Քրիստոնյաների դիրքորոշումը մարմնավաճառների նկատմամբ – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաների դիրքորոշումը մարմնավաճառների նկատմամբ

Կա, ի վերջո, մի ա՛յլ նորություն ևս կնոջ քրիստոնեական ընկալման մեջ, որը տեսանելի է մարմնավաճառների նկատմամբ Եկեղեցու որդեգրած դիրքորոշման մեջ: Հռոմեական և մասամբ նաև հունական աշխարհում մարմնավաճառները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր պատկանում էին թատրոնի ու կրկեսի ոլորտին, «անարգ» մարդիկ էին, և նրանց վրա ֆիզիկապես խարանվող «խայտառակության դրոշմը նրանց անհետսկոչելիորեն զրկում էր օրինավոր ամուսնության և քաղաքացիական լիակատար իրավունքներ ժառանգաբար ավանդելու կարողության իրավունքից. դրոշմը դառնում էր ժառանգական»[1]: Այսպես չէ քրիստոնյաների մոտ, ուր մարմնավաճառները, արդարացի չափով կշտամբվելով ու պախարակվելով հանդերձ, այնուամենայնիվ՝ «ենթակա չեն խայտառակության անջնջելի դրոշմի. [...] հասարակական ընկալման, գրական պատմվածքների, իրավական և աստվածաբանական մշակումների մեջ ամենագարշելի մեղքը ո՛չ թե մարմնավաճառինն է, այլ նրա՝ ով այդ երևույթի կազմակերպիչն է, միջնորդը և շահագործողը»:
Եկեղեցին, իր հերթին, մարմնավաճառության երևույթի մեջ ընդգծում է ո՛չ թե կարծեցյալ, իրականում գոյություն չունեցող «բնածին հակումը», այլ՝ այդ կանանց «լքվածությունը աղքատության ու միայնության մեջ», նրանց «պայքարը գոյապահպանման համար, մինչ զուրկ են ընտանեկան և պետական օգնություններից»: Այս դիրքորոշումը գործնական գետնի վրա ծնունդ է տվել համոզմանը, որ հարկավոր է հնարավոր ամեն բան անել՝ խեղճության վիճակից ազատագրելու համար այդ կանանց, նաև ի պատիվ Սրբուհի Մարիամ Մագդաղենացու, որի նկատմամբ Միջնադարում տածում էին մեծ սեր ու բարեպաշտություն: Այսպիսով, մինչ Լևոն Իններորդ Պապը խրախուսում ու տարածում էր Մագդաղենացու հանդեպ բարեպաշտությունը, Իվ Շարթրացին «որպես քրիստոնեական սիրո մեծագույն գործերից մեկը» հանձնարարում էր «ամուսնանալ մի մարմնավաճառուհու հետ, այդպիսով փրկելով նրան մեղքի կյանքից», իսկ Իննովկենտիոս Երրորդ Պապը մեղքերի պատժի ներում (ինդուլգենցիա) էր շնորհում նրան, ով ամուսնանում էր նախկին մարմնավաճառուհու հետ:
1227 թվականին Գրիգոր Իններորդ Պապը վավերացնում է Սրբուհի Մարիամ Մագդաղենացու միաբանությունը, և այդուհետև ամբողջ Եվրոպայով մեկ ի հայտ են գալիս վանքեր՝ մարմնավաճառուհիների ազատագրման համար. «օժիտ հավաքելու և բաշխելու գործում» մասնագիտացված կրոնական ընկերակցություններ, որոնք հեշտացնելով աղքատ աղջիկների ամուսնությունը՝ փաստացի փրկում էին նրանց փողոց հայտնվելուց. ինչպես նաև եկեղեցական մասնագիտացված հիմնարկներ, ուր իրենց կենսակերպը փոխել փափագող մարմնավաճառուհիներին տրվում էին «աշխարհում ազնվաբարո գոյություն վարելու համար անհրաժեշտ միջոցները. ինչ որ մի արհեստի տարրական ուսուցում, օժիտ, պատվականության մի նոր երաշխավորագիր»: «Մարմնավաճառության գործը թողած և այդ կյանքից ազատագրում որոնող կանանց ապաստարաններ հիմնվեցին ամբողջ Եվրոպայով մեկ», որոնց ֆինանսական վեհանձն օգնություն էին տալիս ազնվականները, եկեղեցականները, ազնվական տիկինները[2]:
