Սոցիալական անարդարությունների և ագահության դատապարտումը – Գրադարան – Mashtoz.org

Սոցիալական անարդարությունների և ագահության դատապարտումը

Ստրուկների ազատագրման քրիստոնեական համատարած կիրառման այսպես ասած անուղղակի պատճառներից մեկն է, անկասկած, Եպիսկոպոսների ու քահանաների կողմից դրված շեշտադրումը ո՛չ միայն Աստծո առաջ բոլոր մարդկանց հավասարության, այլ նաև՝ սոցիալական առավել հավասարության անհրաժեշտության, աղքատների ու տարաբախտների նկատմամբ առավել ուշադրության հարկավորության վրա: Իրենց կենդանության օրոք իրենց ստրուկներին ազատագրող քրիստոնյաների կողքին կտրուկ աճում էր թիվը նաև այն քրիստոնյաների, որոնք անդենական կյանքի քրիստոնեական գաղափարից մղված, «անդենական պատիժների ու վարձատրության տեսլականով», իրենց կտակներում ազատություն էին շնորհում իրենց ստրուկներին, փոխանակ որպես ժառանգություն թողնելու իրենց զավակներին, համարելով, որ այդպիսով կատարում էին բարի ու արժանավոր գործ, գոնե կյանքի ավարտին, վերջին դատաստանից առաջ[1]:
Հիպպոնայի Եպիսկոպոս Օգոստինոսի քարոզները, Լակտանցիուսի և Սբ. Գրիգոր Նյուսացու գրությունները[2], Միլանի նախ աշխարհական կառավարիչ, ապա Եպիսկոպոս Ամբրոսիոսի ճառերը, և բազմահազար ա՛յլ եկեղեցական գործիչների քարոզներն ու գրություններն, իրոք, շարունակ անդրադառնում էին հարստությունների անարդար բաշխման, հռոմեական հասարակության մեջ հարուստների ու աղքատների միջև առկա չափազանց անհավասարությունների խնդրին, քարոզում էին ընդդեմ վաշխառության, որը պարտքերի պատճառով ստրկության մատնման գլխավոր պատճառներից մեկն էր, պանծացնում էին գթասրտությունն ու առատաձեռնությունը, աղքատներին տրվող ողորմությունները նկատելով որպես արդարության պարտավորություն: Միաժամանակ, կոչէին անում գործադրելու ժուժկալության, աղքատության, համեստության ու խոնարհության առաքինությունները, բազմաթիվ հարուստների մղելով վարելու մի ա՛յլ, առավել ժուժկալ ու առաքինի կենսակերպ, որի ուղղակի հետևանքը լինում էր նրանց կողմից ստրուկների հոժարակամ ազատագրումը և ավելորդ հարստությունների բաշխումը աղքատներին:
Իր քարոզների ժամանակ Օգոստինոսը որոտում էր. «Գիտես կորզել, գիտես գրավել, գիտես մի կողմ դնել, գիտես ինչպիսի ներդրումներ կատարել, ում փոխ տալ, որպեսզի ոչինչ չկորցնես ունեցածիցդ: Քրիստոնյա ես, կուզենայիր, որ Քրիստոսը ապահովեր քեզ ընդդեմ կորուստների. հավատքը առավել ապահով երաշխիք կլինի, եթե հարստություններդ դնես այնտեղ, ուր նա քեզ խորհուրդ է տալիս. աղքատների ձեռքերի մեջ»[3]:
Իր մտերիմ Ամբրոսիոսն, իր հերթին, երբ դարձավ Եպիսկոպոս, իր բոլոր հարստությունները բաժանեց աղքատներին, միայն մի փոքր շահույթ հատկացնելով քրոջը՝ Մարկեղինային: Որպես Եպիսկոպոս, Ադրիանուպոլսի պարտության հաջորդ օրն իսկ (9 Օգոստոս 378թ.) «օգնության հասնելու համար թշնամու ձեռքն ընկած բազմաթիվ գերիներին և հավաքելու համար նրանց փրկագնման համար հարկավոր հսկայական գումարները, [...] այդ նպատակին հասնելու համար առանց երկմտանքի ջարդեց խորանի սրբազան սպասքը և վաճառեց թանկարժեք մետաղները», ճիշտ ինչպես պահանջում էին Ագաթեի և Մատիսկոնեի Ժողովների կանոնները, որոնք արդեն մեջբերել ենք:
