Մանկասպանությունը Չինաստանում և Հնդկաստանում, և քրիստոնյա միսիոներների գործունեությունը – Գրադարան – Mashtoz.org

Մանկասպանությունը Չինաստանում և Հնդկաստանում, և քրիստոնյա միսիոներների գործունեությունը

Եթե այժմ մտովին վերադառնում ենք երկու վիթխարի պետություններին, ուր աբորտը (նաև բռնի, ծնողների կամքին հակառակ գործադրված աբորտը) և մանկասպանությունը զանգվածային երևույթներ են, պատմական այս համառոտ ակնարկից հետո դյուրին է դառնում այդ ամենի պատճառը հասկանալը. Չինաստանն ու Հնդկաստանը այն երկրներից են, ուր քրիստոնեական Ավետարանը նվազագույն չափով է թափանցել հասարակության տարբեր խավերից ներս (և Ավետարանի հետ միասին, կարող ենք հավելել, որ այդ երկրների մշակույթը նվազագույն չափով է շաղախվել արևմտյան քաղաքակրթության հետ, որը – գիտակից լինի դրան, թե անգիտակից. բացահայտ ընդունի դա, թե ուրանա – հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի կամ առնվազն դրա հիմնական մասի վրա):
Երբ Հիսուսյան Միաբանության առաջին միսիոներները հասան Չինաստան, մեծապես հիացած մնացին ի տես այդ մեծ քաղաքակրթության: Այն, ինչը բացասական տպավորություն թողեց մեծն Մատթեոս Ռիչչիի վրա, երբ 1583 թվականին ոտք դրեց Երկնային Կայսրություն, մեծապես տարածված մարմնավաճառությունն էր, կաշառակերությունը, փողամոլությունը և, հատկապես, տարածված մանկասպանությունը: Այսօրվա կոմունիստական վարչակարգը – որ ընդունակ է ծրագրավորելու միլիոնավոր բռնի աբորտներ, զանգվածային ամլացումներ, նորածինների պարբերական սպանություններ – դեռ չկար, բայց երեխաների հանդեպ հարգանքն ամբողջովին բացակայում էր այդ երկրում, որն ա՛յլ տեսանկյուններից դիտված՝ արժանի էր մեծ հիացմունքի:
Ինչպես Քսաներորդ դարասկզբին գրում է Ժան-Ժաք Մատինյոնը, չինացիները հաճախ վաճառում են իրենց աղջիկներին պոռնկության, կամ էլ սպանում են, որպես պատճառ բռնելով աղքատությունը, բայց նաև իրենց մոգական սնապաշտությունների, նախնիների իրենց մղձավանջային պաշտամունքի պատճառով. «Ինչպես միշտ, սնապաշտությունը Չինաստանում առանցքային դերակատարություն ունի. համարվում է, թե իբր երեխաների աչքերը, քիթը, լեզուն, բերանը, ուղեղը բուժիչ ուժեղ հատկություններով օժտված օրգանական նյութեր են: Պատահում է, որ ծննդաբերությունից հետո կինը հիվանդանում է. այդպիսի դեպքում, ոգիների բարեհաճությունը շահելու համար, աղջիկ երեխան, իսկ որոշ դեպքերում նաև տղա երեխան, զոհաբերվում է: Կան կանայք, որոնց հատուկ գործն է նորածին աղջիկներին սպանելը: [...] Նորածիններին սպանում են կա՛մ տան մի անկյունը նետելով, կա՛մ էլ՝ աղբամանի մեջ, ուր կեղտն ու փոշին շուտով խցանում են նրանց շնչառական ուղիները»: Պատահում է նաև, որ երեխաներին խեղդում են ջրի մեջ սուզելով կամ էլ բարձերով, թեև եվրոպացիների ազդեցությունը, գրում է Մատինյոնը, կարծես թե վերջիվերջո որոշակի չափով սահմանափակել է այդ սովորույթները[1]:
Գրեթե Մատինյոնի միևնույն տարիներին, երկու միսիոներներ Չինաստանի մասին պատմում են միևնույն բաները:
Առաջինը Հիսուսյան Միաբանության անդամ Սբ. Ալբերիքո Քրեշիթելլին է, որը բազմաթիվ որբանոցներ է հիմնել աղքատ և լքված մանուկների համար և 37 տարեկան հասակում, 1900թ.
