Մարդկային զանգվածային զոհաբերությունները Ացտեկների մոտ – Գրադարան – Mashtoz.org

Մարդկային զանգվածային զոհաբերությունները Ացտեկների մոտ

Եթե տեղափոխվում ենք Եվրոպայի սահմաններից դուրս, իրավիճակն ուղղակի վատթարանում է: Հատկապես Ացտեկները, բայց նաև Ինկասներն ու Մայաները, – իսպանացի միսիոներների կողմիցՔրիստոնեության քարոզումից առաջ, որոնք կարողացան դադարեցնել այդ սոսկալի սովորույթները. մի բան, որը շատ հաճախ չափազանց հեշտությամբ մոռացվում է, – համոզված էին, թե հարկավոր է անդադար զոհեր մատուցել բնության ուժերին, հատկապես՝ արևին, որպեսզի սա չդադարեցներ իր գործունեությունը և չհանգչեր. «Վիթխարի տաճարների աստիճաններն ամեն օր արյունոտելու պատճառը սևեռուն մտահոգությունն էր՝ չթողնելու, որ աշխարհը հասնի իր վախճանին. մի մտահոգություն, որն իր գագաթնակետին էր հասնում ամեն հիսուներկուերորդ տարվա լրումին, երբ աղետի սպառնալիքը նրանց համար դառնում էր առավել կոնկրետ ու մոտալուտ»[1]:
Այնպես, ինչպես իրականությանը հավատարիմ կերպով ներկայացվում է «Ապոկալիպտո» ֆիլմում, ացտեկ քուրմերը, ճոխ հագուստներ հագած և դեմքները գունավոր ներկած, զոհին ուժգին նետում էին զոհասեղանի վրա, կտրուկ հարվածով դանակը խրում էին նրա կուրծքը, կտրում ու դուրս էին հանում սիրտը, որպեսզի տակավին բաբախող վիճակում ընծայաբերեին արևի աստվածությանը: Մարմինը նետում էին տաճարի աստիճաններից վար, և երբ գլորվելով հասնում էր ներքև, ուրիշ քուրմեր հարձակվում էին դիակի վրա, մասնատում էին այն և օրգաններն ու մարմնի մասերը արժեքավորության սանդղակի համաձայն տալիս էին քուրմերին և զինվորներին, որոնք հաճախ ուտում էին դրանք (ծիսական մարդակերություն):
 
