Իսկ Սրբազան Ինքվիզիցիա՞ն – Գրադարան – Mashtoz.org

Իսկ Սրբազան Ինքվիզիցիա՞ն

Այս ամենն ասելուց հետո, – հիշելով, որ կախարդությունը հեթանոսական ծագում ունի. որ ճգնաժամ ապրեց Քրիստոնեության տարածմամբ. որ այսօր տակավին ներկա է անիմիստական մշակույթ ունեցող բազմաթիվ երկրներում. որ սնվում էր և շարունակում է սնվել մարդկային զոհաբերություններով և տարբեր տեսակի ցնորածին նյութերի ու թմրախոտերի գործածմամբ. որ վերազարթոնք ապրեց ո՛չ թե Միջնադարում, այլ՝ Տասնվեցերորդ դարի Եվրոպայում, որի մշակութային հիմքերը սասանվել էին հեթանոսական աշխարհի և, հետևաբար, նրա մոգական մտածելակերպի նկատմամբ սաստիկ հետաքրքրությամբ, – մեզ մնում է համառոտ կերպով վերլուծել մի վերջին տվյալ ևս. եվրոպական պատմության այդ ժամանակահատվածում, որում վերստին ի հայտ եկան “վհուկները”, իրականում ի՞նչ արեց Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին իր Սրբազան Ինքվիզիցիայով, այսինքն՝ եկեղեցական Հետաքննական Դատարանով:
Իրադարձությունները ճիշտ հասկանալու համար, ինձ տրամաբանական է թվում որպես հիմք ընդունելը տվյալ հարցի շուրջ ամենահեղինակավոր ուսումնասիրություններից մեկը, որը ներկայումս որդեգրվել է իտալական բազմաթիվ համալսարաններում որպես ուսուցման հիմնական ձեռնարկ. խոսքս Անդրեա Դել Քոլի «Ինքվիզիցիան Իտալիայում» աշխատության մասին է:
Հեղինակը նախևառաջ հստակեցնում է պատմական մի քանի տվյալ, որոնք այլևս համընդհանուր կերպով ընդունվում են իդեոլոգիական կապանքներից զերծ պատմաբանների կողմից. առաջին հերթին այն փաստը, որ կախարդության մեղադրանքով կատարված դատավարություններն իրականում շա՜տ ավելի սակավաթիվ են եղել, քան որքան կարծվում է:
Գրականությունը, վեպերը, ֆիլմերը, որոնց նպատակն է ընթերցողին ու հանդիսատեսին տպավորելն ու առինքնելը, բողոքականների, իլլումինիստների, նացիստների, կոմունիստների ևԿաթողիկե Եկեղեցու նկատմամբ թշնամաբար տրամադրված այլոց կողմից առատորեն շաղ տված ստերն ու զրպարտությունները նպաստել են Սրբազան Ինքվիզիցիայի մասին մի «սև առասպել» հյուսելու և տարածելու գործին: Իր այդ կարևորագույն աշխատասիրության 13րդ էջում Դել Քոլը գրում է. «Կան ոմանք, ովքեր նեղանում են այն բանի համար, որ բացասական համբավ ունեցող այդ հաստատությունը վերջին օրիգինալ[1] ուսումնասիրություններում այլևս չի ներկայացվում որպես բացարձակապես արյունախում, իսկ ինքվիզիտորներն այլևս չեն պատկերվում որպես արյան և սեռային հարաբերությունների մոլի ծարավն ունեցողներ: Այդ ուսումնասիրություններում հստակ երևում է, որ Ինքվիզիցիան այնքան արյունարբու չի եղել, որքան կարծվում է»[2]:
 
Եվ տակավին. Սրբազան Ինքվիզիցիայի կողմից իբր թե արձակված մահապատիժների «վիթխարի թվերից շատերը հրապարակ են նետվել Տասնիններորդ դարի հակաեկեղեցական հոսանքների ձեռամբ, որոնք ամեն կերպ աշխատում էին վարկաբեկել Եկեղեցուն: [...] Դատապարտվածների թիվը մի քանի հազարից չի անցել»[3] եկեղեցական այդ դատարանի գոյության ամբողջ ընթացքում, այսինքն՝ մի քանի դար տևած ժամանակահատվածում: Իսկ 14րդ էջում հետաքրքրական ճշգրտում է անում. «Մեր հրատարակած հատորը զուրկ է պատկերներից: Ընտրությունն ակամա չէ, կատարվել է գիտակցաբար և մշակութային հստակ շարժառիթներ ունի. հարցաքննությունների, տանջանքների, խարույկների