Քրիստոնյաները կործանում են արյունարբու կուռքերը և հակառակվում են մոգությանը, աստղագուշակությանն ու կախարդությանը – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաները կործանում են արյունարբու կուռքերը և հակառակվում են մոգությանը, աստղագուշակությանն ու կախարդությանը

Մի քանի դար տևած հալածանքներից հետո, երբ Քրիստոնեությունն իր արժեհամակարգի ու սիրո ուժով հաղթանակում է, միևնույն հալածանքներով չի պատասխանում հեթանոսներին և հասարակական գետնի վրա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանվեն նախաքրիստոնեական քաղաքակրթության բոլոր բարի ու գեղեցիկ ձեռքբերումներն ու սովորույթները: Բայց կային դեպքեր ու պարագաներ, որոնց հանդեպ անհնարին էր չեզոք դիրքորոշում պահպանել: Ուստի պատահում է նաև, – չնայած ամենահեղինակավոր Հայրապետներից ոմանք հակառակ էին սրան, որոնց շարքին նաև Սուրբ Օգոստինոսը, – որ քրիստոնյաները, հատկապես աշխարհագրական որոշակի տարածքներում, սկսում են կործանել հեթանոսական կուռքերը, արձանները, մեհյաններն ու տաճարները, ուր կատարվում էին այդ արյունարբու զոհաբերությունները, հետևելով աստվածաշնչյան գաղափարին. «Հեթանոսների կուռքերը դևեր են»:
 
Օրինակ, երբ Կարլոս Մեծը որոշում է կտրել ու արմատախիլ անել Սաքսոնների սրբազան ծառը, որին ընծայաբերում էին կենդանական ու նաև մարդկային զոհեր, և հրամայում է կոտորել դրա հազարավոր պաշտողներին, որոնք մեղադրվում էին իր թագավորության տարածքներում ավազակային անդադար հարձակումներ գործելու մեջ, վանական Ալքուինոսն ամեն կերպ համոզում է արքային, որ Սաքսոնները խնայվեն: Ժողովուրդները, բացատրում է Ալքուինոսը Կարլոս Մեծին, դարձի չեն բերվում ուժի կիրառմամբ, բռնությամբ, այլ՝ միմիայն համոզելով:
Ժողովրդին խնայելով հանդերձ, սակայն, Ալքուինոսը և ընդհանրապես բոլոր քրիստոնյաները բացահայտ կերպով հակառակվում են հեթանոսական մտահամակարգի կորիզին, որը, ինչպես հիշեցնում է մարդաբան Չեչիլիա Գատտո Թրոքքին, հիմնականում բաղկացած էր մոգական մտայնություններից. «(Գերմանական) ավանդավեպերը հաճախ ա՛յլ բան չեն, քան սոսկ գրացուցակները արարողությունների, ուր տպավորիչ թիվ են կազմում ոգեկոչությունները, չարադյութանքները, կախարդանքները, հմայումները և ամեն տեսակի մոգությունները: Գերմանական դիցարանի գլխավոր աստվածությունը հանդիսացող Օդինը, օրինակի համար, մոգության գերագույն աստվածն էր: Նաև առանց հաստատելու, որ խոսքը վերաբերվում է բացառապես հյուսիս-ասիական երկրամասերից բերված և շամանական ծագում ունեցող աստվածության, անվիճելի է, որ Օդինի ուժը վերագրվում էր իր կողմից սև մոգության կիրառմանը: Հոգիների չու կամ գաղթականություն, շարունակական անցումներ բնական աշխարհից դեպի գերբնական աշխարհ, սրբազան ահ ու ճիչ, անցյալի ու ապագայի գաղտնածածուկ իրողությունների իմացություն, արտասովոր հատկություններով օժտված և բարի կամ չար ազդեցություն գործող առարկաներ, ամեն տեսակի տրանս, լեթարգիա և վերամարմնավորումներ. այդ ամենը ձեռք է բերվում հաղթահարվելիք փորձությունների, սկզբնավորման դժվարին ու ցավալի արարողությունների գնով: Գերմանական մշակույթի վերաբերյալ գոյություն ունեցող աղբյուրները լիովին հաստատում են (ասիական, շամանական ծագման) այս իրողությունը»[1]:
Ալքուինոսի նման, Բենեվենտոյի եպիսկոպոս Բարբատոսը նույնպես Յոթներորդ դարում հակառակվում է այն պաշտամունքին, որը Լոնգոբարդները, վերցնելով տեղի նախկին ավանդավեպերից, մատուցում էին օձանման մի կուռքի, որի առաջ խոնարհվում էին, երկրպագում և զոհեր ընծայում: Բարբատոսը պարզապես ձուլել է տալիս այդ կուռքը և ստացված մետաղով պատրաստել է տալիս մի սկիհ և մի մաղզմա: Արդյունքը, ինչպես միշտ, լինում է կռապաշտների զարմանքը, որոնք տեսնելով, որ օձը ոչ մի ձևով վրեժխնդիր չի լինում “սրբապիղծ” եպիսկոպոսից, ի վերջո լքում են սրբազան կենդանու պաշտամունքը: Համանման մի բան էր տեղի ունենալու նաև այն ժամանակ, երբ իսպանացիները ոտք դրեցին ացտեկապատկան հողերի վրա. միսիոներներն ամեն կերպ ջանացին համոզել և ուսուցանել իրենց ազգակիցներին, – ինչպես արդեն տեսանք, – չվնասել և հարգանք ունենալ բնիկների նկատմամբ, բայց իրենք անձամբ էլ նպաստեցին այրելու ու կործանելու այն հրեշային դիմակներն ու կուռքերը, որոնց առաջ Ացտեկները սովոր էին հազարավոր մարդիկ սպանել յուրաքանչյուր զոհաբերության ժամանակ, հանելով նրանց տակավին բաբախող սրտերը և կատարելով մարդակերության սահմռկեցուցիչ արարքներ:
Հռոմեական հեթանոսության դեմ ուղղված իրենց քննադատություններում – թեև հռոմեական հեթանոսությունը մյուսներից համեմատաբար ավելի զուսպ ու չափավոր էր, բայց այդուամենայնիվ, ինչպես արդեն ասացինք, հռոմեական հեթանոսությանը ևս բնորոշ էին կենդանական և երբեմն նաև մարդկային զոհաբերությունները, սիբիլլաները, գուշակները, կենդանիներին և մարդկանց սպանողհաստատում է Աստծո ընկալումը որպես Արդարություն, բայց միաժամանակ նաև որպես Ողորմություն, ինչը որ մի հսկայական նորություն է, որպես Հայր և ո՛չ թե որպես միայն Տեր. զոհաբերումն է միակ կատարյալ Անմեղի, և ի վերջո՝ քավող, հատուցող և նաև փառաբանող զոհաբերություն է: Ինչպես ասվում է Սուրբ Պատարագի ժու նրանց փորոտիքը զննելով կանխագուշակություններ անող քուրմերը, և բազմապիսի ա՛յլ նախապաշարումներն ու սնոտիապաշտությունները, – քրիստոնյա առաջին ջատագովներն ընդգծում էին միևնույն գաղափարը. հեթանոսները, գրում է Արիստիդեսը իր Ջատագովության գրքում, «սխալվում են կարծելով, թե երկրագունդը դա աստվածություն է [...] և նմանապես սխալվում են, [...] եթե կարծում են, թե ջուրն աստված է, որովհետև ջուրը ստեղծվել է մարդուն ծառայելու համար: [...] Նմանապես հերքում ենք [նրանց կարծիքը], թե աստվածություններ են օդը, արևը, լուսինը, աստղերը, [...]: Սխալվում են, հետևաբար, բարբարոսները, որոնք պաշտում են այս մահկանացու տարրերը»: Եվ Տացիանոսը. «Ես չեմ ուզում պաշտել Իր արարածներին, որոնք ստեղծվել են մեր կողմից գործածվելու համար: Արևն ու լուսինը մեր համար են ստեղծվել: Մի՞թե կարող եմ պաշտել նրանց, ովքեր իմ ծառաներն են: Եվ ինչպե՞ս կարող եմ աստվածներ համարել մի կտոր փայտն ու քարի մի կտորը»[2]: Երրորդ և Չորրորդ դարերի միջև ապրած և Քրիստոնեության դարձի եկած աֆրիկացի հռետոր Արնոբիուսն էլ իր հերթին գրում է. «Ոչ հեռավոր անցյալում երկրպագում էի – վա՜յ իմ կուրությանը – հնոցներում ձուլված արձանների, դարբնասալի վրա մուրճերով պատրաստված աստվածությունների, փղոսկրի կտորների, պատկերների, անգիտակից ծառերի ճյուղերին կապված ժապավենների, և եթե հանկարծ տեսնում էի քարի մի կտոր, որն օծված կամ յուղոտված էր ձիթապտղի ձեթով, կարծելով՝ թե դրա ներսում ինչ որ մի լուսավոր զորություն է բնակվում, իսկույն հարգանք էի մատուցում, խոսում էի նրան և շնորհակալություն էի հայտնում անզգա կոճղին»[3]:
Իրենց այս գաղափարների համար, – որոնց, օրինակի համար, հակաճառում է Պրոկղը իր «Արևի օրհներգ»ում, – այսինքն, որ մարդը չպետք է երկրպագի արևին, լուսնին, գետերին և մյուս բոլոր արարածներից որևէ մեկին, այլ՝ միմիայն Նրան, ով ստեղծել է դրանք, ամենքի և ամեն ինչի Արարչին, հեթանոսները առաջին քրիստոնյաներին սկսում են մեղադրել «անաստվածության», «աթեիզմի» մեջ: Եվ այդպես, քրիստոնյաները մի կողմից պայքարում էին մոգական հավատալիքների ու աստղագուշակությունների դեմ, որոնցով սաստիկ կերպով սահմանափակվում է մարդու ազատությունը, իսկ մյուս կողմից՝ անհրաժեշտ հիմքերն էին դնում արևմտյան քաղաքակրթության, գիտության և բժշկության զարգացման համար, որոնք չէին կարող երբևէ ծնվել և զարգանալ հասարակությունների մոտ, որոնց վրա թագավորում էր ոգիների ու անիմիզմի վախը, որն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, մարդկային արժանապատվությունը ոտնատակ անող առաջին գործոնն է: Սուրբ Օգոստինոսն իր Խոստովանությունների Երրորդ գլխում խոստովանում է, որ ժամանակին ինքն էլ, ինչպես գրեթե բոլոր հեթանոսները, հավատք է ընծայել աստղագուշակությանը, բայց հետո հասկացել է, որ դա սոսկ խաբեություն է, որ սպանում է մարդու ազատությունը, որովհետև ուսուցանում է, թե այն ամենն, ինչ տեղի է ունենում կամ կատարվում է աշխարհում կամ մեր անձնական կյանքում, կախում ունի ո՛չ թե մեր ազատ կամքի որոշումներից, այլ՝ իբր թե աստղերի և նրանց կցորդումների որոշիչ ազդեցության արդյունքն է:
Այս իսկ պատճառով, նա քրիստոնյաներին հորդորում է հավատք չընծայել այն սնապաշտական ուսուցումներին, թե իբր մարդու ազատությունը սահմանափակվում է աստղերի կամքով ու մոգերի գուշակություններով, և, հետևաբար, չգնալ ամեն տեսակի կախարդների, վհուկների ու գուշակների մոտ. «Ի՞նչ են ուզում իմանալ: Միշտ նույն բանը. թե ո՞ր օրը ճանապարհ ընկնեն, ե՞րբ սերմանեն, թե ամուսնանալո՞ւ են այդ տարվա ընթացքում, արդյոք երջանիկ սեր ունենալո՞ւ են: Ձեզ ասում են, թե արդյոք հաղթելո՞ւ եք մրցումներում, թե արդյոք ճի՞շտ գույնի վրա եք դրել գրավը, թե որքա՛ն ժամանակ է մնացել ձեզ ապրելու», թե ի՛նչ պետք է անեք, երբ «մի շուն կամ մի քարի կտոր հայտնվում է ձեր երկուսի մեջտեղում», թե ե՛րբ պետք է նավարկեք, ե՛րբ պետք է սերմանեք, ո՛ր ոտքով պետք է իջնեք անկողնուց, [...] : Մի՛ հավատացեք», պատվիրում է Օգոստինոսը, «ծիծաղելի բան է սեփական կյանքը գուշակատետրերի ու երազահանների հիման վրա կանոնակարգելը»[4]:
[1] Cecilia Gatto Trocchi, La magia, Newton, Roma 1994, p. 15.
[2] Taziano, Discorso ai greci, IV, 1-2.
[3] Adversus nationes, I, 39; in Giusto Monaco - Gaetano De Bernardis - Andrea Sorci, La produzione letteraria nell'antica Roma, Palumbo, Palermo 1990, vol. III, p. 486.
[4] Adalbert Hamman, La vita quotidiana nell'Africa di Agostino, pp. 167-171.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։