Դ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

Դ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Հարրի Վուի, Անտոնելլո Բրանդիի և Լաոգայ Ուսումնասիրությունների Կենտրոնի կողմից 2009 թվականին հրատարակված «Անմեղների ջարդը. Մեկ զավակի քաղաքականությունը Չինաստանում» փաստերով հարուստ գիրքը անողոք կերպով փաստում է, որ այսօր՝ Քսանմեկերորդ դարում, բազմահազար երեխաներ ամեն տարի սպանվում են մայրական արգանդում, հղիության որևէ շրջանում, իսկ եթե ծնվում են, խեղդամահ են արվում կամ ինչ որ մի տեղ լքվում են՝ ցրտից կամ սովից մահանալու, կամ վայրի գազանների կեր դառնալու: Ինչը առաջ է բերում սարսափելի հետևանքներ. ժողովրդի ծերացում, բազմաթիվ կանանց խելագարություն և ինքնասպանություն, անհավատալի թվով որբերի և իրավական ինքնությունից զուրկ երեխաների բազմություն, որոնք թափառական կյանք են վարում: Սա՛ է իրեն քաղաքակիրթ համարող Քսանմեկերորդ դարի իրական պատկերը:
Բոլորին հայտնի է, որ այն՝ ինչ տեղի է ունենում Չինաստանում, տեղի է ունենում, թեև համեմատաբար նվազ չափով, աթեիստական կոմունիզմի տիրապետության տակ ապրած բոլոր պետություններում, – ուր բոլշևիկյան մշակույթի և օրենքների կողմից առաջ տարված ընտանիքի քակտումը ծնունդ է տվել հսկայական որբանոցների, – և, հատկապես, Հնդկաստանում, մյուսներին նման ձևաչափով և նման հետևանքներով[1]: Որբերի շարքին, ակնհայտ է, առաջինները, որ սպանվում են, խտրականության զոհ են դառնում, ենթարկվում են բռնի մարմնավաճառության, շատ հաճախ իրենք՝ աղջիկներն են:
Եվ սակայն, ով ծանոթ է պատմությանը, գիտե, որ այն՝ ինչ այսօր տեղի է ունենում այդ երկրներում, որոնք միասին վերցված կազմում են երկրագնդի բնակչության մեկ երրորդը, միշտ էլ տեղի է ունեցել անցյալում, թեև նվազ չափով, նաև հին Եվրոպայում կամ Նոր Աշխարհում: Մինչև Քրիստոնեության գալուստը, որը մարդկությանը ներկայացնում է մի Աստված, որ մարդացել է, դարձել մանուկ, և որը, տակնուվրա անելով ժամանակվա (և բոլոր ժամանակների) բոլոր դասակարգումներն ու համոզմունքները, նախ Իր աշակերտներին կոչ է անում դառնալ «մանուկների նման», որպեսզի կարողանան մտնել «Երկնքի Արքայություն», ապա, Իր կողքին կանգնած մանուկներից մեկին գրկելով ու Իր կրծքին ջերմորեն սեղմելով, ասում է նրանց, որ «ով այս մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում. և ով ընդունում է ինձ, ինձ չէ, որ ընդունում է, այլ Նրան, ով առաքել է ինձ» (Մրկ 9, 35-37; 10, 14-16):
Այս «բարի լուրի», այս Ավետարանի արդյունքը մեկն է այն գաղափարներից, որոնք ամենից շատ են շրջանառվում առաջին քրիստոնյաների գրություններում. մենք՝ քրիստոնյաներս, տարբերվում ենք հեթանոսներից նաև նրանով, որ մենք չենք սպանում մեր զավակներին, ո՛չ մայրական արգանդում, ո՛չ էլ նրանից դուրս:

[1] Հնդկաստանում տակավին այսօր «կինը համարվում է ծախսի աղբյուր (օժիտից սկսած), կանայք ինքնության իրավունք ունեն միմիայն եթե ինչ որ մեկի դուստրն են կամ կինը, և ենթարկվում են բռնի աբորտի, նաև իրենց կամքին հակառակ, եթե պարզվում է, որ հղացված երեխան աղջիկ է (տարեկան 5 միլիոն դեպք), և լքված նորածինների 90%ը ևս աղջիկներ են» («Corriere della Sera» օրաթերթի 20/8/2007 համարում): Ինչ վերաբերվում է Սովետական Միությանը, 1917 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո ընդունված և ընտանիքի դեմ ուղղված կոմունիստական օրենքները պատճառ հանդիսացան սոցիալական վիթխարի աղետների. «Ամուսնությունների անկայունությունն ու երեխաների զանգվածային լքումը այդ ժամանակվա բնորոշ երկու հատկանշաններն են: Աբորտները բազմապատկվում են, ծննդաբերությունը անկում է գրանցում սարսափելի արագությամբ, նորածինների լքումը դառնում է հաճախակի: Գաղտնի որբանոցները դառնում են իրական մեռելային վայրեր: Աճում են մանկասպանության, կնասպանության ու այրասպանության դեպքերը: Փաստացի, նոր հասարակարգի առաջին զոհերն են հանդիսանում զավակներն ու կանայք: Հայրերը լքում են իրենց ընտանիքները, հաճախ առանց ապրուստի միջոցների թողնելով ընտանիքին: Օրենքը, որով թույլատրվում է միակողմանի ամենապարզ պահանջի վրա հիմնված ամուսնալուծությունը, խրախուսում է ամենացինիկ պահվածքն ու դիրքորոշումները» (GEORGES DUBY - MICHELLE PERROT, Storia delle donne, vol. IV, p. 282):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։