Հուլիսի 21ին, գլխատվել է Բոքսերների հեղափոխության ժամանակ: Երկրորդը Վերբիտների Միաբանության անդամ Սբ. Ջուզեպպե Ֆրայնադեմեթցն է: Հասնելով Չինաստան, որը սիրելու էր մինչև իր կյանքի վերջը (մահացել է այնտեղ բծատենդով վարակվելով), իր նամակներում հաճախ գրում է, որ «չինացիները սովոր են լքելու իրենց զավակներին կամ պարզապես փոխանակելու կամ վաճառելու». «Մեր լավագույն քրիստոնյաներից մեկը, դարձի գալուց առաջ, սպանել էր իր դստերը, նրան ուժգին խփելով քարաբեկորներին, պարզապես որովհետև շատ էր լացում»[2]:
1879թ. Ապրիլի 28ին Հոնգ Կոնգից գրված մի ուրիշ նամակում, Ֆրայնադեմեթցը պատմում է, թե ինչպես են կաթողիկե միանձնուհիները կառուցել երկու որբանոց, ուր ամեն տարի հավաքում են մոտ հազար երեխա: Իսկ 1882թ. Հուլիսի 2ին գրում է, որ միսիոներները փողոցներում շրջում և հավաքում են լքված երեխաներին. հազարավոր երեխաներ են գտնում վերջին շնչին և մկրտելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարողանում անել, մինչ ուրիշ երեխաների, որոնց կարողանում են, փրկում են. «Բազմաթիվ հոգիներ են արդեն փրկվել այն օրից ի վեր, ինչ հասել ենք այստեղ, հեթանոսների բազմաթիվ երեխաներ ենք մկրտել, որոնք հետո մահացել են. հենց երեկ հանդիսավոր թաղումը կատարեցինք մի փոքրիկ աղջնակի, որը մի տարեկանից մի քիչ ավելի էր: Մայրն ինքը ուզեցել էր խեղդել երեխային, որպեսզի ուրիշի երեխային կաթ տար և փող աշխատեր, բայց լսել էր, որ մենք բոլոր երեխաներին ընդունում և շատ լավ խնամում ենք, ուստի երկու ամիս առաջ բերել էր մեր մոտ: Երեխան հետո հիվանդացավ ու մահացավ: Մահից կես ժամ առաջ մատակարարեցինք Դրոշմի խորհուրդը: Որոշեցինք ամենայն հանդիսավորությամբ կատարել փոքրիկի հուղարկավորությունը, ցույց տալու համար հեթանոսներին, թե որքան հարգանք ենք մատուցում իրենց զավակներին, որոնց իրենք դեն են նետում: Հեթանոսներն այստեղ դագաղ չեն գործածում փոքրիկ երեխաների համար, այլ՝ հազիվ մահանում են, մի փոս են փորում ու մեջը գցում: Մենք այդ փոքրիկ աղջնակի համար առագաստանավի նմանությամբ դագաղ պատրաստեցինք և այն կարմիր ներկեցինք, երեխային գեղեցիկ երկնագույն զգեստ հագցրեցինք, նրան եկեղեցի տարանք, մենք՝ բոլոր միսիոներներս, բոլոր քրիստոնյաների մասնակցությամբ, որոնք երբեք այսպիսի թաղում չէին տեսել: Բազմաթիվ հեթանոսներ էլ եկան դիտելու»[3]:
 
