Պոզիտիվիստների կնատյացությունը – Գրադարան – Mashtoz.org

Պոզիտիվիստների կնատյացությունը

Եվրոպայի Քրիստոնեության դարձից հետո ևս, անշուշտ, գոյություն են ունեցել հազարավոր մարդիկ, նաև նվազ գիտակից քրիստոնյաներ, որոնք շարունակել են կնատյաց մտքեր արտահայտել, հին հասարակարգի ներկայացուցիչներ Կելսիուսի և Պորփյուրեսի նման. մտքեր, որոնք նույնքան անհեթեթ են, որքան ժամանակակից ֆեմմինիստական գաղափարները, որովհետև երկուսն էլ ծայրահեղական են և անընդունակ են ընկալելու տղամարդու և կնոջ փոխադարձաբար միմյանց լրացնող էությունը, այնպես՝ ինչպես կամեցվել և ստեղծվել է Արարչի կողմից: Բայց հարկավոր է սպասել Տասնիններորդ դարի մատերիալիստական և աթեիստական պոզիտիվիզմին, ականատես լինելու համար հատկանշական մի երևույթի. կնատյաց գաղափարների ու տեսությունների տարածումը կարևորագույն ամբիոններից, ներկայացված՝ որպես գիտական ճշմարտություններ: Բավական է մտաբերել Փոլ Փիեր Բրոքայի կիրառած գանգաչափությունը (քրանիոմետրիա). մտային բարձրակարգությունը նույնացնելով գանգի ծավալի հետ, սպիտակամորթ տղամարդուն դասակարգում էր որպես բարձրակարգ, մինչդեռ ծերերին, կանանց և ա՛յլ ցեղերին՝ որպես ցածրակարգ: Եվ կամ մտքերը, որոնք գրի է առել Չարլզ Դարվինը, արտահայտելով իրեն ժամանակակից պոզիտիվիստական աշխարհում տարածված համոզմունքները. «Ընդհանուր առմամբ տիրում է այն կարծիքը, թե կինը տղամարդուն գերազանցում է հետևողության, արագ հասկացողության և թերևս նաև բնազդային ընկալման հարցում, բայց այդ կարողություններից գոնե ոմանք բնորոշ են ցածրակարգ ցեղերին և, հետևաբար, քաղաքակրթության առավել ցածր և այլևս արևամուտ ապրած աստիճանի: Երկու սեռերի մտային կարողությունների գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ տղամարդը ավելի հեռուն է հասնում, քան կինը, ինչպիսի՛ գործ էլ որ ձեռնարկի, անկախ այն հանգամանքից, թե այդ գործի համար պահանջվում է խորիմաց միտք, կամ բանականություն, երևակայություն, կամ պարզապես՝ ձեռքերի ու զգայարանների գործածում: [...] Այս կերպ է, որ տղամարդն ի վերջո դարձել է կնոջից առավել բարձրակարգ»[1]: Մտաբերենք, ի վերջո, ծափահարված “գիտնական”, սաստիկ կերպով հակաքրիստոնյա, համոզված դարվինիստ Չեզարե Լոմբրոզոյին, որն իր 1893 թվականին հրատարակված և համաշխարհային մեծ հաջողություն գտած «Հանցագործ կինը, պոռնիկը և նորմալ կինը» գրքում բացատրում է, որ կինն ամեն ինչով ցածրակարգ է տղամարդուց, ստախոս է, հիմար և նենգ, որ «իրեն բնորոշ բազմաթիվ հատկություններ ունի, որոնցով մոտ է կանգնած վայրենիներին, տհաս երեխաներին, և հետևաբար՝ հանցագործներին. կռվազանություն, վրիժառություն, նախանձ, փառասիրություն», և որ «մտքի և մարմնի մեջ կինը դա զարգացման գործընթացում կանգ առած մարդ է»:

[1] Charles Darwin, L'origine dell'uomo, Newton, Roma 1994, p. 936.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։