Գլուխ Բ. - Հոդված 2. / ա) Առաքելական Ավանդությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 2. / ա) Առաքելական Ավանդությունը

75. «Քրիստոս Տերը, որի մեջ իր ամբողջացումն է գտնում բարձրյալ Աստծո հայտնությունը, պատվիրեց Առաքյալներին – նրանց հաղորդելով աստվածային պարգևները – բոլորին քարոզել Ավետարանը, որը նախապես մարգարեների միջոցով խոստացված լինելով՝ Ինքը գործադրել ու քարոզել էր Իր խոսքով, որպես փրկարար բոլոր ճշմարտությունների և բարոյական բոլոր օրենքների աղբյուր»[1]:

 

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ...

76. Ավետարանի ավանդումը, Տիրոջ պատվերի համաձայն, կատարվել է երկու եղանակով.

բանավոր, «Առաքյալների կողմից, որոնք բանավոր քարոզչությամբ, օրինակներով ու հիմնարկումներով ավանդեցին այն, ինչը որ կա՛մ ստացել էին Քրիստոսի խոսքերից, Նրա հետ ապրված համատեղ կյանքից և Նրա գործերից, կա՛մ սովորել էին Սուրբ Հոգու ներշնչմամբ».

գրավոր, «այն Առաքյալների և նրանց շրջապատի մարդկանց կողմից, որոնք Սուրբ Հոգու ներշնչման ներքո՝ գրավոր շարադրեցին փրկության բարի լուրը»[2]:

 

... ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎԱԾ

77. «Որպեսզի Ավետարանը մշտապես ամբողջական և կենդանի պահվեր Եկեղեցում, Առաքյալներն իրենց որպես հաջորդներ թողեցին Եպիսկոպոսներին, նրանց ''հանձնելով ուսուցանելու իրենց սեփական պաշտոնը''»[3]: Արդարև, «առաքելական քարոզչությունը, որն հատուկ կերպով արտահայտված է Աստվածաշնչի ներշնչված գրքերում, անընդմեջ հաջորդությամբ պետք է պահպանվեր մինչև ժամանակների վախճանը»[4]:

 

78. Այս կենդանի ավանդումը, որ կատարվում է Սուրբ Հոգու մեջ, կոչվում է Ավանդություն, քանի որ Սուրբ Գրքից զատ իրականություն է, թեև սերտորեն կապված է նրան: Ավանդության միջոցով «Եկեղեցին իր ուսմունքի, իր կյանքի և իր պաշտամունքի մեջ հավերժացնում և բոլոր սերունդներին փոխանցում է այն ամենը, ինչը որ ինքն է, այն ամենը, ինչին որ ինքը հավատում է»[5]: «Սուրբ Հայրերի հաստատումները վկայում են այս Ավանդության կենարար ներկայությունը, որի հարստությունները ներարկված են Եկեղեցու կյանքի ու գործի մեջ. Եկեղեցու, որ հավատում է և որ աղոթում է»[6]:

 

79. Այդպիսով հայտնությունը, որն Իր վերաբերյալ Հայրը կատարել է Իր Բանի միջոցով՝ Սուրբ Հոգու մեջ, ներկա և գործող է մնացել Եկեղեցու մեջ. «Աստված, որ խոսել է անցյալում, չի դադարում Իր խոսքն ուղղել Իր սիրելի Որդու Հարսին. և Սուրբ Հոգին, որի միջոցով Ավետարանի կենդանի ձայնը հնչում է Եկեղեցու մեջ, իսկ Եկեղեցու միջոցով՝ աշխարհում, հավատացյալներին առաջնորդում է դեպի ամբողջական ճշմարտությունը և նրանց մեջ առատորեն հեղում է Քրիստոսի խոսքը»[7]:

[1] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 7: AAS 58 (1966) 820.
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 7: AAS 58 (1966) 820.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 7: AAS 58 (1966) 820.
[4] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[5] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[6] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[7] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։