես է, որ Նիտրիայում Ամոնը նկատված էր որպես Անապատի Հայրերից մեկը, իբրև «անապատում եղող եղբայրների» անհամեմատելի մխիթարող[1]: Բոլորը չէ, նախևառաջ, որ անապատ էին գալիս ունենալով Անտոնի, Ամոնի կամ Մակարի կատարելությունը: Ոմանք իրենց ուսերին էին կրում մի ալեկոծ անցյալ, ինչպես Մովսեսը, որ հայտնի էր իր նախկին ավազակություններով, թալաններով ու սպանություններով: Բոլորը չէ, նաև, որ առաջադիմում էին միևնույն արագությամբ. բնական էր, որ նրանք, ովքեր սակավ առաջադիմություններ էին գրանցել առաքինության ասպարեզում, օգնություն և առաջնորդություն ստանային նրանց կողմից, ովքեր առավել փորձառու էին: Ծննդյան թվականով հաշված տարիքը կամ վանքում անցկացված տարիները ոչինչ չէին նշանակում: Միակ բանը, որ կարևորություն ուներ, այն է, որ Աստծո Հոգու ներկայությունը առավել բացահայտ լիներ նրա մեջ, ով այդպիսով ընդունակ էր երևում խոսելու Տիրոջ անունից: Հերոնիմոսն ասում է «Մակարի, Պամբոյի և Իզիդորոսի մասին, որ կոչվում էին Հայրեր, որովհետև Սուրբ Հոգին խոսում էր նրանց միջոցով»[2]: Աբբա Մովսեսը տեսնում է աղավնու կերպարանքով Սուրբ Հոգուն իր աշակերտ Զաքարիայի գլխավերևում և այդ պահից ի վեր սկսում է խորհուրդներ խնդրել նրանից[3]: Բայց անհրաժեշտ չէր, որ Հոգին հայտնվեր հրաշալի կերպով. բավական էր, որ Իր ծածուկ ներկայությունը հայտնվեր «խոսքի պարգևաշնորհի» միջոցով[4] և ստանար արտասանված խոսքի համաձայն ապրված կյանքի վկայությունը: Անապատի միայնակյացներից մեկը տեսնում է իրեն շրջապատված աշակերտներով, որոնց համար դառնում է Հայր, ավանդելով նրանց պարզապես այն, ինչը որ ինքն ապրում է ամբողջ լիությամբ. Աստծո խոսքը:
 
Մի հատուկ հայրություն
 
4րդ դարից առաջ, Եկեղեցու ներսում միայն եպիսկոպոսներն էին ճանաչվում հայրեր: Նրանք պաշտոնապես այդպիսիք էին իրենց ստացած ձեռնադրության զորությամբ և որքանով որ աստվածային կյանքն ավանդում էին քարոզչությամբ և խորհուրդների մատակարարությամբ[5]: Հավատացյալների հասարակությունից հեռանալով, սակայն, անապատի առաջին միայնակյացները խզում են այն տեսանելի կապերը, որոնք իրենց միացնում էին իրենց հովիվներին: Ապրում են այլևս միայնակ, Աստծո հետ ուղղակի հաղորդակցությամբ, բայց զրկված, առնվազն սկզբնական շրջանում, մարդկայնորեն ավանդված աստվածային խոսքից և խորհուրդներից: Ովքեր, ինչպես Անտոնը, «աստվածուսույց»[6] են, այսինքն` Տիրոջ իսկ կողմից կրթված ու առաջնորդված, չեն զգում այդ զրկանքը: Բայց ուրիշ բազումներ շա՜տ շուտով զգում են օգնություն ստանալու, հենարան ունենալու, խորհուրդներ ընդունելու և առաջնորդվելու կարիքը ինչ որ մեկի կողմից, ով իրենցից ավելի տոկուն է և ավելի իմաստուն: Այսպիսով, ուսուցչի ու աշակերտի միջև առաջանում են նոր հարաբերություններ, որոնք ստանում են որդիական նկարագիր, և անապատում հայտնված այս հայրությունը սկզբից ևեթ ներկայանում