Քրիստոնյաների դեմ հալածանքներն այսօր – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաների դեմ հալածանքներն այսօր

Մինչ Եվրոպայում և Արևմուտքում տեղի է ունենում աթեիստական հորինվածքների պրոպագանդայի զենքով կատարվող գրչապայքարը, աշխարհի մյուս մասերում, Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Վիետնամից սկսած մինչև Իրաք, Հնդկաստան, Պակիստան և աֆրիկյան բազմաթիվ երկրներ, աշխարհի բնակչության կեսից ավելին հաշվող երկրներում քրիստոնյաների դեմ սանձազերծված հալածանքները չեն սահմանափակվում մշակութային և գաղափարախոսական բնույթով, այլ՝ դառնում են նաև ֆիզիկական, հաճախ հասնելով նաև մահվան: Այստեղ համառոտ ակնարկ տանք ասիական երեք երկրների. Չինաստան, Հնդկաստան և Պակիստան:
Չինական համակենտրոնացման ճամբարների՝ Լաոգայների մասին տեղեկատվությամբ զբաղվող լրագրողներից մեկը 2009 թ. Մարտի 13ին գրում է. «Կաթողիկե և Բողոքական Քրիստոնյաների դեմ հալածանքը երբեք չի թուլացել: Բազմաթիվ եպիսկոպոսներ, քահանաներ, պատվելիներ, քույրեր և պարզ հավատացյալներ բանտարկվում են, ծեծի ենթարկվում կամ անհետանում, բանտերում կամ Լաոգայներում: Կաթողիկե Եկեղեցու դեմ պայքարելու համար՝ Կոմունիստական Կուսակցությունը 1957 թվականին ստեղծեց Չինական Հայրենասիրական Եկեղեցին, միակը, որ պաշտոնապես ճանաչվում է պետության կողմից: Այդ եկեղեցին չի ընդունում Սուրբ Աթոռի հեղինակությունը, ինքնուրույն կերպով նշանակում է իր Եպիսկոպոսներին և ձեռնադրում է իր Քահանաներին, նրանց՝ ովքեր ունեն Կոմունիստական Կուսակցության բարեհաճությունը: Ճշմարիտ Եկեղեցին գործում է ծածուկ և անդադար ենթարկվում է հարձակումների ու կեղեքումների: 1994 թվականին ընդունված «Կրոնական կանոնները», որոնք կուսակցական պրոպագանդայի կողմից ներկայացվում են իբրև ազատական շրջադարձ վարչակարգի գործելակերպում, կրոնական բոլոր համայնքներին պարտավորեցնում են գրանցվել Կրոնական Գործերի Գրասենյակում, որը հսկում և իրականում խոչընդոտում է հովվական աշխատանքն ու կրոնական պրակտիկան. կուսակցական գործակալն է որոշում, թե ո՛ր ծեսերը կարող են կատարել և ինչպե՛ս, ո՛ր Խորհուրդները կարող են մատակարարել և ո՛ւմ. ի՛նչ կարող են ուսուցանել կրոնի դասաժամին և ո՛ւմ: Ծածուկ գործող Կաթողիկե Եկեղեցու կողմից ընծայված հերոսության և մարտիրոսության օրինակները բազմաթիվ են: Կարդինալ Քունգ Պին Մեյը ձերբակալվեց և քարշ տրվեց մարզադաշտ, որպեսզի հազարավոր մարդկանց առաջ իրեն մեղավոր ճանաչի Կաթողիկե լինելու հանցանքի մեջ: Նա, մինչդեռ, բարձրաձայն գոչեց. «Կեցցե՜ Քրիստոս Թագավորը: Կեցցե՜ Պապը»: Ամբոխը միաձայն կրկնեց նրա խոսքերը և Կարդինալը բանտարկվեց 32 տարով: Եպիսկոպոս Հովսեփ Ֆան Քսուեյանը 1958-1991 տարիներն անցկացրեց բանտում, ուր սպանվեց վայրագորեն ծեծի ենթարկվելով, որի հետևանքում կոտրել էին նրա գանգը: Նրա մարմինը