Ա. Մարդու կյանքը. Ճանաչել և սիրել Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Ա. Մարդու կյանքը. Ճանաչել և սիրել Աստծուն

1. Աստված, Ով անսահմանորեն կատարյալ ու երանելի է Ինքն Իր մեջ, մի անխառն բարության ծրագիր որպես նպատակ ունենալով, Իր ազատ կամքի որոշմամբ ստեղծեց մարդուն՝ նրան հաղորդակից դարձնելու համար Իր երանությանը: Այս իսկ պատճառով, բոլոր ժամանակներում և ամենուր Նա մոտ է մարդուն: Կանչում է նրան և օգնում փնտրելու Իրեն, ճանաչելու Իրեն և սիրելու Իրեն իր բոլոր ուժերով: Հրավիրում է բոլոր մարդկանց, որոնք ցիրուցան են եղել մեղքի հետևանքով, դեպի միությունն Իր ընտանիքի՝ Եկեղեցու: Սա կատարելու համար, երբ ժամանակներն հասան իրենց լրմանը, Նա ուղարկեց Իր Որդուն՝ որպես Ազատարար և Փրկագնող: Հանձինս Նրա և Նրա միջոցով՝ Աստված կանչում է մարդկանց՝ դառնալու, Սուրբ Հոգու մեջ, Իր որդեգիրները, և հետևաբար՝ ժառանգորդները Իր երանավետ կյանքի:

 

2. Որպեսզի այս կոչը հնչեր ամբողջ աշխարհով մեկ, Քրիստոսն ուղարկեց Իր Առաքյալներին, որոնց ընտրել էր, նրանց հանձնելով Բարի Լուրն ավետելու առաքելությունը[1]. «Գնացե՛ք և ուսուցանեցե՛ք բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց հԱնուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, որ պատվիրեցի ձեզ: Եվ ահա՛ ես ձեր հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 19-20): Այս խոսքերով զորացած, Առաքյալները «ճանապարհ ընկան և քարոզեցին ամենուր, մինչ Տերն Ինքը գործում էր նրանց հետ և հաստատում էր խոսքը հրաշքներով, որ ընկերանում էին նրան» (Մրկ 16, 20):

 

3. Նրանք, ովքեր Աստծո օգնությամբ ընդունեցին Քրիստոսի հրավերը և ազատորեն պատասխանեցին դրան, իրենց հերթին մղվեցին Քրիստոսի սիրուց՝ աշխարհում ամենուր ավետարանելու Բարի Լուրը: Առաքյալներից ստացված այս գանձը հավատարմորեն պահպանվեց նրանց հաջորդների կողմից: Քրիստոսի բոլոր հավատացյալները կանչված են սերնդե սերունդ ավանդելու այն՝ հռչակելով իրենց հավատքը, ապրելով այն՝ եղբայրական միության մեջ, և տոնակատարելով այն՝ ծեսի ու աղոթքի մեջ[2]:

 
[1] Ավետարանը քարոզելու մանդատը։
[2] Հմմտ. Գրծ 2, 42
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։