պատկերները ուշ շրջանի հավելումներ են և շատ հաճախ պայմանավորված են սև առասպելի պրոպագանդայով»: Էլ չեմ խոսում Սրբազան Ինքվիզիցիայի կողմից իբր թե գործադրված տանջանքներին նվիրված բազմաթիվ թանգարանների մասին, որոնք ցրված են Իտալիայի տարբեր քաղաքներում, որոնց ցուցասրահներում կարելի է տեսնել հատուկ մտադրությամբ հորինված ու շինված տանջանքի զանազան սարքեր ու մեքենաներ, որոնց նպատակը անտեղյակներին ու կարճամիտներին տպավորելն է և, անշուշտ, տոմսեր վաճառելը:
Երկրորդ հերթին, Դել Քոլն ընդգծում է պատմագրական ևս մի անվիճելի փաստ. «Հավատքի խնդիրների պատճառով դատավարությունները և մահապատժի գործադրումը միայն կաթողիկեների կողմից չէ, որ իրականացվել են, այլ նաև բողոքականների, և ինչ վերաբերվում է դիվային կախարդության մեջ մեղադրվող կանանց և տղամարդկանց խնդրին, ո՛չ թե կաթողիկե Ինքվիզիցիայի դատարանները, այլ՝ Կենտրոնական Եվրոպայի բողոքական երկրների քաղաքացիական դատարաններն էին, որ արձակել են տարբեր պատիժների և մահապատժի որոշումների ճնշողմեծամասնությունը»[4]: Այս հաստատումը պաշտպանվում է նաև այնպիսի ուսումնասիրողների կողմից, ովքեր հայտնի են իրենց հակաեկեղեցական դիրքորոշմամբ, ինչպիսին է, սոսկ մի օրինակ տալու համար, Ադրիանո Պրոսպերին, որն իր «Խղճի դատարաններ» գրքում հիշեցնում է, որ «աշխարհական դատարանները ևս կազմակերպում էին կախարդության մեղադրանքով գումարված դատավարություններ, – օրինակ, ընտանի կենդանիների կամ մարդկանց սպանած լինելու մեղադրանքով, – և սովորաբար դատն առաջ էին տանում առավել հապճեպությամբ ու խստությամբ, քան դա անում էին եկեղեցական դատավորները»[5]:
Եկեղեցու ներսում կային տարբեր դիրքորոշումներ, – ինչը ակնհայտ է, որ հենց այդպես էլ պետք է լիներ, – բայց ինչ վերաբերվում է կարծիքների մեծամասնությանը, ապա պատմական փաստն այն է, որ Եկեղեցու ներսում մեծամասնությունն ընդգծում էր կախարդական երևույթների անհիմն նկարագիրը և, պատժելուց ավելի, իբրև նպատակ հետապնդում էր «ժողովրդական մոգական աշխարհի նկատմամբ համբերատար և հանդուրժողական քրիստոնեացման գործը»: «Պատմական ուսումնասիրություններն այլևս ապացուցել են, առանց կասկածի նույնիսկ նվազագույն ստվերի հնարավորություն թողնելու, որ վհուկների որսը իտալական և իսպանական աշխարհում ունեցել է նվազ արյունահեղ և նվազ դաժան նկարագիր, քան ուրիշ երկրներում, հենց եկեղեցական իշխանությունների կողմից որդեգրված դիրքորոշման շնորհիվ»: Ընդհակառակն, Ֆրանսիայում և մյուս բոլոր երկրներում, ուր Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու հեղինակությունը տկար էր, «աշխարհիկ իշխանություններն» ու «աշխարհիկ արդարադատությունը» ի վերջո «միայն իր իրավասության տակ վերցրեց դատական բոլոր լսումները» և կողմնակից գտնվեց «պատժիչ կտրուկ ու արմատական միջամտություններին, որոնք շատ հաճախ ընդառաջ էին գնում ժողովրդի կողմից հնչող պահանջներին»[6]:
 