Համառոտ կերպով վերադառնանք մեր ժամանակակից պատմությանը և Չինաստանում այսօր գործող մեկ զավակի քաղաքականության մասին պատմող, արդեն մեջբերված գրքին: Այդ օրենքի առաջնային հետևանքն այն է, որ ընտանիքները նախընտրում են, – ինչպես այդ հասարակության մեջ արել են դարեր շարունակ, բայց այսօր առավել՝ քան երբեք, – որ այդ միակ զավակը տղա լինի, քան աղջիկ. չինացիների մեծամասնությունը մտածում է, որ եթե կարող են միայն մեկ երեխա ունենալ, ուրեմն շատ ավելի լավ կլինի, եթե այդ միակ երեխան տղա լինի: Հետևաբար, աղջիկները զանգվածաբար սպանվում են: Ծնունդների հավասարակշռության մեջ ամեն տարի պակասում է 900.000 աղջիկ: Աղջիկ երեխաների զանգվածային սպանությունն ակնհայտորեն ա՛յլ վնասներ էլ է հասցնում իգական սեռին. այն աղջիկները, որոնց շնորհվում է ապրել, շատ հաճախ դատապարտվում են պոռնկության, բավարարելու համար սեռական ցանկությունները հազարավոր տղամարդկանց, որոնք բառի բուն իմաստով մնացել են առանց սեփական կինն ունենալու հնարավորության. մինչ հազարավոր ա՛յլ կանայք, որոնց բռնի ենթարկում են ամլացման, պետության կողմից հարկադրված աբորտների և ամեն տեսակ ա՛յլ բռնությունների, շատ հաճախ զոհ են դառնում հոգեկան անհավասարակշռությունների: Սրա հետևանքը ո՛չ միայն իգական սեռի ժողովրդագրական անկումն է Չինաստանում, այլ նաև՝ կանանց ինքնասպանությունների թվի սաստիկ աճը, այն աստիճան, որ «Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (World Health Organization) տվյալների համաձայն՝ Չինաստանում է գրանցվում կանացի ինքնասպանությունների տոկոսային ամենաբարձր թիվն աշխարհում, և Չինաստանը միակ պետությունն է, ուր ինքնասպանությունների մեծամասնությունը կատարվում է կանանց կողմից, այլ ո՛չ թե՝ տղամարդկանց, ինչպես տեղի է ունենում ա՛յլ երկրներում»:
Թեև սոսկալի պատմություն է, բայց կարծում եմ ուսանելի կլինի կարդալ մի վկայություն, իմանալու համար՝ թե ի՛նչ կարող է պատահել չինացի երեխաներից յուրաքանչյուրին: 2002 թվականի Հոկտեմբերին, Ցեժիան նահանգում, Քսինշանի ձայնասփյուռի կայանում աշխատող Դոնգ Թիֆենգն ու իր ընտանիքը ենթարկվեցին միակ զավակի օրենքի կիրառման հերթական դաժան ու գազանաբարո հետևանքին: Ահա իր երեխայի սպանության պատմությունն այնպես՝ ինչպես Դոնգն ինքը պատմել է «China Legal Forum» իրավապահպան կազմակերպությանը. «2002թ. Հոկտ. 19ին, գիշերվա ժամը 1ին, կնոջս տարա Քսինշանի հիվանդանոց, ծննդաբերության համար: Բուժքույրերից մեկն այցելեց նրան և ասաց. “Արգանդի վզիկը լայնացած է, երեխայի գլուխը երևում է”. ուստի կնոջս ուղեկցեցի ծննդատան բաժանմունք: Իմ մայրն ու զոքանչս նույնպես մեր հետ էին: Ինձնից պահանջեցին ցույցտալ զավակ ունենալու արտոնագիրը: Երբ տեսան, որ արտոնագիր չունեմ, բուժքույրն իսկույն զանգեց ոստիկանություն: Հինգ րոպե անց վրա հասան երկու տղամարդ և մի կին, որոնք առանց ներկայանալու և առանց պաշտոնական հանձնարարագիր ցույց տալու՝ սկսեցին հարցաքննել ինձ: Ասացին, որ բաժանմունքի պետը կլուծի հարցը և զանգահարեցին ինչ որ մի տեղ: Ժամը 1:30ին ևս մի տղամարդ և մի ուրիշ կին