է յուրահատուկ դիմագծերով, որոնք հետևանքն էին անապատի կյանքին պատշաճ պայմանների: Եպիսկոպոսների հայրությունն ուներ նվիրապետական ու պաշտոնական նկարագիր. գոյություն ուներ և կիրարկվում էր հատկապես հավաքական ձևով, հավատացյալների ամբողջ խմբի վրա: Անապատում, հոգևոր հայրությունը հետևանքն է միայնակյացներից մեկի նախաձեռնության, որն ուրիշ մեկին խնդրում է անձամբ առաջնորդել իրեն փրկության ճանապարհներում: «Ամեն ոք կամենում էր իր համար հայր ունենալ նրան», ասված է Անտոնի մասին[7]: Լքելով ամեն բան և ոչինչ չփափաքելով, սեփական հոգու փրկությունից բացի, նա, ով անապատ հասնելով՝ ասում էր ծերերից մեկին. «Աբբա, մի խոսք ասա ինձ. ինչպե՞ս կարող եմ փրկվել», անմնացորդ կերպով հանձնվում էր Աստծո ծառայի ձեռքերին, որից սպասում էր ամեն ինչ. հանձնվում էր` ինչպես մանուկն է վարվում իր Հոր հետ: Ահա՛ թե ինչո՛ւ էր անվանում նրան «Աբբա»:
 
Աբբա
 
Մեր ունեցած փաստաթղթերի միասնական քննումը մղում է մեզ համոզվելու, որ Եգիպտոսի անապատներում է, որ առաջին անգամ լինելով հայտնվել է «Աբբա» անվանելու սովորությունը այն վանականին, ով ընդունակ էր ճանաչվում` լինելու իր եղբայրների հոգևոր հայրը: Մի օր Անտոնը կայսեր կողմից հրավեր է ստանում գնալու Կոստանդնուպոլիս: Քանի որ չէր կարողանում որոշում կայացնել, թե ի՛նչ պետք է աներ, հարցնում է Պողոսին, իր աշակերտներից մեկին. «Պե՞տք է գնամ»: Պողոսը պատասխանում է. «Եթե գնաս, անունդ Անտոն է, իսկ եթե չգնաս` Աբբա՛ Անտոն է»[8]: Այս Պողոսը թերևս առաջիններից մեկն է, որ սկսել է Անտոնին անվանել «Աբբա»: Նրա կոչումը պատմված է «Լաուսոսյան» պատմագրքում: Անտոնը նրան փորձի է ենթարկում` չորս օր թողնելով դռան առաջ, քաղցած: Հինգերորդ օրվա երեկոյան առաջարկում է. «Ուզո՞ւմ ես մի կտոր հաց ուտենք»: Պողոսը պատասխանում է. «Ինչպես որ ուզում ես, Աբբա»[9]: Քանի որ Անտոնը տրամադիր է կերակրելու Պողոսին, նշանակում է, որ ընդունում է նրան որպես աշակերտ, և Պողոսը կարող է անվանել նրան «Աբբա»:
Իրավացիորեն կարող ենք զարմանալ` թե ինչու են ղպտի միայնակյացները սեմական մի բառ ընտրել` իրենց ծերերին անվանելու համար: Սովորաբար, երբ ղպտիներն օտար բառ էին մտցնում իրենց բառապաշարից ներս, դա անում էին` ինչ որ մի նոր իրականություն արտահայտելու համար, որը հատուկ եզր չունէր իրենց լեզվում: Արդ, խոսքը վերաբերվում էր հենց – ինչպես քիչ առաջ ասացինք – անապատում կիրարկված հոգևոր հայրությանը, և «Աբբա» բառը, Նոր Կտակարանից փոխ առնված, ընդգծում է հոգևոր Հոր հետ աշակերտի անձնական հարաբերության նկարագիրը և միաժամանակ նրա էական կապակցությունը Երրորդություն-Աստծո հետ: Նոր Կտակարանում խոսքը վերաբերվում է կոչական և ստացական եզրի. «Հայր իմ», ուղղված` Ամենասուրբ Երրորդության առաջին անձին, լինի Հիսուսի կողմից (հմմտ. Մրկ 14, 36), լինի Որդու Հոգու կողմից` հավատացյալի