Վհուկների որսը, հետևաբար, տեղի ունեցավ առավելաբար ո՛չ թե կաթողիկե երկրներում, այսինքն՝ Իտալիայում և Իսպանիայում, ուր գործում էր Սրբազան Ինքվիզիցիան, այլ ընդհակառակն՝ Գերմանիայում, ուր շարունակում էին արմատացած մնալ հին հեթանոսական, նախաքրիստոնեական հավատալիքները, միշտ պատրաստ՝ կրկին փարթամանալու, և Հյուսիսային Եվրոպայի բողոքական, կալվինիստական երկրներում, ուր Սրբազան Ինքվիզիցիան բոլորովին բացակայում էր: Պատմագետ Ֆրանչեսկո Մարիա Ֆելտրին հիշեցնում է, որ բողոքական Վո նահանգը «եղավ բողոքական այն երկրամասը, ուր գրանցվեց վհուկների դատման և մահապատժի ենթարկման ամենաբարձր ցուցանիշը». ավելի քան 2.000 դատավարություն, որոնց 90%ը մահապատժի ելքով, մինչդեռ «կաթողիկե երկրներում, ուր գործում էր Ինքվիզիցիայի դատարանը, Տասնվեցերորդ դարի երկրորդ կեսին և Տասնյոթներորդ դարում» գրանցվեցին «կախարդության մեղադրանքով մահապատժի ենթարկման սակավաթիվ դեպքեր»[7]:
Պատմական այլևս անժխտելի փաստ է նաև այն, որ Սրբազան Ինքվիզիցիան, մարդկային սխալականությանը բնորոշ մի քանի բացառություններով հանդերձ, վիթխարի գործ կատարեց՝ սանձելու համար ժողովրդի սնապաշտ ցասումը և աշխարհիկ դատարանների մակերեսայնությունն ու հապճեպությունը, հաճախ հայտարարելով, որ խոսքը վերաբերվում էր սոսկ սնահավատությունների և թմրամոլության, որոնց նկատմամբ պատժից ավելի նախընտրելի էր կիրառել ճիշտ կրթությունն ու դաստիարակությունը: Ինչպես ընդգծում է մարդաբան Մասսիմո Չենտինին, «չպետք է մոռանանք, որ Ինքվիզիցիայի դատավորների միջամտությունը շատ հաճախ պահանջվում էր հենց տեղի իշխանությունների կողմից, որոնք եկեղեցական դատարանի մասնակցությամբ աշխատում էին կարգուկանոնի մեջ պահել տեղի հասարակական իրավիճակը, որը շատ հաճախ տակնուվրա էր արվում տագնապներով և չարչրկվում էր [սնապաշտական] սարսափներով»[8]: Իսկ Ֆրանկո Քարդինին հավելում է. «Կարծիքը, թե վհուկների որսի հիմնական պատասխանատուն եղել է (հռոմեական և իսպանական) Ինքվիզիցիան, այլևս չի դիմանում փաստերի ու վավերագրերի փորձաքննությանը, որոնք ընդհակառակն փաստում են, որ Ինքվիզիցիայի դատավորները գրեթե միշտ վերահավասարակշռման տարր են հանդիսացել ժողովրդի և տեղի իշխանությունների կողմից ներկայացվող հալածանքի պահանջների դիմաց»[9]:
Ա՛յլ խոսքերով ասած, Սրբազան Ինքվիզիցիան, մարդկության պատմության բոլոր դատարանների նման, որոշ դեպքերում անշուշտ սխալվել է, երբեմն չափազանց խիստ վճիռներ է կայացրել, հիմնվելով տեղացիների կեղծ կամ չափազանցված վկայությունների վրա, որոնց ճշմարտացիությունը ստուգելու հնարավորություն չի ունեցել, բայց դա երբեք չի արել որպեսնպատակ ունենալով մի անհեթեթ, խելացնոր, ծայրահեղական պայքար մղելը, ինքը վարակված լինելով ինչ-ինչ սնահավատություններով, այլ ընդհակառակն՝ ամենայն հավասարակշռվածությամբ ու լրջությամբ սրբազան պայքար է մղել մոգության, սնապաշտությունների ու թմրամոլության դեմ, հետևաբար՝ հանուն մարդկության բարօրության, քաղաքակրթության, հոգևոր ու մարմնական առողջության և զարգացման: Փաստը, որ նրա դատավորներից ոմանք միշտ չէ, որ համապատասխանել են իրենց զբաղեցրած պաշտոնի բարձրությանը, որ եղել են իրենց դարի զավակները, որ երբեմն սխալվել են, չպետք է զարմանք պատճառի: Այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում, բոլոր դատարաններում, այդպիսի դեպքեր պատահում են նաև այսօր և պատահելու են միշտ: Բայց նաև պատմականորեն հավաստի է, որ ընդհակառակն՝ Սրբազան Ինքվիզիցիայի դատավորները բազմաթիվ դեպքերում արեցին այն, ինչը որ Եկեղեցու այրերը միշտ արել էին առաջին իսկ դարերից