ընտանիքի անդամներին հանձնեցին աղբի տոպրակի մեջ նետված: 2002 թվականի սկզբներին, քառասունվեցամյա Գոնգ Շենգլիանգը մահվան դատապարտվեց Քրիստոնեական մի շարժում հիմնած լինելու համար: 2005 թվականի Նոյեմբերին տասնվեց երիտասարդ քույրեր ծեծվելով սպանվեցին Քսիանում: Մի ամիս անց, կրոնավորուհիներ ու քահանաներ ծեծի ենթարկվեցին Թիանժինում: Բարձրաստիճան հոգևորականների բազմաթիվ ձերբակալություններ տեղի ունեցան Հեբեյ նահանգում: Տասնյակքահանաներ ու եպիսկոպոսներ անդադար հետապնդվում ու հսկվում են ոստիկանների կողմից, իսկ վերջերս էլ՝ նրանցից ոմանք անհետ կորել են: [...] Հակառակ, սակայն, վերջին հիսունհինգ տարիների ընթացքում անդադար կրկնվող սպանությունների, բանտարկումների ու վայրագ հալածանքների, Մատթեոս Ռիչչիի կողմից 1600 թվականին Չինաստանում հիմնված Կաթողիկե Եկեղեցին տակավին զորեղ է և արմատավորված, իսկ Քրիստոնյաների թիվն օրեցօր աճում է»[1]:
«Corriere della Sera» օրաթերթն իր 2008 թվականի Օգոստոսի 25ի համարում պատմում է երկու միսիոներների մասին, որոնք Հնդկաստանում ողջ-ողջ այրվել են հինդուիստների ձեռքով, և քրիստոնյաների կողմից բացված և պահվող որբանոցը նույնպես ամբողջովին այրվել է: Թերթի Օգոստոսի 27ի համարը խոսում է տասը քրիստոնյաների մասին, որոնք հինդուիստների հարձակումների ժամանակ զոհվել են: Սեպտեմբերի 7ի համարը պատմում է Մայր Թերեզայի քույրերի վրա ֆունդամենտալիստ հինդուիստների հարձակումների մասին: Հինդուիստների անհանդուրժողականությունն արտահայտվում է քրիստոնյաների հատկապես մարդասիրական գործունեության դեմ, քանի որ այդպիսով քրիստոնյաներն ընդդիմանում են կաստաների խտրականացնող համակարգին և օգնում են դալիթներին, պարիաներին, ազատելով նրանց նախապաշարումներից, սովորեցնելով, որ յուրաքանչյուր մարդ ունի մյուսների միևնույն իրավունքները և որ իրենք դատապարտված չեն միշտ «անդպչելի» մնալու, արժանապատվությունից զուրկ և առանց նույնիսկ աշխատանքը փոխելու հնարավորության (ինչպես, մինչդեռ, ուսուցանում է հինդուիզմը): 2009 թվականի Փետրվարի 9ին նույն թերթը վերադառնում է միևնույն նյութին. «Օգոստոսի 23ից սկսած մինչև Սեպտեմբերի վերջին օրերը, ավելի քան 50.000 քրիստոնյաներ դուրս են նետվել իրենց տներից, 315 գյուղ ենթարկվել է հարձակումների, հասցվել են ծանրագույն վնասներ, այրվել են 151 եկեղեցիներ ու քրիստոնեական հաստատություններ: Միայն Քանդամալի երկրամասում, ուր բնակվում են ավելի քան մեկ միլիոն քրիստոնյաներ, որոնք կամաց կամաց դարձի են եկել Վաթսունական թվականներից սկսած, սպանվածների թիվը հասել է վեց տասնյակի, մինչ վիրավորների թիվը 15.000ից ավելի է»:
Ապա, ամիսներ շարունակ, թերթերից ոչ մեկը ոչինչ չէր գրում, թեև հալածանքները շարունակվում էին: Այդպիսին է զանգվածային լրատվության իսկությունը. եթե լուրերից մեկը կրկնվում է, կորցնում է հետաքրքրությունը: 2009 թվականի Օգոստոսի 2ին, սակայն, բոլոր օրաթերթերի էջերին հայտնվում է լուրը, որ Պակիստանում կրակի ճարակ են դարձվում քրիստոնեաբնակ գյուղերն ամբողջությամբ, և գյուղերի հետ միասին՝ բնակիչները: Մեղադրանքը, – որի ստահոդ լինելը հաստատեցին նաև պետական մարմինները, – կրոնական անարգանքն է. իբր թե քրիստոնյաներն այրել են Ղուրանը: «Corriere della Sera» օրաթերթը գրում է. «Մեղադրանքը անցել է բերանից բերան. քրիստոնյաները մի ամուսնության ժամանակ պղծել են սուրբ Ղուրանը: Գործի է դրվել ժողովրդական դատաստան, առանց տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու, «Far West»ի ոճով: Ապա, սանձազերծվել է դժոխքը: Քորիան գյուղի քրիստոնյաները [...] մահմեդական ծայրահեղականների կողմից սկզբնավորված հարձակումների թիրախն են դարձել: Օրեր շարունակ կողոպտել ու ավերել են, հրազենով կրակել են տանիքներից և փողոցներում: Երեկ, բենզինի անոթներով զինված, հարձակվել և այրել են երկու եկեղեցի և տասնյակ տներ: [...] Առնվազն վեց քրիստոնյա մահացել է, նրանցից մեկը երեխա և մի քանի կին: Այրվել են ողջ-ողջ»: Նույն այդ օրը, կարծես հանկարծակի անդրադառնալով, որ այդ հալածանքներն արդեն երկար ժամանակ է, ինչ տեղի են ունենում, նույն թերթի համացանցային տարբերակը հավելում է. «Քրիստոնյաները Պակիստանում մի փոքրամասնություն են, որոնց թիվը 2%ից սակավ ինչ ավելի է: Հունիսի 30ին, Փունժաբ նահանգում, Բահմանի մարզի Քասուր ավանում, 600 մահմեդականներ հարձակվել էին մոտակա մի գյուղի վրա, որի բնակիչները քրիստոնյաներ են: Հարձակման ժամանակ հրդեհել էին մոտ հարյուր տուն, մոլոտով տեսակի ռումբեր արձակելով: Ամբոխը քրիստոնյաների վրա հարձակվել էր գավազաններով ու ծծմբական թթվով, այրել էր մեքենաներն ու մոտոցիկլետները, կտրել էր էլեկտրական հոսանքի գծերը: Պակիստանի Կաթողիկե Եկեղեցու «Արդարության և խաղաղության ազգային Գրասենյակի» տվյալներով, նման դեպքեր հաճախակի են գրանցվում Փունժաբում և միշտ կապակցվում են կրոնական անարգանքի կեղծ մեղադրանքների հետ»:
Այս խիստ համառոտ տվյալները հանգեցնում են մի եզրակացության. Իսլամն աշխարհում տարածվել և տարածվում է բռնի ուժով. Հինդուիզմը, Բուդդիզմը և Կոնֆուցիականությունը հիմնականում փակված մնացել են էթնիկական և աշխարհագրական այն սահմաններում, ուր ծնվել են. Քրիստոնեությունը միակ մեծ կրոնն է, որ հասել է Երկրագնդի բոլոր ծայրերը, էթնիկական պատկանելությունից ու աշխարհագրական սահմաններից անկախ. միակն է, հատկապես, որի համար բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում մահացել և շարունակում են մահանալ միլիոնավոր մարտիրոսներ:
Բայց ինչպե՞ս է, ուրեմն, Քրիստոնեությունն արմատավորվել և տարածվել այնքան, որ դարձել է աշխարհի ամենատարածված և միաժամանակ ամենահալածված կրոնը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։