սրտում (հմմտ. Գղտ 4, 6; Հռմ 8, 15): Իր ծերին դիմելու համար այս եզրը որդեգրելով՝ վանականը չէր կարող անգիտանալ, ո՛չ էլ մոռանալ այն ճշգրիտ և իմաստալի նշանակությունը, որ այս եզրը ունի Նոր Կտակարանում: Վանականն այսպիսով պահանջում էր մի անձնական, սերտ և խորին կապ նրա հետ, ում տալիս էր այդ տիտղոսը, և անմնացորդ հավատքի, ինքնահանձնման և ենթարկումի զգացումներով` դավանում էր, որ այդ «Աբբա» ճանաչված միայնակյացի միջոցով էր իրեն հասնում միակ Հայրը, ընդմեջ Քրիստոսի, Սուրբ Հոգու շնորհիվ: Պողոսի «ինչպես որ ուզում ես, Աբբա» խոսքերը, ուղղված` Անտոնին, արդյոք չէի՞ն կարող մոտեցվել Գեթսեմանիում Հիսուսի կողմից արտասանված խոսքին. «Աբբա, ... ինչպես դու ես կամենում»:
 
Խոսք և կյանք
 
«Աբբա, մի խոսք ասա ինձ ... »: Աբբան նախևառաջ հանդես է գալիս որպես խոսքի մարդը, Աստծո բանբերը: Այս խոսքը՝ կյանքի խոսքը տալով է, որ անապատի առաջին միայնակյացները դարձել են հայրեր, արժանացել և արդարացրել են իրենց «Աբբա» տիտղոսը: Այն եղբայրներին, որոնք զարմացել էին փաստի առաջ, որ Պիմենի կողմից այս տիտղոսը տրվում էր Ագաթոնին, ով տակավին երիտասարդ վանական էր, ծերը պատասխանում է. «Իր բերանն արժանացավ Աբբա կոչվելու»[10]: Խոսքի պարգևաշնորհն է, որ բացահայտում է հոգևոր Հորը, և սովորաբար խոսքի միջոցով է, որ կիրարկվում է այս հոգևոր հայրությունը: Բայց խոսքը միմիայն միջոցն է, գործիքը, անդամը, ջրանցքը, որով ավանդվում է կյանքը: Հայրությունը էապես կայանում է կյանքի այս ավանդման և այն հաղորդակցության մեջ, որ առաջինի հետևանքով առաջանում է երկու անձերի միջև. նա, ով տալիս է կյանքը, և նա, ով ընդունում է: Գերբնական կարգում, խոսքը այն սերմն է, որի միջոցով մարդկանց ավանդվում է Աստծո կյանքը, Քրիստոսի` Միածին Որդու կյանքը, Հոգու կյանքը: Խոսքը, հետևաբար, կարևոր իրականություն է. մարդկային խոսքերը, երբ ներշնչված և կերպարանավորված են Հոգու կողմից, դառնում են իրենց մեջ կյանք կրողներ: Բայց խոսքերը միակ միջոցը չեն, որով Աստծո ծառաները կիրարկում են իրենց հոգևոր հայրությունը: Միայնակյացը հայր է իր ողջ էությամբ և իր ամբողջ վարքով ու գործունեությամբ, այն աստիճան, որ կարող է նաև չխոսել, կամ այլևս երբեք չխոսել: Խոսելուց շատ ավելի առաջ, իր լռությամբ` նա հայր է, և հայր է մնում նաև խոսելուց հետո:
Ապոֆտեգմաներից շատ շատերը կարող էինք մեջբերել, որոնցում երևում է Անապատի Հայրերի այս ճառագայթումը, անկախ նրանց խոսքերից և այն ամենից ինչից, որ ասում են: Աբբա Պիմենն ասում էր Աբբա Նիսթերոնի մասին. «Ինչպես պղնձյա օձը, որ Մովսեսը շինեց ժողովրդին բժշկելու համար, այդպիսին էր ծերը. ուներ բոլոր առաքինությունները և լռությամբ բոլորին բժշկում էր»[11]: Բայց հատկապես Անտոնն էր արտասովոր ազդեցություն գործում իրեն մոտեցողների վրա: «Նրան պարզապես տեսնելով արդեն», վկայում է իր կենսագիրը, «մարդիկ օգտվում էին այն զորությունից, որ նրանից բխում էր ինչպես Քրիստոսից»[12]: Եվ ապոֆտեգմաներից մեկը հաստատում է Վարքի այս վկայությունը: «Երեք հայրեր սովորությունն ունեին ամեն տարի այցելել երանելի Անտոնին: Նրանցից երկուսը հարցեր էին տալիս մտքերի և հոգու փրկության մասին: Երրորդը, մինչդեռ, շարունակ լռում էր և ոչինչ չէր հարցնում: Երկար ժամանակ անց, հայր Անտոնն ասում է. “Բավական ժամանակ է արդեն, որ գալիս ես այստեղ և ոչինչ չես հարցնում”: Պատասխանում է. “Իմ համար, հայր, բավական է քեզ տեսնելը”»[13]: Նա է, թերևս, ծերունու ամենաիրական աշակերտը և որդին:
Ապոֆտեգմաներն ընթերցելիս երբեմն ստանում ես այն տպավորությունը, թե հարցերը ներկայացնողի համար այնքան էլ կարևոր չէին արտասանված խոսքերի դասավորումը և նշանակությունը, այլ՝ միակ նպատակը Աբբային մերձենալն էր, նրա հետ հաղորդակցության մեջ մտնելը, նրա կողմից տեսնված և ճանաչված լինելը. արդեն ամեն ոք գիտեր, որ Աբբան առանց իր խոսքերը լսելու` ճանաչում է իրեն: Ահա՛ սա էր համարվում էականը:
Երբ հաստատվում էր մի կապ, աշակերտը վստահ էր, որ տեղ ուներ Աբբայի սրտում և աղոթքի մեջ, վստահ էր, որ փրկվում է նրա միջոցով, այսինքն` բժշկվում է անցյալի վերքերից և վերապահվում է ապագա վտանգներից: Հավատքով խնդրված և ընդունված խոսքը հատուկ կերպով ուներ այսօրինակ հարաբերության նշանն ու գրավականը լինելու արժեքը: Պահպանել խոսքը` աշակերտի համար նշանակում էր մշակել այդ հաղորդակցությունը, մնալ և միշտ ավելի ու ավելի դառնալ Աբբայի որդին: Խոսքի միջոցով` որդին մասնակցում էր Հոր կյանքին: Հաճախ հոգևոր այս հարաբերությունը կայանում էր ծերունու հետ կյանքի ճիշտ այս հաղորդակցության մեջ. այդպիսի դեպքում, նախևառաջ, խոսքն այլևս կարևոր չէր: Ոմանք հանդիմանում էին Աբբա Թեոդորոսին, որովհետև պատվերներ չէր տալիս Իսահակին, որն իր աշակերտն էր: Պատասխանում էր. «Մի՞թե ինչ որ մի վանքի մեծավորն եմ, որպեսզի հրամաններ տամ: Մինչև օրս ոչինչ չասացի նրան, բայց եթե կամենում է, ինքը ևս կարող է անել այն, ինչ տեսնում է, որ ես անում եմ»[14]: Ահա՛ այսպես է, որ ծերը կազմավորում էր իր աշակերտին, որպեսզի վերջինը նույնպես լռության մեջ միայնակ ապրեր Աստծո հետ: Կարող էր ավելացնել Աբբա Պամբոյի հետ. «Եթե օգուտ չի քաղում լռությունիցս, օգուտ չի քաղի նաև խոսքերիցս»[15]:
 
Հայրերի խոսքերի կենդանի ավանդությունը
 
Բարեբախտաբար, սակայն, Հայրերը խոսել են, և նրանց խոսքերի մի մասն ավանդվել է հետագա սերունդներին, այդպիսով դարերի երկայնքին հարատև դարձնելով այն ճառագայթումը, որ ունեցել էին իրենց կյանքի ընթացքում: Իրավացիորեն են կոչվում «Հայրերի խոսքեր», որովհետև բխում են հայրերից որպես այդպիսիք, նրանց հայրության կիրարկման մեջ իսկ: Օդի մեջ փչված խոսքեր չեն, ո՛չ էլ՝ հոգևոր մի հեղինակի կողմից գրված քիչ թե շատ բարեպաշտ նախադասություններ: Խոսքեր