Գլուխ Բ. - Հոդված 2. / գ) Հավատքի ավանդի մեկնաբանումը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 2. / գ) Հավատքի ավանդի մեկնաբանումը

ՀԱՎԱՏՔԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՆՁՆՎԱԾ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆԸ

84. Հավատքի «ավանդը»[1], որ բովանդակված է Սրբազան Ավանդության և Աստվածաշնչի մեջ, Առաքյալների կողմից հանձնվել է Եկեղեցու ամբողջությանը: «Հարելով դրան՝ ամբողջ սուրբ ժողովուրդը, միացած իր Հովիվներին, տևապես հարատևում է Առաքյալների ուսուցման ու հաղորդության, հացի բեկման և աղոթքների մեջ, այնպես՝ որ ավանդված հավատքը պահպանելու, գործադրելու և դավանելու մեջ ստեղծվի հոգու մի եզակի միություն Եպիսկոպոսների ու հավատացյալների միջև»[2]:

 

ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

85. «Աստծո թե՛ շարադրված և թե՛ ավանդված Խոսքը վավերական կերպով մեկնաբանելու պաշտոնը հանձնվել է միմիայն Եկեղեցու կենդանի Վարդապետությանը, որի հեղինակությունը կիրառվում է Հիսուս Քրիստոսի անունով»[3]. այսինքն՝ Պետրոսի Հաջորդի՝ Հռոմի Եպիսկոպոսի հետ հաղորդության մեջ գտնվող Եպիսկոպոսներին:

 

86. Այս «Վարդապետությունը, սակայն, Աստծո Խոսքից ավելի վեր չէ, այլ՝ ծառայում է նրան, ուսուցանելով միմիայն այն, ինչը որ ավանդվել է, որքանով որ – աստվածային հանձնարարմամբ և Սուրբ Հոգու օժանդակությամբ – բարեպաշտորեն ունկնդրում է այն, սրբորեն պահպանում և հավատարմորեն ներկայացնում է, և հավատքի այս միակ ավանդից քաղում է այն ամենը, ինչին որ առաջարկում է հավատալ որպես Աստծո կողմից հայտնված ճշմարտությունների»[4]:

 

87. Հավատացյալները, հիշելով Առաքյալներին ուղղված Հիսուսի խոսքը. «Ով լսում է ձեզ, լսում է ինձ» (Ղկս 10, 16)[5], հեզությամբ ընդունում են ուսուցումներն ու կողմնորոշումները, որոնք զանազան կերպերով իրենց տրվում են Հովիվների կողմից:

 

ՀԱՎԱՏՔԻ ԴՈԳՄԱՆԵՐԸ

88. Եկեղեցու Վարդապետությունը լիովին գործածում է Քրիստոսի կողմից իրեն տրված իշխանությունը, երբ սահմանում է ինչ որ մի դոգմա, այսինքն՝ երբ ներկայացնում է աստվածային հայտնության մեջ բովանդակված ճշմարտություններ, – այնպիսի ձևակերպմամբ, որը քրիստոնյա ժողովրդին պարտավորեցնում է հավատքի անհետսկոչելի հարման, – կամ նաև՝ երբ վճռական եղանակով ներկայացնում է ճշմարտություններ, որոնք անհրաժեշտ կերպով առնչվում են դրանց:

 

89. Դոգմաների և մեր հոգևոր կյանքի միջև կա մի համակարգային կապ: Դոգմաները լույս են մեր հավատքի ճանապարհի վրա, լուսավորում են այն և այն դարձնում են ապահով: Եվ հակառակը, եթե մեր կյանքն ուղիղ է, մեր միտքն ու մեր սիրտը բաց կլինեն՝ ընդունելու հավատքի դոգմաների լույսը[6]:

 

90. Դոգմաների միջև առկա փոխադարձ կապերն ու հետևողականությունը կարելի է գտնել Քրիստոսի խորհրդի հայտնության ամբողջության մեջ[7]: «Կաթողիկե ուսմունքի դոգմաներում գոյություն ունի մի կարգ կամ ''աստիճանական դասավորում'', քանի որ տարբեր է քրիստոնեական հավատքի հիմքի հետ ունեցած նրանց կապը»[8]:

 

