Ալֆրեդ Ռոզենբերգ. Եկեղեցուն զրպարտող նացիստը – Գրադարան – Mashtoz.org

Ալֆրեդ Ռոզենբերգ. Եկեղեցուն զրպարտող նացիստը

Պատերազմի ավարտից տարիներ անց, նացիզմի վերաբերյալ հարցվելով, բազմաթիվ գերմանացիներ պատասխանում էին. «Եթե կարդացած լինեինք Հիտլերի գիրքը՝ “Իմ պայքարը”, ''Mein Kampf''ը ... »: Իրոք, զառանցանքներով, անհեթեթություններով, մոլություններով ու մտասևեռումներով լի այդ տեքստը այնքան էլ ճանաչված չէր, երբ Ադոլֆ Հիտլերը անցավ իշխանության գլուխ: Նրա հրատարակչական հաջողությունները սկսվեցին հաջորդ տարիներին, գործի դնելով պետական բռնի լծակները:
Նույն բանը տեղի ունեցավ նացիստական ևս մի գրչակի՝ Ալֆրեդ Ռոզենբերգի հետ, որը Բալթիկ ծովի էստոնական ափին գտնվող Ռեվալ ավանում 1893 թվականի Հունվարի 12ին ծնված գերմանացի էր, ցարական Ռուսաստանի քաղաքացի, նացիոնալ-սոցիալիզմի երկրորդ կարևորագույն տեքստի՝«Քսաներորդ դարի առասպելը» («Der Mythus des 20. Jahrhunderts») գրքի հեղինակը:
Ռոզենբերգը բավականին ակտիվ քսանմեկամյա երիտասարդ էր, երբ 1918 թվականի Դեկտեմբերին աշխատանքի ընդունվեց Հիտլերի առաջին ուսուցիչներից մեկի՝ Դիտրիխ Էկքարտի մոտ, որի կողմից ֆինանսավորվում էին մի քանի “գաղտնի”կազմակերպություններ, ինչպիսիք էին Բեռլինի Ֆիխթե Ակումբը և Մյունխենի Թուլե Ընկերությունը, ինչպես նաև նացիստական առաջին օրաթերթը:
«Հիտլերի գրադարանը» հետաքրքրական վերլուծության հեղինակ Թիմըթի Ու. Ռայբեքի համաձայն, Էկքարտն է նա, ով իսկապես ռասիստական գաղափարներ է ներշնչել և՛ ապագա բռնապետին, և՛ նրա հավատարիմ ընկերոջը՝ Ռոզենբերգին:
Վերհիշելով Հիտլերի հետ ունեցած իր զրույցները, – մի դրամայում, որի վերնագիրն է «Բոլշևիզմը Մովսեսից մինչև Լենին. զրույց Հիտլերի և իմ միջև», – Էկքարտը մեջբերում է իր մտերիմ Ադոլֆի լուտանքները ինդուլգենցիաների, Խաչակրաց Արշավանքների և ընդհանրապես Կաթողիկե Եկեղեցու դեմ. «Այս թավալվելը աղբի մեջ, այս ատելությունը, այս չարությունը, այս գոռոզությունը, այս կեղծավորությունը, այս թշվառությունը, այս դրդումը խաբեության ու մարդասպանության, [...] և սա կրո՞ն է: Ուրեմն երբեք որևէ մեկն ավելի կրոնական չի եղել, քան դևերը: Հրեական էությունն է, հրեական նկարագիրն է, և վերջ»[1]:
Եվ տակավին. «Մարդկությանը երբևէ հասցված վատթարագույն հարվածը քրիստոնեությունն է: Բոլշևիկությունը քրիստոնեության ապօրինի զավակն է: Երկուսն էլ հրեականության հետևանքներն են: Քրիստոնեության միջոցով աշխարհը կրոնական հարցերում լցվել է գիտակցված կեղծիքով»[2]:
Էկքարտը, Հիտլերը և Ռոզենբերգը նացիոնալ-սոցիալիզմի հիմքում ընկած երեք կարծեցյալ ու ինքնահռչակ մտավորականներն են. նրանց ճառախոսություններում, որոնք սոսկ զառանցանքներ են, այլ ո՛չ թե՝ գիտական մտքի արտահայտություններ, հրեականությունն ու Քրիստոնեությունը կորցնում են իրենց տարբերությունները և խառնվում ու շփոթվում են միմյանց, այն աստիճան, որ մինչև իսկ նույնացվում են: Նրանց պնդմամբ, ի՛նչ չարիք որ կա հրեականությունում, կա նաև Քրիստոնեությունում, և հակառակը: Երեքն էլ մտասևեռուն կերպով կենտրոնացել էին Քսաներորդ դարասկզբի գլխավոր իրադարձության վրա. բոլշևիկյան հեղափոխությունը, որը, Համաշխարհային Առաջին Պատերազմի հետ միասին, իրական նախադեպը և հեռավոր պատճառը հանդիսացավ ֆաշիզմի ու նացիզմի առաջացման համար:
Ռոզենբերգը մինչև իսկ ականատես վկան է եղել բոլշևիկյան հեղափոխության առաջին ամիսների իրադարձություններին, քանի որ 1917 թվականին գտնվել է Մոսկվայում: 1918 թվականին է, որ որոշել է տեղափոխվել իր ցեղի “ավետյաց երկիրը”. Գերմանիա:
1921 թվականին դառնալով նացիստական առաջին օրաթերթի՝«Ցեղային Դիտարանի» («Völkischer Beobachter») խմբագիրը, Ռոզենբերգը ստանում է նաև կուսակցությունը ղեկավարելու պաշտոնը, քանի դեռ Հիտլերը գտնվում էր բանտում, Մյունխենում պետական իշխանափոխության ձախողված փորձից հետո, 1923-1924 թվականներին:
1930 թվականին, ինչպես արդեն ասացինք, Ռոզենբերգը հրապարակեց իր ամենակարևոր գիրքը՝«Քսաներորդ դարի առասպելը», որը տարիների ընթացքում դառնալու էր նացիզմի ամենատարածված տեքստերից մեկը, Հիտլերի «Իմ պայքարը» գրքից հետո: Մինչև Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ավարտը վաճառվել էր ավելի քան 2 միլիոն օրինակ, չնայած այն բանի, որ խոսքը վերաբերվում է բավական հաստափոր հատորի (700 էջից ավելի), պարտադիր ուսուցման տեքստ դառնալով միջնակարգ դպրոցների, բարձրագույն կրթահամալիրների և նացիստական քաղաքականությանը պատկանող ամենատարբեր խմբավորումների համար:
Շուտով Ռոզենբերգը անձամբ Հիտլերի կողմից նշանակվում է «գլխավոր իդեոլոգ» և «գերմանացի ժողովրդի հոգևոր առողջության պատասխանատու»: Տարիների ընթացքում նրան տրվում են մշակութային ու քաղաքական ոլորտների շատ կարևոր պաշտոններ, իսկ 1937 թվականին Ֆյուրերը նրան հանձնում է Գերմանական Ազգային Մրցանակը, որը նացիստները ստեղծել էին փոխարինելու համար շվեդացիների կողմից տրվող Նոբելյան մրցանակին:
Ռոզենբերգի գրքի հրապարակումն իսկույն մտահոգություն է առաջացնում Կաթողիկե Եկեղեցում: 1933 թվականին Վատիկանը պաշտոնական բողոք է ներկայացնում այդ տեքստը դպրոցական ծրագրերում ներառելու կապակցությամբ, «բայց արդյունքները զգալի չեն լինում». բազմաթիվ գերմանացի կաթողիկե եպիսկոպոսներ իրենց քարոզներում բացահայտ քննադատում են այդ գրքում արտահայտված գաղափարները և Հիտլերի կողմից կուսակցության ներսում Ռոզենբերգին տրվող չափազանց կարևորությունը:
 
Հիտլերը, որն իրեն դեռ բավականաչափ ուժեղ չէր զգում և տակավին չէր ցանկանում բացահայտել իր բոլոր գաղափարներն ու ծրագրերը, դիվանագիտական կեղծավորությամբ պատասխանում է, թե ինքը համաձայն չէ այդ գրքում արտահայտված գաղափարների հետ, և պատասխան հարձակման է անցնում, բացատրելով, թե իրականում հենց եպիսկոպոսներն են մեղավոր, որովհետև իրենց հանդիմանություններով ու քննադատություններով գովազդում են հեղինակին, նրան դարձնում են հանրահայտ անձնավորություն և բազմապատկում են գրքի վաճառքը: Հիտլերը դեռ Գերմանիայի բացարձակ տիրակալը չէր, ուստի սկզբնական շրջանում նախընտրում է գործի դնել խարդախության զենքը. իրականում համաձայն էր Ռոզենբերգի արտահայտած դրույթներին, թեև իրեն չէր խանդավառում նրա արտահայտվելու խրթին ոճը, բայց որոշում է առաջ շարժվել խոհեմ զգուշավորությամբ: 1934 թվականի Փետրվարի 7ին «Հռոմեական Դիտարան» («Osservatore Romano») թերթը հրապարակում է մի հոդված, որով տեղեկացնում է, որ Ռոզենբերգի գիրքը եկեղեցական պատկան իշխանությունների կողմից գրանցվել է արգելված գրքերի ցանկում, որովհետև «արհամարհական դիրքորոշում է ցուցաբերում Կաթողիկե Եկեղեցու բոլոր դոգմաների, այսինքն՝ քրիստոնեական հավատքի հիմնական ուսուցումների նկատմամբ, և դրանք մերժում է ամբողջովին: Պնդում է, թե հարկավոր է հիմնել մի նոր կրոն կամ մի Գերմանական Եկեղեցի, և հռչակում է հետևյալ սկզբունքը. “Այսօր արթնանում է մի նոր կրոն, արյան առասպելը, մարդու աստվածային էությունը արեամբ պաշտպանելու հավատքը”»:
Հավատաքննության Ժողովի այդ քայլին Ռոզենբերգը 1935 թվականին պատասխանում է մի գրությամբ, որի վերնագիրն է «Մեր ժամանակվա խավարամիտներին: Պատասխան “Քսաներորդ դարի առասպելը” գրքի դեմ հարձակումներին»: Վատիկանի քայլը, ինչպես ակնարկեցինք, հետևում էր գերմանացի հեղինակավոր անձնավորությունների դիրքորոշմանը, որոնցից էր Մյունխենի և Ֆրայզինգի եպիսկոպոս Ֆոն Ֆոլհաբերը, որը Ռոզենբերգի գիրքը սկսել էր քննադատել արդեն 1930 թվականից սկսած, իսկ 1933 թվականին, Մայր Տաճարում արտասանած Հիսնակաց քարոզներից մեկի ժամանակ, «հստակ ու բացահայտ կերպով հերքեց նացիստական իդեոլոգիան և “եղբայրներ” անվանեց գերմանացի հրեաներին»[3]:
1936 թվականի Նոյեմբերի 6ին Ֆոն Ֆոլհաբերը մինչև իսկ անձամբ այցելության գնաց Հիտլերին, նրա Բերգհոֆի առանձնատանը, նրա հետ քննարկելու համար Ռոզենբերգի կողմից տարածվող գաղափարները և նացիստների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծվող հալածանքները: Արքեպիսկոպոսը Հիտլերին բողոքում է այն բանի համար, որ «նացիստական ղեկավարությունը չի գործում պաշտոնական հայտարարությունների համաձայն, այլ՝ վերջին տարիների ընթացքում պատերազմ է հայտարարել Կաթողիկե Եկեղեցու դեմ: Ո՛չ միայն փաստը, որ նացիստական երիտասարդության տարբեր հավաքները ծրագրավորվում էին կիրակի առավոտյան, երիտասարդներին Պատարագից հեռացնելու մտադրությամբ, այլ՝ միայն Բավարիայում 600ից ավելի կրոնի ուսուցիչներ ազատվել էին աշխատանքից և նրանց թիվը շուտով հասնելու էր 1.700ի: Բայց ինչը որ վատթարագույնն էր, Պետությունը սկսել էր կիրառել որոշ գործողություններ, որոնք Եկեղեցին չէր կարող երբևէ հանդուրժել, ինչպես, օրինակ, հանցագործների և գենետիկական թերություններ ունեցող անձանց բռնի ամլացումը»[4]:
