Գլուխ Բ. - Հոդված 3. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ / ա) Քրիստոսը՝ Աստվածաշնչի միակ Խոսքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ / ա) Քրիստոսը՝ Աստվածաշնչի միակ Խոսքը

101. Իր զիջողամիտ բարության համաձայն, Աստված, հայտնվելու համար մարդկանց, նրանց հետ խոսում է մարդկային բառերով։ «Աստծո խոսքերն, իրոք, մարդկային լեզուներով արտահայտված, նման են դարձել մարդկային խոսելակերպին, ինչպես որ հավիտենական Հոր Բանն արդեն, ստանձնած լինելով մարդկային բնության տկարությունները, նման էր դարձել մարդկանց»[1]:

 

102. Աստված, Աստվածաշնչի բոլոր խոսքերի միջոցով, միայն մեկ Խոսք է արտասանում, Իր միակ Բանը, որի մեջ արտահայտում է Ինքն Իրեն ամբողջովին[2]:

«Հիշեցեք, որ միայն մեկն է Աստծո ճառը, որ զարգանում է ամբողջ Աստվածաշնչի մեջ, և միայն մեկն է Բանը, որ հնչում է բոլոր սուրբ հեղինակների շուրթերին, որը սկզբում լինելով Աստված Աստծո մոտ՝ չի վանկարկվում, քանի որ ժամանակից դուրս է»[3]:

 

103. Այս իսկ պատճառով, Եկեղեցին միշտ մեծարել է աստվածային Գրվածքները, այնպես՝ ինչպես որ պաշտել է Տիրոջ իսկ Մարմինը: Եկեղեցին չի դադարում հավատացյալներին ներկայացնել Աստծո Խոսքի և Քրիստոսի Մարմնի սեղանից վերցված կյանքի Հացը[4]:

 

104. Աստվածաշնչի մեջ Եկեղեցին անդադար գտնում է իր սնունդն ու իր կորովը[5]. իրոք, աստվածային Գրվածքի միջոցով Եկեղեցին չի ստանում սոսկ մարդկային մի խոսք, այլ՝ այն, ինչը որ այն է իրականում. Աստծո Խոսքը[6]: «Սրբազան Գրքերի մեջ, արդարև, Հայրը, որ Երկնքում է, բազում սիրալիրությամբ ընդառաջ է գալիս Իր զավակներին և զրույցի է բռնվում նրանց հետ»[7]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 13: AAS 58 (1966) 824.
[2] Հմմտ. Եբր 1, 1-3
[3] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Սաղմոսաց գրքի մեկնություն, 103, 4, 1: CCL 40, 1521 (PL 37, 1378).
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 21: AAS 58 (1966) 827.
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 24: AAS 58 (1966) 829.
[6] Հմմտ. 1Թղ 2, 13
[7] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 21: AAS 58 (1966) 827-828.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։