Եկեղեցու կոնկրետ գործողություններն ընդդեմ ստրկության – Գրադարան – Mashtoz.org

Եկեղեցու կոնկրետ գործողություններն ընդդեմ ստրկության

Եթե քննում ենք Քրիստոնեության առաջին դարերն, ուրեմն, նախևառաջ նկատում ենք երկու իրողություն, որոնց արդեն հպանցիկ անդրադարձել ենք:
Առաջին. Կելսիուսը քրիստոնյաների դեմ գրելիս արհամարհանքով ասում է, որ նրանք դարձի են բերում «կանանց», «պատանիներին» և «ստրուկներին»: Սա նշանակում է, որ հեթանոս Կելսիուսի և իր կրոնակից համախոհների համար դրանք մարդկային երեք ցածրակարգ տեսակներ էին, որոնց հետ խոսելն անգամ ամոթալի էր: Քրիստոնյաների համար այդպես չէ, այլ ընդհակառակն՝ Կելսիուսի այս վկայությունը նշանակում է, որ քրիստոնյաներն այդ դասակարգի մարդկանց հետ խոսում էին ինչպես հավասարը հավասարի, նրանց ընդունում էին մասնակցելու իրենց ծիսական արարողություններին, հաց ուտելու համար նրանց նստեցնում էին իրենց միևնույն սեղանին:
Երկրորդ. Կոստանդիանոսը, հազիվ դարձի եկած, արգելում է խարանումները և մեծապես սահմանափակում է ստրուկների համար նախատեսված երկու ամենասարսափելի պատիժների՝ խաչելության և կրկեսում գիշատիչների առաջ նետվելու կիրառումը:
Սրանից բացի, Կոստանդիանոսը, հետևելով ավետարանական նոր գաղափարներին, արդեն 315 և 318 թվականներին սկսում է խոչընդոտել – մանկասպանության և երեխաների լքման դեմ ուղղված օրենքներով և կարիքավոր ընտանիքներին պետական օգնություններ տրամադրելով – հռոմեացի հայրերի դարավոր սովորությանը՝ լքելու կամ վաճառելու իրենց զավակներին, այդպիսով մատնելով նրանց ստրկության: Իրոք, լքված երեխաները, եթե սովից ու ցրտից չէին մահանում, «ստրուկների համալրման սովորական աղբյուրն էին հանդիսանում», գրում է Փոլ Վենը: Իսկ Ժ. Անդրոն և Ռ. Դեսքան հավելում են. «Վերջնական հաշվով կարծում ենք, որ կայսրության ներսում նորածինների լքումը այդ դարաշրջանում հանդիսանում էր ստրկության ամենակարևոր աղբյուրը: [...] Երեխաների լքման սովորությունը նպաստում էր այն բանին, որ ստրուկների մեջ բազմաթիվ էին կանայք և աղջիկները, որովհետև թվում է՝ թե ավելի շատ լքում էին աղջիկ երեխաներին»: Մինչդեռ «Քրիստոնեության տարածումն անկասկած կտրուկ նվազեցրեց երեխաների լքման դեպքերը: Քրիստոնյաները կտրականապես դեմ էին նորածինների լքմանը. Լակտանցիուսը (250-317թթ.) այն խստորեն դատապարտում է իր Աստվածային Կարգավորություններ գրքում (6, 20, 18-25)»[1]:
Հարվարդի Իրավագիտության Դպրոցի (Harvard Law School) դասախոս Հերոլդ Ջ. Բարմանը, Կոստանդիանոսի դարձի հետևանքերին և Բյուզանդիայի քրիստոնյա կայսրերի գործին ակնարկելուց հետո, արդարացիորեն գրում է. «Քրիստոնեական ազդեցության ներքո, մասամբ նաև ստոիկյան ու նորպղատոնական այն գաղափարների շնորհիվ, որոնք որդեգրվեցին և խորացվեցին քրիստոնեական փիլիսոփայության կողմից, ներմուծվեցին հետևյալ փոփոխությունները. 