ՀԱՎԱՏՔԻ ԳԵՐԲՆԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ

91. Բոլոր հավատացյալները մասնակցում են հայտնված ճշմարտության ըմբռնմանն ու ավանդմանը: Ստացել են Սուրբ Հոգու օծումը, Ով սովորեցնում է իրենց ամեն բան[9] և առաջնորդում է իրենց դեպի «ամբողջական ճշմարտությունը» (Հվհ 16, 13):

 

92. «Հավատացյալների ամբողջությունը [...] չի կարող սխալվել հավատքի մեջ, և իր այս հատկությունը դրսևորում է հավատքի գերբնական զգացման միջոցով՝ ողջ ժողովրդի, երբ ''Եպիսկոպոսներից սկսած մինչև վերջին աշխարհական հավատացյալները'' արտահայտում է իր համընդհանուր հավանությունը հավատքի և վարքի հարցերում»[10]:

 

93. «Արդարև, հավատքի սույն զգացմամբ, որն արթնացվում և ամրացվում է ճշմարտության Հոգու կողմից, Աստծո ժողովուրդը, սրբազան Վարդապետության առաջնորդությամբ, [...] անթերի կերպով հարում է հավատքին, որը մեկընդմիշտ ավանդվել է սրբերին, ուղիղ դատողությամբ ներթափանցում է դրա միշտ ավելի խորքերը և միշտ ավելի լիակատարությամբ այն կիրարկում է կյանքում»[11]:

 

ԱՃԸ ՀԱՎԱՏՔԻ ԽՈՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

94. Սուրբ Հոգու օժանդակության շնորհիվ, հավատքի ավանդի թե՛ իրականությունների և թե՛ խոսքերի շուրջ խորիմացությունը կարող է առաջադիմել Եկեղեցու կյանքում.

– «հավատացյալների մտորումներով և ուսումնասիրությամբ. հավատացյալների, ովքեր դրանց շուրջ մտորում են իրենց սրտում»[12]. ի մասնավորի, «աստվածաբանական փնտրտուքը [...] շարունակում է իր ընթացքը հայտնված ճշմարտությունների խորը ճանաչման մեջ»[13].
– «խորը հասկացողությամբ, որը [հավատացյալները] ցուցաբերում են հոգևոր հարցերում»[14]. «Աստվածային խոսքերն աճում են նրանց հետ, ովքեր ընթերցում են դրանք»[15].
– «քարոզչությամբ նրանց, ովքեր եպիսկոպոսական հաջորդությամբ ստացել են ճշմարտության ապահով պարգևաշնորհը»[16]:

 

95. «Հստակ է, հետևաբար, որ Սրբազան Ավանդությունը, Աստվածաշունչը և Եկեղեցու Վարդապետությունը, Աստծո իմաստնագույն կարգադրմամբ՝ միմյանց միջև այնքա՜ն շաղկապված են ու համակցված, որ չեն կարող գոյություն ունենալ մեկն առանց մյուսի, և որ բոլորը միասին, յուրաքանչյուրն իրեն հատուկ կերպի համաձայն, մեկ միակ Սուրբ Հոգու ներգործությամբ՝ արդյունավետ կերպով նպաստում են հոգիների փրկությանը»[17]:

[1] Հմմտ. 1Տմ 6, 20; 2Տմ 1, 12-14
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 10: AAS 58 (1966) 822.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 10: AAS 58 (1966) 822.
[4] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 10: AAS 58 (1966) 822.
[5] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 20: AAS 57 (1965) 24.
[6] Հմմտ. Հվհ 8, 31-32
[7] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, c. 4: DS 3016 (mysteriorum nexus); Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 25: AAS 57 (1965) 29.
[8] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճիռ Միության վերահաստատումը, 11: AAS 57 (1965) 99.
[9] Հմմտ. 1Հվհ 2, 20. 27
[10] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 12: AAS 57 (1965) 16.
[11] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 12: AAS 57 (1965) 16.
[12] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[13] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով Սահմ. Բերկրանք և Հույս, 62: AAS 58 (1966) 1084; հմմտ. նույն, 44: AAS 58 (1966) 1065; Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 23: AAS 58 (1966) 828; նույն, 24: AAS 58 (1966) 828-829; Վճիռ Միության վերահաստատումը, 4: AAS 57 (1965) 94.
[14] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[15] Սբ. Գրիգոր Մեծ, Մեկնություն Եզեկիելի, 1, 7, 8: CCL 142, 87 (PL 76, 843).
[16] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[17] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 10: AAS 58 (1966) 822.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։