ԺԷ. - ԶՐՊԱՐՏՈՂՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԺԷ. - ԶՐՊԱՐՏՈՂՆԵՐԸ

Նախորդ գլուխներում ներկայացված պատմական փաստերը հաշվի առնելով, ակամա հարց է առաջանում, թե ինչո՞ւ այսքան հաճախ, երբ խոսք է բացվում Քրիստոնեության և Եկեղեցու մասին, ամեն ծակուծուկից ծլում են բազմաթիվ դեմքեր, միշտ կազմ ու պատրաստ՝ ամեն տեսակ մեղադրանքներ արձակելու, Եկեղեցու գլխին բարդելու համայն տիեզերքում գոյություն ունեցող հնարավոր բոլոր չարիքների պատասխանատվությունը: Ինչո՞ւ է Եկեղեցին միշտ ներկայացվում որպես “հետամնաց”, “մոլի հետադիմական”, “գիտության թշնամի”, և նման ա՛յլ անհիմն ու տափակամիտ որակավորումներով:
Պատասխանը շա՜տ ավելի պարզ ու հասարակ է, քան որքան կարծվում է. այդ ամենի միակ պատճառը իդեոլոգիական նախապաշարումներն են, իդեոլոգիական ատելությունը, այլախոհին վարկաբեկելու համար անամոթաբար հրապարակ իջեցվող սուտն ու կեղծիքը: Արդեն անդրադարձել ենք այս իրողությանը. քանի՜ քանի՜ ստեր են շրջանառության մեջ դրել անգլիական արքունիքի կողմից վճարված (կաշառված) կեղծ պատմաբանները, աստվածաբանները, պաշտոնյաները՝ ընդդեմ իսպանացիների և Կաթողիկե Եկեղեցու, սոսկ քաղաքական ու տնտեսական դրդապատճառներից ելնելով. քանի՜ քանի՜ ստեր են Եկեղեցու դեմ հորինել ու պատմել մատերիալիստ իլլումինիստները, Վոլտերի նման համոզված ռասիստները, որոնք Տասնութերորդ դարում մինչև իսկ ի զորու եղան Հիսուսյան Միաբանությունը և կրոնավորական ա՛յլ միաբանություններ ևս լուծարել տալու. քանի՜ քանի՜ ստեր ու կեղծիքներ են ամբողջ աշխարհով մեկ շաղ տվել սոցիալիստներն ու կոմունիստները՝ արմատականորեն աթեիստական և Հավատքի հանդեպ բարոյապես թշնամաբար տրամադրված իդեոլոգիայի ստեղծողները: Համառոտ կերպով հիշեցինք, թե մինչև օրս ի՛նչ է տեղի ունենում կոմունիստական Չինաստանում, ուր քրիստոնյաները մոլի կերպով հալածվում ու ամեն տեսակ չարագործությունների մեջ զրպարտվում են այնպես, ինչպես կատարվում էր Մաոյի օրոք: Հարյուր տարուց ավելի է արդեն, ինչ կոմունիստական, սոցիալիստական, նացիստական, ռասիստական, կանաչների, ռադիկալների իդեոլոգիական բոլոր ճյուղավորումներն ամբողջ աշխարհով մեկ կենաց մահու պատերազմ են մղում Քրիստոնեության և նրա կողմից պաշտպանվող գաղափարների ու արժեքների դեմ, որոնք համարում են «անհանդուրժելի», ինչպես գրում է իրենց ներկայացուցիչներից Քորրադո Աուջասը: Ամեն գույնի ու տեսակի անհավատների ու այլահավատների համար Քրիստոնեության այդ “անհանդուրժելի” գաղափարներն ու արժեքները խտանում են միայն մեկ արտահայտության մեջ. մարդկային անձի անսակարկելի արժանապատվությունը, որը ոտնակոխ անելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի և գործնական հարթության վրա էլ կանգ չեն առնում ոչ մի բանի դիմաց:
Կոմունիստական Ռուսաստանում 1922 թվականին Լենինը ստորագրում է Եկեղեցու ունեցվածքների բռնագրավման Հրամանը, որին հետևում են եկեղեցականների ու հավատացյալների կոտորածը, եկեղեցիների հիմնահատակ կործանումը, կրոնական արարողությունների հրապարակային ծաղրումը, զրպարտող ու վարկաբեկող սաստիկ պրոպագանդան. կատակերգություններ ու ողբերգություններ, ուր հորինվում են Եկեղեցու կողմից իբր թե գործված չարագործություններ, լուն ուղտ դարձնելու մեթոդով ուռճացվում են եկեղեցական որոշ այրերի անձնական թշվառությունները, բացվում են աթեիզմի թանգարաններ, սրբապատկերների հրապարակային այրումներ, և այլն: Հիմնվում են «Պայքարող անաստվածների միությունը», այնպիսի հրատարակչատներ, ինչպիսին էր «Աթեիստը», ամսագրեր, ինչպիսին էր «Անաստվածների լրագիրը», որը տարածվում էր միլիոնավոր տպաքանակով և հագեցած էր ընդհանրապես հավատացյալների, բայց հատկապես եկեղեցականների հասցեին արձակվող աներևակայելի աստիճանի մեղադրանքներով: Երանի՜ թե Սովետական Միությունն իր քաղաքացիների իրական բարօրության վրա ծախսեր այն վիթխարի գումարները, որոնք մսխում էր իր իդեոլոգիական նախապաշարումներն ամբողջ աշխարհով մեկ շաղ տալու նպատակով: Որովհետև դա կատարվում էր ո՛չ միայն Սովետական Միությունում, այլ նաև նրա արբանյակները հանդիսացող երկրներում, ինչպիսիք էին, օրինակի համար, Ռումինիան, Ալբանիան, Չեխոսլովակիան, – թե այդ երկրները “քաղաքակրթության” ինչպիսի՜ մակարդակի հասան պետական աթեիզմի շնորհիվ, այժմ բոլորի աչքի առաջ է, – և բոլոր այն երկրներում, ուր գոյություն ունեին ֆինանսական գետնի վրա հզոր կոմունիստական կուսակցություններ:
Նպատակը միշտ միևնույնն էր. ցեխով ծածկել գաղափարային գետնի վրա ամենահզոր ընդդիմադրին՝ Քրիստոնեությանը, և հատկապես՝ Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին: Կոմունիստները, որոնք 1939 թվականին Հիտլերի հետ ստորագրեցին Ֆոն Ռիբբենթրոփ-Մոլոտով դաշինքը, այդպիսով ծնունդ տալով Համաշխարհային Երկրորդ Պատերազմին, և երկար ժամանակ պանծացրեցին գերմանացի բռնապետին իբրև իրենց ամենահավատարիմ դաշնակիցը, պատերազմից անմիջապես հետո, իրենց իսկ հանցանքները ծածկելու նպատակով, հասան մինչև իսկ մեղադրելու Եկեղեցուն, իբր թե զորավիգ է եղել նացիոնալ-սոցիալիզմին, և դա արեցին զանգվածային լրատվության միջոցների ամբողջ կարողությամբ հարձակվելով Պիուս Տասներկուերորդ Պապի դեմ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության և Սովետական Միության գաղտնի ծառայությունների կողմից մանրամասն կերպով նախապատրաստված ծրագրի համաձայն[1]:
 
Եթե անցնենք համառոտ ակնարկ տալու մեր ներկա ժամանակներին, բոլորս էլ կարող ենք հիշել ամերիկացի Դեն Բրաունի «Դա Վինչիի ձեռագիրը» վեպը, որը բերնեբերան լի է Եկեղեցու դեմ զրպարտություններով, որոնց միջազգային տարածումը ֆինանսավորվում է գաղտնի ուժերի կողմից: Այդ գրքի շնորհիվ, պատմելով, թե իբր Եկեղեցին հանցագործ խմբավորում է, որն ի գին ամեն ինչի, նաև սպանելով, քողարկում և գաղտնի է պահում Քրիստոսի վերաբերյալ հիմնական ու կարևորագույն ճշմարտությունները, Դեն Բրաունը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Այսօր արդեն գիտենք, իր իսկ հայտարարությունների հիման վրա, որ Եկեղեցու հանդեպ իր ատելությունը համաքայլ ընթանում է մասոնականության հանդեպ իր համակրանքի հետ, որն իրոք և իսկապես գաղտնի կազմակերպություն