սկսած, այսինքն՝ հանդարտեցրին ժողովրդական խռովքներն ու սնահավատությունները, ինքնադատաստան անելու պատրաստ ամբոխներին, որոնք միշտ տրամադիր էին հետևելու քավության նոխազ գտնելու դյուրին տարբերակին, օրինակ՝ այրելով կեղծ կամ ճշմարիտ վհուկների տները, խոշտանգելով և սպանելով առանց նախնական որևէ դատ ու դատաստանի կամ առավել խորը կերպով կատարված հետաքննության (չմոռանանք, որ «ինքվիզիցիա» լատիներեն հենց «հետաքննություն» է նշանակում): Հազարավոր առիթներով Սրբազան Ինքվիզիցիայի դատավորները փորձեցին համոզել տգետ զանգվածներին, որ «այն, ինչը (և՛ մեղադրողները, և՛ երբեմն նաև մեղադրյալները) կարծում էին, թե սատանայի գործն էր, իրականում պտուղն էր հիվանդ երևակայությունների»[10], կամ առավելագույն դեպքում՝ թմրամոլության: «Սահմանափակել աշխարհում դիվային ներկայության սարսափը»[11]. ի տարբերություն աշխարհով մեկ տարածված անհիմն կարծիքների, սա՛ Սրբազան Ինքվիզիցիայի ամենակարևոր դերակատարություններից մեկը եղավ, ո՛չ որովհետև եկեղեցական դատավորները չէին հավատում սատանայի ու դևերի գոյությանը, – որոնք, Սուրբ Օգոստինոսի համաձայն, կապված են կարճ շղթաներով և կարող են վնաս հասցնել միայն նրանց, ովքեր կամովին և գիտակից կերպով մոտենում են իրենց, – այլ՝ որովհետև դևերին ու ոգիներին չէին վերագրում այն կարողությունները, որոնք անիմիստական և ընդհանրապես հեթանոսական կրոններն իրենց սնահավատություններով վերագրում էին տարրային ոգիներին, դևերին, աստղային ազդեցություններին և նմանատիպ ամենատարբեր բանդագուշանքներին:
 
Կկրկնեմ ևս մեկ անգամ. ինչպես տակավին այսօր էլ տեղի է ունենում Աֆրիկայում, ուր լուսնոտությունը, բորոտությունը, երաշտները, երկրաշարժները և ա՛յլ հիվանդություններն ու աղետները բացատրվում են հանգիստ չգտած հոգիների ազդեցությամբ, անեծքներով և աստղային անբարենպաստ զուգավորումներով. և ինչպես տեղի էր ունենում նաև հեթանոսական աշխարհում, այն դարաշրջանում, երբ մի այնպիսի հակաքրիստոնյա, ինչպիսին էր Ապուլեյոսը (Ք.յ. Երկրորդ դար), իր «Սոկրատի աստծո մասին» գրքում գրում էր. «Արդ գոյություն ունեն աստվածային միջանկյալ զորություններ մեր մթնոլորտի տարածքում, վերևում գտնվող երկնքի և ներքևում գտնվող երկրի միջև, որոնց միջոցով մեր փափագներն ու մեր արժանիքները հասնում են աստվածներին: Հույները նրանց անվանում են դևեր, և նրանք երկնայինների ու երկրայինների միջև տանում են ոմանց աղոթքներ, ոմանց էլ պարգևներ, փոխանցում են մեկից մյուսին խնդրանքներ ու օգնություններ: [...] Ինչպես ասում է Պղատոնը Սիմպոզիումում, նրանք են, որ մատակարարում են բոլոր հայտնությունները, մոգության ամենատարբեր սքանչելիքները և ամեն տեսակի կանխազգացումները: Իրոք, դևերի դասին պատկանողներից յուրաքանչյուրն ունի իր պաշտոնը և այն կատարում է իր իրավասությունների սահմաններում. ձև ու կերպարանք տալ երազներին, բաժանել փորոտիքը [գուշակությունների համար], կառավարել թռչունների թռիչքը, եղանակավորել նրանց երգը, ներշնչել գուշակներին, կայծակներ արձակել, միմյանց բախվել տալ ամպերին և մյուս բոլոր նշանները, որոնցով գուշակում ենք ապագան: Բոլոր այս երևույթները հարկավոր է հավատալ, որ տեղի են ունենում աստվածային կամքով, հրամանով ու հեղինակությամբ, բայց դևերի հնազանդության, գործի ու պաշտոնի միջոցով»[12]: Ահա սրանք էին հեթանոսական “համոզմունքները”, որոնք կրկին փարթամացել էին Վերածննդի շրջանի “գիտնական” հորջորջվող կախարդների գրություններում:
 
