Խաչը և Հարությունը – Գրադարան – Mashtoz.org

Խաչը և Հարությունը

Անապատը կա՛մ զատկական է, կա՛մ էլ դառնում է դժոխք: Հարության պտուղը հասունանում է կյանքի ծառի վրա. Խաչը: Վերջերս, Եգիպտոսի վանական կենտրոններում (Նիտրիա, Քելլիա, Սաքքարա) կատարված պեղումների ժամանակ, հնէաբանները հայտնաբերեցին խցերի մեծամասնության արևելյան պատին գծագրված խաչեր. կյանքի ծառը: Ամմա Սինքլետիկան ուսուցանում է. «Որպես չքմեղանք մի՛ ներկայացրու փաստը, թե չափազանց ծոմապահությունների պատճառով հիվանդացել ես, որովհետև նաև նրանք, ովքեր չեն ծոմապահում, ընկնում են միևնույն հիվանդությունների գիրկը: Ինչ որ մի բարի գործ սկսեցի՞ր: Մի՛ ընդհատիր, եթե թշնամին ցանկանում է մոլորեցնել քեզ, որովհետև նա հաղթվում է համբերությանդ շնորհիվ: Նրանք, ովքեր սկսում են նավարկել, նախ հանդիպում են նպաստավոր քամիների, բայց առագաստները պարզելուց հետո` ենթարկվում են նաև ընդդիմադիր հողմերի: Երբ վերջիններս վրա են հասնում, նավավարներն իսկույն չեն դատարկում նավը, այլ՝ կա՛մ որոշ ժամանակով կանգ են առնում, կա՛մ էլ պայքարում են ալիքների դեմ, որից հետո շարունակում են նավարկությունը: Այսպիսին է նաև մեր պարագան. եթե հակառակ հողմերը հասնելիս պարզում ենք խաչի առագաստը, անվախ կարող ենք ավարտին հասցնել նավարկությունը»[1]:
Այս նյութի վերաբերյալ ամենահամոզիչ վկայություններից մեկը գտնվում է Մակար Մեծին նվիրված ղպտի մի ժողովածուի մեջ, որ կոչվում է Սուրբ Մակարի Առաքինությունները: Հոգևոր հայրության պարգևաշնորհը ստանալու պատմությունը ներկայացնում է, թե ինչպե՛ս է Մակարը խորհրդավոր կերպով խաչվում մի քերովբեի ձեռքով, դառնալով Քրիստոսի պատկերը, որպեսզի Սկիտեի չոր ու ամայի երկրի անեծքը վերածվեր դրախտի և երկնային Երուսաղեմի: «Աբբա Մակարի մասին պատմվում է հետևյալը: Երբ նա մեծ առաջադիմություններ ունեցավ առաքինության գործում և մեծ համբերությամբ ապրում էր Աստծո շարունակական փառաբանության մեջ, փառքի Տերը (1Կր 2, 8) նրա մոտ առաքեց մի քերովբեի: Հրեշտակը առաջնորդեց նրան դեպի այս լեռը[2]: Ձեռքը դրեց նրա կրծքին (հմմտ. Եզկ 1, 8), կարծես ուզում էր չափել այն: Աբբա Մակարը հարցրեց. “Ի՞նչ է սա նշանակում”: Քերովբեն պատասխանեց. “Կշռում եմ սիրտդ”: Աբբա Մակարը հարցրեց. “Ո՞րն է այս խոսքի իմաստը”: Քերովբեն նրան պատասխանեց. “Քրիստոսի կողմից քեզ որպես ժառանգություն պարգևված այս լեռը կրելու է սրտիդ անունը: Բայց Նա սրա փոխարեն պահանջելու է քեզնից պտուղները”: Աբբա Մակարը հարցրեց. “Որո՞նք են այդ պտուղները”: Քերովբեն պատասխանեց. “Հոգու պտուղները, այսինքն` պատվիրաններն ու առաքինությունները (հմմտ. Գղտ 5, 22): Քրիստոսը՝ մեր Աստվածը, քեզ աստված է դարձնելու երկրի վրա (հմմտ. Ելց 4, 16) մի բազմանդամ ժողովրդի համար: Ովքեր կլսեն, կպահպանեն ու կգործադրեն պատվիրաններդ, Քրիստոս Թագավորի գալստյան օրը դափնեպսակ ու արքայական թագ կլինեն գլխիդ վրա”: Այս խոսքերն ասելուց հետո՝ քերովբեն նրան գետնին խաչեց, ասելով. “Դու կխաչես քեզ Քրիստոսի հետ և Նրա հետ միասին` խաչի վրա կճոխանաս առաքինություններով ու դրանց բուրմունքով: Գործերդ կտարածվեն երկրի չորս ծագերով մեկ և մեղքի ցեխի մեջ թաղված մի մեծ բազմություն ոտքի կկանգնեցնեն: Եվ ոտքի կանգնածները մարտիկներ ու զինվորներ կդառնան Քրիստոսի զորքի շարքերում”: Աբբա Մակարը խստությամբ էր վարվում իր մարմնի նկատմամբ (հմմտ. 1Կր 9, 27) և եռանդով կատարում էր այն ամենը, ինչ որ պատվիրել էր իրեն քերովբեն»[3]:
Այս պատմությունը կարիքն ունի երկար բացատրությունների: Բավարարվենք միայն հիշելով, որ վանականի զատիկը հասցնում է Հոգու պտուղներին (հմմտ. Գղտ 5, 22): Համբերության առաքինությամբ՝ վանականը մասնակցում է Քրիստոսի չարչարանքներին և նմանվում է մարտիրոսներին: Իսկապես, սեփական կյանքը հանուն սիրո պարգևելը հավասար է Հոր կատարյալ փառավորմանը, Հիսուսի նմանությամբ, որպեսզի բոլորն ի մի հավաքվեն այս սիրո գրկում: Այսպիսով, մեր ամենամեծ Հայրերը միշտ ճանաչել են այն անհրաժեշտ կապը, որ գոյություն ունի միակ Աստծո` Հիսուս Քրիստոսի Հոր և Եկեղեցու միջև: «Ովքեր բաժանում են Քրիստոսի Եկեղեցին, հեռու են մաքուր աղոթքից»[4]:
[1] Սինքլետիկա 9.
[2] «Լեռ»ը ղպտերենում հոմանիշ է «անապատ»ի հետ: Այստեղ խոսվում է այն վայրի մասին, ուր ներկայիս գտնվում է «Սուրբ Մակար» վանքը, Սկիտեի անապատում:
[3] A. Amélineau, “Virtù di S. Macario”, Annales du Musée Guimet 25 (1894), pp. 118-119.
[4] Եվագրիոս, Նամակ 52.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։