1) ընտանեկան իրավունքի մեջ կնոջը տրվեց ամուսնուն առավել հավասար մի դիրք, ամուսնության վավերականության համար պահանջելով երկու կողմերի փոխադարձ համաձայնությունը, ավելի դժվարին դարձնելով ամուսնալուծությունը (մի բան, որն այն ժամանակ հանդիսանում էր մի քայլ առաջ դեպի կանացի իրավունքների պաշտպանությունը) և վերացնելով կյանքի ու մահվան իրավունքը, որն ընտանիքի գլխավորն ուներ իր զավակների նկատմամբ. 2) ստրուկներին վերաբերվող օրենքներում, նրանց իրավունք տրվեց դիմելու դատավորին, եթե տիրոջ կողմից թույլատրվում էին իշխանության զեղծումներ ու չարաշահումներ, իսկ որոշակի դեպքերում մինչև իսկ պահանջելու ազատության իր իրավունքը, եթե տիրոջ կողմից կիրառվում էին դաժանություններ, բազմապատկելով ստրուկների ազատագրման եղանակները և թույլատրելով նրանց ձեռքբերել ազատների հետ ազգակցական կապերի իրավունքը»[2]:
 
Առաջին, վիթխարի քայլերն էին. մնացածն իրականացվելու էր աստիճանաբար, ինչպես և ակնհայտ է:
Արդարև, առաջին քրիստոնյաները նույնպես, դարձի գալուց առաջ, քրիստոնյա դառնալուց առաջ, եղել էին հեթանոսներ, կամ համենայն դեպս՝ հեթանոսական մշակույթի մեջ ծնված ու մեծացած, դարավոր մտայնությունների համաձայն կրթված անձեր, որոնք ստրկությունը նկատում էին որպես բնական երևույթ: Հասկանալի է, հետևաբար, որ առաջին քրիստոնյաները ևս չէին կարող բոլորը միասին և հանկարծակիորեն հասկանալ, հարցի ամբողջ խորությամբ, որ այդ հնամենի սովորույթը հարկավոր էր վերացնել ամբողջությամբ:
Եկեղեցու աշխատանքն այդ դարերի ընթացքում իրականացավ ստրուկին աստիճանաբար ծառա դարձնելով, իսկ երբ դա հնարավոր էր՝ ամբողջովին ազատ մարդ (թեև այս վերջինը, ակնհայտ պատճառներից ելնելով, շատ ավելի բարդ գործընթաց էր, քանի որ ազատագրված ստրուկը, եթե առանց աշխատանքի ու աշխատավարձի մնար, ապագա չէր կարող ունենալ): Տեղական Եկեղեցիների Ժողովները վկայում են այս գործընթացին. եկեղեցական կանոնները դիմում էին ստրուկների տիրողքրիստոնյաներին և հատկապես հոգևորականներին, կտրականապես արգելում էին ստրուկների վրա կյանքի ու մահվան իրավունքը, պատվիրում էին հարգել նրանց, թողնել շաբաթական հանգստի մեկ օր, չպատժել անմարդկային կտտանքներով, ճանաչել – հսկայական առաջընթաց էր նաև սա – նրանց ամուսնությունները (հեթանոս հռոմեացիների համար, մինչդեռ, ստրուկների ամուսնությունը իրավական արժեք չուներ, նկատվում էր որպես պարզ հարճություն, իսկ նրանց երեխաները ստրկատիրոջ սեփականությունն էին[3]), և այլն:
Եղան Ժողովներ, որ արգելեցին ստրուկների անդամահատությունը. ուրիշներ, որ հանձն առան ապահովել ազատագրվողների ու ազատագրվածների փաստացի ազատությունը. ուրիշներ, որ ինքնաբերաբար ազատագրված հռչակեցին բոլոր այն ստրուկներին, որոնք փափագում էին դառնալ վանականներ կամ քահանաներ. ուրիշներ, որ վանական դառնալ փափագողների առաջ որպես նախապայման դրեցին իր սեփականության տակ գտնվող ստրուկների ազատագրումը. ուրիշներ, որ արգելեցին ստրուկներից բռնագրավել իրենց խնայողությունները. ուրիշներ, որ խստորեն դատապարտեցին ստրկուհիներին որպես հարճեր գործածելը (այս արգելքը, հասկանալի է, արդեն իսկ ներկա է արտամուսնական հարաբերությունների արգելքի մեջ). և այսպես շարունակ: Էլվիրայի Ժողովը 305 թվականին ապաշխարության պարտադրանք է դնում այն ստրկատիրոջ կամ ստրկատիրուհու վրա, որն իր ստրկուհուն ծեծել է, հասցնելով նրան ինչ որ մի վնաս. քրիստոնյաներին արգելված էր իրենց ստրուկներին ու ծառաներին ո՛չ միայն գիշատիչների առաջ նետելը կամ ոտքերը կոտրելը կամ այրելը, այլ ընդհանրապես՝ որևէ աստիճանի վատ վերաբերմունքը[4]: 549 թվականի Օրլեանի Ժողովը և ուրիշ Ժողովներ ևս սահմանում են, որ եթե ստրուկը ապաստանում է եկեղեցում, տերը կարող է նրան ետ ստանալ միայն այն դեպքում, եթե երդվի, որ ոչ մի չարիք չի անի նրան. ստրուկներին եկեղեցին շնորհում է ապաստանի իրավունք, որը տարբեր պարագաներում ստանում է տարբեր բնույթ: 506 թվականի Ագաթեի Ժողովում և 585 թվականի Մատիսկոնեի Ժողովում, և բազմաթիվ ա՛յլ Ժողովներում, հրամայվում է վաճառքի հանել Եկեղեցու ծիսական սպասքն ու ա՛յլ ունեցվածքները՝ ստրուկների փրկագնման ու ազատագրման համար: 566 թվականի Լիոնի Ժողովում նզովվում են բոլոր նրանք, ովքեր ոտնձգություններ են անում մարդկանց ազատության դեմ[5]:
Եկեղեցին, հետևաբար, «տակնուվրա չի արել ոչինչ, [...] բայց մեղմացրել է ստրկության ամենաբացասական կողմերը, պայքարել է ամենացայտուն չարաշահումների դեմ: Հատուկ կերպով հետաքրքրվել է գերիների փրկագնմամբ և ընդդիմացել է ազատ տղամարդկանց ու կանանց ստրկացմանը, դա խաբեությամբ արվեր, թե բռնի ուժով»[6]: Մինչև իսկ, միշտ նույն Կոստանդիանոսի ձեռամբ, ճանաչել է տվել Կիրակին որպես պարտադիր հանգստի օր, ի շահ, ինչպես ակնհայտ է, հենց իրենց՝ աշխատավորների:
[1] JEAN ANDREAU - RAYMOND DESCAT, Gli schiavi nel mondo greco e romano, pp. 82, 213. Ստրուկները Հռոմեական Կայսրությունում մեծ մասամբ «պատերազմների ժամանակ գերի ընկածներն էին, որոնց պետությունն ապա վաճառում էր իր քաղաքացիներին. ծովահենների ու ավազակների կողմից գողացված երեխաներն էին, որոնց նրանք մեծացնում էին ստրկության վաճառելու համար. ապա նաև այն բոլոր երեխաներն էին, որոնք լքվել կամ վաճառվել էին իրենց հայրերի կողմից. բոլոր այն քաղաքացիները, որոնք հատուկ հանցանքների համար դատապարտվել էին անձնական ազատությունից զրկվելուն, կամ նաև նրանք, ովքեր ստրկացվում էին չվերադարձված պարտքի դիմաց, քանի որ կայսրությունում ուժի մեջ էին անմարդկային, բայց խստորեն գործադրվող օրենքներ, որոնցով պաշտպանվում էին վարկերը» (UGO ENRICO PAOLI, Vita romana, p. 107):