Վաշխառուներին և բոլոր նրանց, ովքեր շարունակ հարստություններ են կորզում ու զավթում, կլանելով փոքր սեփականատերերին և նրանց ծառայեցնելով, Ամբրոսիոսը ճշտում է, որ իրականում հենց իրենք են “ստրուկները”. «ստրուկներ սխալի, ստրուկներ կեղծիքի, ստրուկներ ընչաքաղցության, ստրուկներ ագահության, որն երբեք չի կարող գոհացվել»[4]:
«Մինչև ո՞ւր եք ցանկանում հասցնել, ո՜վ հարուստներ, ձեր անիմաստ ընչաքաղցությունը», տակավին գրում է Ամբրոսիոսը: «Մի՞թե մտածում եք, թե կարող եք միայնակ մնալ՝ տիրելու երկրին: Ինչո՞ւ եք ոտնատակ ճզմում նրան, ով ըստ բնության ձեզ հավասար է: Ինչո՞ւ եք միայն ձեր համար ցանկանում ունենալ բնական բարիքների տիրապետությունը: Երկիրը տրվել է համընդհանուր բոլորի համար»[5]:
 
Ո՞րն է հարստությունների գործածման վերաբերյալ այս նոր մշակույթի ու մտածելակերպի առաջնային հետևանքներից մեկը:
Նախևառաջ այն, որ հազարավոր մեծահարուստներ որոշում են ապրել առավել ժուժկալ կենսակերպով և իրենց հարստությունները գործածել տարաբախտներին օգնության հասնելու համար: Երկրորդ, ստեղծումը մարդասիրական մի համակարգի, որի նպատակն է որքան հնարավոր է շատ մարդկանց փրկել ստրկացման ամենատարբեր կերպերից, որոնք լայնորեն տարածված էին հեթանոսական աշխարհում. լքված երեխաներ, որբեր, վաշխառուների ձեռքն ընկած պարտապաններ, որոնք հեթանոս ժամանակներում իսկույն կզրկվեին իրենց անձնական ազատությունից, կդառնային իրավազուրկ առարկաներ, այժմ օգնություն են ստանում իրենց համայնքներից, նվիրատվություններից գոյացող եկեղեցական ունեցվածքից, իսկ որոշ դեպքերում էլ, ինչպես տեսանք, ստանում են քրիստոնյա կայսրերի կողմից վավերացված օրենքների իրավական և տնտեսական օգնությունը: «Աղքատ քրիստոնյաները», գրում է Ադալբերտ Համմանը, «օգնություն ստանալու համար կարող էին դիմել իրենց համայնքին: Եկեղեցին աղքատ քրիստոնյաներին օգնում էր իր տիրույթներից ստացվող շահով և բարեկեցիկ քրիստոնյաների հավաքած նվիրատվություններով: Հիպպոնայում կար մի հանդերձատուն, որն ի վիճակի էր հագուստով ապահովելու քաղաքի բոլոր կիսամերկ մարդկանց: Ծիսական տոները լավագույն առիթներն էին նվիրատվությունների մի կողմից հավաքման, մյուս կողմից բաշխման համար: Եկեղեցու ունեցվածքը, որի նկատմամբ Եպիսկոպոսը սոսկ մատակարար էր, պատկանում էր աղքատներին: Համայնքը կազմակերպում էր մարդասիրական օգնությունները, հյուրընկալում էր պանդուխտներին և հասարակության կողմից անտեսվածներին. որբերին, այրիներին, գերեվարվածներին»[6], այսինքն՝հասարակության այն խավերին, որոնք առանց այդ օգնության կհայտնվեին ստրկության շղթաներում:
[1] Mark Bloch, La servitù nella società medievale, p. 21.
