Կոստանդիանոս կայսեր դարձը – Գրադարան – Mashtoz.org

Կոստանդիանոս կայսեր դարձը

Լեզվաբանության և աստվածաշնչյան գիտությունների – շատերի համար անծանոթ ու հեռավոր – հարթության վրա չէ, որ ուզում եմ առաջ տանել Քրիստոնեության, իր փառքի և իր վարկաբեկողների մասին այս աշխատությունը: Կամենում եմ հնարավոր առավելագույն չափով մնալ պատմական հողի վրա, որն առավել դյուրընկալելի է:
Երբ պարտվում են լեզվաբանական և փիլիսոփայական հարթությունների վրա, Աուջասն ու իր նմանները փորձում են ներկայանալ որպես պատմաբաններ: Այն, ինչը կամենում են հաստատել ամեն ինչից առաջ, այն է, որ Կոստանդիանոս Կայսեր դարձն իբր թե իրականում կրոնական անկեղծ դարձ չէր, այլ՝ քաղաքական հնարամիտ քայլ, գործածելու համար Քրիստոնեությունը որպես «իշխանության գործիք»[1]: «Նա հասկացավ, որ ճգնաժամային իր դարաշրջանում քրիստոնեությունը կարող էր կատարել այն դերը, որն անցյալում ունեցել էր դասական կրոնը», գրում է Աուջասն իր գրքերից մեկում: Իսկ մի ուրիշ գրքում պնդում է, թե «նրա քայլը քաղաքական գործողություն էր, ո՛չ թե կրոնական դարձ, ինչպես քրիստոնյաներն են ուզում հավատացնել»: Կամ տակավին. «Ինչպես ասում են այս հարցերին տեղյակ պատմագետները[2], [...] Կոստանդիանոսը չէ, որ դարձի եկավ քրիստոնեության, այլ՝ քրիստոնեությունն է, որ վերածվեց կայսերական կրոնի»:
Նման պնդումներով, – որոնք միշտ արտահայտվում են կտրուկ ձայներանգով, առանց երբևէ կասկածի ստվերն անգամ իրենց վրա ունենալու, բայց միաժամանակ նաև առանց հեղինակավոր մեջբերումներով ու աղբյուրների հիշատակմամբ հիմնավորվելու, – Աուջասն իր ընթերցողներին ցանկանում է հաղորդել այն միտքը, թե Եկեղեցին միշտ եղել է մի կազմակերպություն, որի նպատակն ամեն ինչից առաջ և ավելի իշխանությունն է, որի ներկայացուցիչների հետ նա պատրաստակամ է դաշնակցելու առանց որևէ հապաղումների: Եթե ընթերցողը համոզվի գաղափարին, թե կայսրը, ով Հռոմեական Կայսրությունում առաջինը լինելով արտոնեց Քրիստոսի հանդեպ հավատքը, իրականում կասկածելի մեքենայություններ նյութող մեկն էր, կեղտոտ ու ապօրինի գործեր անող մեկը, ակնհայտ է, որ Եկեղեցու հետագա ամբողջ պատմությունն էլ կդրվի միևնույն կեղտոտ ու ապականված կնիքի տակ:
Իրականությունը, մինչդեռ, այն է, որ պատմագետները այսօր Կոստանդիանոս Կայսրին դիտում են ամբողջովին ա՛յլ տեսանկյունից դիտված: Ինչո՞ւ եմ ասում այսօր: Որովհետև պատմագետներն այսօր մեծավ մասամբ ազատ են իդեոլոգիական ատելության պետական մարմինների ճնշումներից և իրենց պրպտումների համար որպես մեկնակետ ունեն վավերագրերի ուսումնասիրությունը և ո՛չ թե կուսակցական նախապաշարումներն ու պետական պատվերները: Կոստանդիանոսի դարձի անկեղծությունը, հավատքի մեջ նրա աստիճանական առաջընթացը նախևառաջ փաստվում է պարզ բանականությամբ, վերլուծելով պատմական անժխտելի տվյալները:
Նախևառաջ ժամանակավրեպ է պատկերացնելը Երրորդ դարավերջին և Չորրորդ դարասկզբին ապրած մի մարդ, որը մաքիավելլիական մտածելակերպով է մոտենում աստվածներին և կրոնը անպատկառորեն գործածում է սոսկ երկրային նպատակների հասնելու համար: Հին ժամանակների մարդը, որքան էլ որ խորամանկ ու ճարպիկ լիներ, գոնե նվազագույն չափի երկյուղածություն ուներ աստվածության նկատմամբ, և չէր կարծում, թե կարող է ծաղրել աստվածությանը անպատիժ կերպով, առանց հետևանքներ կրելու:
 
