Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ե. / բ) Տեսանելի աշխարհը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Ե. / բ) Տեսանելի աշխարհը

337. Աստված է, որ ստեղծել է տեսանելի աշխարհն իր ողջ հարստությամբ, ճշմարտությամբ ու կանոնավորությամբ։ Աստվածաշունչը Արարչի գործն այլաբանորեն ներկայացնում է որպես աստվածային «աշխատանքի» վեց օրերի շարք, որոնք ավարտվում են յոթերորդ օրվա «հանգստի մեջ»[1]։ Սրբազան Գրությունը արարչագործության վերաբերյալ ուսուցանում է Աստծո կողմից մեր փրկության համար հայտնված ճշմարտություններ[2], որոնք հնարավորություն են ընձեռում «ճանաչելու ամբողջ արարչության խորքային էությունը, արժեքը և Աստծո գովաբանության համար սահմանված լինելը»[3]։

 

338. Չկա ոչ մի բան, որն իր գոյության համար պարտավոր չլինի Արարիչ Աստծուն։ Աշխարհը սկսեց գոյություն ունենալ, երբ ոչնչից ստեղծվեց Աստծո Խոսքի կողմից. գոյություն ունեցող բոլոր էակները, ամբողջ բնությունը, մարդկային ողջ պատմությունը հիմնվում են այս սկզբնական իրադարձության վրա. դա աշխարհի կազմավորման և ժամանակի սկզբնավորման ծնունդն է[4]։

 

339. Արարածներից յուրաքանչյուրն ունի իր հատուկ բարությունն ու կատարելությունը։ «Վեց օրերից» յուրաքանչյուրի ընթացքում կատարված գործի համար գրված է. «Եվ Աստված տեսավ, որ բարի էր»։ «Արարածներ լինելու իրենց կարգավիճակից է, որ բոլոր բաները ստանում են իրենց հատուկ ստուգությունը, ճշմարտությունը, բարությունը, իրենց հատուկ օրենքներն ու կարգը»[5]։ Զանազան արարածները, որ Աստծո կողմից կամեցվել են իրենց հատուկ էությամբ, իրենց մեջ հայելացնում են, յուրաքանչյուրն իր ձևով, մի ճառագայթ՝ Աստծո անսահման իմաստությունից ու բարությունից։ Այս իսկ պատճառով, մարդը պարտավոր է հարգել արարածներից յուրաքանչյուրի հատուկ բարությունը, խուսափելու համար արարածների անկանոն շահագործումից, ինչը որ արհամարհանք է Արարչի հանդեպ և աղետաբեր հետևանքներ ունի մարդկանց և նրանց միջավայրի վրա։

 

340. Արարածների միմյանցից փոխադարձ կախվածությունը կամեցվել է Աստծո կողմից։ Արևն ու լուսինը, նոճին ու փոքրիկ ծաղիկը, արծիվն ու ճնճղուկը. անթվարկելի տարբերություններն ու անհավասարությունները գալիս են վկայելու, որ արարածներից ոչ մեկն ինքնաբավ չէ, որ արարածները գոյություն ունեն մեկը մյուսից կախումնավոր վիճակում միայն, փոխադարձաբար միմյանց լրացնելու համար՝ ծառայելով մեկը մյուսին։

 

341. Տիեզերքի գեղեցկությունը։ Արարված աշխարհի կարգուկանոնն ու ներդաշնակությունը արդյունքն է արարածների բազմազանության և նրանց միջև գոյություն ունեցող կապակցվածությունների։ Մարդն աստիճանաբար բացահայտում է դրանք որպես բնության օրենքներ։ Դրանք գիտնականների հիացմունքի առարկան են։ Արարչության գեղեցկությունն իր մեջ հայելացնում է Արարչի անսահման գեղեցկությունը։ Հարկավոր է, որ Արարչի հանդեպ հարգանք ու հպատակություն ներշնչի մարդու մտքին ու կամքին։

 

342. Արարածների աստիճանական դասակարգումը արտահայտված է «վեց օրերի» հաջորդականությամբ, որը նվազ կատարյալից բարձրանում է դեպի առավել կատարյալը։ Աստված սիրում է Իր բոլոր արարածներին[6], խնամում է նրանցից յուրաքանչյուրին, մինչև իսկ ճնճղուկներին։ Այդուհանդերձ, Հիսուսն ասում է. «Դուք բազում ճնճղուկներից ավելին արժեք» (Ղկս 12, 7), և տակավին. «Որքա՜ն ավելի արժեքավոր է մարդը ոչխարից» (Մտթ 12, 12)։

 

343. Մարդն արարչագործության գագաթնակետն է։ Աստվածաշունչն այս ճշմարտությունն արտահայտում է՝ մարդու ստեղծման պատմությունը հստակ կերպով զատելով մյուս բոլոր արարածների ստեղծման պատմությունից[7]։

 

344. Գոյություն ունի մի փոխադարձ սերտ կապ բոլոր արարածների միջև, որովհետև բոլորն էլ միևնույն Արարչի գործն են և բոլորն էլ սահմանված են Նրա փառքին։