են կյանքից բխված և կյանքի մեջ գամված, որոնց նպատակն է պատասխանել կենսական մի հարցի, մի անհապաղ, կարևոր խնդրանքի: Թեև ապոֆտեգմաներից շատերը – այն վիճակում, որով հասել են մեզ – հետքեր չեն պահպանել իրենց առաջացման ճշգրիտ պարագաների վերաբերյալ, նրանց միասնությունը, որ հասել է մեզ, համենայն դեպս իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որ վկայում է ի նպաստ եգիպտացի առաջին միայնակյացների հայրական գործունեության: Ինչպես նաև հարկավոր է նշել, որ այս խոսքերի բանավոր ավանդումը քիչ թե շատ տեղի է ունեցել հոգևոր առաջնորդության միևնույն մթնոլորտում, այսինքն` երբ որդիները, իրենք ևս հայրեր դառնալով, իրենց հերթին ավանդում էին իրենց աշակերտներին այն ամենը, ինչ ստացել էին: Նաև հետագայում, երբ գրավոր կերպարանք ստացան, ապոֆտեգմաները շարունակեցին տարածվել վանական կենդանի ավանդության ներսում: 6րդ դարում, Պաղեստինում, հայր Սաբան, Սկիտոպոլսից անցնելիս այցելում է մի ընտանիքի և օրհնում է նրանց ամենափոքր որդուն` կանխասելով նրա վանական կոչումը. «Այս պահից», ասում է, «այս մանուկն իմ աշակերտն է և որդին է Անապատի Հայրերի»[16]: Դեպքը պատմված է հայր Սաբայի վանքում վանական դարձած մանկան կողմից (Կյուրեղ Սկիտոպոլսեցի), որը միաժամանակ հայր Սաբայի կենսագիրն է: Հայրերի ապոֆտեգմաները նրան շատ հոգեհարազատ են և նա գիտակից է, որ որդիական պատկանելությամբ մաս է կազմում Եգիպտոսի մեծ միայնակյացների փառահեղ սերնդին[17]:
5րդ դարի ավարտին արդեն, Պաղեստինում շրջում էր այբբենական կարգով դասավորված խոսքերի ու արարքների մի ժողովածու, որի պատմություններն անուն առ անուն վերագրված էին ամենահռչակավոր ծերերին[18]: Այդ ժողովածուն նման էր մեծ նախահայրերի կենդանի դիմանկարները հավաքող մի պատկերասրահի, ուր վանականներն այլևս կարող էին սերնդե սերունդ վերագտնել ընտանի դեմքերը բոլոր նրանց, որոնց ընդմիշտ համարելու էին իրենց բոլորի Հայրերը: Բարսանուֆի և Հովհաննեսի` Գազայի հռչակավոր փակարանային միայնակյացների նամականին, որ պատկանում է 6րդ դարին, տալիս է մեզ հատուկ կերպով իմաստալի մի վկայություն, թե ինչպիսի՛ տեղ էին գրավում Անապատի Հայրերը, իրենց ապոֆտեգմաներով, այդ դարաշրջանի պաղեստինյան վանականների կյանքում: Եվ ո՛չ միայն վանականների. Նամակներում, իրոք, հանդիպում ենք բազմաթիվ աշխարհականների, որոնք փոխադարձաբար հոգևոր օգնություն էին մատուցում միմյանց` գործածելով Հայրերի Խոսքերը[19]: Վանականներ և աշխարհականներ ծամում էին ապոֆտեգմաները` ինչպես Աստվածաշնչի խոսքերը, դրանց մեջ գտնելով իրենց հաճելի մի սնունդ, որն հարմարվում էր, ինչպես մանանան, յուրաքանչյուրի ճաշակին: Ինչո՞ւ զարմանալ, ուրեմն, եթե նրանց համար նույնպես` Անապատի Հայրերն իսկապես ճշմարիտ Հայրեր էին: Սա չէր խանգարում անձնական հոգևոր հայրեր ունենալուն, ընդհակառակն` ապոֆտեգմաներն անդադար