ժամանեցին: Այդ հինգ անձինք և բուժքույրը սկսեցին խոսել իրար հետ: Քիչ անց, մի խումբ անձինք հանկարծակի խուժեցին սենյակ և ուժով դուրս քաշեցին ինձ, մորս ու զոքանչիս: Վնասեցին երկու կանանց ձեռքերը, իսկ զոքանչիս գլուխը ուժգին խփեցին թթվածնի բաքին: Երեք հոգով անշարժացրել էին ինձ: Դուռը ներսից փակեցին: Տաս րոպե անց, մեր պահակների անուշադրության մի պահը գործածելով, ես ու մայրս կարողացանք ազատվել և դուռը ուժգին հրելով մտանք սենյակ, ճիշտ այն պահին, երբ բուժքույրը մկրատի ծայրով ծակում էր երեխայիս գլուխը և տեսանք, թե ինչպես էր արյան շիթը ցայտում երեխայիս գլխից: Ուղեղը դանդաղորեն դուրս էր ծորում բացված խորը վերքից: Մայրս սարսափահար ճչաց և ուշակորույս ընկավ հատակին: Մյուս մարդիկ, ներս մտնելով և կատարվածին հավաստիանալով, գնացին: Ժամը 3:30ին տարածքային ոստիկանության երկու գործակալներ հրամայեցին “հիմար քայլերի չդիմել”: Վերջում բժիշկներից մեկին հարցրեցի, թե ովքե՞ր էին այդ մարդիկ. պատասխանեց, որ Քսինշանի Քաղաքապետարանի Ընտանեկան Ծրագրավորման Վարչությունից էին: Հարցրեցի. “Մկրատով սպանեցիք երեխայիս: Ընտանեկան ծրագրավորման վարչությունից ձեզ գրավոր հրաման չտվեցի՞ն, օրինավոր հիմք ունեցող մի հանձնարարագիր”: Պատասխանեց. “Մեզ բերանացի են հրամաններ տալիս: Չենք կարող չհնազանդվել, մեր վերադասներն են: Եվ այսքանով վերջ”, կարճ կապեց բժիշկը»: Դոնգի հետ պատահածը մեկն է հազար հազարավորներից, ինչպես գրում են Լաոգայ Ուսումնասիրությունների Հիմնադրամի աշխատակիցները. «Իշխանության նման չարաշահումներ տեղի են ունենում ամբողջ Չինաստանով մեկ, հատկապես գյուղական շրջաններում: Համակարգված բնույթ ունեցող դեպքեր են»[4]:
 
Ինչպես Չինաստանում, ուր, ինչպես տեսանք, մանկասպանությունն այսօր դարձել է մինչև իսկ պետության գործը, դառնալով պետական համակարգված ոճրագործություն, նույնը տեղի է ունենում նաև Հնդկաստանում: Հինդուիստական այդ վիթխարի երկրում նույնպես, մանկասպանությունը, հատկապես աղջիկ երեխաների սպանությունը, սոսկալիորեն տարածված երևույթ է, տնտեսական, բայց հատկապես կրոնական դրդապատճառներից ելնելով[5]:
«Asianews» լրատվական գործակալությունը վերջերս տարածեց հետևյալ սոսկալի տեղեկատվությունը. «Աղջիկ երեխաները նկատվում են սոսկ որպես բեռ և հասարակական մտածելակերպն ընդունում է նրանց սպանությունը և՛ սաղմնային շրջանում, և՛ ծնունդից հետո: 2006 թվականին, Ռանգա Ռեդդի մարզի փոքրիկ գյուղերից մեկում, Հիդերաբադից (Անդհրա Պրադեշ) 80 կմ հեռավորության վրա, 11 նորածին աղջիկներ իրենց ծնողների կողմից մահվան են դատապարտվել սովի միջոցով: Բազմաթիվ գյուղացիներ սովոր են անցանկալի աղջիկ երեխաներին փաթաթել ցնցոտիների մեջ և այդպես թողնել, որ սովից