Գլուխ Ա. / բ) Աստծո ճանաչողությանը տանող ուղիները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. / բ) Աստծո ճանաչողությանը տանող ուղիները

31. Ստեղծված լինելով ըստ Աստծո պատկերի, կանչված լինելով ճանաչելու և սիրելու Աստծուն, Աստծուն փնտրող մարդը բացահայտում է որոշ «ուղիներ»՝ հասնելու համար Աստծո ճանաչողությանը: Դրանք կոչվում են նաև «Աստծո գոյության փաստեր», ո՛չ թե բնական գիտությունների ասպարեզում փնտրված փաստերի իմաստով, այլ՝ «զուգամերձ և համոզիչ փաստարկների» իմաստով, որոնք թույլ են տալիս հասնել հավաստի ստուգությունների:

Աստծուն մերձենալու այս «ուղիներն» իրենց որպես մեկնակետ ունեն արարչությունը. նյութական աշխարհն ու մարդկային անձը:

 

32. Աշխարհը. մեկնելով շարժումից ու փոփոխումից, պարագայական դիպվածականությունից, աշխարհի կարգուկանոնից ու գեղեցկությունից՝ հնարավոր է հասնել Աստծո ճանաչողությանը որպես տիեզերքի սկիզբ ու վախճան:

Պողոս Առաքյալը հեթանոսների վերաբերյալ հաստատում է. «Այն, ինչը որ հնարավոր է ճանաչել Աստծո մասին, նրանց հայտնի է. Աստված Ինքը նրանց դա հայտնել է։ Իրոք, Նրա անտեսանելի կատարելությունները աշխարհի սկզբից ևեթ հնարավոր է մտովի տեսնել Իր կողմից կատարված գործերի մեջ, ինչպես Իր հավիտենական զորությունն ու աստվածությունը» (Հռմ 1, 19-20)[1]:

Նաև Սուրբ Օգոստինոսն ասում է. «Հարցրո՛ւ երկրի, ծովի, անոսրացած ու ամենուր տարածված օդի գեղեցկությանը. հարցրո՛ւ երկնակամարի գեղեցկությանը, [...] հարցրո՛ւ այս բոլոր իրականություններին: Բոլորն էլ կպատասխանեն քեզ. ''Դիտի՛ր մեզ և տե՛ս, թե որքա՜ն գեղեցիկ ենք'': Նրանց գեղեցկությունը կարծես մի գովաբանություն լինի (''confessio'' – ''դավանանք'', ''հավատամք'', ''խոստովանություն''): Արդ, այս արարածներին – այսքա՜ն գեղեցիկ, բայց այդուհանդերձ՝ փոփոխական – ո՞վ է ստեղծել, եթե ո՛չ՝ Մեկը, Ով Գեղեցիկ է անփոփոխ կերպով»[2]։

 

33. Մարդը. ճշմարտության ու գեղեցկության հանդեպ ունեցած իր բացվածքով, բարոյական բարիքի իր զգացողությամբ, իր ազատությամբ ու խղճի ձայնով, դեպի անվերջությունն ու երջանկությունն ունեցած իր բաղձանքով՝ մարդը հարցադրում է կատարում Աստծո գոյության վերաբերյալ: Այս բացվածքների մեջ մարդը նշմարում է իր հոգևոր էության նշանները: «Հավիտենության այդ բողբոջը, որ կրում է իր մեջ, և որն անհնարին է շփոթել սոսկ նյութի հետ»[3], նրա հոգին, չի կարող այլուր ունենալ իր սկիզբը, եթե ո՛չ միայն՝ Աստծո մեջ:

 

34. Աշխարհն ու մարդը վկայում են, որ իրենք իրենց մեջ չունեն ո՛չ իրենց առաջին պատճառը, ո՛չ էլ իրենց վերջին վախճանը, այլ՝ որ մասնակցում են այն «Է»ին, Ով գոյությունն Ինքն Իր մեջ ունի, առանց սկզբի ու վերջի: Այսպիսով, այս զանազան «ուղիների» միջոցով, մարդը կարող է հասնել ճանաչմանը, որ գոյություն ունի մի իրականություն, որն առաջին պատճառն ու վերջին վախճանն է ամեն ինչի և «որին բոլորն անվանում են Աստված»[4]:

 

35. Մարդն ունի կարողություններ, որոնք իրեն ունակ են դարձնում ճանաչելու անձնավոր Աստծո գոյությունը: Բայց որպեսզի մարդը կարողանա մտերիմ հարաբերության մեջ մտնել Իր հետ, Աստված կամեցավ հայտնվել նրան և պարգևել հավատքի միջոցով այդ Հայտնությունն ընդունել կարողանալու շնորհը: Այդուհանդերձ, Աստծո գոյության փաստերը կարող են տրամադրել հավատքի և օգնել համոզվելու, որ այն չի հակասում մարդկային բանականությանը:

[1] Հմմտ. Գրծ 14, 15-17; 17, 27-28; Իմս 13, 1-9
[2] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ճառ 241, 2: PL 38, 1134.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 18: AAS 58 (1966) 1038; հմմտ. նույն, 14: AAS 58 (1966) 1036
[4] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1, q. 2, a. 3, c: Ed. Leon. 4, 31.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։