է, Եկեղեցու նկատմամբ մշտապես թշնամաբար տրամադրված և Եկեղեցու կողմից բանադրանքի տակ դրված: Բայց մասոնականությունը, Դեն Բրաունի ասելով, ոչ մի գաղտնիք չունի, թաքցնելիք ոչ մի չարագործություն: Ուրեմն ինչո՞ւ է գաղտնի գործում, կարող է ամենայն իրավացիությամբ հարցնել յուրաքանչյուր ոք: Բայց Դեն Բրաունը հայտարարում է. «Եթե ուսումնասիրություններիս ժամանակ գոնե մի փաստաթուղթ գտած լինեի, որը կվկայեր, թե մասոնները ինչ որ հանցանքներ են գործել, դրա մասին կգրեի միանշանակ կերպով: Մինչդեռ ընդհակառակն, միշտ գտել եմ բաց մտահորիզոններով և հանդուրժող մասոնների:Սա մի բարիք է, մի աշխարհում, ուր մարդիկ հաճախ սպանում են միմյանց, որովհետև չափազանց կառչած են ճշմարտության իրենց տարբերակին: Մասոնականության մեջ, մինչդեռ, կան ամենատարբեր տեսակի մարդիկ, որոնք բոլորը միմյանց անվանում են եղբայրներ: “Կորսված խորհրդանշանը” գրքիցս հետո ինձ հասկացրեցին, որ դռները կրնկի վրա բաց էին նաև իմ առաջ, բայց գիտեք, – և այստեղ Դենը աչքով է անում, – պահանջեցին գաղտնապահության երդում տալ, իսկ ինձ հաճելի է գաղտնիքները բացահայտել, ո՛չ թե պահպանել»[2]: Մի կողմ թողնելով այս սակավաթիվ տողերում ներկա փիլիսոփայական վիթխարի սխալներն ու հոգեբանական նենգ ու խարդախ դիմակավորումը, մասոնականության վերաբերյալ գոնե մի քիչ լուրջ ծանոթություն ունեցողի համար միջօրեի լույսի նման պարզ է այս խոսքերի ողջ սուտն ու իրականությանը բացարձակապես չհամապատասխանելը:
 
Մի ա՛յլ օրինակ. գրքի սկզբում խոսեցինք Քորրադո Աուջասի գրքերի մասին: Բոլորի համար միշտ ակնհայտ է եղել հեղինակի համակրանքը սոցիալիստական և կոմունիստական իդեոլոգիաների նկատմամբ: Եկեղեցու դեմ գրված իր վերջին գրքի հրապարակումից քիչ օրեր անց, Պրագայի ազգային անվտանգության համակարգի դիվանում պահվող փաստաթղթերից ի հայտ եկավ, որ Քորրադո Աուջասը 1963 թվականի Մայիսի 30ից սկսած որպես լրտես է աշխատել Չեխոսլովակիայի կոմունիստական գաղտնի ոստիկանության համար[3]: Հավատքի և հավատացյալների հանդեպ Աուջասի մոլեռանդ ատելությունն իր դրդապատճառներով և իր արտահայտչամիջոցներով հարևնման է կոմունիստական աշխարհի ամենատարբեր առաջնորդների դրսևորած դիրքորոշումներին: Իր «Բանավեճ Աստծո մասին» գրքում արտահայտում է կյանքի մատերիալիստական տեսությունը, մարդկային հոգին համեմատելով մի ապագա համակարգչի հետ, «որն ի վիճակի է լինելու զգացմունքներ դրսևորելու և ինքնուրույն կերպով ինքնուսուցման ձևեր մշակելու»: Մի կողմ թողնելով բացարձակ կարիքն ու անհրաժեշտությունը, որ յուրաքանչյուր “համակարգիչ” (դիցուք՝ մարդը) պետք է իր “ծրագրավորողն” ունենա (Աստված) և իրեն աշխատացնող “էլեկտրական հոսանքը” (կյանքը), առանց որոնց իր գոյությունն ու աշխատանքը անհնարին են. ինչպես նաև փաստը, որ ամենակատարյալ ձևով իսկ ծրագրավորված համակարգիչը երբեք չի կարող հասնել դրսևորելու այն, ինչն անվանում ենք ինքնագիտակցություն և ազատություն, այլ՝ միշտ ու միայն կուրորեն, անգիտակից կերպով կկատարի ծրագրավորողի կողմից իր մեջ արձանագրված հրամանները (օրինակ, բնազդը անասունների