Քրիստոնեության նշանավոր կանայք – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնեության նշանավոր կանայք

Վերադառնանք կնոջ վերաբերյալ Քրիստոնեության բերած նոր ընկալմանը: Նախաքրիստոնեական – հռոմեական և ընդհանուր – աշխարհից քանի՞ նշանավոր կնոջ անուն գիտենք: Մատների վրա կարելի է հաշվել նրանց անունները, որոնք շատ դեպքերում հիշվում են որպես բարձր դասակարգի պոռնիկներ, այլ ո՛չ թե ուրիշ արժանիքների համար: Քրիստոնեության առաջին օրերն արդեն լի են կանանց անուններով, որոնք պատմվող իրադարձությունների գլխավոր դերակատարներն են. սուրբ մարտիրոսուհիները, որոնց անունները բոլորին են հայտնի, որոնց անվանը Եկեղեցին ձոնում է հսկայական տաճարներ, որոնք մեծարվում են բարեպաշտությամբ և հիշվում են նաև ծիսական աղոթքներում. Թեկղը, Ագաթան, Ագնեսը, Չեչիլիան, Լուչիան, Կատարինեն, Մարգարիտը, ստրկուհի Բլանդինան, և ուրիշներ. Սրբուհի Հեղինեն, Կոստանդիանոսի մայրն ու գլխավոր խորհրդականը. Սրբուհի Մոնիկան, Սուրբ Օգոստինոսի սիրասուն մայրը, որի աղոթքներին էր մեծն Հայրապետը վերագրում իր փրկությունը. Մարկիան, Քոմմոդո կայսեր հարճը, որ կարողացավ համոզել նրան՝ ազատ արձակելու ապագա Պապ Կալլիստոսին, որին ուր որ է դատապարտելու էին հարկադիր աշխատանքների Սարդենիայում. ապա կայսրուհի Պուլքերիան, Արկադիոս կայսեր դուստրը, եկեղեցիների, հիվանդանոցների և ուխտավորների համար նախատեսված իջևանատների այդ անխոնջ շինարարուհին, որը 453 թվականին մահացավ՝ իր բոլոր ունեցվածքները կտակելով աղքատներին. կայսրուհի Էուդոքսիան, որը Երուսաղեմ է տեղափոխել տալիս Սուրբ Ստեփանոսի մասունքները, կառուցել է տալիս եպիսկոպոսանիստ պալատ և ապաստարաններ աղքատների համար. և ուրիշ բազմահազարներ:
«Տղամարդուն համահավասար չափով», գրում է Թեոդորետոս Կյուրացին, «կինն օժտված է բանականությամբ, ընդունակ է ըմբռնելու և գիտակից է իր պարտականություններին. տղամարդու նման, գիտի՝ թե ինչից պետք է խուսափի և ինչին պետք է հետամուտ լինի. երբեմն կարող է պատահել, որ նա տղամարդուց ավելի ճիշտ դատաստան կայացնի օգտակարի վերաբերյալ. կինն էլ կարող է շատ լավ խորհրդատու լինել»: Կղեմես Աղեքսանդրացու համաձայն, կանայք կարող են ուսման նվիրվել ճիշտ այնպես, ինչպես տղամարդիկ: Ինչպես փաստացի վարվեցին Քրիստոնեության բազմահազար կանայք, որոնք ազատակամ ընտրեցին վանական կյանքն ու կուսակրոնությունը: Կուսակրոնությունն ընտրելու իրավունքը ևս, եթե խորը մտածենք, ունի պատմական վիթխարի արժեք, որը հաճախ մոռացության է մատնվում: Արդարև, այն նշանակում է, որ կինը կարող է ազատորեն նվիրել իր կյանքը Աստծուն, փոխանակ պարտավոր լինելու նվիրել մի մարդու. որ կարող է որոշել՝ ապրելու իր կյանքը կախվածության այն հարաբերությունից դուրս, որը հին հասարակարգի համար անխուսափելի էր: Հունահռոմեական հասարակարգում կանայք սահմանված էին բացառաբար ամուսնությանն ու որդեծնությանը, և «Քրիստոնեությունից առաջ սակավաթիվ են ամուրի մնացած կանանց մասին վկայությունները: Կանայք իրենց ամուսնության տարիքն անգամ չէին որոշում: Աղջկա համաձայնությունը նախատեսված չէր համաձայնագրի մեջ, որը ստորագրվում էր աղջկա հոր և ապագա ամուսնու միջև»: Չամուսնացած կանայք, մի խոսքով, անհասկանալի երևույթ էին և օրենքով զրկվում էին այն սակավաթիվ իրավունքներից ևս, որոնք նախատեսված էին կանանց համար[1]:
Քրիստոնեության առաջին դարերի ամենակարևոր անձնավորություններից շատերը ևս կանայք են. հռոմեական արքունիքի բազմաթիվ տիկնայք, որոնք դարձի են բերում իրենց ամուսիններին. Ֆրանկների թագավոր Քլոդովեոսի բուրգունդացի կին Քլոթիլդը, որի մղմամբ թագավորը 496 թվականին դարձի է գալիս Քրիստոնեության, կարևորագույն շրջադարձ կատարելով իր ժողովրդի պատմության մեջ. փարիզաբնակ միանձնուհի Ժընըվիևը, որը քաղաքի բնակիչներին քաջալերում ու գոտեպնդում է Ատթիղասի արշավանքների ժամանակ. Իտալիայի լոնգոբարդ թագուհի, բավարացի Թեոդոլինդան, որը կաթողիկեության է դարձի բերում իր որդուն՝ Ադալոադոսին. կաթողիկե Թեոդոսիան, որը 573 թվականին ամուսնանում է Թոլեդոյի դուքս Լեովիգիլդոսի հետ, նրան դարձի բերելով իր հավատքին. Բերտա Քենթացին, որը 597 թվականին Էթելբերթ արքային համոզում է մկրտվելու. Նորթումբրիայի թագավոր Էդվինի կինը, որը նրան համոզում է ընդունելու կաթողիկե հավատքը. Կիևի իշխանուհի Օլգան, Ռուսաստանում Քրիստոնեության սկզբնավորողը. Էդվիջ Լեհացին, Բալթյան Երկրների դարձի հեղինակը. և բազմահազար ուրիշներ: «Ամենուրեք», գրում է պատմագետ Ռեժին Պեռնուն, «հանդիպում ենք կնոջ և Ավետարանի միջև կապին, եթե քայլ առ քայլ հետևում ենք իրադարձություններին և ժողովուրդներին իրենց կոնկրետ կյանքում»: Պեռնուն, ապա, մեջբերում է Ժան Դյուշեի խոսքը. «Ամենասուրբ Երրորդության խորհուրդն արդյո՞ք մի հատուկ դյութանք է ազդում կանանց վրա: [...] Իսպանիայում, Իտալիայում, Գաղղիայում, Անգլիայում, ամենուրեք մի թագուհի էր հարկավոր՝ կաթողիկեությունը ներմուծելու համար»[2]:
Կրկին մի կին է, Ֆաբիոլան (մահացել է 399 թվականին), Ֆաբիների հարուստ ու ազնվական արիստոկրատների տոհմից, որ ամուսնու մահից հետո՝ նախ հետևում է Սբ. Հերոնիմոսին, նվիրվելով Աստվածաշնչի ուսումնասիրությանը, ապա հիմնում է Հռոմի առաջին հիվանդանոցը, իսկ Օստիայում՝ ուխտավորների ու պանդուխտների օժանդակության առաջին հաստատություններից մեկը: Ֆաբիոլայի նման, մեծապես հարուստ Մելանիան ևս դարձի գալուց հետո իր կյանքն ամբողջովին նվիրում է բարեգործությանը. Հինգերորդ դարում հիմնում է վանքեր, փրկագնում է գերեվարվածների, ազատագրում է հազարավոր ստրուկների և նրանց նվիրում է ունեցվածքներ ու հարստություններ: Նմանապես Օլիմպիան, երբ 386 թվականին կորցնում է ամուսնուն՝ Հռոմի կուսակալ Նեբրիդիոսին, թեև Թեոդոսիոս կայսրը փորձում է հարկադրել նրան կրկին ամուսնանալու, մերժում է և իր հարստությունների մի մասը նվիրում է Կոստանդնուպոլսի աղքատներին և Եկեղեցուն, իսկ իր մնացած տիրույթներում ընկալում ու խնամում է այրիների ու որբերի, միայնակ ծերերի, աղքատների ու լքվածների:
Քրիստոնեության սկզբում և հետագա դարերի ընթացքում անթիվ ու անհամար են քրիստոնյա կանայք, – ազնվականներ, ամուրիներ, ամուսնացածներ կամ այրիներ, – որ նշանակալի դերակատարություն են ստանձնում հասարակության ներսում, իրենց վեհանձնությունն են ցուցաբերում Եկեղեցու, վանքերի, աղքատների, իրենց իսկ կողմից հիմնված հիվանդանոցների, դպրոցների հանդեպ: Այս պատճառով է, որ Քրիստոնեությունն ատող այնպիսի մեկը, ինչպիսին էր Պորփյուրեսը, քրիստոնյաներին մեղադրում է հենց այն բանի համար, որ «կանանց համոզում են աղքատներին բաշխել իրենց հարստություններն ու ունեցվածքները» և որ չափազանց տեղ են տալիս «թեթևամիտ կանանց» շատախոսություններին[3]:
[1] Georges Duby - Michelle Perrot, Storia delle donne, vol. I, pp. 324, 365.
[2] Régine Pernoud, La donna al tempo delle cattedrali, Rizzoli, Milano 1986, p. 18.
[3] Պատառիկ 58 Harnack, Macario Magnete III, 5.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։