Երկրորդ, հաստատ կերպով գիտենք, որ այն տարիներին, երբ Կոստանդիանոսը բազմեց կայսերական գահին, քրիստոնյաները կազմում էին կայսրության բնակչության թվի միայն 5ից 10%ը, այսինքն՝ քաղաքական առումով մի միավոր էին, որը ոչնչով ախորժելի չէր: Սրանից բացի, Կոստանդիանոսի զինվորները, որոնք նրան հասցրին իշխանության, մեծ մասամբ հեթանոսներ էին, բայց չնայած դրան՝ Կոստանդիանոսը նրանց վահանների վրա դնել տվեց մի նշան, որը «միանշանակ կերպով պատկանում էր քրիստոնեական խորհրդանշաններին»: Հռոմ քաղաքն ինքը և հռոմեական արիստոկրացիան, հզոր Սենատի հետ միասին, տակավին մեծ մասամբ կազմված էր հեթանոսներից, որոնք բնավ տրամադիր չէին լքելու հեթանոս աստվածներին և իրենց դարավոր ավանդույթները:
Այս մտքերը քաղել եմ կրոնների սոցիոլոգիայի ոլորտում ներկայումս համաշխարհային մակարդակով ամենամեծ մասնագետի՝ ամերիկացի Ռոդնիյ Սթարքի աշխատություններից, հատկապես իր «Աստծո բացահայտումը» գրքից. «Discovering God. The Origins of the Great Religions and the Evolution of Belief» (2007). Ֆլորենցիայի համալսարանում Հռոմեական Պատմության ամբիոնի վարիչ Գուիդո Քլեմենթեի «Հռոմեական պատմության ուղեցույց» գրքից. «Guida alla storia romana» (1990). Հռոմի Լա Սապիենցա համալսարանում Հին աշխարհի տնտեսական և սոցիալական պատմության դասախոս Աուգուստո Ֆրասքեթթիի «Դարձը» գրքից. «La conversione» (2004). Ուդինեի համալսարանում Հռոմեական պատմության դասախոս Առնալդո Մարքոնեի «Հեթանոս և քրիստոնյա. Կոստանդիանոսի կյանքը և մահը» գրքից. «Pagano e cristiano. Vita e morte di Costantino» (2002). Օքսֆորդի Նյու Քոլեջում Հին աշխարհի պատմության դասախոս Ռոբին Լեյն Ֆոքսի «Հեթանոսներ և քրիստոնյաներ» գրքից. «Pagans and Christians: In the Mediterranean World from the Second Century AD to the Conversion of Constantine» (1986, 2006). և հին աշխարհի բազմաթիվ ա՛յլ հանրածանոթ, վաստակավոր և տիտղոսակիր մասնագետների աշխատություններից, որոնցից են Անդրեա Ալֆոլդին, Ֆրանքի Դե Քավալիերին, Նորման Բայնսը, Մարթա Սորդին և ուրիշներ, որոնք բոլորն էլ պաշտպանում են Կոստանդիանոսի դարձի կրոնական բնույթն ու անկեղծությունը:
Հիշված գրքի վերջում, Առնալդո Մարքոնեն մեջբերում է գերմանացի պատմաբան Քլաուս Բրինգմաննի կարծիքը, որն իրեն թվում է այնպիսին, որ կարող է ներկայանալ որպես «կոստանդինյան դարաշրջանի վերաբերյալ մասնագետների մոտ այսօր առավելագույնս շրջանառվող կարծիքների համադրություն». «Վերջինիս համաձայն, եթե մի կողմից անհնարին է կասկածի տակ դնել Կոստանդիանոսի լիակատար հարումը Քրիստոնեության արդեն 312 թվականին, մյուս կողմից՝ հեթանոսությունից լիովին հեռանալու նրա սկզբնական անվճռականությունը բացատրվում է քաղաքական տիրող իրավիճակով, որը, գոնե մինչև 324 թվականը, նրան պարտադրում էր հետևելու գործողությունների մի առավել խոհեմ ուղեգծի», հաշվի առնելով հենց այն փաստը, որ քրիստոնյաները կայսրության տարածքում դեռ չնչին փոքրամասնություն էին կազմում[3]:
Արդարև, Լեյն Ֆոքսը ևս հիշեցնում է, որ «312 թվականից հետո Կոստանդիանոսը շարունակեց ապրել և թագավորել հեթանոսների բացարձակ մեծամասնությամբ շրջապատված: Նրա զորքերը գրեթե ամբողջովին հեթանոս զինվորներից էին կազմված, ինչպես նաև իշխող դասակարգն ու խորհրդականները, որոնց ժառանգել էր» նախորդ վարչակարգից[4]:
 
Աուգուստո Ֆրասքեթթին, ապա, իր ամբողջ աշխատությունը գրել է ցույց տալու համար, որ Կոստանդիանոսն առաջին կայսրը եղավ, որն արդեն 312 թվականին հրաժարվեց բարձրանալ Կապիտոլիում, – ուր բազմաթիվ քրիստոնյաներ էին «բռնի քարշ տրվել, որպեսզի սպառնալիքներով հարկադրվեին ուրանալ իրենց հավատքը և զոհ մատուցել հեթանոս աստվածներին», – ուր նորընտիր կայսրերը բարձրանում էին՝ Գերազանց և Բարձրյալ Յուպիտերին ընծայելու համար դափնեպսակը և, ավանդության համաձայն, Հռոմեացիներին ներկայանալու համար որպես «deus praesens», ներկա աստված: Նրա մինչ այդ աներևակայելի մերժումը՝ մասնակցելու հեթանոսական արարողություններին, զոհաբերություններին, խաղերին, կրկեսային հաճախ արյունալի ներկայացումներին, նրա դեմ բորբոքեցին Սենատի զայրույթն ու ժողովրդի դժգոհությունը:
Արդեն մեջբերված պատմաբաններին կարող ենք ավելացնել Փոլ Վենի անունը, որը համաշխարհային մակարդակով համարվում է Հին Հռոմի ամենահմուտ մասնագետներից մեկը: Նա հեղինակն է վերջերս լույս տեսած գրքի. «Երբ մեր աշխարհը դարձավ քրիստոնյա», որի քննարկումների հիմնական թեման հենց Կոստանդիանոսն է. «Quand notre monde est devenu chrétien (312-394)» (2007): Վենը, հարկավոր է ընդգծել սա, կոմունիստ է և չի կարող կասկածի ենթարկվել որպես քրիստոնյա, ուստի՝ որպես կողմնակալ անձնավորություն: Գրում է. «Գրել եմ այս գիրքը ինքս իմ դեմ: Ես ինքս ամբողջովին անհավատ եմ և բոլոր կրոնների շարքին հենց քրիստոնեությունն է իմ համար նվազ հանդուրժելին: Բայց որպես պատմաբան, պարտավոր էի ջանք գործադրել՝ կողմնակալություններից ազատ մնալու համար. ո՛չ կողմ, ո՛չ դեմ: Ամենադժվարին բանը եղավ հասկանալը, թե ի՛նչ կա մարդու սրտում և հոգու մեջ, երբ նա քրիստոնյա է»:
Այսպիսի խոսքերով սկսելով, ֆրանսիացի հնագետը պաշտպանում է Կոստանդիանոսի դարձի անկեղծությունը և հաստատում է, որ Քրիստոնեությունը հաղթանակեց, «որովհետև մարդկանց ընծայում էր տարբեր և նոր մի բան», որովհետև «սիրո կրոնն էր»: Քրիստոնեությունը չհաղթանակեց ո՛չ բռնի ուժով, ո՛չ էլ իշխանության կիրառմամբ: Չպետք է մոռանալ, գրում է Վենը, մեջբերելով Ջ.Բ. Բըրիին, «որ Կոստանդիանոսի կատարած հեղափոխությունը եղավ թերևս ամենահամարձակ քայլը, որը երբևէ իշխած ինքնակալ միապետներից որևէ մեկը կատարել է ի հեճուկս իր հպատակների ճնշող մեծամասնության»:
Իր նմանը չունեցող համարձակ և անկեղծ քայլ: Սա՛ է լուրջ պատմաբանների գնահատականը: Եվ միմիայն այդ համարձակ ու անկեղծ քայլի լույսի ներքո է, որ հասկանալի են դառնում Կոստանդիանոսի ձեռնարկած օրենսդրական բարեփոխումները. նա ազատություն տվեց Քրիստոնեությանը, բայց հալածանքի չենթարկեց հեթանոսներին, որոնք, ընդհակառակն,շարունակեցին զբաղեցնել արքունի նաև ամենաբարձր պաշտոնները. նա պարզապես արգելեց արյունալի զոհաբերությունները, պայքարեց գուշակությունների դեմ, որոնք հաճախ կատարվում էին մարդկային զոհաբերությունների ընկերակցությամբ. օրենքներ հաստատեց ընդդեմ մանկասպանության – մի բան, որը լայնորեն տարածված էր հեթանոսական աշխարհում – և ի պաշտպանություն նորածինների. օրենքներ հաստատեց ամուսնության վերաբերյալ, խտրականությունից ազատելու համար ամուրիներին, այրիներին և անզավակ զույգերին, մի բան, որն հաճախակի էր հեթանոսական անցյալում. պարտադրեց կիրակնօրյա հանգիստը, իր ուշադրությունն ու խնամքը ուղղեց հասարակության ամենատկար խավերին. դրամաշնորհներ էր տալիս եկեղեցիներին, որպեսզի այդ միջոցներով օգնեին աղքատներին, այրիներին ու որբերին. արգելեց խաչելության մահապատիժը, գլադիատորական արյունարբու խաղերը, որոնց ժամանակ խելագար ամբոխը մոլեգնում ու ծափահարում էր, տեսնելով, թե ինչպես էին վայրի գազանները պատառոտում մարդկանց կամ թե ինչպես էին գլադիատորները դաժանորեն սպանում մեկը մյուսին. խստիվ արգելեց սեփականության դրոշմակնիքով խարանել ստրուկների դեմքը. և մարդասիրական նման բազմաթիվ ա՛յլ օրենքներ ևս[5]:
Օրենքներ են սրանք, հասկանալի է յուրաքանչյուրի համար, որ արմատապես փոխեցին մեր քաղաքակրթության պատմությունը, դարձնելով այն – անկասկած – առավել մարդկային:
[1] Հետաքրքրական է նկատելը, որ հայազգի ոմանք միևնույն կարծիքն են արտահայտում Տրդատ Երրորդ Մեծ արքայի վերաբերյալ: Քրիստոնեության միջազգային և տեղական վարկաբեկողների դիրքորոշումներն այն աստիճան հարևնման են միմյանց, որ կենտրոնական մի ակունքից դրանց պատճենահանված լինելու վերաբերյալ ուղղակի կասկած չի մնում: Եվ սա միայն այս հարցին չէ, որ վերաբերվում է: Այս գրքի յուրաքանչյուր էջում կարող էինք ծանոթագրություններ ավելացնել և հղումներ կատարել մեր հայկական իրականությանը, բայց դա ավելորդ նկատեցինք: Գիտակից յուրաքանչյուր ընթերցող ինքնուրույն կերպով կկարողանա զուգահեռներ անցկացնել և գտնել համապատասխան լուծումները:
[2] Իսկ թե ովքե՞ր են այդ պատմագետները, Աուջասն անշուշտ չի հիշում: Առանց անուններ և լուրջ ուսումնասիրություններ մեջբերելու, փորձում է գիտական փաթեթավորմամբ ծախել իր սեփական թյուրիմացությունները: Այսպես են վարվում բոլոր իր նմանները:
[3] Arnaldo Marcone, Pagano e cristiano. Vita e morte di Costantino, Laterza, Bari 2002, p. 194.
[4] Robin Lane Fox, Pagani e cristiani, Laterza, Bari 1991, p. 681.
[5] Ռոբին Լեյն Ֆոքսը հիշեցնում է, որ Կոստանդիանոսի և նրա օրենքների վրա Քրիստոնեության ազդեցությունն «ակնհայտ» է. օրինակ, երբ «արգելում է խաչելության մահապատիժը և գլադիատորական խաղերը, հաստատում է կիրակնօրյա հանգիստը և անվավեր է հռչակում ամուսնության հին օրենքը, որի համաձայն պատիժներ էին սահմանվում ամուրիների, անզավակ զույգերի և կրկին ամուսնանալ չկամեցող այրիների համար: Արգելելով խարանել ստրուկների դեմքը, Կոստանդիանոսը միանշանակ կերպով հետևում է իր յուրահատուկ Աստծո օրենքին» (մեջբերված նույն գրքում, էջ 678):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։