մոտ). մի կողմ թողնելով այս և նման կարևորագույն մտորումները, ուշադրության է արժանի Աուջասի և իր նման մատերիալիստների կողմից շարունակ գործածվող «ապագա» բառը, որով հստակ կերպով երևում է, որ նրանց դիրքորոշումները ո՛չ թե «գիտություն» են բառի բուն իմաստով, այսօ՛ր իսկ արդեն հստակեցված և փորձարարական գետնի վրա վերարտադրված ու միանշանակորեն ճշգրտված, այլ՝«հավատք»ի արտահայտություններ են բառի բուն իմաստով, ընդդիմանում են քրիստոնեական հավատքին ո՛չ թե պաշտպանելու համար «գիտությունը», այլ՝ պաշտպանելու համար «իրենց հավատքը». ա՛յլ խոսքերով ասած, ո՛չ թե անհավատներ են, այլ՝ այլահավատներ, ո՛չ թե գիտնականներ են, այլ՝ կռապաշտներ: Սրանից բացի, Հարրի Վուի չինացի բանտապանի նման, մարդուն հավասարեցնում է կապիկներին, ցանկանալով դրանից որպես հետևություն քաղել Աստծո և մարդու անմահ հոգու գոյության ժխտումը: «Մի օր, կենդանաբանական այգում», գրում է Աուջասը, «ուժգին ցանկություն զգացի գրկելու կապիկներից մեկի թավամազ, յուղոտ, անգիտակից ու խեղճ մարմինը, և որ ինքն էլ գրկեր ինձ, եղբայրության այդ անպաճույճ արարքով ջնջելով մեզ միմյանցից բաժանող միլիոնավոր տարիները»[4]:
Ուստի, թեև արդի Կելսիուսների, Պորփյուրեսների, Ֆրոնտոնների շքերթը հնարավոր է դեռ շարունակել, այստեղ կսահմանափակվեմ ներկայացնելով Քրիստոնեության ամենամոլի թշնամիներից մեկին՝ նացիստ Ալֆրեդ Ռոզենբերգին. ինձ թվում է, որ նրա կերպարն իսկապես կարող է որպես նմուշ վերցվել, որովհետև նրա մոտ խտացված վիճակում գտնում ենք հակաքրիստոնեական գրեթե բոլոր զրպարտությունները, և միաժամանակ՝ որովհետև այսօր թերևս շատ շատերը կապշեն, տեսնելով, թե քանի՜ քանի՜ մտքեր են կիսում նրա հետ, ով եղել է նացիոնալ-սոցիալիզմի ամենահռչակավոր ռասիստ (ցեղակրոն) իդեոլոգը:
[1] «La Repubblica» օրաթերթը, որը երբեք նրբանկատ չէ Եկեղեցու հանդեպ, այդուամենայնիվ՝ իր 27/3/2007 համարում հայտնում էր կոմունիստական Գերմանիայի դիվաններում գաղտնի նյութերի ի հայտ բերման մասին: Բեռլին առաքված լրագրող Մարկո Անսալդոն գրում է. «”Ինչպես մեզ միաձայն տեղեկացնում են մեր բոլոր լրտեսները, Պապը մեծ համակրանքով է տրամադրված գերմանացի ժողովրդի հանդեպ: Ինչը որ, մինչդեռ, չի կարելի ասել [նացիստական-ֆաշիստական] վարչակարգի վերաբերյալ”: “Պիուս Տասներկուերորդը օգնության ձեռք է մեկնում զավթված Լեհաստանին”: “Պապը թաքցնում է փախստական հրեաներին”: “Քահանայապետը փոփոխություններ է ակնկալում Գերմանիայում տիրող իրավիճակում, գոնե Ֆյուրերի մահից հետո”: Պիուս Տասներկուերորդը, հետևաբար, Հիտլերի կողմնակիցների թվին չէր պատկանում: Նացիստական վարչակարգի բարձրաստիճան ղեկավարները նրան դիտում էին անվստահությամբ և մինչև իսկ մտահոգությամբ: Այսպես էին մտածում և այսպիսի խոսքեր էին գրում Երրորդ Ռայխի բարձրաստիճան ղեկավարները, մինչև ամենաբարձր օղակները, իրենց գաղտնի հաշվետվություններում, ՍՍ-ականների հրամանատարների զեկույցներում, հեռագրերում ու պաշտոնական կարևորագույն նամակներում, որոնք Բեռլին էին առաքվում գերմանական երկու դեսպանատներից. Վատիկանում