մահանան: Տեղական լրատվամիջոցների համաձայն, Ժարպուլա Պեերյա Նայակ անունով քսանյոթնամյա մի տղամարդ ասել է. “Կինս արդեն երրորդ անգամն է, որ աղջիկ է ծնում: Աղջիկ երեխան բեռ է և որոշեցինք չկերակրել նրան: Այդպես մահացավ”: “Իրոք շատ դժվար է աղջիկ երեխա մեծացնելը և նրա համար ամուսին գտնելը”: Փետրվարի 25ին էլ նրա զարմիկ Ժ. Ռավին և իր կինն են սովի միջոցով սպանել իրենց նորածին դստերը: “Աղջիկս”, պատմում է Ռավին, “մահացավ ծնունդից երկու օր հետո, որովհետև չկերակրեցինք”: “Արդեն երկու աղջիկ ունենք, չենք կարող ևս մեկն ունենալ”: Գյուղացիներից մեկը բացատրում է, որ աղջկա համար որպես օժիտ պետք է վճարի “մի սկուտեր, 5 կամ 6 տոլա (58-70 գրամ) ոսկի և 50.000 ռուպիա, որպեսզի լավ ամուսին գտնի”: Մահից հետո, գյուղացիները մի փոս են բացում և նորածնին թաղում են այդ փոսի մեջ, վրան մի քար դնելով: Շները կրկին փորել էին փոսը և կերել էին Ռավիի աղջկա մարմնի մի մասը, ուստի նրան կրկին թաղեցին: Գյուղի քառասուն ընտանիքների մեծամասնությունը ականատես է եղել նման դեպքերի կամ հենց ինքն էլ դիմել է միևնույն քայլին, բազմաթիվ զույգեր, որոնք երկու կամ ավելի աղջիկ են ունեցել: Ժարպուլա Պեերյա Նայակը սովի միջոցով սպանել է իր երկու աղջիկներին»[6]:
Հնդկաստանում նույնպես քրիստոնյա միսիոներների և քրիստոնյա փոքրամասնությունների աշխատանքը նպատակամղված է – կաստաների և սոցիալական անհավասարությունների պարիսպը քանդելու փորձից բացի – կյանքի պաշտպանությանը հատկապես հղիության և մանկության շրջանում, հանուն Աստծո, որ մարմնացել և ապրել է նաև որպես մանուկ: Համառոտ լինելու համար, թող բավական լինի միայն մի օրինակ. Մայր Թերեզայի գործունեությունը:
Բոլորը գիտեն, որ այդ կնոջ առաքելությունը եղել է Հնդկաստանի աղքատներին, անտեսվածներին, խտրականության զոհ դարձածներին, թույլերին, բոլոր իմաստներով վերջիններին օգնելը: Այդպիսիների շարքին Մայր Թերեզան երբեք չէր մոռանում հիշատակել մայրական արգանդում գտնվող երեխաներին, որոնց ինքն անվանում էր «աղքատների մեջ ամենաաղքատները»: Իր «Նրանց ինձ տվեք: Մայր Թերեզան և հանձնառությունն հանուն կյանքի» գրքում (2003), Պիեր Ջորջո Լիվերանին մեջբերում է Մայր Թերեզայի մտքերից մեկը, որը նա մեծ ուժով կրկնել է հազարավոր առիթներով. «Աբորտն է այն, ինչն այսօր կործանում է խաղաղությունը: Որովհետև, եթե մի մոր թույլատրված է սպանել իր սեփական զավակին, ի՞նչն է արգելում ինձ սպանելու ձեզ, կամ ձեզ՝ սպանելու ինձ: Ոչի՛նչ: Ահա՛ այն, ինչը ես հարցնում եմ Հնդկաստանում, ինչը ես հարցնում եմ ամենուր. Ի՞նչ ենք անում մենք երեխաների համար: [...] Մենք աբորտի դեմ պայքարում ենք որդեգրությամբ: Այդպիսով հազարավոր կյանքեր ենք փրկում: Լուրը տարածել