Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / գ) «Արու և էգ ստեղծեց նրանց» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Զ. / գ) «Արու և էգ ստեղծեց նրանց»

ԱՍՏԾՈՒՑ ԿԱՄԵՑՎԱԾ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

369. Այրը և կինը ստեղծվել, այսինքն՝ կամեցվել են Աստծուց. մի կողմից՝ իրենց կատարյալ հավասարությամբ, որպես մարդկային անձեր. իսկ մյուս կողմից՝ իրենց համապատասխանաբար արական և իգական էությամբ։ «Տղամարդ լինելը», «կին լինելը» բարի և Աստծուց կամեցված իրականություն է. տղամարդն ու կինը ունեն անձեռնմխելի արժանապատվություն, որը նրանց հաղորդվում է ուղղակիորեն Աստծո՝ իրենց Արարչի կողմից[1]։ Տղամարդն ու կինը, նույն և հավասար արժանապատվությամբ, «ըստ Աստծո պատկերի» են։ Իրենց «տղամարդկային էության» և «կանացի էության» մեջ հայելացնում են Արարչի իմաստությունն ու բարությունը։

 

370. Աստված ըստ մարդու պատկերի չէ։ Նա ո՛չ այր է, ո՛չ էլ կին։ Աստված զուտ հոգի է, և հետևաբար՝ Իր մեջ գոյություն չունի սեռի տարբերություն։ Այլ՝ տղամարդու և կնոջ «կատարելություններն» իրենց մեջ որոշ չափով հայելացնում են ինչ որ մի բան Աստծո անսահման կատարելությունից. ինչպես, օրինակ, «կատարելությունները» մոր[2], հոր և փեսայի[3]։

 

«ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԱՄԱՐ» – «ԵՐԿՄԱՍՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

371. Ստեղծված լինելով միասին, այրն ու կինը Աստծուց կամեցվել են մեկը մյուսի համար։ Աստծո Խոսքը մեզ սա հասկացնում է Աստվածաշնչի տարբեր հատվածների միջոցով։ «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. կամենում եմ իրեն նման մեկին ստեղծել, որպեսզի նրան օգնի» (Ծնդ 2, 18)։ Կենդանիներից ոչ մեկը չի կարող լինել մարդու այս «նման ու հավասար» զուգընկերը[4]։ Կինը, որին Աստված «ստեղծում է» տղամարդուց վերցված կողոսկրից և ներկայացնում է տղամարդուն, նրանից խլում է հիացմունքի մի գոչյուն, սիրո ու հաղորդության մի բացականչություն. «Սա, ահա՛, մարմին է իմ մարմնից և ոսկր է իմ ոսկորներից» (Ծնդ 2, 23)։ Տղամարդը բացահայտում է կնոջը որպես մի ա՛յլ «ես», մարդկային իր միևնույն բնությունն ունեցող էակ։

 

372. Տղամարդն ու կինը ստեղծվել են «մեկը մյուսի համար». սա բնավ չի նշանակում, թե Աստված նրանց «կիսատ» կամ «թերի» է ստեղծել։ Ո՛չ։ Այլ՝ նրանց ստեղծել է անձերի միջև հաղորդության համար, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կարող է «օգնություն» լինել մյուսի համար, քանի որ միաժամանակ հավասար են որպես անձեր (« [...] ոսկր է իմ ոսկորներից [...] »), և փոխադարձաբար միմյանց լրացնող են՝ որպես արու և էգ[5]։ Ամուսնության մեջ Աստված նրանց միավորում է այնպես, որ «միայն մեկ մարմին» ձևավորելով (Ծնդ 2, 24) կարողանան ավանդել մարդկային կյանքը. «Բեղուն եղե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը» (Ծնդ 1, 28)։ Իրենց զավակներին մարդկային կյանքը փոխանցելով՝ տղամարդն ու կինը, որպես ամուսիններ և ծնողներ, եզակի կերպով համագործակցում են Արարչի գործին[6]։

 

373. Աստծո ծրագրի մեջ այրն ու կինը կանչված են տիրանալու երկրին[7] որպես Աստծո «տնտեսներ»։ Այս տիրապետությունը չպետք է կամայական և կործանարար լինի։ Արարչի նմանությամբ, Ով «սիրում է բոլոր արարածներին» (Իմս 11, 24), այրն ու կինը կանչված են մասնակցելու մյուս արարածների նկատմամբ Աստվածային Նախախնամությանը։ Այստեղից է ծագում նրանց պատասխանատվությունը աշխարհի հանդեպ, որն Աստված վստահել է իրենց։

[1] Հմմտ. Ծնդ 2, 7.22
[2] Հմմտ. Ես 49, 14-15; 66, 13; Սղմ 131, 2-3
[3] Հմմտ. Ովս 11, 1-4; Երմ 3, 4-19
[4] Հմմտ. Ծնդ 2, 19-20
[5] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. Նամակ Կանանց արժանապատվությունը, 7։ AAS 80 (1988) 1664-1665.
[6] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 50: AAS 58 (1966) 1070-1071.
[7] Հմմտ. Ծնդ 1, 28
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։