գործող դեսպանատնից (որը նացիստական բառապաշարում կոչվում էր “սև դեսպանատուն”) և Հռոմում գործող դեսպանատնից (որն անվանում էին “սպիտակ դեսպանատուն”): Փաստաթղթեր, որոնք հավաքվել էին նախկին Արևելյան Գերմանիայի գաղտնի ծառայությունների ղեկավարներ Էրիխ Միլքեի և Մարկուս Ուոլֆի գրասենյակներում, պատրաստ՝ օգտագործվելու Վատիկանի դեմ հնարավոր գործողությունների ժամանակ: Էջեր, սակայն, որոնք տասնամյակներ շարունակ թաղված մնացին դիվաններում: Մի հսկայական թղթապանակ Պիուս Տասներկուերորդի մասին, որն այժմ «La Repubblica»ի ձեռքում է: Հավաքված նյութերը ցույց են տալիս, որ խորքում և՛“սև” շապիկավորները, և՛ կոմունիստական Գերմանիայի “կարմիր”ները որպես նպատակ հետապնդում էին Սուրբ Աթոռից հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելը, որովհետև Վատիկանը երկուսի կողմից էլ համարվում էր բացարձակապես ո՛չ բարեկամ պետություն: [...] Նացիստական վարչակարգին ամեն ինչից ավելի մտահոգում էր Պապի գործունեությունն ի նպաստ զավթված Լեհաստանի, ինչպես երևում է պաշտոնական բազմաթիվ նամակներից: [...] Այս փաստաթղթերի ընթերցումից Պիուս Տասներկուերորդ Պապի կերպարը դուրս է գալիս ամբողջովին տարբեր լույսով լուսավորված, քան մինչև այժմ տարածված պատկերն էր: Այս փաստաթղթերից ի հայտ եկող պատկերը պատկանում է մի Քահանայապետի, որը բնավ հանդուրժող չէր [նացիստական վարչակարգի նկատմամբ], այլ ընդհակառակն՝ հմուտ ու սարսափազդու հակառակորդ էր, լրիվ հակառակը երկչոտ ու վարանող Պապի պատկերի, որն ավանդվում էր մինչև այսօր: Ինչպե՞ս է դա հնարավոր եղել: “Պատերազմի վերջին տարվա՝ 1945 թվականի ընթացքում արդեն, – բացատրում է «Կաթողիկե Քաղաքակրթություն» թերթի պատմագետ, «Հիտլերը, Սուրբ Աթոռը և հրեաները» գրքի հեղինակ, Եկեղեցու և նացիզմի վերաբերյալ նյութերի ամենահեղինակավոր ուսումնասիրողներից մեկը հանդիսացող Հայր Ջովաննի Սալեն, – սկսվել էր Պիուս Տասներկուերորդի վարկաբեկմանն ուղղված մի ծրագիր: Վերջերս հրապարակածս հոդվածներից մեկում որպես փաստ ներկայացրեցի Ռադիո Մոսկվայի կողմից կատարված ձայնագրությունները և Պրավդա թերթում հրապարակված նյութերը, որոնց նպատակն էր ազդել հանրային կարծիքի վրա և այսպես ասած “սև առասպել” ստեղծել Պիուս Տասներկուերորդի կերպարի շուրջը: [...] Գերմանիայում վերագտնված այս անտիպ փաստաթղթերում պարունակված նորությունը համապատասխանում է Վատիկանի Դիվանում պահվող փաստաթղթերի բովանդակությանը: Արդեն տասը տարի է, ինչ գրում և ասում եմ սա. Եկեղեցին նացիզմի դեմ պայքարել է հնարավոր ամեն միջոց գործի դնելով”: “Պիուս Տասներկուերորդն իրականում Հիտլերի ո՛չ թե կողմնակիցը, այլ ընդհակառակն՝ անտեղիտալի հակառակորդն էր, – հաստատում է [...] «Spione im Vatikan» գրքի հեղինակ [...] Ուերներ Քարթերֆլայթերը, – այս Պապը բնավ չէր համագործակցում նացիստների հետ, ինչպես որոշ շահագրգիռ կողմեր շրջանառության մեջ են դրել պատերազմից հետո: Ո՛չ: Նա, ընդհակառակն, Ֆյուրերի համար առաջին թշնամին էր”: [...] Անցած Հունվար ամսվա վերջին օրերին Ռումինիայի գաղտնի ծառայությունների նախկին