Ամենանշանավորներից կարող ենք հիշել «Սբ. Կատարինե Վարդի Ընկերություն»ը, որը Հռոմում հիմնվել էր 1536 թվականին ստեղծված և աշխարհական ու եկեղեցական անդամներից բաղկացած Ողորմած Կույսերի Ընկերակցության կողմից. Ֆլորենցիայի «Սբ. Մարիամ Մագդաղենացու Ընկերակցություն»ը, հիմնված 1579 թվականին, սա ևս կազմված՝ աշխարհական ու եկեղեցական անդամներից. «Սուրբ Պողոսի Օգնության Տուն»ը Բոլոնիայում. Տասնյոթներորդ դարի առաջին տարիներին Հիսուսյանների Միաբանության կողմից հիմնված «Բարեպաշտ Տուն»ը Սիվիլիայում. կոմսուհի Լուդովիկա Գուաստալլացու կողմից Տասնվեցերորդ դարի սկզբին հիմնված «Վատ կյանքից փրկված կանանց տուն»ը, որի կողքին մարդասիրական նման տուն էր հիմնվել նաև այրիների և աղքատ կանանց համար. Տասնյոթներորդ դարի վերջին Լիոնում հիմնված «Զղջացողների ապաստարան»ը. և այլն, անունները հնարավոր է անվերջ շարունակել, հասնելով Տասնիններորդ դարում հատկապես Իտալիայում հիմնված բազմաթիվ «Վտանգվածների տները», որոնք հիմնվել էին մարմնավաճառությունից փրկելու համար արդյունաբերական մեծ քաղաքների աղքատ ու լքված աղջիկներին. և կամ մեզ ժամանակակից, Դոն Օրեստե Բենցիի կողմից հիմնված «Հովհաննես Քսաներեքերորդի անվան Հիմնարկ»ը, որի գործունեության ծիրի կարևորագույն ուղղություններից մեկն է հանդիսանում մարմնավաճառուհիների ազատագրումը[3]:
[1] Georges Duby - Michelle Perrot, Storia delle donne, vol. I, p. 346.
[2] Margherita Pelaja - Lucetta Scaraffia, Due in una carne, pp. 180-185.
[3] Դոն (այսինքն՝ Տեր) Օրեստե Բենցիի պատմությունը մեկն է այն բազմահազար պատմություններից, որոնցով անսահմանորեն հարուստ է Եկեղեցու գոյությունը: Ահա նրա կենսագրության մի համառոտ տարբերակ, որ հրատարակել է իտալական ամենահեղինակավոր օրաթերթերից մեկը. «Դոն Բենցին ծնվել է 1925թ. Սեպտ. 7ին Սան Կլեմենտեում, Էմիլիա-Ռոմանիայի բլրաշատ երկրամասի՝ Ռիմինիից 20 կմ հեռավորության վրա գտնվող այդ փոքրիկ գյուղում, բանվորների համեստ ընտանիքում, իննը զավակներից յոթներորդը: 12 տարեկան հասակում ընդունվել է Ռիմինիի թեմական ճեմարանում ուսանելու և քահանա է ձեռնադրվել 1949թ. Հունիսի 29ին: Իսկույն գործունեության է անցել Ռիմինիում, նախ որպես Սբ. Նիկողայոսի եկեղեցու ծխական քահանա, ապա նաև զանազան դպրոցներում ուսուցիչ և Կաթողիկե Երիտասարդական Շարժման աշխատակից: [...] Միշտ մոտիկ մնալով երիտասարդությանը, 1968 թվականին, մի խումբ կամավորների և մի քանի քահանաների հետ միասին, հիմնում է Հովհաննես Քսաներեքերորդ Պապի անվան Ընկերակցությունը, որն այլևս գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում և արդեն 40 տարի է, ինչ լծված է “անարդարություններ ծնող պատճառների վերացման” գործին. զբաղվում է անչափահասներով և ամենատարբեր դժվարությունների մեջ գտնվող մայրերով, մարմնավաճառուհիների միջազգային առևտրի կանխարգելմամբ, երիտասարդների կրթությամբ, չափահասներին տրվող ամենատարբեր օգնություններով, թմրամոլների բուժմամբ և բանտարկյալների խնամքով: Մի խոսքով, հասարակության “վերջիններ”ով, նրանց հետ, ովքեր ապրում են հասարակության լուսանցքներում, և գրեթե միշտ՝ չունեն ձայն բարձրացնելու հնարավորություն: 1989 թվականին, Ռիմինիի երկաթուղային կայարանում մի մարմնավաճառուհու հանդիպելուց հետո, Դոն Բենցին որոշում է ինչ որ մի բան անել մարմնավաճառության սարսափելի իրականության և ճնշվածության ու ստրկության այն վիճակի դեմ, որի մեջ հայտնվում են մարմնավաճառուհիները: Ռիմինիում, երեկոյան, փողոցները լցվում էին օտարերկրացի աղջիկներով, բոլորի անտարբեր հայացքի ներքո: Դոն Օրեստեն և իր Ընկերակցության անդամները սկսեցին ամեն երեկո փողոց իջնել, հանդիպել իրենց մարմինները վաճառելու հարկադրված աղջիկների հետ, արցունքների միջից լսել շարունակական բռնություններով, հարկադրանքով, սպառնալիքներով լի նրանց պատմությունները: Որպես մեկնակետ ունենալով հիմնական սկզբունքը (ոչ մի կին չի ծնվում որպես մարմնավաճառ, այլ միշտ կա ինչ որ մեկը, ով մղում է նրան այդ քայլին), սկսեց հրապարակայնորեն մատնացույց անել այս նորահայտ ստրկուհիների վաճառքը, դատարանում անձամբ վկայություն տվեց ձերբակալված 17 հանցագործների դեմ, որոնք դատապարտվեցին մարդկանց ստրկացնելու հոդվածի համաձայն: Այդ պահից սկսած, հաղթելով մարմնավաճառության հարկադրված աղջիկների վախն ու երկմտանքը, սկսեց ընդունել նրանց և պաշտպանել Ընկերակցության տուն-ընտանիքներում: Որոշ հաշվարկների համաձայն, 15 տարվա ընթացքում Դոն Բենցին և իր կամավորները – որոնք 1990 թվականից սկսած “փողոցային պարեկախմբեր” են ստեղծել Իտալիայի 13 տարբեր նահանգներում – իրենց կենտրոններում ընդունել և մարմնավաճառությունից փրկել են ավելի քան 6.000 աղջիկների: Հովհաննես Քսաներեքերորդ Պապի անվան Ընկերակցության կողմից “վերջինների կողքին” կատարված քայլքը 40 տարիների ընթացքում ծնունդ է տվել 200 տուն-ընտանիքների – բաց ընտանիքներ, որոնք “տրամադիր են ընտանեկան օջախի ջերմություն նվիրելու ոչ միայն իրենց կենսաբանական զավակներին, այլ նաև նրանց՝ որոնց հարկավոր է վերածնել սիրո մեջ” – , 6 աղոթատների, 7 եղբայրությունների, 15 կոոպերատիվների, ուր աշխատանքի են ընդունվում չքավոր ընտանիքների անդամները, ծանր անդամալուծությամբ տառապող անձանց համար ցերեկային 6 կենտրոնների, 32 բուժհաստատությունների, հատկապես թմրամոլությունից ազատվել փափագողների համար, Բեթղեհեմի Խրճիթը՝ աղքատների հյուրընկալման համար»: («La Repubblica» օրաթերթի 2/11/2007 համարում):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։