Գլուխ Բ. - Հոդված 3. / գ) Սուրբ Հոգին՝ Աստվածաշնչի մեկնաբանողը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / գ) Սուրբ Հոգին՝ Աստվածաշնչի մեկնաբանողը

109. Աստվածաշնչի մեջ Աստված խոսում է մարդու հետ մարդկային ձևով: Աստվածաշնչի ճիշտ մեկնաբանության համար, հետևաբար, հարկավոր է ուշադրությամբ ուսումնասիրել, թե սրբազան հեղինակներն ի՛նչ են ճշմարտապես կամեցել հաստատել, և թե Աստված ի՛նչ է կամեցել հայտնել նրանց խոսքերի միջոցով[1]:

 

110. Հասկանալու համար սրբազան հեղինակների միտքը, հարկավոր է հաշվի առնել նրանց ժամանակաշրջանի և նրանց մշակույթի, այն ժամանակ գործածության մեջ գտնվող «գրական ժանրերի», ընկալելու, արտահայտվելու, պատմելու եղանակների պարագաները, որոնք հատուկ էին նրանց դարաշրջանին: «Ճշմարտությունն, իրոք, տարբեր կերպերով է ներկայացվում և արտահայտվում տարբեր դասակարգերի պատկանող գրություններում, ինչպիսիք են պատմականները, մարգարեականները, բանաստեղծականները, կամ գրական մյուս կերպերը»[2]:

 

111. Սակայն, քանի որ Աստվածաշունչը ներշնչված է, կա ճիշտ մեկնաբանության մեկ ա՛յլ սկզբունք, նախորդից ո՛չ պակաս կարևոր, առանց որի՝ Աստվածաշունչը կմնար «մեռած տառ». «Աստվածաշունչը [հարկավոր է] ընթերցել և մեկնաբանել այն նույն Հոգու օգնութամբ, որի միջոցով որ այն գրվել է»[3]:

Վատիկանյան Երկրորդ Տիեզերական Ժողովը մատնանշում է երեք չափանիշներ՝ Աստվածաշնչի մի այնպիսի մեկնաբանության համար, որը համահունչ կլինի այն Հոգուն, Ով այն ներշնչել է[4].

 

112. ա) Մեծագույն ուշադրություն ընծայել «ամբողջ Աստվածաշնչի բովանդակությանն ու միությանը»: Իսկապես, որքան էլ որ տարբեր լինեն Գրքերը, որոնցից այն կազմված է, Աստվածաշունչը մե՛կ է՝ Աստծո ծրագրի միության զորությամբ, որի կենտրոնը Հիսուս Քրիստոսն է, և սիրտը՝ Իր Խաչելությունից հետո բացված[5]:

«Հիսուսի Սիրտը[6] Աստվածաշնչի պատկերն է, որն էլ հենց հայտնում է Հիսուսի Սրտի գաղտնիքները: Այս Սիրտը փակ էր Խաչելությունից առաջ, որովհետև Գրվածքը դժվարիմաց էր: Սակայն Գրվածքը բացվեց Խաչելությունից հետո, որպեսզի նրանք, ովքեր այդուհետև ունեն դրա շուրջ բանիմացությունը, մտորեն և ըմբռնեն, թե ինչպե՛ս պետք է մեկնաբանվեն մարգարեությունները»[7]:

 

113. բ) Ընթերցել Աստվածաշունչը «ամբողջ Եկեղեցու կենդանի Ավանդության» մեջ: Հայրերի խոսքերից մեկի համաձայն, «Աստվածաշունչը նախևառաջ գրված է Եկեղեցու սրտի մեջ, քան թե՝ նյութական միջոցների վրա» («Sacra Scriptura principalius est in corde Ecclesiae quam in materialibus instrumentis scripta»)[8]: Արդարև, Եկեղեցին իր Ավանդության մեջ կրում է Աստծո Խոսքի կենդանի հիշատակը, և Սուրբ Հոգին է, որ նրան տալիս է Գրվածքների մեկնաբանությունը՝ հոգևոր իմաստի համաձայն (« ... secundum spiritalem sensum, quem Spiritus donat Ecclesiae» - « ... հոգևոր իմաստի համաձայն, որը Հոգին շնորհում է Եկեղեցուն»)[9]:

 

114. գ) Ուշադիր լինել «հավատքի համանմանություններին»[10]: Ասելով «հավատքի համանմանություններ», հասկանում ենք հավատքի ճշմարտությունների հարակցությունը միմյանց միջև և Հայտնության ծրագրի ամբողջության մեջ:

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԻՄԱՍՏՆԵՐԸ

115. Մի հնագույն ավանդության համաձայն, հնարավոր է զանազանել Աստվածաշնչի երկու իմաստներ. տառացի իմաստը և հոգևոր իմաստը, այս վերջինը ենթաբաժանված՝ այլաբանականի, բարոյականի և ուսուցողականի (կամ առաջնորդողի): Այս չորս իմաստների լիակատար ձայնակցությունը՝ Եկեղեցու մեջ Աստվածաշնչի կենդանի ընթերցմանը հաղորդում է իր ողջ հարստությունը:

 

116. Տառացի իմաստը: Սա այն ուղղակի իմաստն է, որ արտահայտում են Աստվածաշնչի խոսքերը, և որը գտնվում է ուղիղ մեկնաբանության կանոններին հետևող բացատրության միջոցով: «Աստվածաշնչի բոլոր իմաստները հիմնվում են տառացի իմաստի վրա» («Omnes [Sacrae Scripturae] sensus fundentur super unum, scilicet litteralem»)[11]:

 

117. Հոգևոր իմաստը: Հաշվի առնելով Աստծո ծրագրի միությունը, Աստվածաշնչի ո՛չ միայն գրությունը, այլ նաև՝ դեպքերն ու իրադարձությունները, որոնց մասին խոսում է, կարող են նշաններ լինել:

ա) Այլաբանական իմաստը: Կարող ենք հասնել իրադարձությունների ավելի խորը ըմբռնման, եթե ճանաչենք դրանց նշանակությունը Քրիստոսի մեջ. օրինակ, Կարմիր Ծովի միջով անցումը Քրիստոսի հաղթանակի, և հետևաբար՝ Մկրտության նշաններից մեկն էր[12]:

բ) Բարոյական իմաստը: Աստվածաշնչի մեջ պատմված իրադարձությունները կարող են մղել մեզ՝ ուղիղ վարք որդեգրելու: Գրվել են «մեր համար՝ որպես խրատ» (1Կր 10, 11)[13]:

գ) Ուսուցողական կամ առաջնորդող իմաստը: Կարող ենք որոշ իրականություններ կամ որոշ իրադարձություններ տեսնել իրենց հավիտենական նշանակության մեջ, ինչը որ առաջնորդում է մեզ (հունարեն՝ ἀναγωγή) դեպի մեր Հայրենիքը. օրինակ, Եկեղեցին երկրի վրա նշանն է երկնային Երուսաղեմի[14]:

 

118. Միջնադարյան երկտողներից մեկը լավ ամփոփում է չորս իմաստների նշանակությունը.

«Տառը պատմում է դեպքերը, այլաբանությունն ուսուցանում է հավատքը,

Բարոյականը՝ թե ի՛նչ է հարկավոր անել, իսկ թե դեպի ո՛ւր ձգտել՝ առաջնորդողը»[15]:

 

119. «Մեկնաբանողների պարտականությունն է նպաստել, այս կանոնների համաձայն, Աստվածաշնչի իմաստի առավել խորը ըմբռնմանն ու ներկայացմանը, որպեսզի, որոշակի կերպով նախապատրաստական ուսումնասիրությունների միջոցով, հասունանա Եկեղեցու դատողությունը: Այս ամենն, իրոք, որ վերաբերվում է Աստվածաշնչի մեկնաբանության ձևին, վերջին հաշվով ենթակա է Եկեղեցու դատաստանին, որը գործադրում է Աստծո Խոսքը պահպանելու և մեկնաբանելու աստվածային մանդատն ու պաշտոնը»[16]:

«Չէի հավատա Ավետարանին, եթե ինձ չհանգեցներ դրան Ընդհանրական Եկեղեցու հեղինակությունը» («Ego vero Evangelio non crederem, nisi me Catholicae Ecclesiae commoveret auctoritas»)[17]:

[1] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 12: AAS 58 (1966) 823.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 12: AAS 58 (1966) 823.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 12: AAS 58 (1966) 824.
[4] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 12: AAS 58 (1966) 824.
[5] Հմմտ. Ղկս 24, 25-27, 44-46
[6] Հմմտ. Սղմ 22, 15
[7] Սբ. Թովմա Աքուինացի, Սաղմոսների մեկնություն, 21, 11: Opera omnia, v. 18 (Parisilis 1876) p. 350.
[8] Հմմտ. Սբ. Հիլլարիուս, Կոստանցիուս Կայսրին ուղղված մատյան, 9: CSEL 65, 204 (PL 10, 570); Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի, Գաղատացիներին ուղղված Նամակի մեկնություն, 1, 1, 11-12; PL 26, 347.
[9] Որոգինես Ա. Ալեքսանդրացի, Ճառեր Ղևտացիս գրքի շուրջ, 5, 5: SC 286, 228 (PG 12, 454).
[10] Հմմտ. Հռմ 12, 6
[11] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1, q. 1, a. 10, ad 1: Ed. Leon. 4, 25.
[12] Հմմտ 1Կր 10, 2
[13] Հմմտ. Եբր 3-4, 11
[14] Հմմտ. Հյտ 21-22, 5
[15] Օգոստինոս Դաչացի, Քարոզչի մագաղաթ, 1: ed. A. Walz: Angelicum 6 (1929) 256.
[16] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 12: AAS 58 (1966) 824.
[17] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ընդդեմ մանիքեական մի նամակի, 5, 6: CSEL 25, 197 (PL 42, 176).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։