«Գովաբանում եմ Քեզ, Տե՜ր իմ, բոլոր արարածներիդ հետ,
հատկապես եղբայր Արևի համար.
նա պայծառ է և Դու նրա միջոցով լուսավորում ես մեզ ցերեկը։
Եվ նա գեղեցիկ է և փայլում է մեծ շողարձակմամբ,
Քեզնից է, ո՜վ Բարձրյալ, ստանում իր նշանակությունը։ [...]
Գովաբանում եմ Քեզ, Տե՜ր իմ, քույր Ջրի համար,
որը շա՜տ օգտակար է և խոնարհ, թանկարժեք և ջինջ։ [...]
Գովաբանում եմ Քեզ, Տե՜ր իմ, մեր քույր մայր Հողի համար,
որը կերակրում է մեզ ու կառավարում,
և զանազան պտուղներ է արտադրում, երփներանգ ծաղիկներ և խոտ։ [...]
Գովաբանեցե՜ք և օրհնեցե՜ք իմ Տիրոջը, և երախտագիտությո՜ւն մատուցեք,
և ծառայեցե՜ք Նրան մեծ խոնարհությամբ»[8]։

 

345. Շաբաթը՝ «վեց օրերի» աշխատանքի դադարը։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված յոթերորդ օրն ավարտին հասցրեց սկսած գործը» և այդպես «ստեղծվեցին երկինքն ու երկիրը». Աստված «յոթերորդ օրն ավարտեց Իր բոլոր գործերը», «օրհնեց յոթերորդ օրը և նվիրագործեց այն» (Ծնդ 2, 1-3)։ Աստծուց ներշնչված այս խոսքերը հարուստ են օգտակար ուսուցումներով.

 

346. Արարչության մեջ Աստված հաստատել է հիմք և օրենքներ, որոնք տևական են[9], որոնց վրա հավատացյալը կարող է հենվել վստահությամբ, և որոնք կլինեն իր համար նշանն ու գրավականը Աստծո Ուխտի անքակտելի հավատարմության[10]։ Իր կողմից, մարդը պարտավոր է հավատարիմ մնալ այդ հիմքին և հարգել այն օրենքները, որոնք արարչության մեջ արձանագրվել են Արարչի կողմից։

 

347. Արարչագործությունը կատարվել է Շաբաթի հեռանկարով, և հետևաբար՝ Աստվածային Պաշտամունքի և Աստծո երկրպագության համար։ Ծեսը ներարձանագրված է արարչության կարգի մեջ[11]։ «Ոչինչ չպետք է գրավի ''Աստծո գործի'' առաջնահերթ տեղը», գրված է Սուրբ Բենեդիկտոսի Օրենսգրքում[12], այդպիսով մատնանշելով մարդկային մտահոգությունների արդար հերթականությունը։

 

348. Շաբաթը գտնվում է Իսրայելի Օրենքի սրտում։ Պահել պատվիրանները՝ նշանակում է համապատասխանել Աստծո իմաստությանն ու կամքին, որոնք արտահայտված են արարչագործության մեջ։

 

349. Ութերորդ օրը։ Մեր համար, սակայն, ծագել է մի նոր օր. օրը Քրիստոսի Հարության, Կիրակին։ Յոթերորդ օրն ավարտին է հասցնում առաջին արարչությունը։ Ութերորդ օրը սկիզբ է տալիս նոր արարչությանը։ Այսպիսով, Արարչագործությունն իր գագաթնակետին է հասնում Փրկության ավելի մեծ գործի մեջ։ Առաջին արարչագործությունն իր իմաստն ու իր գագաթնակետը գտնում է Քրիստոսի կողմից իրականացված նոր արարչագործության մեջ, որի փառահեղ պայծառությունը գերազանցում է առաջինին[13]։

[1] Հմմտ. Ծնդ 1, 1 - 2, 4
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 11: AAS 58 (1966) 823.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 36: AAS 57 (1965) 41.
[4] Հմմտ. Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ծննդոցի մասին ընդդեմ Մանիքեականների, 1, 2, 4։ PL 36, 175.
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 36: AAS 58 (1966) 1054.
[6] Հմմտ. Սղմ 145, 9
[7] Հմմտ. Ծնդ 1, 26
[8] Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացի, Եղբայր Արևի երգը. Opuscula sancti Patris Francisci Assisiensis, ed. C. Esser (Grottaferrata 1978), p. 84-86.
[9] Հմմտ. Եբր 4, 3-4
[10] Հմմտ. Երմ 31, 35-37; 33, 19-26
[11] Հմմտ. Ծնդ 1, 14
[12] Սբ. Բենեդիկտոս Նորչացի, Օրենքներ, 43, 3։ CSEL 75, 106 (PL 66, 675).
[13] Հմմտ. Հռոմեական Պատարագամատույց, Սուրբ Զատիկի նախատոնակ, Աղոթք առաջին ընթերցումից հետո։ editio typica (Typis Polyglottis Vaticanis 1970), p. 276.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։