[2] HAROLD J. BARMAN, Diritto e rivoluzione. Le origini della tradizione giuridica occidentale, Il Mulino, Bologna 2006, p. 179. Միևնույն կարծիքին է նաև Գուիդո Կլեմենտեն. «Շատ կարևոր եղավ, հետևաբար, գործադրումը և ազդեցությունը մի քանի մշակութային շարժումների, ինչպես ստոիկությունն ու քրիստոնեությունը, ներմուծելու համար մեղմացումներ ստրուկների հետ վերաբերվելու որոշ հատուկ տեսանկյուններում, [...] ազատագրման կիրառումը նպաստավորվեց թույլատրված ընթացակարգերի ընդարձակումով (օրինակ, ազատագրումը եպիսկոպոսի դիմաց), բայց մնացին տիրոջ նկատմամբ պարտավորությունները, թեև իրավական կապանքներն անկասկած մեղմացվեցին» տարբեր պատճառներով (Guida alla storia romana, pp. 362-363):
[3] Հեթանոսական աշխարհում «ստրկատերը, – ազատ տղամարդը կամ իր ունեցվածքների վրա իրավունք ստացած ազատ կինը, – իրենց հսկողության տակ էին պահում ծնունդները ստրուկների խմբի ներսում: Այդպես էր և՛ հունախոս աշխարհում, [...] և՛ արևմտյան հռոմեական աշխարհում: Կիկերոնը թարգմանել էր Քսենոֆոնի մեծ հաջողություն գտած Էկոնոմիկոս (Տնային տնտեսության օրենքներ) գիրքը, որի համառոտ տարբերակը շարադրվել էր արիստոտելականների ակումբի կողմից: Այդ գրքում ասվում էր, որ ստրկական կապիտալի ողջամիտ տնօրինման համար անհրաժեշտ էր տղամարդկանց բաժանել կանանցից. նրանց միավորումը աչալուրջ կերպով թույլատրելի էր միմիայն որպես պարգև: Մի տիրոջ ստրուկներին ու ստրկուհիներին արգելված էր միավորվել ուրիշ տիրոջ ստրուկներին կամ ստրկուհիներին». մի խոսքով, արգելված էր ազատ ամուսնությունը, բայց նաև պատահական հարաբերությունները, բացառությամբ այն պարագայի, երբ ստրկուհիները տրվում էին որպես բազմացման համար նախատեսված կենդանիներ, ապահովելու համար ստրուկների քանակի վերականգնումը (GEORGES DUBY - MICHELLE PERROT, Storia delle donne, p. 336): Ծնված զավակները ստրկատիրոջ սեփականությունն էին: Եկեղեցին սկզբից ևեթ ընդդիմացավ այս անմարդկային երևույթին, պաշտպանելով կյանքի և ամուսնության սրբազան բնույթը:
[4] Հին աշխարհում ստրուկներից պահանջվող հնազանդությունն այն աստիճանի էր հասնում, որ Գալենոսի մայրը «սովորությունն ուներ կծելու ստրուկներին և ստրկուհիներին: Սովորույթն այնքան տարածված էր կայսրությունում, որ Էլվիրայի Ժողովը պատշաճ նկատեց հռչակել մի կանոն, որի համաձայն՝ պատիժներ էին սահմանվում բոլոր այն կանանց համար, ովքեր չափազանց զայրույթից մղված՝ մտրակել էին իրենց ստրկուհուն» մահվան հասցնելու աստիճան (GEORGES DUBY - MICHELLE PERROT, Storia delle donne, p. 364):
[5] Giacomo Balmes, Il protestantesimo paragonato col cattolicesimo nelle sue relazioni con la civiltà europea, vol. I, Carmagnola 1952, capp. XV-XVII.
[6] Jean Andreau - Raymond Descat, Gli schiavi nel mondo greco e romano, p. 221.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։