Մարդկային զանգվածային զոհաբերություններով կատարվող արարողությունները տևում էին մի քանի օր շարունակ. զոհաբերվում էին գերիները, ստրուկները, կանայք և երեխաները, մեղմելու համար աստվածների զայրույթը, ապահովելու համար բերքի առատությունը: Մարդկային զոհեր էին մատուցում ո՛չ միայն արևին, այլ նաև անձրևի աստվածությանը՝ Թլալոքին, որին մատուցված զոհերին հատկապես խեղդամահ էին անում ջրի մեջ սուզելով, և որին ընծայում էին հատկապես փոքրիկ երեխաների, որովհետև նրանք ավելի շատ էին լացում ու ճչում, ուստի զոհաբերությունն ավելի հաճելի էր դառնում այդ կուռքի համար: Զոհեր էին ընծայում նաև կրակի աստվածությանը. այս դեպքում զոհերին նետում էին կրակի մեջ, բայց «նախքան մահը վրա կհասներ և վերջ կդներ նրանց տառապանքին, քուրմերը մեծ ունելիներով նրանց դուրս էին քաշում կրակից և ճենճերացող մարմիններից կտրում հանում էին սրտերը»[2]: Զոհեր էին մատուցվում որսի աստվածությանը, զոհաբերվողների վրա արձակելով հարյուրավոր նետեր. իսկ Քսիպե Թոթեք կուռքին որպես զոհ մատուցվում էր կյանքը տղամարդկանց, որոնք ողջ ողջ մաշկազերծ էին արվում և նրանց մաշկը քուրմերը հագնում և քսան օր շարունակ կրում էին իրենց վրա[3]:
Համանման իրավիճակ էր նաև Ինկասների մոտ. երեխաներին և կույս աղջիկներին խեղդամահ էին անում, կտրում էին կոկորդները կամ բաբախող սրտերը հանում էին ացտեկների մոտ կիրառվող միևնույն ծիսակարգով, շահելու համար կուռքերի բարեհաճությունը, իրենցից հեռացնելու համար երաշտը, համաճարակներն ու բնական աղետները: Ացտեկների նման, Ինկասներն էլ հասնում էին միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան քսան հազար մարդ զոհաբերելու:
Այս շարունակական սպանդերի պատճառով անհրաժեշտ էր դառնում հարևան ժողովուրդների հետ անդադար պատերազմելը, զոհաբերվելիք գերիներ հայթայթելու համար: Բայց միաժամանակ, որպեսզի պատերազմները հաջող ընթացք ստանային, զոհաբերվում էին սեփական ցեղի մարդիկ: Դա մի սարսափելի, անընդհատ կրկնվող ցիկլ էր, որին զոհ էին գնում տասնյակ հազարավոր մարդիկ:
Սխալ չէ եզրակացնելը, հետևաբար, որ Քրիստոսի Ինքնազոհաբերումը փոխեց մարդկության պատմությունը նաև այս իմաստով, վերջ դնելով կենդանական և մարդկային զոհաբերությունների բազմաթիվ ձևերին, որոնք գոյություն ունեին հնում և որոնք փոխարինվեցին, այնտեղ՝ ուր հասավ և ընդունվեց Ավետարանը, Քրիստոսի զոհով, որը միակ «կատարյալ» զոհն է և միակ «հաճելին» Աստծուն, ինչպես ասում են Սուրբ Պատարագի ժամանակ գործածվող խոսքերը. միակն է, ինչպես գրում է Պողոս Առաքյալը Եբրայեցիներին ուղղված իր Նամակում, հիշեցնելով, որ «անհնարին է ջնջել մեղքերը ցուլերի ու նոխազների արյունով», որովհետև դրանք ի զորու չեն պարգևելու մեզ «հավիտենական փրկությունը»[4]:
[1] Bernal Diaz del Castillo, La conquista del Messico, Longanesi, Milano 1968, Prefazione.
[2] G.C. VAILLANT, La civiltà Azteca, Einaudi, Torino 1962, pp. 184-188. Հեղինակը նաև պատմում է, որ «պատերազմի գերիները ամենահարգի զոհերն էին, և այնքան ավելի արժեքավոր էին, որքան ավելի քաջություն էին դրսևորել պատերազմի դաշտում: [...] Երբեմն, պտղաբերության ծիսակարգերի ժամանակ, զոհաբերվում էին կանայք և երեխաներ, ապահովելու համար [...] բույսերի աճը: Պարբերաբար գրանցվում էին նաև ծիսական մարդակերության դեպքեր: Կուռքերի բարեհաճությունը շահելու ձևերից մեկն էր նաև ինքն իրեն արյունահոսություն առաջացնող վերքեր հասցնելը»:
[3] Nigel Davies, Gli Aztechi, storia di un impero, Editori Riuniti, Roma 1999, pp. 122, 123, 190-197.
[4] Աստվածաբանական տեսանկյունից դիտված, ծիսական հին զոհաբերություններն ունեին իրենց “տրամաբանությունը”. արդարև, ենթադրում էին մի սկզբնական հանցանքի գոյությունը, մարդու և Աստծո միջև անչափելի վիհի առկայության գաղափարը, Աստծո ընկալումը որպես Արդարություն, միայն անմեղների գործածումը որպես զոհ, որովհետև միայն անմեղներն էին նկատվում արժանի Աստծուն. զոհաբերությունը ծնվում էր աստվածության բարեհաճությունը շահելու կամ էլ սեփական մեղքերը քավելու ցանկությունից: Քրիստոսի Ինքնազոհաբերումը, որը եկավ փոխարինելու հին ժամանակների մարդկային զոհաբերություններին, դրանց վերջ դնելով և հաստատելով Սուրբ Պատարագի զոհընծայումը, իր մեջ ամբողջացնում և իրագործում է նաև հին մարդկանց սխալ, բայց ո՛չ անհեթեթ հավատալիքները. քավում է նախածնողների սկզբնական մեղքը. խոսում է Արարչի և արարածի միջև գոյություն ունեցող օնթոլոգիական վիհի մասին, որի պատճառով ոչ մի մարդկային արարած, նույնիսկ եթե զոհաբերվի, անկարող է ողոքելու Աստծո անհունությունը.հաստատում է Աստծո ընկալումը որպես Արդարություն, բայց միաժամանակ նաև որպես Ողորմություն, ինչը որ մի հսկայական նորություն է, որպես Հայր և ո՛չ թե որպես միայն Տեր. զոհաբերումն է միակ կատարյալ Անմեղի, և ի վերջո՝ քավող, հատուցող և նաև փառաբանող զոհաբերություն է: Ինչպես ասվում է Սուրբ Պատարագի ժամանակ, «կատարյալ զոհ»ն է, միակը, որ «հաճո է Քեզ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։