հիշեցնում էին հոգևոր առաջնորդության օգտակարությունը և Անապատի Հայրերի խոսքերի լույսի ներքո է, որ այդ վանականները հարցեր էին ուղղում Գազայի իրենց ծերերին և որ վերջիններս պատասխանում էին նրանց: Մեջբերումների շտեմարան լինելուց ավելի, Վարք Հարանցը ներկայանում էր որպես ընտանեկան մթնոլորտը, այն միջավայրը, ուր նրանք ապրում էին: Այս իրականությունը հասկանալու համար հարկավոր է որոշ ժամանակով բնակվել Սուրբ Մակարի ղպտի վանքում, ուր ամեն օր սեղանատանն ընթերցվում են Հայրերի խոսքերը և ուր ամեն երեկո, Քողարկման Ժամերգության ավարտին, – որն համապատասխանում է մեր Խաղաղական կամ Հանգստյան Ժամերգություններին, – վանահայրը բոլոր վանականների վրա հայցում է Հայրերի պաշտպանությունը, որոնց հիշում է անուն առ անուն, մի երկար, տպավորիչ աղոթքով[20]:
Բենեդիկտոսի Կանոնների շնորհիվ` արևմտյան վանականությունը նույնպես ժառանգել է կյանքի այս նույն հունը, որ բխում է Անապատի Հայրերից և դարերի ընթացքում հարատև է պահում նրանց ներկայությունը: Անվանելով նրանց «մեր Հայրերը»[21] և պատվիրելով ամեն երեկո, Խաղաղական Ժամերգության ավարտին, ընթերցել նրանց ապոֆտեգմաները, որոնց տալիս է Վարք Հարանց անունը[22], Բենեդիկտոսը խրախուսում է իր աշակերտներին, որպեսզի իրենք ևս համարեն իրենց որդիները Անապատի Հայրերի և միշտ հաճախեն նրանց դպրոցը: Մի՞թե նրանցից չէ, որ Բենեդիկտոսը վերցնում է «Աբբա» տիտղոսը – որով անվանվում են բենեդիկտյան վանքերի մեծավորները – և այն կարևորությունը, որ տալիս է վերջինների հոգևոր հայրությանը[23]:
[1] Hist. Laus., 11. 4.
[2] Նամակ 22, ուղղված` Եվստոքիոսին, 33, PL XXII, 418.
[3] Զաքարիա 2-3.
[4] Պիմեն 108.
[5] Հմմտ. I. Hausherr, Direction spirituelle en Orient autrefois, Roma 1955, pp. 25-28.
[6] Vita Ant., 66.
[7] Vita Ant., 81.
[8] Անտոն 31.
[9] Hist. Laus., 22. 6.
[10] Պիմեն 61.
[11] Նիսթերոն Վանական 1.
[12] Vita Ant., 67.
[13] Անտոն 27.
[14] Իսահակ Քելիացի 2.
[15] Թեոփիլոս 2.
[16] Սաբայի կյանքը, 75; A.J. Festugière, Les moines d’Orient, III/2, p. 110.
[17] Հմմտ. B. Flusin, Miracle et histoire dans l’oeuvre de Cyrille de Scythopolis, Paris 1983, pp. 54-60.
[18] Հմմտ. L. Regnault, “Les Apophtegmes en Pales-tine”, Irénikon (1981), pp. 320-330.
[19] Բարսանուֆ 469, 584, 689, 708.
[20] Ղպտի վանականության ներկայիս վերանորոգման և Անապատի Հայրերի հետ նրա կապի վերաբերյալ՝ տե՛ս Սբ. Մակարի վանքի ներկայիս հոգևոր Հոր երկու հատորները. Matta el Mes-kin, Comunione nell’amore, Bose 1986; Idem, Consigli per la preghiera, Bose 1989.
[21] RB 18; 48.
[22] RB 42; 73.
[23] Անապատի Հայրերի ապոֆտեգմաներից Բենեդիկտոսի կանոնների կախվածության վերաբերյալ՝ տե՛ս սույն հատորի համապատասխան գլուխները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։