[2] Լակտանցիուսը «չէր գոհանում սոսկ ստրկատիրությունը դատապարտելով, այլ՝ պնդում էր այն փաստի վրա, որ հարստության ու առանձնաշնորհությունների չափազանց անհավասարությունները նույնպես խոչընդոտում են արդարության գործադրմանը, և այս առումով ևս խստորեն քննադատում է հունա-հռոմեական սովորույթների ամբողջ համակարգը: Այսպիսով, ըստ հոգու և ըստ կրոնի, ստրուկներն իր աչքին եղբայրներ են և հավասար անձինք. այդուհանդերձ, սակայն, թեև մերժում է ստրկությունը, նա չի պահանջում դրա վերացումը», այն պարզ պատճառով, որ քրիստոնյա հեղինակները գիտակցում էին իրենց սահմանները, պահանջում էին լուծել հարցի բարոյական կողմը, մինչդեռ իրավականը թողնում էին հասարակությանն ու քաղաքական իշխանություններին: Գրիգոր Նյուսացին ևս «ո՛չ միայն պնդում էր, որ Աստծո առաջ ստրուկները հավասար էին ազատներին, այլ նաև համարում էր ստրկատիրությունը մեղք, և շատ ծանր մեղք: [...] Արդարև, Աստված մարդու տիրապետության տակ է դրել կենդանիներին և բույսերին, բայց նույն արտոնությունը չի տվել տղամարդկանց և կանանց վերաբերյալ (Գրիգոր Նյուսացի, Քարոզներ Ժողովողի մասին, 4, 2, 7)» (JEAN ANDREAU - RAYMOND DESCAT, Gli schiavi nel mondo greco e romano, p. 177):
[3] Սբ. Օգոստինոս, Սաղմոսների մեկնություն, 38, 11, 12 (PL 36, 422).
[4] Cesare Pasini, Ambrogio di Milano, San Paolo, Milano 1996, pp. 166-168.
[5] Սբ. Ամբրոսիոս, Նաբոթ Հեզրայելացու մասին, 2.
[6] ADALBERT HAMMAN, La vita quotidiana nell'Africa di Agostino, pp. 121-122. Ջակոմո Բալմեսն էլ գրում է. «Շատ վաղ շրջանի Ժողովների կանոններում գտնում ենք կարգադրություններ աղքատների վերաբերյալ, որոնք բարեգործության և ապահովության կանոնների մի ամբողջություն են, որոնք մինչև օրս կիրառվում են բազմաթիվ երկրներում: Օրինակի համար, պատվիրվում է կազմել յուրաքանչյուր ծխի աղքատների ցուցակը և միևնույն ծխի բարեկեցիկ անդամներին պարտավորեցնել օգնել նրանց: 566 թվականի Թուրսի Ժողովն իր 5րդ կանոնում պատվիրում է, որ յուրաքանչյուր քաղաք խնամի իր աղքատներին և որ գյուղերի քահանաները, հավատացյալների հետ միասին, օգնության հասնեն իրենց սահմանների ներսում բնակվող աղքատներին, որպեսզի չստիպվեն տրվելու թափառական և մուրացիկ կյանքին: Ինչ վերաբերվում է բորոտներին, քիչ առաջ հիշատակված Օրլեանի Ժողովն իր 21րդ կանոնում պատվիրում է, որ Եպիսկոպոսները յուրահատուկ խնամք և հոգատարություն ունենան իրենց թեմի աղքատների ու բորոտների նկատմամբ, Եկեղեցու ծախսով հատկացնելով նրանց ուտելիք և հագուստ. իսկ 583 թվականի Լիոնի Ժողովն իր 6րդ կանոնում պատվիրում է, որ յուրաքանչյուր քաղաքի և մերձակա տարածքների բորոտները պետք է ապրուստի միջոցներ ստանան Եկեղեցու ծախսով, և որ սրանով պետք է զբաղվի անձամբ Եպիսկոպոսը: Յուրաքանչյուր եկեղեցում պահվում էր աղքատների գրանցամատյան, որոնց բաշխվում էր եկեղեցական ունեցվածքներից ստացվող հասույթը, և գրանցողներին խստիվ արգելված էր որևէ տեսակի վճար ստանալ նրանցից, ովքեր գրանցվում էին այդ մատյանում: 874 թվականի Ռեյմսի Ժողովի 2րդ կանոնում պատվիրվում է պաշտոնից անհապաղ ազատ արձակել նրանց, ովքեր կհամարձակվեն վճար գանձել մատյանում գրանցվող աղքատներից»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։