ենք բոլոր բուժհաստատություններում, հիվանդանոցներում, ոստիկանատներում. “Խնդրում ենք ձեզ չսպանել երեխաներին, մենք կխնամենք նրանց”»: Պայքարն ընդդեմ աբորտի ու մանկասպանության և երեխաներին ի նպաստ կատարված գործունեությունը տարիների ընթացքում Մայր Թերեզայի և իր քույրերի կողմից առաջ է տարվել հերոսաբար, որոշ դեպքերում հասնելով մինչև մարտիրոսության, բախվելով մի մշակույթի ընդդիմությանը, որը չի ճանաչում կյանքի սրբազան էությունը: Հինդուիստների համար, օրինակ, լքված կամ իրենց ծնողների կողմից մերժված երեխաները, եթե կարողանում են գոյատևել, համարվում են պարիա, այսինքն՝ ստորին կաստայի պատկանողներ, որոնք քավում են նախորդ կյանքերում գործած հանցանքները: Կանայք, ընդհանրապես, բայց հատկապես աղջիկները, նկատվում են որպես բեռ, պարտադիր օժիտի պատճառով, և համարվում են տղամարդուց ցածրակարգ, «այն աստիճան, որ շատ հաճախ աղջիկ երեխաներին թունավորում են մայրական գրկում, մոր կրծքին թույն քսելով, որը երեխան կուլ է տալիս մայրական կաթի հետ միասին»:
Այսպիսով պատահում է, որ մի կողմից գրանցվում է ծնունդների շատ մեծ թիվ, որի պատճառը ամեն գնով արու զավակ ունենալուն հասնելն է, իսկ մյուս կողմից՝ աղջիկ երեխաների սպանության նույնքան մեծ թիվ. ընտրողական աբորտներ են կատարվում, հիմնվելով պտղի սեռի վրա, մինչև որ հասնում են ցանկալի արու զավակն ունենալու: Մայր Թերեզան և իր քույրերը բազմաթիվ աղքատախնամներ են հիմնել, դպրոցներ ու որբանոցներ, արժանանալով մեծ համբավի, բայց նաև Հնդկաստանի Վարչապետ Մորարիջ Դեզայի ընդդիմությանը, որը 1979 թվականին զրպարտությունների մի շարք ուղղեց Մայր Թերեզային, պնդելով, թե իրենց դպրոցներում ու որբանոցներում նրանք օգնում են երեխաներին միայն մի նպատակ հետապնդելով. որպեսզի մկրտեն նրանց և մեծացնեն որպես քրիստոնյաներ: Մայր Թերեզան պատասխանեց նրան մեծ քաջությամբ, գրելով. «Ինձ թվում է, որ Դուք չեք գիտակցում այն չարիքը, որը աբորտը հասցնում է Ձեր ժողովրդին: Անբարոյականությունը տարածվում է, բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, ահազանգող չափերի են հասել իրենց սեփական անմեղ երեխաներին սպանած մայրերի հոգեկան խանգարումների ու խելագարության դեպքերը: [...] Պարոն Դեզայ, Դուք թերևս շատ չանցած դեմ առ դեմ կանգնելու եք Աստծո առաջ: Չգիտեմ, ի՞նչ բացատրություն կկարողանաք տալ բազմահազար չծնված, անմեղ երեխաների կյանքը ոչնչացնելու համար, երբ կներկայանաք Աստծո դատարանին, ուր դատվելու եք կատարված բարիքի և Ձեր պետական բարձր դիրքից պատճառված ամբողջ չարիքի համաձայն»:
 