Եկեղեցին, միսիոներները, Սրբազան Ինքվիզիցիայի դատավորները, հետևաբար, դարեր շարունակ զբաղվեցին հեթանոսական կրոնների սնահավատությունների ժանգը մաքրելու գործով, մարդուն վերադարձնելով իր արժանապատվությունը, իր ազատությունը, իր գիտակից պատասխանատվությունը, իր մարմնական և հոգևոր առողջությունը, իր ուժերի գիտակցությունը, հետևաբար՝ զարգանալու, բարգավաճելու կարողությունն ու հնարավորությունը: Պատահական չէ, որ գիտությունները ծաղկեցին և զարմանահրաշ զարգացում ապրեցին հենց այն երկրներում, ուրգործել էր Սրբազան Ինքվիզիցիան, և հենց այն դարերում, երբ եկեղեցական դատավորները հրապարակը մաքրում էին հեթանոսական սնապաշտություններից, որոնք առաջին հերթին ստորացնում են մարդուն: Եվ մաքրության այդ գործը չարեցին միայն գյուղերում կամ լեռնային բնակավայրերում, ուր լայնատարած տգիտությունը նպաստում էր սնահավատությունների արմատավորմանը, այլ որ ամենակարևորն է՝ մաքրության այդ գործը կատարեցին նաև եկեղեցական աշխարհի ներսում: Հիսուսյան Միաբանության հիմնադիր Սուրբ Իգնատիոս Լոյոլան, Կարմեղական Միաբանության բարենորոգիչ Սրբուհի Թերեզա Ավիլացին, հրաշագործ Սուրբ Յովսեփ Կոպերտինացին – պարզապես երեք օրինակ մեջբերելու համար – բազմաթիվ անգամներ ենթարկվեցին Սրբազան Ինքվիզիցիայի հարցաքննություններին, որովհետև Կաթողիկե Եկեղեցին միշտ կամեցել է ապահով ճանապարհով քայլել, չտրվել զգացմունքայնություններին, հստակեցնել այն բոլոր հարցերը, որոնք վերաբերվում էին այդ անձանց ունեցած յուրահատուկ պարգևաշնորհներին, որպես նպատակ ունենալով հավատքի և հոգեկանության ջինջ մաքրության պահպանումը, և խոչընդոտելու համար բավականին տարածված մի երևույթի է՛լ ավելի տարածմանը. խոսքս կեղծ “սրբերի” մասին է, “մարգարեների”, որոնք մինչև իսկ հասնում էին թագավորների վրա ազդեցություն բանեցնելու իրենց ապոկալիպտիկ “մարգարեություններով”, այն խաբեբաների մասին է, որոնք իրենք իրենց հռչակում էին հրաշագործ և ամբոխներին տանում էին իրենց ետևից (իսկ թե ո՛ւր էին տանում, դրա մասին կխոսենք Տասներեքերորդ գլխում, երբ կքննարկենք հերետիկոսությունների վերածնունդը Եվրոպայում): Նաև սրանց դեմ էր պայքարում Սրբազան Ինքվիզիցիան, կրկին՝ հանուն մարդկության բարօրության ու զարգացման:
Սակայն, առանց այս ամենը մղձավանջ ու մտասևեռում դարձնելու: Սրբազան Ինքվիզիցիան, արդարև, համարում էր, որ սնապաշտությունների և իրական սրբության կողքին գոյություն ուներ նաև մի երրորդ տարբերակ. կեղծ, “վարակված”, “հիվանդ” սրբությունը. մի տեսակ, նշում է Պրոսպերին, որը «ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ինքվիզիցիան ավելի հակված էր հարցերն ամբողջովին մարդկային հողի վրա քննարկելու, մի կողմ թողնելով ոգիների գիտությունը»: Եվ ուստի, ճշմարիտ կամ կեղծ տեսանողներին ու տեսանողուհիներին նախևառաջ պատվիրվում էր ընդունել բժշկի խնամքները, որից հետո միայն, բժշկի մասնագիտական կարծիքը լսելուց հետո, անցնում էին քննելու հարցի հոգևոր ու աստվածաբանական տեսանկյունները: Իսկ եթե քննության առարկա հանդիսացող անձը քահանա էր, վանական կամ միանձնուհի, կամ եկեղեցական նվիրապետության որևէ աստիճանի ներկայացուցիչ, հրամայվում էր մանրամասն օրագրություն կազմել և իրենց միստիկական կեղծ կամ ճշմարիտ փորձառությունները չհայտնել ժողովրդին, մինչև որ եկեղեցական դատավորները կհասնեին այդ հարցի շուրջ ապահով եզրակացությունների, որպեսզի ժողովրդի մեջ ի զուր տեղը չստեղծվեին հավաքական մտավախություններ (ֆոբիաներ) կամ անհիմն ու վտանգավոր խանդավառություններ: «1643 թվականին, “չարադյութված և դիվահարված միանձնուհիների” վերաբերվող մի խնդրի կապակցությամբ, Հավատաքննության Սուրբ Ժողովը հետևյալ խոսքերով էր ամփոփում իր դիրքորոշումը. “Այս Ժողովը այդքան դյուրությամբ չի հավատում, թե հաշվետվության մեջ նկարագրվող նշանները, արարքներն ու վարմունքները, որ անում են այդ միանձնուհիները, սերում են գերբնական պատճառներից և դիվային միջամտությունից, որովհետև միշտ բացահայտել է, որ դեպքերի մեծամասնության մոտ ամեն բան ծնունդ է առնում իրենց կամքին հակառակ վանք մտցված և իրենց կյանքում գոհունակություն չգտած միանձնուհիների մելամաղձոտ տրամադրություններից”»[13]:
 
Միևնույն ուշադրությունն ու դիրքորոշումը Կաթողիկե Եկեղեցին պահպանել է մինչև մեր օրերը: Աշխարհահռչակ է Քսաներորդ դարի մեծագույն հրաշագործի՝ Սուրբ Հայր Փիոյի դեպքը: Ամբոխները վազում էին նրա մոտ, նրա մարմնի վրա հայտնված ստիգմատները մարդկայնորեն անբացատրելի էին և շարունակում են անբացատրելի մնալ, և սակայն, հատկապես սկզբնական շրջանում, Եկեղեցին սրբին երկար տարիներ շարունակ արգելեց շփվել ժողովրդի հետ, պատարագել ժողովրդի առաջ կամ խոստովանության միջոցով հոգևոր առաջնորդություն կատարել: Ամեն կերպ և կարելի է ասել անխնա կերպով սրբին կղզիացրեց ժողովրդից, տհաճ անակնկալներից խուսափելու համար: Բայց հենց դրանով է, որ ի հայտ եկավ և ակներև դարձավ Հայր Փիոյի սրբության ճշմարտացի նկարագիրը. նա երբեք չընդդիմացավ, միշտ խոնարհաբար ընդունեց և հնազանդվեց Եկեղեցու վճիռներին:
Ավարտելով այս հարցի քննարկումը, մինչև այժմ ասվածի լույսի ներքո և ներկայացված տվյալների հիման վրա – պատմության հին ու արդի դարաշրջաններում կախարդության գոյությունը, բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ կախարդների ու վհուկների ներկայությունը, որոնք իրենց նպատակների իրականացման համար զբաղվում էին թմրամոլությամբ և ամեն տեսակի մարդասպանություններով, հատկապես անմեղ երեխաների զոհաբերմամբ – ինձ տրամաբանական է թվում եզրակացնելը, որ Եվրոպայում ևս գրանցվել են – հատկապես Տասնվեցերորդ դարից սկսած, հաճախ երաշտների, պատերազմների ու դարափոխման հետ կապվածվախերի առթիվ, թեև ո՛չ այնպիսի լայնածավալ մասշտաբի, ինչպես սովորաբար կարծվում է – սնապաշտական երևույթներ և՛ ժողովրդի, և՛ իշխանավորների մոտ, որոնք հանգեցրել են մի կողմից հրեշային ոճիրների գործադրման և հետևաբար՝ նաև առավել կամ նվազ արդարացի պատիժների կիրառման, մյուս կողմից՝ անհիմն մեղադրանքների ու անարդարացի պատիժների, ինչպես միշտ հնարավոր է եղել և միշտ հնարավոր է լինելու մարդկային արդարադատության պատմության մեջ, բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում և բոլոր քաղաքակրթություններում: Հատկապես, – կրկնենք սա ևս մեկ անգամ, – պատիժների, մանավանդ մահապատժի արձակման գործում ամենաժրաջանը եղել են աշխարհիկ, քաղաքացիական դատարանները Հյուսիսային Եվրոպայի բողոքական երկրներում, մինչ Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին առավելագույնս նպաստել է վախերի ու սնահավատությունների փարատման գործին, ժողովրդին կրթելով արհամարհելու և հրաժարվելու մոգությունից, թմրամոլությունից, բոլոր տեսակի գուշակություններից ու կախարդություններից[14]:
[1] Այսինքն ուսումնասիրությունները, որոնց հեղինակները ո՛չ թե ծուլորեն բավարարվում են իրենցից առաջ հրատարակված գրքերից տվյալներ արտագրելով, այդպիսով անուղղակիորեն ու շատ դեպքերում նաև անգիտակից կերպով նպաստելով կեղծ տեղեկությունների տարածմանը, այլ՝ հարցերին մոտենում են ամենայն լրջությամբ, հետևաբար՝ պետական և եկեղեցական դիվաններում պահպանված օրիգինալ փաստաթղթերի հիման վրա մեկ առ մեկ ստուգում են այդ տվյալները:
[2] Այս հարցի վերաբերյալ կարելի է մեջբերել նաև Իբերական Ուսումնասիրությունների Իտալական Ինստիտուտի նախագահ պրոֆ. Բորրոմեոյի կողմից ղեկավարված խմբային ուսումնասիրությունը, որին մասնակցել են Սրբազան Ինքվիզիցիայի պատմության ամենահմուտ մասնագետները: Նրանց եզրակացությունները համառոտ կերպով ներկայացվել են «Corriere della Sera» օրաթերթի 15/6/2004 համարում. «Ինքվիզիցիայի բանտերում արդյոք գրանցվո՞ւմ էին բանտարկյալներին տանջանքի ենթարկելու դեպքեր: Այո՛, բայց ո՛չ այնքան շատ և ո՛չ այնպիսի դաժանությամբ, որքան կարծվում է: Այս եզրակացությանն է հանգել Ագոստինո Բորրոմեոն, Ինքվիզիցիայի վերաբերյալ վատիկանյան գիտաժողովի ակտերն ի մի հավաքող հատորի խմբագիրը: Բորրոմեոյի կողմից ներկայացված տվյալների համաձայն, իսպանական Ինքվիզիցիան գումարել է ընդհանուր թվով 125.000 դատավարություն, որոնցից միայն 59ի դեպքում են “վհուկները” դատապարտվել խարույկի. պորտուգալական Ինքվիզիցիան խարույկ է բարձրացրել ընդամենը 4 հոգու, իսկ իտալականը՝ 36: “Եթե գումարում ենք այս թվերը”, մեկնաբանում է Բորրոմեոն, “չենք հասնում և ո՛չ իսկ մեկ հարյուրյակի, մինչդեռ արդի դարաշրջանի Եվրոպայի ամբողջ տարածքում գումարված 100.000 (քաղաքացիական և եկեղեցական) դատավարությունների դեպքում 50.000 մարդ դատապարտվել է այրվելու, որոնց մեծամասնությունը այդ մահապատժին դատապարտվել է քաղաքացիական դատարանների կողմից”: Հետաքրքրական տվյալներ են ի հայտ գալիս նաև “վհուկների” դատապարտման հարցով: Դրանք անհամեմատ ավելի բազմաթիվ են եղել բողոքական, այլ ո՛չ թե կաթողիկե երկրներում. 1.000 դատ ավելի քան 13 միլիոն բնակիչ ունեցող Իտալիայում, 200 տարվա ընթացքում. մոտ 4.000 դատ 20 միլիոն բնակիչ ունեցող Ֆրանսիայում. և 25.000 դատ 16 միլիոն բնակիչ ունեցող Գերմանիայում: Վատիկանում կազմակերպված գիտաժողովի կողմից “ընձեռնված տվյալների հարստությունը”, Բորրոմեոյի կարծիքով, “թույլ է տալիս վերանայել բոլոր այն նախապաշարումները, որոնք տարածված են ոչ-մասնագետների մոտ. տանջանքները և մահապատիժը այնքան հաճախակի չէին, որքան երկար ժամանակ կարծվել է: Այսօր, երբ Ինքվիզիցիան այլևս չի ուսումնասիրվում Եկեղեցուն հարվածելու կամ պաշտպանելու համար”, հավելեց Բորրոմեոն, “քննարկումները կարող են վերադառնալ գիտական հարթություն, և հասանելի փաստաթղթերը դրա հնարավորությունը մեզ տալիս են”»:
Արդ, փորձենք համեմատել այս թվերը այն մահապատիժների հետ, որոնք սակավաթիվ տարիների ժամանակահատվածում գործադրեցին նացիոնալ-սոցիալիստների կամ կոմունիստների կողմից գումարված «ժողովրդական դատարանները». շատ հստակ կերպով կտեսնենք, որ հակաքրիստոնեական իդեոլոգիաններն են, որ իրոք սփռել են ահ ու մահ, հարվածելով ո՛չ թե մի քանի հազար հոգու, մի քանի դարերի ընթացքում, այլ՝ միլիոնավոր ու միլիոնավոր անմեղների, որոնց միակ հանցանքը այն էր, որ պատկանում էին “սխալ” ժողովրդին, ազգությանը, դասակարգին, կուսակցությանը. և դա՝ սակավաթիվ տարիների ընթացքում: Հաշվի առնենք, մերօրյա օրինակներով սահմանափակվելու համար, որ 1976-2008 տարիների միջև ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում մահապատիժ են կրել 1.165 մարդ (և հաշվի առնենք փաստը, որ էլեկտրական աթոռը մահապատժի այնքան էլ քաղաքակիրթ ձև չէ). իսկ կոմունիստական Չինաստանում տակավին այսօր էլ իրականացվում են տարեկան 8.000ից մինչև 10.000 մահապատիժ: Անշուշտ միայն թվեր են սրանք, բայց անկասկած օգտակար են հասկանալու համար, թե ի՛նչ է նշանակում «սև առասպել» Սրբազան Ինքվիզիցիայի վերաբերյալ, և թե ովքե՛ր են հյուսել այդ առասպելները՝ սեփական ոճիրները քողարկելու համար:
[3] Andrea Del Col, L'inquisizione in Italia, Mondadori, Milano 2009, pp. 66-67.
[4] Նույն, p. 4. Իրենց ուսումնասիրություններում միևնույն կարծիքն են հայտնում նաև ուրիշ անվանի գիտնականներ, ինչպիսիք են Կամենը, Թյուբերվիլլը, Քարդինին, Պապպալարդոն և ուրիշներ:
[5] Adriano Prosperi, Tribunali della coscienza, Einaudi, Torino 1996, p. 368.
[6] Նույն, pp. 379, 383-384.
[7] Francesco Maria Feltri, I giorni e le idee, vol. I.
[8] Massimo Centini, Le streghe nel mondo, p. 60.
[9] Franco Cardini, Quando le streghe venivano salvate dagli inquisitori (Երբ վհուկները փրկվում էին ինքվիզիտորների կողմից), «Avvenire» օրաթերթի 29/8/1990 համարում։ Տե՛ս նաև. Franco Cardini - Marina Montesanto, La lunga storia dell'Inquisizione, Città Nuova, Roma 2005.
[10] Adriano Prosperi, Tribunali della coscienza, p. 429.
[11] Նույն, p. 464.
[12] Emilio Pianezzola - Lucio Cristante - Giovanni Ravenna, Autori di Roma antica, antologia, Le Monnier, Firenze 1988, vol. III, pp. 278-279.
[13] Adriano Prosperi, Tribunali della coscienza, p. 460.
[14] Ինչ վերաբերվում է «վհուկների դարաշրջանում» Եվրոպայում կատարված ոճիրներին, խորհուրդ եմ տալիս ամբողջությամբ կարդալ Մասսիմո Չենտինիի «Վհուկներն աշխարհում» գիրքը, որից մի քանի մեջբերում կատարեցինք այս գլխում: Այնտեղ պատմվում են, օրինակի համար, ֆրանսիացի մարշալ Ժիլ Դը Ռեի կյանքի իրադարձությունները, Տասնվեցերորդ դարում, որը զղջալուց հետո պատմել էր, թե ինչպես էր մոգական նպատակների համար տանջել ու սպանել բազմաթիվ երեխաների. կամ նաև հունգարացի կոմսուհի Էրցզեբեթ Բաթորիի պատմությունը, որը 1611 թվականին մահապատժի դատապարտվեց բազմաթիվ կույս աղջիկների սպանության համար, որովհետև մոգական ուսուցումներին հետևելով համոզվել էր, թե նրանց արյունով կարողանալու էր հավիտենական երիտասարդության ու գեղեցկության կախարդական դեղաթուրմ պատրաստել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։