հրամանատար Իոն Միհայ Փաչեփան նյույորքյան «National Review» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ խոստովանեց, որ ԿԳԲ-ի հրամանին ենթարկվելով՝ տարիներ շարունակ կեղծել է Պիուս Տասներկուերորդի պատկերը միջազգային հանրության առաջ: Ապատեղեկատվական արշավը, որին տրվել էր “Դիրք 12” ծածկանունը, ստորագրվել էր անձամբ Նիկիտա Խրուշչյովի ձեռքով [...] : Փաչեփայի համաձայն, պրոպագանդան իր գագաթնակետին հասավ 1963 թվականին «Փոխանորդը» հայտնի թատերգության բեմականացմամբ, որի հեղինակն էր գերմանացի թատերագիր Ռոլֆ Հոխհուրթը և որով լիովին աղավաղվեցին Պիուս Տասներկուերորդի վերաբերյալ պատմական ճշմարտությունները [...] : Թատերգության տեքստը, սակայն, հիմնվում էր սովետական գաղտնի ծառայությունների կողմից աղավաղված փաստաթղթերի վրա [...] »:
[2] «Il Giornale» օրաթերթի 9/12/2009 համարում: Այդ նույն հարցազրույցը հրապարակվել է այդ նույն օրվա բոլոր օրաթերթերում, ինչը որ ինքնըստինքյան արդեն կասկած հարուցող փաստ է: «Il Messaggero» օրաթերթը մեջբերել է նաև այս խոսքը. «Մենք Միացյալ Նահանգներում տարբեր կարծիք ունենք ազատ որմնադիրների [այսինքն՝ մասոնների] մասին, ձեր ունեցած կարծիքից նվազ կեղտոտ կարծիք: Նրանք կարողանում են գոյակցել և եղբայրներ կոչվել, թեև նրանցից յուրաքանչյուրը տարբեր ծագում ունի, տարբեր կրոն, քաղաքական տարբեր հայացքներ: Սա աննշան բան չէ»: Աննշան բան չէր լինի, եթե ճիշտ լիներ, մինչդեռ լիակատար փչոց է:
[3] «Il Giornale» օրաթերթի 18/10/2009 և 19/10/2009 համարներում: Աուջասը շտապեց հերքել հրապարակված լուրը, խոստանալով, թե դիմելու է «դատարան, եթե հարկավոր լինի» («La Repubblica» օրաթերթի 19/10/2009 համարում): Բայց հենց նման հերքումը, ուր բացակայում է միանշանակ մեղադրանք ներկայացնելու քաջությունը, այլ՝ արձակվում են անորոշ արտահայտություններ («եթե հարկավոր լինի»), թեև լուրը հրապարակվել էր թերթի մի ամբողջ էջ գրավելով, ցույց է տալիս, թե որքան խարխուլ է նրա կողմից սպառնացված, բայց այդպես էլ չներկայացված հերքումը:
[4] CORRADO AUGIAS - VITO MANCUSO, Disputa su Dio, Mondadori, Milano 2009, pp. 123, 242. Դարվինին որպես գործիք օգտագործելը, նրան ներկայացնելով որպես աթեիզմի մարգարե, ներկա է Աուջասի (և բոլոր մատերիալիստների) գրություններում: Եվ սակայն, Դարվինը – այս պահին մի կողմ թողնելով իր տեսությունների ճիշտ կամ սխալ լինելու հարցը – ինքն իրեն երբեք չի ներկայացրել որպես աթեիստ, այլ՝ որպես ագնոստիկ, այսինքն՝ անգիտապաշտ, կրոնական հարցերում չեզոք դիրք գրավող: Իր նամակներից մեկում, օրինակ, Դարվինը գրում է. «Անհնարինությունը մտածելու, թե այս վիթխարի ու սքանչելի տիեզերքը, մեր՝ գիտակից էակներիս հետ միասին, կարող է ծնված լինել պատահականորեն, իմ կարծիքով գլխավոր փաստն է ի նպաստ Աստծո գոյության», թեև հետո հավելում է, թե «այս խնդիրն իր ամբողջությամբ գտնվում է մարդկային մտքի կարողություններից անդին» (RANDAL KEYNES, Casa Darwin, Einaudi, Torino 2007, pp. 280, 315):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։