Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / գ) «Աշխարհը ստեղծվել է Աստծո փառքի համար» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. - Հատված Դ. / գ) «Աշխարհը ստեղծվել է Աստծո փառքի համար»

293. Սա մի հիմնական ճշմարտություն է, որն Աստվածաշունչը և Ավանդությունը տևապես ուսուցանում են և հանդիսավոր կերպով հռչակում. «Աշխարհը ստեղծվել է Աստծո փառքի համար»[1]։ Աստված ամեն բան ստեղծել է, բացատրում է Սուրբ Բոնավենտուրան, «ո՛չ թե ավելացնելու համար Իր փառքը, այլ՝ այն դրսևորելու և հաղորդելու համար»[2]։ Արդարև, Աստված չունի ստեղծելու մեկ ա՛յլ պատճառ, եթե ո՛չ միայն՝ Իր սերն ու Իր բարությունը. «Բացելով ձեռքը սիրո բանալիով՝ արարածներն ի լույս եկան»[3]։ Իսկ Վատիկանյան Առաջին Ժողովը բացատրում է.

«Իր բարության համաձայն և Իր ամենակարող զորությամբ, ո՛չ թե ավելացնելու համար Իր երանությունը, ո՛չ էլ ձեռքբերելու համար կատարելություն, այլ՝ որպեսզի այդ կատարելությունը դրսևորի այն բարիքների միջոցով, որ պարգևում է Իր արարածներին, այս միակ ճշմարիտ Աստվածը որոշումների մեջ ամենաազատակամ որոշմամբ՝ ժամանակների սկզբում ոչնչից միասին ստեղծեց մեկ և մյուս արարածներին՝ հոգևորին և մարմնավորին»[4]։

 

294. Աստծո փառքն այն է, որ իրագործվի Իր բարության դրսևորումն ու հաղորդումը, որոնց համար է ստեղծվել աշխարհը։ Մեզ նախասահմանել է «լինելու Իր որդեգիրները՝ շնորհիվ Հիսուս Քրիստոսի, Իր կամքի բարյացակամության համաձայն։ Եվ սա՝ ի պատիվ և ի փառս Իր շնորհի» (Եփս 1, 5-6)։ «Արդարև, Աստծո փառքը մարդն է կենդանի, իսկ մարդու կյանքը Աստծո տեսությունն է. եթե արարչագործության միջոցով Աստծո հայտնությունն արդեն կյանք տվեց երկրի վրա ապրող բոլոր էակներին, որքա՜ն ևս առավել Հոր հայտնությունը Բանի միջոցով՝ կյանք է տալիս բոլոր նրանց, ովքեր տեսնում են Աստծուն»[5]։ Արարչագործության վերջնական նպատակն այն է, որ Աստված, «Ով բոլորի Արարիչն է, կարողանա լինել նաև ''ամեն ինչ ամենքի մեջ'' (1Կր 15, 28), ապահովելով միաժամանակ Իր փառքը և մեր երջանկությունը»[6]։

[1] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, Աստծո՝ ամեն ինչի Արարչի մասին, կանոն 5: DS 3025.
[2] Սբ. Բոնավենտուրա, Վճիռների երկրորդ գրքի մասին, dist. 1, p. 2, a. 2, q. 1, concl.: Opera omnia, v. 2 (Ad Claras Aquas 1885), p. 44.
[3] Սբ. Թովմա Աքուինացի, Վճիռների երկրորդ գրքի մեկնություն, Նախաբան: Opera omnia, v. 8 (Parisiis 1873), p. 2.
[4] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 1: DS 3002.
[5] Սբ. Իրենեուս Լուգդունացի, Ընդդեմ հերետիկոսությունների, 4, 20, 7: SC 100, 648 (PG 7, 1037).
[6] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճռագիր Ժողովուրդների մոտ, 2։ AAS 58 (1966) 948.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։