Վերադառնալով Ռոզենբերգին, նախևառաջ հարկավոր է ասել, որ նրա մտքի հիմնակետերը սոսկ փիլիսոփայական-կրոնական են, նրանցում բացակայում են ո՛չ միայն գիտական հիմնավորումները, այլեւ ընդհանրապես բանականությունը, հավասարակշռությունն ու սթափ մտածելու կարողությունը: Ինչպես նշում է Ռոբերտ Սեսիլը, դրանք հիմնականում ռասիստական (ցեղակրոն) հարձակումներ են «քրիստոնեական Եկեղեցիների վրա նույնքան, որքան հրեականության վրա»:
 
Ռոզենբերգը հարձակվում է Քրիստոնեության վրա, պնդելով, թե հրեա Պողոս Առաքյալը իբր աղավաղել է Քրիստոսի հարազատ վարդապետությունը և այդպես է, որ ծնունդ է տվել Քրիստոնեությանը: Քրիստոսը իրականում հաղթանակած հերոս էր, ո՛չ թե պարտված, արիացի էր, ո՛չ թե հրեա, և, ի վերջո, մի մարդ էր, որը երբեք չի ասել, թե ինքը Աստված է: Մանավանդ թե, մինչև իսկ գոյություն ունի մի «Հինգերորդ Ավետարան», որը չափազանց իշխանատենչ Եկեղեցին իբր թե թաքցրել է, ուր գրված է Քրիստոսի իրական պատգամը: Սա մի դրույթ է, որը, ինչպես շատ լավ գիտենք մեր օրերում, ժամանակ առ ժամանակ վերադարձվում է շրջանառության, ուսման հարցում աղքատ, բայց երևակայության հարցում հարուստ անձանց կողմից (օրինակ, Դեն Բրաունը):
Բայց հատկապես, Ռոզենբերգի համաձայն, Պողոս Առաքյալն արհեստական շեշտադրում է կատարել Քրիստոսի չարչարանքների ու մահվան վրա, այդ իրադարձություններին տալով անընդունելի իմաստ և նշանակություն: Խաչը, Ռոզենբերգի համաձայն, խորշելի առարկա է, մարտիրոսության, խորհրդանշանն է սիրո կրոնի (փոխանակ ուժի, պատերազմի, հողի ու արյան). ուստի, հարկավոր է այն ամենուր փոխարինել պատերազմներում ընկած զինվորներին նվիրված հուշարձաններով (ճիշտ այն, ինչ արեց նաև Սովետական Միությունը):
Ռոզենբերգն անընդունելի է համարում նաև սկզբնական մեղքի քրիստոնեական ուսմունքը, որովհետև պնդում է, թե գերմանացի ժողովուրդը բնավ վարակված չէ դրա հետևանքներով: Ըստ նրա, միակ հնարավոր սկզբնական մեղքը դա արյան դեմ գործվածն է:
Միաժամանակ հարձակվում է նաև աշխարհի «ոչնչից» արարման ուսմունքի վրա. «Այս հիմնական հրեշային սկզբունքի դեմ գերմանական ոգին միշտ պայքարել է ուժգին կերպով»: Ոչնչից արարման քրիստոնեական ուսմունքը ենթադրում է նաև էական տարբերություն, այլություն Արարչի և արարածի միջև, մինչդեռ Ռոզենբերգը, նացիստական տիպիկ պանթեիզմի համաձայն, պնդում է այն գաղափարի վրա, թե «եթե ես չլինեի, Աստված էլ չէր լինի»: Պանթեիստական ռասիսզմի՝ ցեղակրոնության բնորոշ գծերից մեկն է. մարդը չէ, որ փնտրում է Ճշմարտությունը և պաշտում է Աստծուն, այլ՝ հորինում է աստվածներ, կուռքեր, որպեսզի դրանք ծառայեն իրեն:
Քրիստոնեության մյուս երկու ուսմունքները, որոնք Ռոզենբերգի համաձայն «մշտնջենավոր բախման մեջ են ցեղի գերմանական գաղափարի հետ», ընդհանրականությունն ու անհատականությունն են: Այս հարցում Ռոզենբերգն իրավացի է և ճիշտ է հասկացել քրիստոնեական վարդապետությունը: Արդարև, քրիստոնեական աստվածաբանությունը մի կողմից ընդգծում է բոլոր մարդկանց եղբայրության սկզբունքը, որովհետև բոլորս էլ միևնույն Աստծո զավակներն ենք և որդիները միևնույն սկզբնածին զույգի՝ Ադամի ու Եվայի: Այս վարդապետությունն իր մեջ պարունակում է մի ընդհանրական պատգամ, որը ո՛չ ցեղային է, ո՛չ ազգային, ո՛չ դասակարգային, ո՛չ սեռային: Մյուս կողմից, սակայն, և միաժամանակ ու հավասար չափով, քրիստոնեական աստվածաբանությունն արժևորում և մեծ կարևորություն է տալիս անձանց, յուրաքանչյուր անհատի, նրա եզակի ու անկրկնելի էակ լինելուն, որն իր մեջ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը և օժտված է եզակի ու անմահ հոգիով: Սա բնավ ձեռնտու գաղափար չէ ռասիստների՝ ցեղակրոնների համար, քանի որ նրանց գաղափարային հիմքում խմբակային, գրեթե ոհմակային անորոշ գաղափարներն են, որոնք զրոյացնում են անհատի ու նրա կյանքի արժեքը:
Ինչպես մեկնաբանում է Ռոբերտ Սեսիլը, Ռոզենբերգը «հատուկ ուշադրություն է ընծայում “հռոմեական ընդհանրական կառույցի” անկմանը, քանի որ դա իրեն հնարավորություն է տալիս ցույց տալու քրիստոնեության իբր թե մահացու կերպով վնասակար ազդեցությունը, որը օգտագործում է մի կողմից ընդհանրականությունը, որն արդեն իսկ ներկա էր կայսերական կառույցում, իսկ մյուս կողմից՝ անհատականությունը, որը ներկա է հոգու և նրա փրկության քրիստոնեական ուսմունքի մեջ: Եթե բոլոր քրիստոնյաներն ունեն հոգի, բոլոր քրիստոնյաները միմյանց հավասար են, գոնե պոտենցիալ հարթության վրա: Բայց նացիստների համար հավասարությունն ատելի էր իր բոլոր տեսանկյուններից դիտված: “Այն ամենը, ինչը որ տակավին թաթախված էր [կայսերական] հռոմեականությամբ, ջանաց պաշտպանվել քրիստոնեության վերելքից, առավել ևս այն պատճառով, որ քրիստոնեությունը, իր կրոնական վարդապետության հետ միասին, ներկայացնում էր քաղաքական մի ձգտում, որն ամբողջովին պրոլետարական-նիհիլիստական էր”: Սիրո կրոնը և հավասարության քաղաքականությունը երկուսն էլ իբր թե մահացու էին պետության համար. սկզբնական քրիստոնեության խաղաղասիրությունն իբր թե մահու չափ թուլացրել էր Հռոմեական Կայսրությունը, այնպես՝ ինչպես Գերմանիայի հաղթանակին չհավատացողները խոչընդոտել էին Ռայխին Մեծ Պատերազմի ժամանակ: Այն օրվանից, ինչ “հռոմեական ընդհանրական կառույցը” նվաճվել էր քրիստոնեության կողմից, քրիստոնեության հակացեղապաշտական և ընդհանրական ուսմունքները նրան անհաշտելի կերպով թշնամի էին դարձրել գերմանացի ժողովրդի շահերի համար: Թեև կարող է թվալ, թե Կաթողիկե Եկեղեցին հակառակվում է հրեականությանը, բայց իրականում [Ռոզենբերգի համաձայն] գլխավոր խողովակն է, որի միջոցով հրեական գաղափարները վարակում են գերմանական մտքի առողջ մարմինը»[5]:
Իրոք, «Քսաներորդ դարի առասպելը» գրքի մի հատվածում Ռոզենբերգը գրում է. «Մեր հոգին վարակվել է հրեականությամբ: Այդ վարակը տարածելու գործիքներն են հանդիսացել Աստվածաշունչը և Հռոմի Եկեղեցին: Նրանց օգնությամբ՝ անապատի դևը դարձել է Եվրոպայի “աստվածը”»:
Այս հերյուրանքը և նման թյուրիմացությունները Ռոզենբերգը և նացիստական մյուս առաջնորդները կարողացան լայնորեն տարածել ժողովրդի մեջ, այն աստիճան, որ Հիտլերին ընդդիմացող կաթողիկեներին նացիստները հաճախ մեղադրում էին “հրեա” Հիսուս Քրիստոսի հետևորդները լինելու մեջ:
Օքսֆորդի պատմաբան Մայքըլ Բըրլին հիշեցնում է, օրինակ, որ Թրեվիրիի եպիսկոպոս Բորնուասսերը հարձակումների էր ենթարկվել «Հրեա եպիսկոպոս», «Բոլշևիկ կավատ» գոռոցների ընկերակցությամբ, և որ «ՍՍ-ականների օրաթերթը հաճախ էր անարգանքներ ուղղում Պապին», Հռոմը Հրեաստանին նմանացնելով, ինչպես, օրինակի համար, «Բոլոր քրիստոնյաների գլխավոր Ռաբբինը» ծաղրական ոտանավորի մեջ, ուր Քահանայապետին մեղադրում էին սոսկ մի ռաբբին լինելու մեջ, «ծեր, ուղեղը մթագնած, երերուն ու հիվանդ», Ցեղին վերաբերվող հարցերում տգետ, մեղավոր այն բանի համար, որ համարում է «Սևամորթներին ու Սպիտակամորթներին որպես հավասար իրավունքներ ունեցող զավակներ», իսկ քրիստոնյաներին, «ի՛նչ գույնի էլ լինեն», որպես «հոգեպես հրեաներ»[6]:
 
Կաթողիկեների հականացիոնալիստական և հակառասիստական դիրքորոշումը բազմաթիվ անգամներ է հունից հանել Ռոզենբերգին, որն այս դիրքորոշման համար կաթողիկեներից վրեժխնդիր լինելու և նրանց վատահամբավելու համար հորինեց և շրջանառության մեջ դրեց Եկեղեցու կողմից իբր թե կոտորված խեղճ հերետիկոսների առասպելը. «Բոնիֆացիուսից մինչև Լյուդովիկոս Բարեպաշտը, որը ջանաց արմատապես ոչնչացնել այն ամենն, ինչը որ գերմանական էր, հասնելով մինչև 9 միլիոն հերետիկոսների կոտորմանը», – նշված թվի անհեթեթությունն ինքնըստինքյան ակնհայտ է – , «զարգացավ մինչև Վատիկանյան Ժողովը, մինչև այսօր, մի եզակի ցանկությամբ՝ հաստատելու մի անսպառելի միասնական հավատք և տարածելու մի կերպ, պարտադիր հավատքի մի դավանանք, մի լեզու և մի ծես հյուսիսային, արևելյան, սևամորթ, չինացի և էսկիմոս մարդկանց համար (տե՛ս 1926 թվականին Չիկագոյում կայացած Էուքարիստիկ Համագումարը, որի ժամանակ սևամորթ եպիսկոպոսները մատուցեցին Պատարագը): Երկու հազար տարուց ի վեր բոլոր ժողովուրդների ու ցեղերի հավիտենական արյունը բողոքում է դրա դեմ»: Ինքն իրեն հակասող նման անհեթեթությունների վրա է կառուցված ցեղակրոնության ողջ մտահամակարգը:
Եվ տակավին. «Նույն կերպ նաև Կաթոլիկենթագի՝ Գերմանացի Կաթողիկեների Օրվա բանախոսները 1923 թվականին Կոնստանցում հասել էին այն եզրակացության, որ մեր ժամանակների ամենամեծ հերետիկոսությունը այն “չափազանցված նացիոնալիզմն” է, որն արդեն ծնունդ է տվել “ամենասարսափելի աղետներին ու ավերածություններին”, նաև կաթողիկեների ուղեղներում: Մի բանաձև, որը գերմանացի եպիսկոպոսները կրկնում են ամեն ամիս»:
«Քսաներորդ դարի առասպելը» գրքի բոլոր էջերում Կաթողիկե Եկեղեցին է, բողոքական եկեղեցիներից շատ ավելի, որ ներկայացվում է որպես նացիստական մտքի իրական հակառակորդը: Եվ այդ հակառակորդի դեմ ամեն ձևով պայքարելու համար է, որ Ռոզենբերգը հնարում է հայտնի հերյուրանքներից մյուսը. մեղադրում է Եկեղեցուն գիտության զարգացմանը խոչընդոտելու մեջ (նացիզմը, կոմունիզմի և մերօրյա ռիդուկցիոնիզմի նման, ինքն իրեն “գիտական” էր հորջորջում), գովասանքներ է ձոնում հին հերետիկոսներին՝ քաթարներից մինչև վալդեզներին, մինչև լութերականներին, նրանց մեջ տեսնելով հյուսիսային-գերմանական հակազդեցությունը «հռոմեական-միջինարևելյան հիպնոզին». «Եթե մինչև օրս չենք մեռել, դա գերմանական ոգու հզորության արժանիքն է, որը մինչև օրս խոչընդոտել է Հռոմի (և Երուսաղեմի) վճռական հաղթանակին: Հանձինս Մայսթեր Էկքհարթի հյուսիսային ոգին առաջին անգամ լինելով հասավ լիակատար ինքնագիտակցության: Նրա անձնավորության մեջ արդեն իսկ բովանդակված են մեր բոլոր հաջորդ մեծ անձնավորությունները: Նրա մեծ ոգուց կարող է – և կկարողանա – ծնվել, մի օր, գերմանական հավատքը»[7]:
Միջնադարյան հերետիկոսների կրքոտ պաշտպանությանը Ռոզենբերգը կցում է խիստ մեղադրանքներ ընդդեմ Կաթողիկե Եկեղեցու, որն իբր թե հանցավոր է – այստեղ Ռոզենբերգը գործածում է իլլումինիստ Գ.Ք. Վոյգթի անհեթեթության աստիճան չափազանցված ևպրոպագանդիստական թվերը – «9 միլիոն վհուկների» մահվան մեջ, որոնց միակ հանցանքը «բնության ավելի սերտ դիտարկումն էր»:
Այս հարցում, անցյալի “խավարամտության” դեմ այս մշակութային պայքարում Ռոզենբերգն իրեն մի դաշնակից է գտնում, որի հանդեպ սակայն այնքան էլ համակրանք չէր տածում. ՍՍ-ականների առաջնորդ Հենրիխ Հիմմլերը: Ինչպես հիշում է Մայքըլ Հեզեմաննը, Հիմմլերը նույնպես համոզված էր, թե Եկեղեցին ծառայում է հրեաներին և որ վհուկների որսը ծառայել է գերմանական հեթանոսական կրոնական համայնքների վերջին ներկայացուցիչներին ոչնչացնելու գործին:
Հիմմլերը մինչև իսկ հատուկ առաջադրանք տվեց իր ՍՍ-ականներին. «Հատուկ առաջադրանք H», ուր «H»ը «Hexen» բառի սկզբնատառն է, որ նշանակում է վհուկներ: Այդ առաջադրանքը կատարողները պետք է մաղից անցկացնեին Ռայխի եկեղեցական և քաղաքացիական բոլոր դիվանները, մանրակրկիտ կերպով հաշվելու համար Եկեղեցու կողմից սպանված վհուկների թիվը: Վերջում Հիմմլերը չկարողացավ հասնել 9 միլիոն դյուցազներգական թվին: Նրանց հաշվարկները կանգ առան «25.000ի վրա, որոնց կեսից շա՜տ ավելին մահապատժի էին ենթարկվել բողոքական նահանգներում» (որոնց ճնշող մեծամասնությունը, ինչպես տեսանք, մահվան էր դատապարտվել ո՛չ թե Սրբազան Ինքվիզիցիայի, այլ՝ աշխարհիկ, քաղաքացիական դատարանների կողմից)[8]:
 
Քրիստոնեության և հատկապես Պողոս Առաքյալի բազմաթիվ ու բազմապիսի “մեղքերի” շարքին Ռոզենբերգը հիշատակում է նաև հետևյալը, որն իրական հակաթույն է մոգական ռասիզմի՝ ցեղակրոնության և արյան կրոնի դեմ, որի կրողն է հանդիսանում Ռոզենբերգը: Նրա համոզմամբ, Քրիստոնեությունը դա բոլոր “ցածրակարգ էակների” ապստամբ ու վրիժառու դաշինքն է ընդդեմ “բարձրակարգ էակների”. կրոնն է նրանց, ովքեր “թշվառաբար” ծունկի են իջնում, ուրանալով “բարձրակարգ մարդու” աստվածային արժանապատվությունը. նրանց, ովքեր պաշտում են վիշտ ու տառապանք կրող մի Աստծո, և Նրա հետ միասին՝ պաշտում են նաև տկարությունն ու խոնարհությունը. նրանց, ովքեր տկարներին, խոտաններին պաշտպանում են Պետության էուգենետիկ ջանքերից. «Եվրոպական հասարակությունն անկասկած “զարգացել է” որպես պաշտպանը նրանց, ովքեր ցածրորակ են, հիվանդ, տձև, ապականված ու հանցագործ: “Սերը”, “Մարդկայնության” հավելումով, դարձել է ժողովրդի և պետության բոլոր պատվիրանների և բոլոր կենսական կերպերի քայքայիչ ուսմունքը, և հետևաբար՝ այդպիսով ապստամբել է Բնության դեմ, որն այսօր վրեժխնդիր է լինում: Մի Ազգ, որի կենտրոնն են հանդիսանում պատիվն ու պարտականությունը, չպետք է պահի հանցապարտներին ու պարապորդներին, այլ՝ պետք է ոչնչացնի դրանց»:
Այս դիրքորոշումը որդեգրելով, Ռոզենբերգը հավատարիմ կերպով հետևում է Նիցշեին՝«Աստծո մահը» քարոզող փիլիսոփային, որն իր «Բարոյականության ծննդաբանությունը» գրքում տվել էր նացիզմի գաղափարային ծիլերը, իրեն այդքան ատելի Քրիստոնեությունը – որն իր թյուր կարծիքով պտուղն է տկարների ու ճնշվածների կողմից կյանքի նկատմամբ ունեցած ոխի, պաշտպանությունն է “խոտանների”, որոնք արժանի են մահվան – ներկայացնելով որպես հրեականության և նրա վրիժառու «ստրկական բարոյականության» տրոյական ձին. «Հրեաներն էին, որ [իբր թե Հռոմը քրիստոնեության միջոցով գրավելով] համարձակվեցին [...] գլխիվայր շրջել արժեքի արիստոկրատական հավասարությունը (բարի = ազնվական = ուժեղ = գեղեցիկ = երջանիկ = աստվածներին հաճելի), այսինքն՝ թե միայն թշվառներն են բարի. միայն աղքատները, անկարողները, խոնարհներն են բարի. տառապողները, չքավորները, հիվանդները, տձևներն են միակ բարեպաշտները»: Նիցշեական սովորական զառանցանքներ, որոնք – արի ու տես – ոմանց համար դառնում են դոգմատիկ արժեքներ:
Իր այդ միևնույն գրքում, Քրիստոսի մասին խոսելիս, Նրան իբրև «աղքատներին, հիվանդներին, մեղավորներին երանություն բերող Փրկիչ» ներկայացնելուց հետո, Նիցշեն եզրակացրել էր. «Մի՞թե Իսրայելն ինքը, [...] Իսրայելի այս կարծեցյալ հակառակորդով ու կործանողով, չհասավ իր գերագույն վրեժխնդրության վերջին նպատակին: Եվ մի՞թե վրեժխնդրության – կանխավ հեռատես, կանխավ հաշվարկներ անող ու ստորգետնյա վրեժխնդրության – մի իսկապես մեծ քաղաքականության գաղտնի, մթին ծրագրերին չի պատկանում փաստը, որ Իսրայելն ինքը խաչին գամեց և աշխարհի առաջ որպես մահացու թշնամի վատահամբավեց իր վրեժխնդրության միակ գործիքին, որպեսզի ամբողջ աշխարհը, այսինքն՝ Իսրայելի բոլոր թշնամիները, կարողանային առանց երկմտելու կուլ տալ այդ խայծը»: Այս զառանցանքները մինչև օրս էլ հավատարիմ արձագանք են գտնում նոր-հեթանոսական, ռասիստական՝ ցեղակրոն-ցեղապաշտական ամենատարբեր խմբավորումների մոտ:
Վրեժխնդրություն ո՞ւմ կողմից և ո՞ւմ դեմ, «L'Avanti» օրաթերթի 1912 թվականի Օգոստոսի 13ի համարում հարցնում էր մաքսիմալիստ սոցիալիստ և հակաեկեղեցական գործիչ Բենիտո Մուսսոլինին, մեծ համակրանքով մեկնաբանելով Նիցշեի ցնորաբանությունը: Թույլերի վրեժխնդրությունն ընդդեմուժեղների, հիվանդներինն ընդդեմ առողջների, ստրուկներինն ընդդեմ տիրողների, “խոտաններինն” ընդդեմ “որակյալների”, Հուդայինն ընդդեմ Հռոմի, Քրիստոնեությանն ընդդեմ հեթանոսության: Որովհետև, բացատրում է Մուսսոլինին տակավին Նիցշեի խոսքերը որդեգրելով (կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիցշեի խոսքերից մեկը, հաշվի առնելով խելագարված փիլիսոփայի մտքերում հաճախակի ներկա իրարամերժությունն ու ինքնահակասումը), ցավոք այլևս «ամենուր մարդն ընտանի է դարձվել կամ ցանկանում է այդպիսին դառնալ, երեք հրեաների և մի հրեուհու դիմաց. Հիսուս Նազովրեցին, ձկնորս Պետրոսը և Հիսուսի մայրը՝ Մարիամը»[9]:
Վրեժխնդրություն, ուրեմն, որի դեմ Ռոզենբերգը, նացիստներն ու նրանց մերօրյա հետնորդները հանդիսացող ցեղակրոնները ցանկանում են “վրեժ լուծել”:
Ի մասնավորի, Ռոզենբերգը – իր մտերիմ Ուոլթեր Դարրեի հետ միասին համոզված լինելով, որ մարդիկ պետք է բուծվեն ընտանի կենդանիների նման, արհեստական ճանապարհով, թույլ չտալով “ցածրակարգերի” ազատ որդեծնությունը – հակառակվում է Պիուս Տասնմեկերորդ Պապի (1922-1939թթ.) 1930 թվականի Դեկտեմբերի 31ին հրապարակված «Քրիստոնեական ամուսնության մասին» կոնդակում արտահայտված գաղափարներին. «Վատիկանը կրկին ներկայանում է որպես ամենավավերական հատկությունների բուծման ամենաոխերիմ թշնամին և որպես ցածրակարգ հատկությունների պահպանման ու վերարտադրման պաշտպանը: Նաև կաթողիկե լուրջ էուգենիստներին հակառակվելով, Պիուս Տասնմեկերորդ Պապը 1931 թվականի սկզբին իր “Քրիստոնեական ամուսնության մասին” կոնդակում հռչակում է, թե օրինավոր չէ ձեռնմխություն կատարել ընդդեմ այն անձանց ֆիզիկական ամբողջության, ովքեր ինքնըստինքյան ընդունակ են ամուսնանալու, բայց որոնք հավանաբար կարող են ծնունդ տալ թերություններ ունեցող զավակների: [...] Հետևաբար, ով ցանկանում է տեսնել առողջ և հոգեպես հզոր Գերմանիա, պետք է ամբողջ ուժով մերժի և՛ այս պապական կոնդակը, որն [իբր թե] առաջնորդում է ցածրակարգ մարդկանց բուծման, և՛ հռոմեական մտքի հիմքերը, քանի որ հակաբնական են և թշնամի են կյանքին»:
 
Որպեսզի Քրիստոնեությունը, փոխակերպվելով, կարողանա գոյատևել, Ռոզենբերգի կարծիքով միայն մի ճանապարհ կա, միայն մի հույս. Կաթողիկե Եկեղեցու մահը, Քրիստոսի գերմանականացումը “հրեական” Հին Կտակարանի արմատական վերացման միջոցով, և «Նոր Կտակարանից վերացումը այն պատմությունների, որոնք [իբր թե] ակնհայտորեն կեղծված են և սնապաշտական»:
Այսպիսով, նացիզմը հատվում և համաձայնվում է Ավետարանի և Քրիստոսի վերաբերյալ հերետիկոսական մեկնաբանությունների հետ, որոնք միշտ ջանացել են նվազեցնել Նրա արժեքը, դարձնել Նրան սոսկ մարդ: Ռոզենբերգը քաջ գիտակից էր սրան: Հերետիկոսական այս ըմբռնումներին ավելանում է նաև վերադարձը նախաքրիստոնեական անցյալին, որն առասպելականացվում է, ներկվում միայն վառ, միայն գեղեցիկ, բայց անիրական գույներով (չմոռանանք, որ գրականության դաշտում տիրող ռոմանտիցիզմի ժամանակներն էին), ներկայացվելով որպես գերմանացի ժողովրդի միակ ճշմարիտ ինքնություն. «Հերոսական, գերմանական, նախաքրիստոնեական ամեն բան հարմար բաղադրիչ էր Ռոզենբերգի եփած ապուրի համար: Նա գտավ Ուիդուքինդ սաքսոնացու գերեզմանը և Հիմմլերի հետ միասին ուխտագնացության գնաց Հենրիխ Առաջինի կարծեցյալ գերեզմանին Քեդլինբուրգում: Վերդունում, ուր Կարլոս Մեծը հաղթել էր հեթանոսներին, Ռոզենբերգը մաղթում էր կառուցել 4.500 քար հաշվող մի հուշարձան, մեկական քար [այդ ճակատամարտի ժամանակ զոհված] յուրաքանչյուր սաքսոնացու համար»: Ռոզենբերգի համար, ինչպես ինքն իսկ ասել է մի առիթով, «գերմանացիների համար Սուրբ Երկիրը Պաղեստինը չէ: [...] Մեր սուրբ վայրերը Հռենոսի ափին գտնվող դղյակներն են, Ստորին Սաքսոնիայի բերրի հողը և Մարիենբուրգի պրուսական ամրոցը»[10]:
Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, երբ պատերազմն արդեն ավարտվել էր, Ռոզենբերգը մեկն էր, ով մազաչափ անգամ չէր հեռացել իր համոզմունքներից: Նացիզմի պարտությունն ու կործանումը նրան կարծես ոչնչով չէին ճնշել կամ վհատեցրել, նա չընտրեց ինքնասպանության ուղին, ինչպես վարվեցին նացիզմի բարձրաստիճան առաջնորդներից շատերը, այլ, ինչպես գրում է մեղադրյալին հոգեբուժական հարցաքննության ենթարկած փոխգնդապետ Ու.Հ. Դուննը, մնաց «իր տեսություններին ֆանատիկորեն ու կամակոր կերպով կառչած» և թվում էր «սակավ տպավորված, երբ դատավարության ընթացքում բացահայտվում էին կուսակցության գործադրած դաժան վայրագություններն ու ոճրագործությունները», որոնց իրականացմանը նա մասնակցել էր որպես իդեոլոգ, որպես մտահղացող և առաջնորդող, թեև ո՛չ միշտ որպես գործող անձնավորություն:
Մանավանդ թե, Ռոզենբերգը հենց այս տեսանկյունից դիտված էր փորձում պաշտպանել իրեն. ասում էր, որ ինքը յուրահատուկ կերպով դաժան ոճիրներ չի գործել, թեև իր գրքերով ուպարբերաթերթերով միլիոնավոր մարդկանց համոզել էր հետևելու նացիզմին: Բոլոր ժամանակների նացիստների ու ռասիստների չքմեղանքն է. իբր թե իրենք ոչ ոքի դեմ չեն գործում, այլ՝ սոսկ գաղափարներ են պաշտպանում: Բայց թե իրենց այդ գաղափարները քանի՜ և ինչպիսի՜ ոճրագործությունների դրդապատճառ են դառնում, դա իրենց (իբր թե) ոչնչով չի հետաքրքրում: Ռուս ամբաստանողներից մեկը, սակայն, դատավարության ժամանակ հակառակվում է այս տեսակետին և նկարագրում է, «թե ինչպես էր Ռոզենբերգն ինքը 1944 թվականի ամռանը արտոնել դեպի Ռայխ տարագրել 40.000 ռուս որբերի». իրականում, սակայն, ստիպված է լինում սսկվել, երբ Ռոզենբերգը, որն իրոք Հիտլերի ամենակարևոր խորհրդականներից մեկն էր եղել Արևելքի նկատմամբ վարվող քաղաքականության հարցերում, հիշեցնում է, որ «1940 թվականին կրկնակի թվով հասուն անձինք դեպի Ռուսաստան էին տարագրվել Էստոնիայից ու Լատվիայից»:
Նմանապես, երբ ամերիկացի Թոմաս Դոդդը Ռոզենբերգին մեղադրում է կրոնը հալածելու մեջ, սովետական ամբաստանողը նախընտրում է չշարունակել հարցաքննությունը և անցնել ուրիշ հարցերի. «Նման բազմաթիվ շփոթեցուցիչ պահեր եղան երկարատև դատավարության ավարտից առաջ», մեկնաբանում է Ռոբերտ Սեսիլը:
Պատճառը թերևս հենց դա էր, որ դատավորների սեղանին բազմած ռուսներն իրենք էլ հնարավոր բոլոր ձևերով հալածել էին Քրիստոնեությունն ու Եկեղեցին, որ Նյուրենբերգում ընդհանուր առմամբ չխորացվեց Հիսուս Քրիստոսի և Նրա հետևորդների նկատմամբ նացիստների մոլի ատելության հարցը: Իսկ եթե սա չէր պատճառը, ուրեմն ի՞նչ այլասերման հետևանքում է նացիստների կողմից այդքան ատված ու ոչնչացման ամեն տեսակ փորձերի ենթարկված Կաթողիկե Եկեղեցին այսօր ոմանց կողմից մեղադրվում նացիզմին զորավիգ եղած լինելու մեջ[11]:
Ռոզենբերգը մահացավ համոզված, որ նացիոնալ-սոցիալիզմը դա գովելի «ուժի դիրքորոշում էր ընդդեմ քրիստոնեական հավատքի, որը մարդուն սովորեցնում է գիտակցել սեփական տկարությունը և սեփական ենթակայությունը սխալին»: Լութերական հովվին, որը նրան այցելության էր գնացել կառափնարան տարվելուց առաջ, 1946 թվականի Հոկտեմբերի 15ի առավոտյան, Ռոզենբերգը, որ «Քսաներորդ դարի առասպելը» գրքի հատվածներից մեկում որպես խենթ ու անմարդկային, բացարձակապես անըմբռնելի էր որակավորել գաղափարը, թե մարդը կարող է ծունկի իջնել և խոնարհվել Աստծո առաջ, պատասխանել է. «Ձեր օգնության կարիքը չունեմ»: Որքան որ գիտենք, դրանք եղել են իր վերջին խոսքերը:
[1] Thimothy W. Ryback, La biblioteca di Hitler, Mondadori, Milano 2008, p. 41.
[2] Նույն, p. 138.
[3] Thimothy W. Ryback, La biblioteca di Hitler, p. 129.
[4] Նույն, pp. 131-132.
[5] Robert Cecil, Il mito della razza nella Germania nazista. Vita di Alfred Rosenberg, Feltrinelli, Milano 1973, p. 103.
[6] Michael Burleigh, In nome di Dio, pp. 214-215.
[7] «Քսաներորդ դարի առասպելը» գրքից կատարված մեջբերումները քաղվել են Էրմաննո Պավեզիի մանրակրկիտ ուսումնասիրությունից («Cristianità», n. 325, 2004): Ինչ վերաբերվում է Մայսթեր Էկքհարթին, նրա միստիկ գրություններին Ռոզենբերգի կողմից տրված մեկնաբանությունները խիստ քմահաճ բնույթ են կրում և բնավ չեն համապատասխանում միստիկ հեղինակի աստվածաբանական հարազատ մտքին:
[8] Michael Hesemann, Contro la Chiesa, p. 235.
[9] Ernst Nolte, Il giovane Mussolini. Marx e Nietszche in Mussolini socialista, SugarCo, Milano 1993, pp. 134-136.
[10] Robert Cecil, Il mito della razza nella Germania nazista. Vita di Alfred Rosenberg, p. 108.
[11] Քրիստոնեության հանդեպ նացիստ առաջնորդների ատելությունն ավելի լավ ըմբռնելու համար, տե՛ս նաև. JOSEPH GOEBBELS, Diario 1938, Mondadori, Milano 1993 (1938 թվականի Ապրիլի 7ին, սոսկ մի օրինակ մեջբերելու համար, կարդինալ Ինիցերի և Բեռլինի եպիսկոպոսի մասին խոսելուց հետո, որոնք երկուսն էլ ուժգին դիմադրում էին նացիստական վարչակարգին, այդ հզորագույն նացիստը գրում է. «Չպետք է անտեսենք այս ամենը: Սևազգեստները երբեք չեն փոխվի: Վաղ թե ուշ հարկավոր է լինելու մեջտեղից վերացնել այդ քահանայական միջազգային կառույցը: [...] Դա՛ է Հռոմը [ակնարկում է Պապին]. միջազգային կառույց, որը պետք է ոչնչացվի»), և GUIDO KNOPP, Complici ed esecutori di Hitler, Corbaccio, Milano 2000, ուր ներկայացված են նացիստական ամենաազդեցիկ առաջնորդներից մի քանիսի կերպարները և մեջբերվում են նաև նրանց մտքերն ու խոսքերը Եկեղեցու մասին, նրանց նախաձեռնությունները՝ Եկեղեցուն կղզիացնելու և վնասելու համար: Օրինակի համար, Մարտին Բորմաննը՝ կուսակցության քարտուղարության գլուխը, ասում էր. «Ես հաշվեհարդար եմ անելու Եկեղեցու հետ: Ես նրանց դեռ ցույց կտամ: [...] Քրիստոնեական կրոնը մի թույն է, որից ազատվելը հետո շատ դժվար է, և որը վարակում է երեխաներին»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։