Ե. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՂ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Ե. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՂ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ասացինք, որ Քրիստոնեության հմայքը կայանում է մարդուն ազատագրելու նրա կարողության մեջ: Բայց ինչի՞ց: Մահից, մեղքից, Ճակատագրից ու Բախտից և նմանատիպ ա՛յլ սնապաշտություններից: Բայց ո՛չ միայն: Թեև իր մեջ սոցիալական հեղափոխության ուղղակի պատգամներ չի պարունակում, այդուհանդերձ Քրիստոսի Ավետարանը նշանակալի անդրադարձ ունեցավ հասարակության և մարդկանց կոնկրետ կյանքի վրա: Նաև այն հարցերում, որոնք վերաբերվում են ստրկատիրությանը:
Գերագույն աստիճանի աթեիստական Քսաներորդ դարը ծնունդ տվեց ամենաանհավանական խտրականություններին ի վնաս մարդկության, որոնց շարքին, մեր այս նյութի հետ առնչություն ունեցող սոսկ մի օրինակ հիշելու համար, լագերների, գուլագների և լաոգայների հիմնումը, նորագույն ստրուկների համար նախատեսված համակենտրոնացման այդ ճամբարները, ուր աթեիզմի մսաղացի միջով անցկացվեցին ամբողջական ժողովուրդներ, տասնյակ ու տասնյակ միլիոնավոր մարդիկ: Պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան, և՛ չափսերի առումով, և՛ գործադրած դաժանության:
Սակայն հին աշխարհը ևս, Քրիստոնեությունից առաջ, լայնորեն կիրառում էր ստրկատիրությունը: Բավական է մտաբերել փարավոնների հին Եգիպտոսը և բուրգերի կառուցումը, որը հնարավոր է դարձել միմիայն ստրուկների արյան հաշվին. կամ ստրուկներին, որոնք զոհաբերվում էին իրենց տերերի գերեզմանների վրա, նրանց թաղման պահին, ինչպես հին Միջագետքում, այնպես էլ Եգիպտոսում և այլուր:
Եգիպտացիները սևամորթ ստրուկներ ունեին, որոնց բերում էին Նուբիայից և Դարֆուրից, այժմյան Սուդանից: «Սևամորթ գերիները», գրում է Օլիվիե Պետրե Գրենույոն, «պատկանում էին փարավոնին, հարուստներին և տաճարներին: Կարող էին առարկան հանդիսանալ առուվաճառքի պայմանագրի, գնման, վարձակալման կամ փոխառության, և կարող էին որպես փոխանակման ապրանք ծառայել սեփականատերերի միջև»[1]: Իրականում, ստրկատիրությունը ներկա էր Աֆրիկայի ամբողջ տարածքում. հին ժամանակներում, «աֆրիկյան մի ա՛յլ ցեղի անդամներին ստրկացնելը Աֆրիկայի սևամորթ բնակիչների համար նույնքան դյուրին էր, հետևաբար, որքան որ հույների համար ոչ-հույներին ստրկացնելն էր»[2]:
Հին Հունաստանում ևս ստրկատիրությունն ընդունված երևույթ էր: Ստրկացվել կարող էին լքված երեխաները, «հին քաղաքակրթություններում ընդունված քաղաքականության համաձայն»[3], պատերազմի ժամանակ պարտվածները, ընդհանրապես բոլոր ոչ-հույները, այսինքն՝“բարբարոսները”: Ե՛վ Պղատոնի, և՛ Արիստոտելի համաձայն, “բարբարոսը” իր էությամբ իսկ ստրուկ է, ցածրակարգ է կնոջ նման: Իր Պոլիտիկա գրքի Երրորդ գլխում Պղատոնը գրում է. «Եթե իրար ենք համեմատում տղամարդուն և կնոջը, տղամարդը բարձրակարգ է և, ուստի, հրամայում է, մինչդեռ կինը ցածրակարգ է և, ուստի, հնազանդվում է: Եվ այս նույն բանը արդարացի է, որ կատարվի նաև բոլոր մարդկանց միջև. և այսպես նրանք, ովքեր այնքան ցածրակարգ են, որքան ցածրակարգ է մարմինը հոգու և անասունը մարդու համեմատ, որոնց կարողությունները գլխավորաբար կայանում են մարմնի գործածության մեջ, այս գործածությունը լինելով այն մեծագույն շահը, որ նրանցից ստացվում է, սրանք ստրուկ են ըստ բնության»: Եվ տակավին. «Բնությունը ցանկանում է տարբեր մարմիններ ծնել ազատ մարդկանց և ստրուկների համար. այնպես, որ ստրուկների մարմինները դիմացկուն լինեն և անհրաժեշտ աշխատանքների համար հարմար, իսկ ազատների մարմինները բարեկազմ լինեն, հարմար ո՛չ թե ծառայական աշխատանքների, այլ՝ քաղաքացիական կյանքին, որը կայանում է պատերազմի և խաղաղության գործերը կառավարելու մեջ: Թեև երբեմն տեղի է ունենում հակառակը և ոմանք ծնվում են ստրուկի մարմնով, իսկ ոմանք՝ ազատի հոգիով, կասկած չկա, որ եթե մարմնի կազմության մեջ ոմանք այնքան առանձնաշնորհյալ են, որ նմանվում են աստվածների պատկերներին, բոլորն էլ այն գաղափարին են, որ պետք է ծառայություն ստանան նրանց կողմից, ովքեր չեն հասել նման վայելչության: Եթե սա ճշմարիտ է մարմնի վերաբերյալ, շատավելի ճշմարիտ է հոգու վերաբերյալ, թեև այնքան էլ դյուրին չէ հոգու գեղեցկությունը տեսնելը, ինչպես տեսանելի է մարմնինը: Եվ այսպես, չի կարող կասկած լինել այն փաստի շուրջ, որ կան մարդիկ, որոնք ծնվել են ազատության համար, և ուրիշներ, որոնք ծնվել են ստրկության համար. ստրկություն, որն իրենց՝ ստրուկներին իսկ նպաստավոր լինելուց բացի, նաև արդարացի է»:
[1] Olivier Pétré Grenouilleau, La tratta degli schiavi, Il Mulino, Bologna 2004, p. 22.
[2] Նույն, p. 76.
[3] Նույն, p. 26.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։