Իր այդ նույն պատասխան նամակում Մայր Թերեզան հավելում է, որ Կալկութայում իր Միաբանության կողմից տնօրինվող 102 կենտրոններում վերջին տարվա ընթացքում խնամք և օժանդակություն են ստացել 11.701 հինդուիստ, 5.568 մուսուլման և միայն 4.341 քրիստոնյա ընտանիքներ, որոնց սովորեցրել են ընտանիքի իմաստը, կյանքի նկատմամբ հարգանքը, գիտակից և պատասխանատու կերպով որդեծնելու անհրաժեշտությունը, մինչև իսկ հասնելով ծնունդների թվի կրճատմանը, բայց առանց աբորտի ու մանկասպանության դիմելու: Սպանված անմեղ երեխաների ճիչը, ասում էր Մայր Թերեզան, – յուրովի կրկնելով գաղափարները, որոնք դարեր առաջ արտահայտել էին քրիստոնյա առաջին ջատագովներից Մինուցիուս Ֆելիքսը, Տերտուղիանոսը և այլոք, – «խոցում է Աստծո ականջը» և աշխարհն ու մարդկությունը զրկում է Նրա օրհնությունից:
[1] JEAN-JACQUES MATIGNON, Superstition, crime et misère en Chine, Masson & Cie, Lyon 1902. Չինացիների սարսափելի սնապաշտությունը, որի համաձայն՝ որպես բուժիչ դեղորայք են գործածում մարդկային սաղմերը, գոյություն ունի մինչև այսօր: Տե՛ս. MARK MIRAVALLE, The Seven Sorrows of China, Queenship Publishing, Goleta CA 2008.
[2] Sepp Hollweck, Il cinese dal Tirolo, Athesia, Bolzano 2003, pp. 35-36.
[3] GIUSEPPE FREINADEMETZ, Lettere di un santo, Imprexa, Bolzano, pp. 23, 39. Հարկավոր է հիշել, որ որբանոցը Քրիստոնեությանը բնորոշ հաստատություն է: Կաթողիկե Եկեղեցին այսօր Չինաստանում տնօրինում է առնվազն 250 որբանոց, 200 հիվանդանոց և 700 հիմնական բուժօգնության կենտրոն (P. DREYFUS, Matteo Ricci, San Paolo, Cinisello Balsamo 2006, p. 166):
[4] Harry Wu - Laogai Research Foundation, Strage di innocenti, Guerini e Associati, Milano 2009, pp. 39-40.
[5] Հնդկական «կրոնական աղբյուրների համաձայն, նախընտրելի է, որ արու զավակը կատարի մահացած ծնողների թաղմանական ծեսերը: Սա մեկն է այն կարևորագույն պատճառներից, որոնցից մղված՝ հինդուիստների մեծամասնությունը տենդագին ձգտումն ունի արու զավակ ունենալու:
Վաշիսթհա Սմրիթիում (17/3) գրված է. “Արու զավակ չունենալը անեծք է մարդու վրա”, իսկ Մանուսմրիթիում (9/138) բացատրվում է. “Հինդիում արու զավակը պուտրա է”, ուր “Պու”ն խորհրդանշում է դժոխքը, իսկ “Տրա”ն, որն առաջացել է “տրան” բառից, նշանակում է “պաշտպան”: Ուստի, “պուտրա” եզրը նշանակում է “նա, ով պաշտպանում է դժոխքից”: Այս պատճառով է, որ արու զավակն է կատարում թաղմանական վերջին ծիսակատարությունները, որոնց շարքին են “փինդ դաան”ը և “շրադդհ”ը: Խոսքը վերաբերվում է հինդուիստական ծիսական արարողությունների, որոնց նպատակն է այնպես անել, որ ազատված հոգին կարողանա գտնել մի նոր հոգևոր մարմին» («Oltre magazine» պարբերական, թիվ 2, Փետրվար 2007):
[6] «Asianews»,15/3/2007.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։